ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լաչինի միջանցքը Ադրբեջանի սուվերեն տարածք չի դիտարկվում. միջազգայնագետ

Civic.am-ի զրուցակիցն է միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։

- Պարոն Կարապետյան, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նիստին հաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ Լաչինի միջանցքում և Ղարաբաղում ՄԱԿ առաքելության տեղակայման վերաբերյալ: «Աշխարհը պետք է ականատեսը լինի միջազգային մեխանիզմների կիրառման դրական և հաջողված օրինակների»,- հավելել է Միրզոյանը։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ կառավարությունը Արցախի հարցում միջազգային մեխանիզմ ասելով սա նկատի ուներ, և արդյոք դա բավարա՞ր մեխանիզմ է՝ ապահովելու արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը։    

- Այո, ենթադրում եմ, որ ՀՀ իշխանությունները հենց այս նպատակն են դրել իրենց առաջ և փորձում են օգտագործել Հաագայի դատարանի որոշումը, ըստ որի՝ պետք է բացվի Լաչինի միջանցքը և ապահովվի երթևեկը։ Ես կարծում եմ, որ երբ մեր ԱԳ նախարարը առաջարկի տեսքով հնչեցնում է այս արտահայտությունը, հիմքերի հիմքը դա է, որ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ դիմումով մենք կարող ենք նման առաքելության համար խնդրել, և ՄԱԿ-ը դա ապահովի։ Եթե մենք Հաագայի դատարանի որոշումը դիտարկում ենք անբեկանելի և իրավաքաղաքական, հղում է տրվում, որ դրա հիմքը Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետն է, ըստ որի՝ ճանապարհների անցանելիությունը պետք է ապահովված լինի՝ առավել ևս Բերձորի միջանցքի երթևեկը, հետևաբար հիմքերի հիմքը հանդես է գալիս որպես գործիք, որ մեր ԱԳՆ-ն հանդես գա նման առաջարկությամբ։  

Բնականաբար միջազգային ուժերի տեղակայումը Արցախում կառաջացնի որոշակի խանդի տեսարաններ թե՛ ՌԴ-ի, թե՛ Ադրբեջանի կողմից, որովհետև ԵՄ դիտորդների առաքելությունը, որը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին, արդեն ցայտնոտի հիմքեր է տվել այդ երկու երկրների համար։ Ես կարծում եմ, որ միջազգային խաղաղապահ ուժեր ԼՂ հրավիրելը խելամիտ որոշում է, բայց պետք է հասկանալ՝ արդյոք ՄԱԿ-ը նման մանդատ կընձեռի՞ ԼՂ-ին։ Ադրբեջանը և ՌԴ-ն բնականաբար դեմ կլինեն, որովհետև իրենք կարծում են, որ մենաշնորհը բացառապես  Ռուսաստանինն է, և տարածաշրջանի ցանկացած հակամարտություն իր հովանու տակ պետք է տեղի ունենա։ Ես կարծում եմ, որ միջազգային հարթակներում պետք է ընդդիմանալ այս կարծիքներին, քանի որ ՌԴ-ն իր ստանձնած պարտավորությունները չի կատարում, որի արդյունքում ավելի քան 70 օր է՝ շրջափակված է Արցախը։   

- ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայումը բավարա՞ր կլինի ապահովելու արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը։ Զինվա՞ծ են լինելու խաղաղապահները։ 

- Ես կարծում եմ՝ այո։ Նրանք ՀՀ-ից են հարցնելու, թե ինչպե՞ս է պատկերացնում՝ ի՞նչ քանակի և ի՞նչ ռեսուրսներով խաղաղապահներ պետք է ներկա գտնվեն, որպեսզի իդեալական ձևով ապահովվեն երթևեկը և անվտանգությունը։ Մենք շատ տեղեր ենք տեսել ՄԱԿ խաղաղապահ առաքելության աշխատանքը, օրինակ՝ Կոսովոյում խաղաղապահ ուժերի միջամտությամբ բավական լուրջ աշխատանք է տարվել, և լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայումը կբացառի կողմնակալությունը, ինչը մենք տեսնում ենք ռուս խաղաղապահների առաքելության շրջանակում։  

- Դուք նշեցիք, որ Ադրբեջանը կընդդիմանա ՄԱԿ խաղաղապահ առաքելության տեղակայմանը, այդ պարագայում ՄԱԿ խաղաղապահ առաքելությունը կարո՞ղ է տեղակայվել ԼՂ-ում։ 

- Ցանկացած դեպքում իրենք հղում են անելու, որ դա իրենց տարածքային ամբողջականությունն է, և առանց իրենց թույլտվության չպետք է տեղակայվեն, բայց ես կարծում եմ՝ եթե նման որոշում կայացվի՝ նաև հղում տալով Նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որ կոնկրետ Լաչինի միջանցքը Ադրբեջանի սուվերեն տարածք չի դիտարկվում, դա միջանցք է՝ հետևաբար երկրորդական է Ադրբեջանի ցանկությունը և քաղաքական որոշումը։ ՄԱԿ-ը հաշվի չի նստի Ադրբեջանի հետ այս հանգամանքի հիման վրա։ 

- Ձեր խոսքում նշեցիք, որ Ադրբեջանը կարծում է՝ բացառապես Ռուսաստանի միջամտությունն է պետք տարածաշրջանում հարցերը կարգավորելու համար, բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը համաձայնություն չտվեց ռուս խաղաղապահների տեղակայմանը ԼՂ-ում, ինչպես նաև չհամաձայնեց Արցախի նախկին պետնախարար, ռուսաստանաբնակ Ռուբեն Վարդանյանի հետ բանակցել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այս պահվածքը։

- Եթե խորքից գանք, Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչ մի կողմ չի մակագրել, հաստատել, որովհետև նմանատիպ միջպետական համաձայնագրերը պետք է ԱԺ-ով և տվյալ երկրի նախագահի կողմից հաստատվեն։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը լրջագույնս իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է, բայց, այո, Ադրբեջանը ռուս խաղաղապահ ուժերի ներկայության մանդատը չի ստորագրել, բայց և այնպես նրանց արտաքին քաղաքականությունը շարժվում է Նոյեմբերի 9-ի փաստաթղթի հիման վրա։ Եվ եթե այսօր դեֆակտո ԼՂ-ում գտնվում են ռուս խաղաղապահները, պահպանվում է Լաչինի 5 կմ շառավղային հատվածը, և այսօր ստատուս քվոն այնպիսին է, ինչպես կա Նոյեմբերի 9-ի փաստաթղթով՝ տվյալ դեպքում դե յուրե Ադրբեջանը ճանաչում է փաստաթղթի բոլոր կետերը, ինչքան էլ աշխարհին ի ցույց դնի, որ համաձայն չի։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին՝ ես կուզենայի, որ նրա պաշտոնազրկումը լիներ այն ժամանակ, երբ Լաչինի միջանցքը բացվեր, իսկ ես ավելի քան վստահ եմ, որ միջանցքը բացվելու է, որովհետև մենք ունենք հիմքեր կարծելու, որ դա իր կամարտահայտության դրսևորումն էր, և դա բավարարվեց, այսինքն՝ Ալիևի կամքը ի գործ դրվեց, և Արցախի իշխանությունները կատարեցին այն։ Իսկ ինչ վերաբերում է բանակցություններին՝ ստացվում է, որ նման անձի ֆիզիկապես ներկա գտնվելը և պետնախարարի պաշտոնում լինելը խանգարում էր Արցախի ու Ադրբեջանի ուղիղ երկխոսությանը, ես տարակուսանքով եմ դրան մոտենում, բայց հակված եմ հիմա չմեկնաբանել, թե ինչ ներքին համաձայնություններ կարող էին լինել։ Բայց փաստը մնում է փաստ, որ այս ժամանակահատվածում ռուս-ադրբեջանական շահերը համընկնում են իրար հետ, և դրանք բացահայտ երևում են իրենց վարքագծում և քաղաքական հայտարարություններում։ Եվ նրանք աչքի առաջ ունենալով Հաագայի որոշումը՝ քննարկում են, թե ինչպես կամ շրջանցել այն, կամ հաշվի նստելով հանդերձ՝ իրենց քաղաքական դիմագիծը պահպանել։ Մոտ ժամանակներս կարող է ականատես լինենք ռուս-ադրբեջանական որոշակի խժդժությունների, որովհետև փաստացի ստացվում է, որ մեկը մեկի համաձայնությամբ կամ երկուստեք գործողությունների արդյունք է եղել Բերձորի միջանցքի փակումը։   

- Ասում եք, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը համատեղ են գործում, բայց Ադրբեջանը պնդում է, որ Լաչինի միջանցքում պետք է անցակետ դրվի, ինչը Հայաստանը բացառում է, ինչպես նաև Լավրովը Ադրբեջանում նշեց, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքում անցակետ նախատեսված չէ։ Ի շահ Հայաստանի չի՞ խոսում Լավրովը։

- Լավրովը գտնվում էր Բաքվում, և ներքին լսարանն ապահովելու համար ակնահաճո լուրերով ծաղկաքաղ էին արել Լավրովի հայտարարության որոշ դրվագներ, բայց, այո, Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ որևէ կետ չկա նշված, որ միջանցքում պետք է լինեն անցագրային կետեր, զննիչ սարքեր և այլն։ Ես հակված եմ կարծելու, որ ՌԴ-ն կհետևի իր իսկ կողմից մշակված Նոյեմբերի 9-ի հայտարարության հիմքերին։    

- Կարո՞ղ ենք ասել, որ անցակետ չլինելու հարցում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները համընկնում են։

- Այո, այս կտրվածքով համընկնում են։

- Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև հանդիպումներ են տեղի ունենում, սա հաստատել է Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։ Ի՞նչ ակնկալենք այդ հանդիպումներից։ 

- Ինչպես անցած տարի նախանշվում էր, որ խաղաղության պայմանագիր է կնքվելու, և կողմերը գալու են կոնսենսուսի, սակայն տարեվերջում չտեսանք նման փաստաթղթի ստորագրում։ Բայց մենք տեսնում ենք, որ հայ-ադրբեջանական բանակցություններն առցանց ռեժիմով են ընթանում, հետևաբար փորձում են ինչ-որ ելքեր գտնել և փաստաթղթավորել այդ համաձայնագիրը։ Սակայն ես տեսնում եմ, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը պատրաստ չեն խաղաղության պայմանագիր ստորագրելուն, քանի որ շատ հարցեր կան, որոնք լուծված չեն՝ ի դեմս դեմարկացիայի և դելիմիտացիայի, որոնք պետք է կատարվեն և չկատարվեցին, ինչը, սակայն, տասնյակ տարիների ծանր աշխատանք է, և եթե չկան սահմաններ, կոնֆլիկտներ ու միջադեպեր են լինելու սահմանին, հետևաբար խոսել խաղաղության մասին՝ դա կլինի ֆիկտիվ բնույթ, որովհետև կարող է ցանկացած պահի ՀՀ տարածքից ինչ-որ մաս օկուպացվել, ինչպես հիմա՝ Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի տարածքներն են օկուպացված։ Ես վստահեցնում եմ, որ հիմա պատրաստ է ընդամենը խաղաղության պայմանագրի կմախքը։  Ինչպես կարող ենք կնքել խաղաղության պայմանագիր, եթե լուծված չեն լուրջ հարցերը, այդ թվում նաև՝ գերիների վերադարձը, ԼՂ հակամարտության հարցը, սահմաններում դեռևս օկուպացված են մեր տարածքները, առկա են սադրանքներ։ Եթե նույնիսկ այս պայմաններում փաստաթուղթ ստորագրվի, դա կլինի լակմուսի թուղթ։    

- Խաղաղության պայմանագրի կնքումը ենթադրո՞ւմ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։  

- Ըստ տրամաբանության՝ եթե մենք դիտարկում ենք, որ ՀՀ-ն 29.800 քառակուսի կմ-ով Խորհրդային Միությունից որպես վարչատարածքային միավոր բաժանարար սահմաններ է ունեցել Ադրբեջանի հետ, և հիմք ենք ընդունում Ալմաթիի հռչակագրով հստակեցված Սովետական Միության ժամանակ վարչատարածքային միավոր բաժանարարը, ապա ստացվում է, որ Արցախն ավտոմատ դիտարկում ենք Ադրբեջանի մաս։ Մենք պետք է հասկանանք, թե Արցախի ինքնորոշման հարցն ինչպես է դրվում այդ պայմանագրի մեջ՝ մենք խոսում ենք ազգային էթնիկ տարրի իրավունքների՞, թե՞ խոսում ենք սուվերենության մասին, այսինքն՝ դիտարկում ենք Արցախը որպես օբյե՞կտ, թե՞ ժողովուրդը, որ ապրում է Արցախում՝ սուբյեկտ։ Եթե խաղաղության պայմանագրով մենք պետք է ճանաչենք Արցախը որպես Ադրբեջանի մաս, ապա ես ինքս հակված չէի լինի ստորագրելու։ Հաշվի պետք է առնել, որ Արցախն իր ճակատագիրը ժամանակին որոշել է։   

Նարա Մարտիրոսյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: