ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անդրանիկի զինվորը

: Փետրվարի 25-ը հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ Անդրանիկ Թորոսի Օզանյանի (Զորավար Անդրանիկ) ծննդյան օրն է: Նա առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ Անդրանիկին շատ գործեր են ձոնվել` արձակ ու չափածո ստեղծագործություններ, երգեր, ֆիլմեր:

«Արմենպրես»-ը ներկայացնում է «Անդրանիկի զինվորը» ակնարկը Լևոն ԱԶՐՈՅԱՆԻ «Ժամանակի հետահայաց ուղիներում» գրքից:  
                                             Անդրանիկի զինվորը
 
Անդրանիկ զորավարի անունը առաջին անգան լսել եմ իմ դասընկեր Գուրգեն Միրզոյանի հորից: Մենք սովորում էինք Թբիլիսիի 5-րդ արական միջնակարգ դպրոցում, որը գտնվում էր Սոլոլակում: Գուրգենենք ապրում էին , այսպես կոչված, «Կլոր թաղում» ՝ Բեթղեհեմի եկեղեցու մոտակայքում: Մուշից գաղթած մարդիկ էին նրա ծնողները: Իմ հայրն էլ էր մշեցի: Հաճախ դասերից հետո գալիս էի Գուրգենենց տուն՝ իբր դաս անելու: Այն ժամանակ դասարանում մեկ-երկուսը դասագիրք ունեին: Ես այդ երջանիկներից մեկն էի, և ուսուցչի հանձնարարությամբ հայոց լեզվի ու գրականության դասերն անում էի Գուրգենի հետ: Բայց հենց գալիս էի նրանց տուն, մոռանում էի դասերի մասին: Եթե, իհարկե, հայրը՝ Սերոբ քեռին տանն էր լինում: Այդժամ ինձ համար սկսվում էր նոր՝ հայրենագիտության դասը:
 
Բանվոր մարդ էր Սերոբ քեռին, կիսագրագետ: Բայց իր երեխաներին՝ Ռոզային, Սեդային, Անժելային և Վիկտորիային սովորեցրել էր սիրել գրականությունը, արտասանել հայրենասիրական ոտանավորներ, ազգագրական երգեր: Մի խոսքով, այս ընտանիքում հարգի էր գիրն ու գրականությունը: Ես գրող-մանկավարժի տղա էի և առանձնակի հարգանք ունեի այդ ընտանիքում: Մեջների անշնորհքը, ինչպես ասում էր հայրը, Գուրգենն էր, որը խելքը տվել էր տեխնիկային, ճշգրիտ գիտելիքներին: Երևի նրան գերազանցիկ դարձնելու նպատակով էլ մեր դասղեկն ու նաև հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ ընկեր Տեր-Ավագյանը ինձ կցել էին Գուրգենին: Ինչևէ:
Սերոբ քեռուց եմ առաջին անգամ լսել Անդրանիկի ու Գևորգ Չաուշի, Սոսեի, անգամ իմ հարազատ քեռու՝ Հաջիբաբի մասին, որի անունը, ինչպես պատմում էր Սերոբ քեռին, սարսափ էր առաջացնում Սարիղամիշի մերձակայքում: Այս կիսագրագետ մարդը անգիր գիտեր «Սասնա ծռերի» մի քանի տարբերակ: Եվ մենք հաճախ էինք խնդրում նրան պատմել Դավթի ու Մսրա Մելիքի կռվի մասին, Սանասարի ու Բաղդասարի ծռություններից: Մի խոսքով՝ քայլող ազգագրության ինստիտուտ: Բայց նրա մեծ թուլությունը մնում էր Անդրանիկ Զորավարը, որի շարքային զինվորն էր նա եղել մեր ժողովրդի համար եղերական տարիներին: Նա անսահմանորեն նվիրված էր Մեծն Անդրանիկին: Կարող էր օրերով պատմել նրա մասին, թե ինչպիսի մեծ հայրենասեր էր այդ մարդը, այն մասին, թե ինչպես էր նա ուրախանում օրորոց կամ բարուր տեսնելիս: Եթե մերօրյա հարսանիքներում մենք նորապսակներին ձևականորեն մաղթում ենք յոթ որդով սեղան նստել, ապա Անդրանիկը դրանում խոր իմաստ էր տեսնում, դա էր համարում մեր ազգի գոյատևման հիմնական պայմաններից մեկը: Եվ միշտ օրինակ էր բերում մուսուլման հարևաններին:
 
Մի անգամ, երբ Սերոբ քեռին պատմում էր Անդրանիկի վարած ճակատամարտերից մեկի մասին, ես ընդհատեցի նրան և միամտաբար հարցրեցի.
-Սերոբ քեռի, Անդրանիկը ջանավա՞ր էր:
Խոսքս կիսատ մնաց: Այդ բարի մարդը, որին ես երբեք բարկացած չէի տեսել, մի այնպիսի ապտակ հասցրեց, որ աչքերիցս կայծեր թռան:
-Ջանավար դու իս ու քու հեր, քյոփօղլու մանչ...
Ես չհասկացա, թե ինչ կատարվեց: Ինձ համար տարօրինակ էր Սերոբից նման բառեր լսելը հորս հասցեին: Ես ասացի, որ հայրս Թիֆլիսում ճանաչված գրող էր, քաղաքի բոլոր մշեցիների կուռքը, այդ թվում նաև Սերոբինը: Եվ հանկարծ նա ինձ ապտակում է ու անպատվում հորս:
Միջադեպին ներկա էր Սերոբի ավագ դուստրը՝ Ռոզան, որը տարիներ անց դարձավ Թբիլիսիի ճանաչված և հարգված մանկավարժներից մեկը: Հենց նա էլ պարզություն մտցրեց հարցի մեջ: Բանն այն է, որ «ջանավար» ասելով՝ ենթադրել եմ «հաղթանդամ»,«խոշորամարմին», իսկ Սերոբ քեռու իմացած հայերենով «ջանավար» նշանակում էր վայրենի: Երեխաները մի հռհռոց դրեցին, ես էլ նրանց հետ: Իսկ Սերոբը՝ այդ սուրբ մարդը, մոտեցավ ինձ, գրկեց ու ասաց.
-Տղա, լաո, մեղա կիգամ, զարգիր ինձ, թող քու սիրտ հովնա...
Մի փոքր դադարից հետո, երբ բոլորս խաղաղվել էինք, նա մոտեցավ ինձ ու ականջիս փսփսաց.
-Լաո, հորդ բան մը չսիս, որ ես էնուր քֆուր տվի:
Անցան տարիներ, ես ավարտեցի ինստիտուտը, ծառայեցի բանակում և Երևանում հաճախ եմ հանդիպում Սերոբի աղջիկներին՝ Անժիկին, որ երկարամյա աշխատակից է Սպորտկոմիտեում, և նրա կրտսեր քրոջը՝ Վիկային: Սեդան, որի հետ սովորել եմ ինստիտուտում, մանկավարժություն է անում Ջավախքի գյուղերից մեկում:
 Մի անգամ Վիկային հանդիպեցի Տերյան փողոցում, առևտրի նախարարության մոտ, ուր նա աշխատում էր թերթի խմբագրությունում: Միշտ ժպտադեմ ինձ դիմավորող Վիկան չափից ավելի տխուր էր: Հարցրի պատճառը:
 - Տասն օր առաջ հայրիկին թաղեցինք...
 Ես չգիտեի ինչպես հայտնեի ցավակցությունս: Վիկայի հետ մտանք  նախարարության բուֆետ սուրճ խմելու, և նա պատմեց մի պատմություն, որը չեմ կարող մոռանալ շուրջ մեկուկես տասնամյակ: Ես միշտ հիշում եմ այդ մարդուն, հիշում եմ սիրով և հիանում նրա հոգու անաղարտությամբ, որը մանկան միամտություն էր հիշեցնում: Հիմա ուզում եմ այդ պատմությունն անել բոլորին՝ հուսալով, որ ընթերցողը նույնպես կհամակվի սիրով ու հարգանքով այդ մարդու նկատմամբ:
 - Հայրիկը մահացավ Երևանում: Եկել էր մեր ազգականներից մեկի տղայի հարսանիքին: Թիֆլիսից եկել էին շուրջ  30-40 մարդ, բոլորն էլ ուտող-խմող, քեֆ անող տղաներ: Այդ քեֆը կարող էր հարամվել, եթե չլինեին հորեղբորս տղաները և Ռոզան:
 Երևանցի մեր բարեկամ ջահելներից մեկը հայրիկի հենց գալու օրը  ասել էր, որ Ուջանում բացվել է Անդրանիկի արձանը: Հայրիկս չէր հավատացել. սովետի օրոք ո՞վ կհանդուրժեր մի մարդու արձանի բացումը, որին հարևան եղբայրական հանրապետությունում համարում էին ազգայնական տեռորիստ, ադրբեջանցի ժողովրդի թշնամի: Դե, մեք՝ հայերս, մեր ստվերից վախեցող ենք: Հարևանը թույլ չէր տալիս, մեք էլ չէինք հրատարակում մեծ համբավ հանած գրքերը, արգելում էինք ինչ-ինչ կինոնկարներ և այլն: Բայց մեր բարեկամի տղան վստահեցնում է հայրիկին, որ այդ արձանը, այնուամենայնիվ, կանգնեցվել է և կանգնեցվել է շնորհիվ ուջանցիների, որոնց զգալի մասը կամ Անդրանիկի զինվորներ են եղել, կամ էլ այդ զինվորների զավակները: Այսօր բոլորս էլ գիտենք այդ արձանի ստեղծման պատմությունը: Դա ուրշ թեմա է: Լավ է վերադառնանք Սերոբ քեռուն: Նա աղաչում է իր ազգականին անպայման իրեն տանել Ուջան: Տղան խոստանում է: Հենց հարսանիքի օրը, երբ հարսանքավորների թափորն ուղևորվեց Էջմիածին, Սերոբը համոզեց իր ազգականին, որի մեքենայով նա պատրաստվում էր մեկնել Էջմիածին, շեղվել ճանապարհից և ...
- Երանի թե չգնային,- շարունակում է իր պատմությունը Վիկան:- Հենց հասան Ուջան, հայրիկը տեսավ Անդրանիկի արձանը, դուրս եկավ մեքենայից, համբուրեց հողը, ապա չոքեչոք երեք անգամ շրջանցեց արձանը, ամեն անգամ մի պահ դադար առնելով ու կրկին համբուրելով հողն ու արձանը: Ապա ոտքի կանգնեց, երկար, երկար լռեց, աչքը հառած հեռուներին՝ ով գիտի, ինչեր անցան նրա մտքով, մի բուռ հող վերցրեց և եղբոր տղային ասաց.
- Քելե, Ֆալո, քելե: Ես մըկա կրնամ հանգիստ խղճով մեռնիլ: Սա բուռ հողն էլ ինձ հետ գերեզման կիջեցուք: Էրթանք հարսանիքի ...
Երևան հասավ հարսանքավորներից շուտ: Դե, Էջմիածնի վանքում այդ օրը շատ հարսանիք կար, մենք երկար սպասեցինք մինչև մեր հերթը կհասներ: Տեսնելով, որ հարսանքավորները դեռ չեն վերադարձել, հայրիկս ասավ, որ կողքի սենյակում մի քիչ կհանգստանա:
Երբ հնչեց երաժշտությունը, տանը եղածները մի մարդու պես թափվեցին բակ, մասնակցելու խինդ ու պարին, սինի պարեցնելուն և, ինչու չէ, նաև փախցնելուն: Չկար միայն Սերոբ քեռին: Մի 10-15 րոպե բակում պարելուց հետո հարսանքավորները բարձրացան վերև: Սկեսուրը, ինչպես որ կարգն է, ափսե դրեց հարսի ու փեսի ոտքերի տակ, նրանց ուսերին փռեց հատուկ այդ օրը թխած լավաշներ և ...մի խոսքով, հարսանիքը նման էր մնացած նման հարսանիքներին՝ թամադայի խորիմաստ կենացներով, հարսի ու փեսայի ծնողների կենացով և ...հենց այդ ժամանակ հիշեցին, որ օջախի երիցագույն անդամը բացակայում է: Կանչելու գնաց Ֆալոն: Քիչ անց եկավ, կանչեց քրոջս՝ Ռոզային, գնացին ննջասենյակ: Քիչ հետո վերադարձան և Ռոզան ասաց.
-Հայրիկը հոգնած է, ներողություն է խնդրում ուշանալու համար: Քիչ հետո կգա:
Էլ ինչ քիչ հետո, Սերոբը հավերժական քուն էր մտել: Հարսանքավորներից ոչ մեկը չիմացավ այդ մասին: Իսկ առավոտյան… մենք արդեն հայրիկի աճյունը տանում էինք Թբիլիսի:
Այդ օրը ես հավատացի նախախնամությանը: Այն իրոք կա: Եթե այդպես չէ, ապա ինչով բացատրել այդ սուրբ մարդու այդքան անսպասելի, բայց նաև թող ներվի ինձ, գեղեցիկ մահը: Անդրանիկի քաջ զինվորը, հավատարիմ մնալով իր երդմանը ու նաև զորավարին, ամբողջ կյանքում երազել էր գոնե նրա շիրիմի առջև խոնարհվել և դիմակայում էր առաջացած տարիքին, գուցե նաև հիվանդությունը, թեև ոչ մի անգամ չէր հիվանդացել:
Հիրավի, ծառերը կանգնած են մեռնում: Սերոբ քեռին մի հաստաբուն ծառ էր, մեծ գերդաստանի նահապետ: Նա զինվոր էր ու զինվորի պես էլ գնաց, գնաց՝ հավատարիմ իր պարտքին:
Ամեն անգամ փետրվարի 25-ին, երբ նշվում է Անդրանիկ զորավարի ծննդյան տարեդարձը, ես ակամա հիշում եմ Սերոբ քեռուն, զորավարի հավատարիմ զինվորին… Ով գիտե, գուցե դեռ կան տասնյակ Սերոբ քեռիներ, որոնք նույնպես ուզում են խոնարհվել Անդրանիկի գերեզմանին ու ...կնքել մահկանացուն:
…Ողորմի քեզ, Սերոբ քեռի: Դու պատվով տարար Անդրանիկի զինվորի քո խաչը, ինչը ստալինյան բռնապետության տարիներին կարող էր քեզ վրա թանկ նստել: Բայց դու այս կյանքում էլ այնպես անվախ էիր, ինչպես պատերազմի դաշտում: Ողորմի քեզ, Անդրանիկի զինվոր...


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: