ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևը Մյունխենում դելեգիտիմացրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ բացահայտելով Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու ռուս-ադրբեջանական պլանը

Անվտանգության մյունխենյան համաժողովի շրջանակներում Փաշինյան-Ալիև բանավեճը՝ ի տես միջազգային քաղաքականության ամենաազդեցիկ դերակատարների, առաջինն էր 44-օրյա պատերազմից հետո։ ՀՀ ղեկավարի ելույթը՝ սկսած բովանդակությունից, շեշտադրումներից մինչև անգլերենի իմացության մակարդակ, հանրային քննարկումների թոփ թեման է:

Անվտանգության մյունխենյան համաժողովի շրջանակներում Փաշինյան-Ալիև բանավեճը՝ ի տես  միջազգային  քաղաքականության ամենաազդեցիկ դերակատարների, առաջինն էր  44-օրյա պատերազմից հետո։ ՀՀ ղեկավարի ելույթը՝ սկսած բովանդակությունից, շեշտադրումներից մինչև անգլերենի իմացության մակարդակ, հանրային քննարկումների թոփ թեման է, և կարծիքներն այդ մասով  ծայրահեղական են՝  սկսած «Փաշինյանի թեզերը՝ միտված տարածաշրջանում կայունության կարևորմանը, միջազգային հանրության համար ընկալելի էին, իսկ  Ալիևի հոխորտանքները՝  մերժելի», մինչև «Փաշինյանը հերթական անգամ խայտառակ արեց ռեսպուբլիկան»։     
Նախ՝ գնահատելու համար բանավեճի հաջողված կամ անհաջող լինելը  պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե ի՞նչ լսարանի առաջ էր տեղի ունենում երկու «հակամարտող սուբյեկտների»  երկխոսությունը և աշխարհաքաղաքական ինչպիսի իրավիճակում։ 

Ժամանակակից միջազգային քաղաքականության առաջնահերթությունները  անվտանգությունն ու  կայունությունն են,  մարդու իրավունքներն ու ազատությունները, տնտեսական զարգացումը, որոնք վերաարժևորվեցին մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում։  Ժամանակակից այդ առաջնահերթությունների դիրքերից էլ  պետք էր ներկայանալ  միջազգային անվտանգային քաղաքականությունը սահմանող դերակատարների առաջ և ԼՂ խնդրի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարն ու երաշխիքները բխեցնել հենց այդ՝ անվտանգության,  կայունության և իրավունքների  ելակետից։ Հաջողվե՞ց դա անել Փաշինյանին, թե՞ ոչ, միջազգային հանրության համար ընկալելի դարձա՞վ  ՀՀ-ի դիրքորոշումը՝ տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող ռիսկերի՝ իր մասով նվազեցման առումով, ՀՀ-ի տեսլականը  տարածաշրջանում  անվտանգության  երկարաժամկետ  պլանավորման համատեքստում  համահո՞ւնչ էր միջազգային  կոլեկտիվ  պատկերացումներին և տեսլականին, թե՞ ոչ։ Թերևս այս հարցադրումներին տրվելիք պատասխանները պետք է լինեն  բանավեճի արդյունավետության, դրանից  քաղած օգուտի ցուցիչը։ 

Թե ինչ օգուտներ կքաղի հետպատերազմական  իրավիճակում գտնվող  մեր երկիրը  մյունխենյան համաժողովից, ցույց կտան ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումները, իսկ մինչ այդ «պոստ ֆակտում» հօգուտ ՀՀ-ի մի քանի արձանագրում անենք. ՀՀ-ն վերահաստատեց  խաղաղության գործընթացին իր անշեղ հավատարմությունը,  խաղաղության գործընթացը  (դրանում ներառված հարցերի ողջ սպեկտորը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումից  մինչև  երկու երկրների միջև դելիմիտացիայի հարցեր),  սառեցված չէ, փակուղում չէ, ինչը եթե անգամ չի  նվազեցնում  պատերազմի վերսկսման  հավանականությունը, ապա այն հետաձգում է  անորոշ ժամանակով։    Ավելին՝ խաղաղության  գործընթացում առկա «զգալի առաջընթացն»  արձանագրվել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի կողմից, ինչը վկայում է Հարավային Կովկասում  տեղի ունեցող պրոցեսներն  աչքաթող չանելու, ուշադրության տակ պահելու՝ Արևմուտքի  գործադրած ջանքերի մասին։  

Միջանկյալ ևս մեկ օգուտ-արձանագրում. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման ժամանակ ընդգծվել է  Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային ու մասնավոր տարանցման անհրաժեշտությունը և  կողմերին կոչ է արվել  նաև այլ տրանսպորտային ուղիները բացելու մասին։  Սա նշանակում է, որ Լաչինի միջանցքի «բաց» կամ «կիսաբաց» լինելու մասին Ալիևի փաստարկները միջազգային դերակատարներն անցկացրել են  «ականջի կողքով» և վերաարձանագրել դրա փակ լինելու փաստը։    

 Ալիևի ստերն ու ինքն իր դեմ տված ցուցմունքները

Անվտանգության մյունխենյան  համաժողովը հերթական հարթակն էր, որտեղ Ադրբեջանի նախագահը վերստին  ապացուցեց, որ  ինչպես մինչև 44-օրյա պատերազմը, այնպես էլ դրանից հետո չի վերանայել  «դեստրուկտիվ բանակցողի» իր վարքագիծը և պատրաստ է դեմ գնալ  միջազգային հարաբերություններում ամրագրված  խաղի կանոններին՝  դրանք  համառորեն խախտելով։    

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման  և Արցախում ստատուս-քվոյի  ֆիքսման  փաստաթուղթ համարվող  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ըստ էության, Ալիևի  «շուրթամբ»  դելեգիտիմացվեց միջազգային անվտանգության քաղաքականությունը որոշող դերակատարների առաջ՝ դելեգիտիմացնելով այդ փաստաթղթի մոդերատորի՝ ՌԴ-ի  դերը որպես տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխավորի։ Այս ընթացքում Ալիևը մեկ անգամ չէ, որ արել է խնդրո առարկա փաստաթղթի  ոգուն և տառին հակասող գործողություններ և հայտարարություններ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վիժեցման հարցում մեղքը փորձելով  բարդել ՀՀ-ի վրա։ Մյունխենում նա ապացուցեց, թե ով է գլխավոր «վիժարարն» ու ով՝ ոչ «պայմանագրայնունակ»  սուբյեկտը։ 

Ալիևը ի տես ամենքի փորձեց վերախմբագրել Պուտինի հեղինակած փաստաթուղթն ու դրանում հավելագրումներ անել՝ խոսելով  Լաչինի միջանցքում անցակետերի տեղադրման մասին։  «Մենք ավելի վաղ արդեն արել ենք այդ առաջարկը ոչ պաշտոնական խողովակներով, այսօր էլ այն պաշտոնապես ներկայացրինք։ Հայաստանը որևէ դիրքորոշում չի հայտնել»,- հայտարարել է  Ադրբեջանի նախագահը Մյունխենում, որտեղ ավելի վաղ տեղի էր ունեցել Բլինքեն-Փաշինյան-Ալիև ձևաչափով հանդիպում։ «Մեր նախնական տպավորությամբ՝ թե՛ Եվրոպան, թե՛ Ամերիկան տրամաբանական են համարում մեր այս առաջարկը։ Սա, անշուշտ, կարևոր գործոն է երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ Քանի որ, եթե մենք խոսում ենք սահմանի դելիմիտացիայի մասին, դրան անհնար է հասնել առանց անցակետերի։ Անցակետեր պետք է լինեն «Զանգեզուրի միջանցքի» սկզբում և վերջում, ինչպես նաև Լաչինի շրջանի ու Հայաստանի միջև»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ասել է Ալիևը։  Անցակետ տեղադրելու մասին Ալիևի հայտարարարությունը որքան էլ  ցինիկ է, սակայն կարևոր է Լաչինի միջանցքի փակման իրական դրդապատճառը բացահայտելու առումով։ Այն, որ Ադրբեջանը միջանցքը փակելով իր այդ պահանջը պարտադրելու մտադրություն ուներ՝ տեսանելի և հասկանալի էր դեռ մինչև դրա փակումը։

Հիշեցնենք, որ անցակետ տեղադրելու մասին խոսակցությունն առաջին անգամ շրջանառվեց  դեկտեմբերի սկզբներին, երբ ադրբեջանական մի խումբ անհայտ ծագման «ակտիվիստներ» «ստուգողական նպատակով» միջանցքն առաջին անգամ  փակեցին։ 2022 թ. դեկտեմբերի 5-ին  ելույթ ունենալով Մոսկվայում ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում՝ ՀՀ ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Մենք տեսնում ենք Ադրբեջանի մտադրությունները՝ փակել Լաչինի միջանցքը, որը հումանիտար նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար»։ Նույն օրերին տելեգրամյան ալիքներով տարածվեց Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Վոլկովի հայտարարության տեսանյութը, որում վերջինս ասում էր, թե  Մոսկվան ու Բաքուն պայմանավորվել են անցակետ ստեղծել Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Վոլկովը նշել էր, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաքվի հետ։ Նա խոստացել էր ինչ-որ համակարգեր տեղադրել ճանապարհին, որով կանցնեն խաղաղ բնակիչները։ Նույն օրը Արցախի տեղեկատվական շտաբը  հերքեց զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունն առ այն, թե իբր Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ  խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայն է ադրբեջանական մաքսային կետ տեղադրել Լաչինի միջանցքում։ «Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։  Բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից։ Ըստ այդմ, կրկին շեշտում ենք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ կետ տեղակայելու մասին շրջանառվող լուրերը կեղծ են և չեն բխում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության դրույթներից»։ 

Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված անցակետի տեղակայման Բաքվի առաջարկին  հավանություն տալով՝ ՌԴ-ն ինքը խախտած կլիներ իր իսկ հեղինակած փաստաթուղթը։ Եվ որպեսզի այդ խախտումը խախտում չդիտարկվեր, միջանցքը փակելու այլ պատրվակ մոգոնվեց՝ Կաշենի հանքավայրի էկոխնդիրները։ Ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունը  Արցախի տեղեկատվական շտաբի կողմից ի  չիք դարձվելուց հետո  ռուս խաղաղապահների պատասխանատվության  գոտի գործուղվեցին  ադրբեջանական  «էկոակտիվիստները», որոնց մինչև այժմ խաղաղապահ զորակազմը այդտեղ էլ չի կարողանում դուրս հրավիրել՝ չնայած ՌԴ-ի քանիցս հնչեցված խոստումներին, թե միջանցքը կապաշրջափակվի «մոտ ժամանակներս»։   Հաշվարկն այն է, որ հայկական կողմը արցախահայությանը սպառնացող հումանիտար աղետից խույս տալու համար տեղի կտա և կհամաձայնի ռուս-ադրբեջանական համատեղ պլանին՝ անցակետ տեղադրելուն, և Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանը կունենա ոչ միայն անխափան տեղաշարջը երաշխավորողի, այլև վերահսկողի լիազորություն։  Քանի որ ռուս-ադրբեջանական համատեղ պլանը  մինչև այս պահը չի իրագործվել,  Ադրբեջանը շարունակում է անցակետի տեղադրման օրակարգը լեգիտիմացնել՝ այն ներկայացնելով որպես «թե՛ Եվրոպայի, թե՛ Ամերիկայի կողմից  տրամաբանական» համարված  «առաջարկ»՝  դրա իրագործումը  համարելով  երկկողմ հարաբերությունների կարգավորման նախապայման։ Եվ որպեսզի Ալիևի  համար  «տրամաբանական»-ը  անտրամաբանական չթվա միջազգային դերակատարների համար, Ադրբեջանի  բռնակալը փորձում է Լաչինի միջանցքի և «Զանգեզուրի միջանցքի»  ֆունկցիոնալ  համարժեքության պատրանք ստեղծել՝ մոռանալով, որ առաջին միջանցքը  իրավական խիստ կոնկրետ ռեժիմ ենթադրող միջանցք է և ունի փաստաթղթային արձանագրում (նոյեմբերի 9-ի փաստաթղթով է նախատեսված), իսկ երկրորդ՝  «Զանգեզուրի միջանցք» կոչվածը գոյություն ունի միայն Ալիևի և նրա իդեոլոգների անառողջ  գլխում։ Ինքը՝ Ալիևն էլ ժամանակ առաջ խոստովանել էր, որ այդ տերմինն ինքն է հորինել և դրել միջազգային շրջանառության մեջ։  

Անկախ այն ամենից, թե  ինչպես կդիտարկի Ալիևը ՀՀ սուվերեն տարածքով անցնող ճանապարհների, կապուղիների  իրավական ռեժիմը՝ արձանագրենք, որ ՀՀ-ն բացառում է  տարածաշրջանում միանձնյա կամ կոլեկտիվ ուժերով  խաղացող  որևէ  սուբյեկտի  արտատարածքային միջանցքի  տրամադրումը։  Դա հասկացել է նաև Ալիևը, որը, սակայն, չհրաժարվելով  իր մոգոնած տերմինից՝ այդուհանդերձ խոստովանում է, որ ՀՀ տարածքով անցնող «միջանցքը» լինելու է ոչ թե  արտատարածքային, այլ սուվերեն, ՀՀ իրավազորության ներքո։ Հենց այդ համատեքստում էլ թերևս պետք է դիտարկել  «Զանգեզուրի միջանցքի» սկզբում ու վերջում  և նույն տրամաբանությամբ՝ Լաչինի միջանցքում  տեղադրվելիք  անցակետերի  մասին Ալիևի հայտարարությունը։ Այդ անցակետերի նկատմամբ սուվերենիտետը, դատելով  վերջինիս խոսքից, վերապահվելու է  «միջանցքի» տիրոջը։  Եթե «Զանգեզուրի միջանցքի» դեպքում տերը ՀՀ-ն է, ապա Լաչինի միջանցքի դեպքում, ըստ Ալիևի տրամաբանության,  պետք է լինի  Ադրբեջանը։  

Ալիևին  ևս մեկ անգամ հիշեցնենք, որ  տարեսկզբին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  վերահաստատեց կառավարության  դիրքորոշումը՝ ՀՀ-ն բացառում է իր տարածքով  միջանցքի գոյությունը։ 
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: