ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
5 կադր 100-ամյա Հայ կինոյից

2022 թվականին Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիշարժան տարեթվերի օրացույցում: Այս տարի նշվում է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Կառավարությունը հոբելյանական հանձնաժողով է ձևավորել, հաստատել միջոցառումների ծրագիրը։ Ծրագրի շրջանակում հայկական դասական և ժամանակակից շուրջ 100 ֆիլմեր ցուցադրվելու են մարզերում և Երևանում: Մինչ այդ «Ռադիոլուրն» է առանձնացրել 100-ամյա հայ կինոյի հիշարժան կադրերից մի քանիսը։

Էպիզոդ 1-ին, դուբլ 1․ Համո Բեկնազարյան. արգելված կինոնկարի ռեժիսորը
Հայ կինոյում մի քանի «առաջին» կապվում է Համո Բեկնազարյանի անվան հետ։ Նա  նկարեց առաջին հայկական կինոն՝ «Նամուսը»։ Ապա առաջին հայկական հնչյունային կինոն՝ «Պեպոն»։ Իսկ արդեն 60 տարեկանում առաջին անգամ արտասվեց Հայաստանում  նկարած վերջին ֆիլմի՝ «Երկրորդ քարավանի» նեգատիվները ոչնչացված լինելու պատճառով։ Ստալինին դուր չէր եկել Ցեղասպանությունից փրկվածների մասին պատմող ֆիլմի վերնագիրը։ Ֆիլմը հայտնվել է մոտ երկու տասնյակ արգելված կինոնկարների ցուցակում: Ռեժիսոր Յուրի Երզնկյան
«Այդ դեպքից հետո նա մեզ հրավիրեց իր մոտ, երևանյան բնակարանը: Շփոթված տեսքով ասես արդարանալով, երկար պատմում էր այն մասին, թե ինչպիսին կարող էր լինել այդ ֆիլմը: Պատմում էր չիրականացված մտքերի, մտահղացումների, չնկարահանված էպիզոդների մասին: Այդ երեկոյից առաջ ինձ երբեք չէր վիճակվել Համո Իվանովիչին տեսնել այդպես տարված, պայծառ, ոգեշնչված․․․»։



Այդ հարվածից հետո ռեժիսորը դարձյալ նկարում է, սակայն` հայրենիքի սահմաններից դուրս։  Իր վերջին ֆիլմերը նկարում է Տաշքենդում և Դուշանբեում` նոր մակարդակի բարձրացնելով տեղի կինեմատոգրաֆիան։
Կինոօպերատոր Լևոն Աթոյանց․ «Մեզնից ո՞վ գիտի, որ մեր Տիգրան Մեծ թագավորին անդրադարձել են աշխարհի 24 կոմպոզիտորներ: Նույնն էլ Բեկնազարովը. նա մեր կինոյի Տիգրան Մեծն է, որ կարողացավ ոչ միայն հիմնադրել «Հայֆիլմ» կինոստուդիան, այլև համալրել այն ժամանակի լավագույն տեխնիկայով և նկարել հիասքանչ ֆիլմեր»:
Էպիզոդ 2-րդ, դուբլ 1․ Արտավազդ Փելեշյան․ «Օպերատորը տեսախցիկն է բռնում, իսկ ես՝ օպերատորին»
Կադրերը սև ու սպիտակ են։ Չկան խոսքեր կամ երկխոսություն, փոխարենը պատկեր է, երաժշտություն և բազում գաղտնիքներ: Նա չի մոնտաժում պատկերը երաժշտության հետ: Նա մոնտաժում է պատկերի զգացմունքը երաժշտության զգացմունքի հետ: ՎԳԻԿ-ում ուսանելու տարիներին Փելեշյանի առաջին աշխատանքներն է դիտում Սերգեյ Էյզենշտեյնի հետ ժամանակին աշխատած մոնտաժողը և կարծիք հայտնում, որ Փելեշյանի ֆիլմերն Էյզենշտեյնի ֆիլմերից երկար կապրեն, որովհետև «սխալները» շատ են: Հենց այդ սխալներից էլ հետագայում ծնվում է տարածական մոնտաժի տեսությունը․
«Իմ ֆիլմերում ես օգտագործում եմ ուրիշ սկզբունք. ինձ կադրերը միացնելը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է դրանք միմյանցից բաժանելը, հեռավորության վրա դնելն ու արանքում ուրիշ պատկեր տեղադրելը: Պատկերի բացակա ներկայությունը միշտ կա: Մոնտաժի շնորհիվ այն ներկա է: Եթե վիրաբույժի նման հերձեք ֆիլմը, կտեսնեք, որ ֆիլմի մեջ պատկեր չկա, բայց դրա էֆեկտը, տպավորությունը կա, ստացել եք: Դա է բացակա պատկերի հիմնական էությունը»:



Տասնամյակներ առաջ Գորիսում ֆիլմ էին նկարում: Փելեշյանին պետք էր լեռների ուղղահայաց պատկեր, իսկ օպերատորը նկարում էր հորիզոնական ու վստահեցնում, որ այդպես գեղեցիկ է: Վարպետը հակադարձում է․ «Ես ասացի՝ այո՛, գեղեցիկ է, բայց ինձ պետք է լեռների ուղղահայաց կադր: Իմ ֆիլմերում ես միշտ ներկա եմ: Օպերատորը տեսախցիկն է բռնում, իսկ ես՝ օպերատորին»։
Էպիզոդ 3-րդ,, դուբլ 1․ Սերգեյ Փարաջանով. «Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով»
Նա հայ էր, ապրում էր Թիֆլիսում, մեղադրվում ուկրաինական նացիոնալիզմի մեջ։ Ասում էր՝ լավ ֆիլմեր եմ նկարում, եթե անգամ Աֆրիկա ուղարկեք, կնկարեմ աֆրիկյան լավ ֆիլմեր։ Աֆրիկա Փարաջանովին չուղարկեցին, սակայն «վտանգավոր ազատ մարդուն» բանտարկեցին։ Անազատությունն այնքան ծանր չէր, որքան դրան հաջորդող անգործության տարիները։
«Ես գոյություն ունենալու իրավունք չունեմ, ես օրենքից դուրս եմ։ Բանտում կյանքս գոնե որոշ իմաստ ուներ․ այն իրականություն էր, որն անհրաժեշտ էր հաղթահարել։ Այժմյան կյանքս անիմաստ է։ Ես չեմ վախենում մահից, բայց այս կյանքս ավելի վատ է, քան մահը։ Թակել եմ բոլոր դռները։ Ինձ ցանկանում էին օգնել Հայաստանում։ Սակայն ամեն անգամ, երբ ես պետք է հանդիպեի նախարարի հետ, նա արձակուրդում էր լինում․․․ Այսօր այլընտրանք չունեմ։ Արձակուրդն անտանելի է ինձ համար»։



Փարաջանովին համաշխարհային հռչակ էր բերել  «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարը, որից հետո սկսվել էին դժվարությունները: Ինչպես ասում են, հաջողությունը չի ներվում: Իսկ ինքն ասում էր՝ աշխարհից վրեժխնդիր կլինի սիրով։ Առասպելաստեղծ ու ծիսական աշխարհայացքը նրա արվեստի առանցքն են: Ոչ միայն արվեստում, այլև կյանքում էր խենթ։ Նա անկանխատեսելի, տարօրինակ մարդ էր։ Կնոջը ևս ստիպում էր մասնակցել իր խենթություններին․ պահանջում էր, որ վերջինը խնձորները մաքրի յուրահատուկ ձևով, կոտլետներն ափսեի մեջ դնի յուրահատուկ ձևով, բաժակը սեղանին դնի յուրահատուկ ձևով: Կինն այդպես էլ չկարողացավ հարմարվել ամուսնու խենթություններին և 1961 թ-ին, վերցնելով որդուն, հեռացավ տնից։
Էպիզոդ 4-րդ, դուբլ 1․ Հենրիկ Մալյան․ «Ես գիտեմ մարդուն»
Մեկ հանդիսատեսը, որ չափազանց հավասար է միլիոնին։ Մեկը, որի համար ստեղծագործում էր «Մենք ենք, մեր սարերը», «Եռանկյունին»  ֆիլմերի հեղինակՀենրիկ Մալյանը։ Ասում էր․
«Ես գիտեմ մարդուն:                                                                                                                 Ես Գիտեմ մարդու բոլոր թուլությունները և նրա ուժը նույնպես:
Գիտեմ նրա խոսքը ու խոսքի տակ թաքնված լռությունը:
Գիտեմ նրա լռությունը և լռության տակ թաքնված խոսքը:
Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց:
Ես ոչ ոքի համար չեմ ստեղծագործում, բացի մարդուց»:



Կինոդահլիճից դուրս են գալիս հազար ու գուցե երկու հազար մարդ: Բայց այնտեղից 2-ն են դուրս գալիս: Մեկը ժամուկես նայել է էկրանին, մյուսը ժամուկես ստեղծագործել է: Մեկը ֆիլմում լոկ գործողությունների շարան է տեսել, մյուսը թափանցել է կինոնկարի հերոսների ու ստեղծողների ներաշխարհը: Մեկը կինոդահլիճից իր հետ տարել է օգտակարության սնանկ գործակից, մյուսը ֆիլմի մթնոլորտի մեջ է և շարունակում է ստեղծագործել: Կինոդահլիճից դուրս են գալիս միայն ու միայն երկու տեսակի հանդիսատես. ժամանակ սպառող և դիտող-ստեղծագործող։ Հենրիկ Մալյան․
«Ես միշտ նախանձել եմ այն ռեժիսորներին, որոնք ֆիլմի ավարտից հետո հաճույքով մասնակից են լինում իրենց ստեղծագործության քննարկումներին, հաճույքով վիճում են, հաճույքով պաշտպանվում, հաճույքով հարձակվում և կամ էլ… հաճույքով լռում` սեփական ֆիլմի այս կամ այն գնահատության առթիվ: Ֆիլմի ստեղծման բոլոր փուլերից ինձ համար ամենածանրը հենց այդ շրջանն է: Ֆիլմի ավարտից ես մի անկասելի ցանկություն եմ ունենում հեռանալու, փախչելու ֆիլմից, նրա տրամադրությունից, նրա ռիթմից, փախչելու` առանց հետ նայելու»։
Էպիզոդ 5-րդ, դուբլ 1․ Ֆրունզե Դովլաթյան․ «Բարև, ո՞վ ես»
«Բարև, ես եմ» ֆիլմն առաջին հայկական կինոնկարն է, որ ներկայացվել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթում: «Երևանի տեսարժան վայրերից մեկը դարձած» ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանը հանդուգն որոշում է կայացնում` թողնել լաբորատորիան և Հայաստանում կառուցել տիեզերական լաբորատորիա։
Ֆրունզե Դովլաթյան․ «Արվեստագետը միշտ էլ հասարակական կյանքի հորձանուտում է: Հիշեք Հրանտ Մաթեւոսյանի «Մենք ենք, մեր սարերը»: Ինչ ժամանակին լույս տեսավ այդ գիրքը եւ ինչպես սլացիկ մտավ մարդկանց գիտակցության մեջ: Մերն էր, մեր ներքինը, ինչպես եւ Հենրիկ Մալյանի ֆիլմը, որ շատ տարբեր է, բայց եւ մերն է, մեր ներքինը դարձյալ: Սա մի կողմից, մյուս կողմից հայտնվեց Սարգիս Փարաջանովը իր «Նռան գույնով», որ ոչ մի մաթեմատիկական լուծում չունի, մաքուր արվեստ է, հոգեկան էներգիա, մերը, ներքինը: «Սարոյան եղբայրները» մենք ենք»:



Մի անգամ հարցազրույցի ժամանակ լրագրողին Դովլաթյանն ասում է՝ դուք տալիս եք այն հարցերը, որոնց պատասխանները գիտեք: Դուք վախենում եք տալ այն հարցը, որի պատասխանը ոչ ոք չգիտի: Ո՞րն է այդ հարցը՝ հետաքրքրվում է լրագրողը և ի պատասխան լսում է․
Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին,
Թարմ-թեթեւ էր մեր ճամփորդի հոգին,
Ուրախ էինք մենք, ու մեր՝ սիրտը՝ բաց…
Բա ինչու՞ տեղ չհասանք…
Սերգեյ Փարաջանովը չնկարեց «Արա Գեղեցիկը», Հենրիկ Մալյանը չնկարեց «Կոմիտասը», Ֆրունզե Դովլաթյանը չնկարեց «Պատը»: Փարաջանով-Մալյան-Դովլաթյան․  20-րդ դարի եռանկյունին նրանց մահով փակվեց՝ ներփակելով իր մեջ ծնված ու չծնված ֆիլմեր:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: