ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ-ն Արցախի նախագահի շուրթերով փորձում է լուծել իր խնդիրները՝ միջազգային հանրության հետ, սակայն ոչ թե հանուն Արցախի, այլ հանուն իր շահերի․ իրավապաշտպան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր տարածած հայտարարությամբ կոչ է արել միջազգային հանրությանը, առաջնահերթորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, խոսքից գործի անցնել և մասնավորապես պատժամիջոցներ կիրառել Լաչինի միջանցքը փակած Ադրբեջանի դեմ։

Նկատենք, որ այդ հայտարարությունը հաջորդում է  Արայիկ Հարությունյանի և Արցախի պետնախարարի՝Մոսկվա կատարած այցին, որի մասին պաշտոնապես չի հայտարարվում։  Այն, որ Արցախի նախագահը  բարձրացնում է միջանցքը փակած երկրի դեմ  կոշտ միջոցներ կիրառելու անհրաժեշտության  հարցը արդյոք վկայում է այն մասին, որ մոսկովյան ենթադրյալ այցը հուսադրող,  պրոդուկտիվ չի եղել, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող   Կրեմլի մեր դաշնակիցները հույս չեն տվել, որ միջանցքը հնարավոր է կոչերի միջոցով ապաշրջափակել։ Ուստի և  Արցախի իշխանությունների բերանով  միջազգային գործընկերներին կոչ են անում անցնել «պլան բ»-ին՝ պատժամիջոցներին՝ այս կերպ լուծելով  լաչինյան թնջուկը։  

 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի   գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը  Civic.am-ի հետ զրույցում, ի պատասխան  վերոհիշյալ  դիտարկման նկատեց՝ թեև պաշտոնապես չի հայտարարվում  Արցախի ղեկավարության Մոսկվա այցի մասին, սակայն ինքը ևս ունի  հավաստի  տեղեկություններ, որ Արցախի  նախագահը մեկնել է  ՌԴ։ «Քաղաքացին երբ այցելել է Արցախի նախագահի նստավայր, նրան հայտնել են, որ նախագահը գտնվում է Մոսկվայում։  Այսինքն` Մոսկվա այցի մասին տվյալներն առավել քան իրական են։ Նման այցելությունների արդյունքների վերաբերյալ (քանի որ դա մասնավոր այց չէ), հանրությունը պետք  է անպայման իմանա, հատկապես  միջանցքի շուրջ ստեղծված  ճգնաժամի  պայմաններում։ Խոսքն այն երկիր այցելության մասին է, որը անմիջական դեր և առաքելություն ունի Արցախում ստեղծված իրավիճակի հարցով և Արցախի նկատմամբ։ Ինչ վերաբերում է հայտարարությանը, որը տարածվել է մոսկովյան ենթադրյալ այցից հետո, ուշագրավ է մի քանի հանգամանք․ Արցախի անվտանգության, հրադադարի ռեժիմի ապահովման, ինչպես նաև ՀՀ-Արցախ անխափան երթևեկության   ապահովման մասին գոյություն ունեցող հայտարարությունը չի գործում, սա փաստ է։ Եթե գործեր, չէր ստեղծվի այն իրավիճակը, որն այժմ կա։ Ինչ է ստացվում՝ հայտարարության հեղինակն ու երաշխավորը՝ ՌԴ-ն, չի կարողանում ապահովել իր կողմից տրված  երաշխիքները և այս կոնտեքստում, երբ հարցը տեղափոխում է միջազգային հանրության մակարդակ, նշանակում է՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը փորձում է օգտագործել  միջազգային հանրության հետ  երկխոսություն ծավալելու համար։ Ինչո՞ւ, որովհետև շատ պարզ է, որ Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմից հետո ՌԴ-ի միջազգային կարգավիճակը փոխվել է, նրա հետ խոսելու բոլոր հնարավոր խողովակները փակված են։ Այսինքն, դու մեկ ձեռքով  չես կատարում քո հանձնառությունը՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված,  մյուս ձեռքով սանձազերծում ես  պատերազմ Ուկրաինայի դեմ, ինչի հետևանքով հայտնվում ես պատժամիջոցների տակ և այս իրավիճակում Արցախի հարցը փորձում ես օգտագործել՝ միջազգային հանրության հետ կոմունիկացիա ապահովելու համար։ ՌԴ-ն իր այս մտադրությունը փորձում է  իրականացնել Արցախի նախագահի շուրթերով։ Սա է իմ տպավորությունը հրապարակված հայտարարության տեքստի բովանդակությունից»։   

 Ըստ Սաքունցի՝ ՌԴ-ն ինքը քայլ չի կատարում նույն Ադրբեջանի իշխանություններին պատասխանատվության դաշտ բերելու համար, այլ  ընդհակառակը՝  պաշտոնական մակարդակով  շատ լավ էլ համագործակցում է էներգետիկ և այլ բնույթի հարցերով։  «Այսինքն, ՌԴ-ն  երկդիմի, տարբերակված մոտեցում է ցուցաբերում, երբ իր շահերի համար պետք է՝ շատ լավ էլ  կարողանում է պրոդուկտիվ  համագործակցել Ադրբեջանի հետ, իսկ երբ  պետք է  եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր  պարտավորությունները կատարի՝  թերանում է, չի  կատարում՝   միաժամանակ լինելով  միջազգային սանկցիաների տակ։ Կարծեք մոռացության է տրվել ՌԴ-ի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից մեկը՝ գերիների, պահվող անձանց վերադարձը։  2020-ի նոյեմբերի 9-ց մինչև 2022 թ․ փետրվարի 24-ը՝ ուկրաինական պատերազմը, որը որպես պատճառ է բերվում ՌԴ-ի կողմից՝ իր պարտականությունների հարցում թերանալու համար, անցել է մոտ մեկուկես տարի։ Այդ ընթացքում ինչո՞ւ չեն վերադարձվել գերիները, ինչո՞ւ ՌԴ-ն Ադրբեջանի նկատմամբ իր ազդեցությունն այս ընթացքում չի օգտագործել»,-նկատում է մեր զրուցակիցը՝ հավելելով՝ սա նշանակում է, որ  Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը  ՌԴ-ն այժմ փորձում է օգտագործել դարձյալ իր շահերի համար՝ միջազգային հանրության հետ խոսելու համար։

 Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի   հայտարարության այն հատվածին, որտեղ վերջինս  առաջնահերթ դիմում է  ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին, ապա Սաքունցը նկատեց․ «Կներեք, բայց Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը դրվեց մի կողմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության միջոցով և ՌԴ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, քանիցս է շեշտել, որ բացի եռակողմ հայտարարությունը, մնացած այլ միջազգային ձևաչափերն այլևս արդյունավետ չեն։ Ընդհուպ՝ գուժում էին Մինսկի խմբի մահացած լինելու մասին, որը կոնֆլիկտի միակ՝ միջազգայնորեն լեգիտիմ մարմինն էր»։  

 ՌԴ-ն, ըստ Սաքունցի, միջազգային այդ եզակի ինստիտուտը, որի շրջանակներում համագործակցում էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ՝ ի դեմս Ֆրանսիայի, բոյկոտեց, մի կողմ նետեց։  «Այդ ի՞նչը փոխվեց, որ հիմա Արցախի նախագահի շուրթերով հնչեցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին՝ տողատակում  բարձրացնելով դրա ռեինկարնացիայի գաղափարը։ Միանշանակ է՝ երկխոսության այդ խողովակը վերականգնելու նպատակով՝ հատկապես ուկրաինական պատերազմի համատեքստում։ Իրենք հասկանում են, որ չկա երկխոսության այլ տարբերակ, քանի դեռ իրենք չեն դադարեցրել պատերազմն Ուկրաինայի դեմ և չեն դեօկուպացրել գրավված  տարածքները։ Բայց այս դեպքում շատ հետաքրքիր մի բան է ստացվում՝ Արցախի խնդրի նշանակությունը իրենց համար շատ ավելի մեծանում է այն իմաստով, որ  այն փորձում են օգտագործել իրենց շահերի համար, և ոչ՝ հանուն Արցախի ժողովրդի։   Հանուն Արցախի խնդրի լուծման իրենց ջանքերը գործադրելու համար իրենք բավարար ժամանակ  և ռեսուրս ունեին, սակայն դա չեն գործադրել։ Արցախի հարցը ՌԴ-ն օգտագործեց իր ռազմական ներկայությունն Ադրբեջանում  ապահովելու համար, քանի որ Արցախը ՌԴ-ն համարում է Ադրբեջանի մաս, այժմ էլ այդ հարցը լուծելուց հետո փորձում է միջազգային հարթակում իր կարգավիճակը վերականգնել»,- նկատում է իրավապաշտպանը։  
 
Միջազգային տարբեր անհատ գործիչներ, կազմակերպություններ քանիցս են հայտարարել Լաչինի միջանցքի շրջափակման համար  Ադրբեջանի դեմ   պատժամիջոցներ կիրառելու մասին, այժմ, փաստորեն, այդ կոչերին միացավ նաև  Արցախը։ Ի՞նչ ռեզոնանս կարող է ունենալ Արցախի նախագահի կոչը՝ պատժամիջոցների կիրառման հավանականության առումով։  Նկատենք, որ   ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, անդրադառնալով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառմանը, նշել էր, թե «պատժամիջոցները ԵՄ-ի ընդամենը մեկ գործիքն է ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության նպատակների առաջմղման համար և այս դեպքում դրանք չեն դիտարկվում»։

 Ըստ  Սաքունցի՝  «ԵՄ-ն պետք է կիրառի պատժամիջոցներ։  Ցավոք,   ԵՄ-ն՝ ի դեմս նրա առանձին ներկայացուցիչների, ժամանակին դասեր չի քաղել․ եթե ժամանակին արդյունավետ պատժամիջոցներ կիրառեր պուտինյան ռեժիմի նկատմամբ՝ դեռևս Ղրիմի անեքսիայի ժամանակ, ապա վստահեցնում եմ, որ այդ  ռեժիմի մտքով չէր անցնի Ուկրաինայում  նոր պատերազմ սանձազերծել։  Սա հիշեցնում եմ, որ մեթոդի և քաղաքականության միատեսակ կիրառումը բռնապետական ռեժիմների դեմ  պետք է անպայմանորեն  ապահովվի։ Երբ դու տարբերակված մոտեցում ես ունենում, դա արդարացի չէ։ Իսկ որպեսզի Ադրբեջանի նկատմամբ կիրառվեն  պատժամիջոցներ, ապա ՀՀ-ն պետք է պատշաճ ջանքեր գործադրի միջազգային բոլոր հնարավոր  գործիքները կիրառելու ուղղությամբ։  

 «Միջազգային դատական ատյաններին դիմելու գործընթացները ՀՀ-ի կողմից ուշ են սկսվել։ Եթե մասնավորապես  մեր սպայի՝Ադրբեջանի ռեժիմի կողմից  կացնահարված Գուրգեն Մարգարյանի  գործով, ինչպես նաև մեր պատմական հուշարձանների ոչնչացման գործով միջազգային  ատյաններում ժամանակին ակտիվ ջանքեր գործադրվեին՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար, ապա մենք բոլորովին այլ իրավիճակ կունենայինք։ Տեսեք՝ խավիարային կամ կոռուպցիոն դիվանագիտության ինչպիսի օրինակների ենք առերեսվում  թե՛ ԵԽ-ի, և թե՛ ԵՄ-ի մակարդակում։  Սրանք նույնպես ռիսկեր են, որոնք նույնպես խոչընդոտում են պրոցեսին, բայց սա չի նշանակում, որ գործողություններ սկսելու   հնարավորություն չկա, ընդհուպ մինչև առանձին երկրների մակարդակով։ Նույն Մագնիտսկու օրենքը կարելի է օգտագործել։ Ի դեպ, ԱՄՆ-ն առաջին անգամ կիրառեց անհատական պատժիչ միջոցներ նույն Իլհամ Ալիևի ռեժիմի ներկայացուցչի նկատմամբ,  նաև Մեծ Բրիտանիան է արդեն կիրառում, որը նավթային շահեր ունի Ադրբեջանում։ Այսինքն, պետք է գործադրել այս ուղղությամբ ակտիվ ջանքեր  միջազգային տարբեր մակարդակներում։ Սա է դիվանագիտական քաղաքականության իմաստը։ Որ դու ոչ թե հրդեհի ժամանակ սկսես հրդեհաշիջման գործողություններ, այլ նախապատրաստված լինես, որ կանխվեն հնարավոր հրդեհները, այսինքն՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնես»,- նշում է Civic.am-ի զրուցակիցը։ 


 Հեղինե Մանուկյան 
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: