ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ վարչապետի՝ Եգիպտոսի նախագահին ուղղված ուղերձը կարող է չեզոքացնել մուսուլմանական աշխարհում եղած թյուրըմբռնումը, թե հայ-ադրբեջանական հակամարտությունը կրոնական է. արաբագետ

Եգիպտոսի նախագահի տարածաշրջանային այցի, Հայաստանում հնչած ուղերձների և հայտարարությունների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

- Պարոն Պետրոսյան, Եգիպտոսի նախագահը առաջին անգամ Հայաստանում էր. ինչո՞վ էր պայմանավորված այցը, որը ՀՀ նախագահը պատմական է որակել։ - Եգիպտոսի նախագահը առաջին անգամ ոչ միայն Հայաստանում էր, այլև մեր տարածաշրջանում, և այցը պատմական է նրանով, որ Եգիպտոսը չափազանց կարևոր դերակատար է միաժամանակ մի քանի տարածաշրջաններում։ Դա Մերձավոր Արևելքն է, Հյուսիսային Աֆրիկան, արաբական և մուսուլմանական աշխարհը։ Այդ բոլոր տարածաշրջաններում Եգիպտոսն ունի հստակ առաջնորդի դերակատարում ստանձնելու հավակնություններ։ Բացի դրանից, Եգիպտոսը առաջին արաբական երկիրն է, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի Հանրապետության հետ։ Եգիպտոսում ավանդաբար եղել է լավ կազմակերպված և ազդեցիկ համայնք։ Եգիպտոսի և Հայաստանի հարաբերությունները մշտապես եղել են բավականաչափ բարձր մակարդակի. չնայած նման կարգի բարձր մակարդակի այցելություններ Եգիպտոսի կողմից շատ քիչ են եղել՝ ի պատասխան Հայաստանից շուրջ երկու տասնյակ այցելություններ են եղել. նախագահներ են այցելել, արտգործնախարարներ, ԱԺ նախագահներ և այլն։ Այս ամենի համատեքստում անկախ Հայաստանի պատմության ընթացքում նման կարևոր արաբական երկրի նախագահի այցը անշուշտ կարելի է նաև պատմական որակել։ - Նշեցիք, որ այցը տարածաշրջանային էր, և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին իր խոսքում նշել է, որ Եգիպտոսը հայ-ադրբեջանական հակամարտության հարցում չեզոք դիրքորոշում ունի, բայց նա պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնելու. ի՞նչ դեր կարող է ունենալ Եգիպտոսը, և դա ի՞նչ կտա արաբական աշխարհին։ - Ընդհանուր առմամբ Եգիպտոսի որևէ նախագահի մեր տարածաշրջան կամ Հայաստան մինչև այժմ չայցելելու իրողությունը պայմանավորված է նաև արցախյան հիմնախնդրով և Ադրբեջան-Հայաստան հակամարտությամբ, որը Ադրբեջանը և Թուրքիան տասնամյակներ շարունակ ներկայացնում են որպես կրոնական հակամարտություն։ Բնականաբար, սա որոշակի առումով կաշկանդող ազդեցություն ուներ ոչ միայն Եգիպտոսի, այլև մուսուլմանական և ոչ մուսուլմանական բազմաթիվ այլ երկրների համար՝ մեր տարածաշրջանում ակտիվանալու, Հայաստանի հետ հարաբերություններն ավելի խորացնելու, որոնք ունեին նպատակներ, ցանկություններ, ծրագրեր, բայց նաև խուսափում էին Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները բարդացնելուց կամ ընդհանրապես մուսուլմանական աշխարհում հավելյալ խնդիրներ իրենց համար ստեղծելուց։ Հետևաբար դա է պատճառը, որ Եգիպտոսը, որպես նման հավակնություններ ունեցող երկիր, աշխատել է չեզոք դիրքորոշում ունենալ և իր երկկողմ հարաբերություններում պահպանել է այդ չեզոքությունը՝ խաղացողներից որևէ մեկին առավելություն չտալով։ Հիմա քանի որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ստատուս քվո է փոխվել, և Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարում են արցախյան հիմնախնդրի այլևս գոյություն չունենալու մասին՝ սա հնարավորություն է Եգիպտոսի համար ավելի անկաշկանդ գործելու։ Այսինքն՝ տարածաշրջանային այցը Հայաստան և Ադրբեջան ևս հավասարակշռված է որոշակի առումով, քանի որ այցելություն է երկու հակամարտող երկրներ։ Բայց այդ այցը չունի նախկին կաղապարվածությունը, որը կար մինչև 44-օրյա պատերազմը և կարող էր գնահատվել Եգիպտոսի կողմից որպես հակամուսուլմանական ինչ-որ քայլ։ Ինչ վերաբերում է Եգիպտոսի կողմից առաջարկված միջնորդությանը, պարզ է, որ այդ առաջարկությունը խնդրահարույց է և իրականություն դառնալու մեծ շանսեր չունի, քանի որ մեր տարածաշրջանում Հայաստան-Ադրբեջան հակամարտությունում միջնորդության ձևաչափը վերածվել է աշխարհաքաղաքական մրցակության՝ Արևմուտքի և ՌԴ-ի միջև։ Այդ մրցակցության մեջ մտնելու համար նոր խաղացողը պետք է նախ՝ այս տարածաշրջանում ունենա ամրապնդվելու հնարավորություններ, նպատակներ և այդ միջնորդությունը ապահովելու ներուժ։ Բնականաբար, Եգիպտոսը չի տիրապետում նշածս գործոններից որևէ մեկին, բայց այնուամենայնիվ այդ շեշտադրումը կարևոր էր որպես ուղերձ։ Այսինքն՝ Եգիպտոսը գնահատում է, որ մեր տարածաշրջանում եղած հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցային ձևաչափով, և եթե մինչև այժմ եղած ձևաչափերից որևէ մեկը չի արդարացնում իրեն, ապա Եգիպտոսը, որպես ազդեցիկ երկիր, Եգիպտոսի նախագահը, որպես բավականաչափ ազդեցիկ քաղաքական պետական գործիչ, կարող է իր միջնորդությունը առաջարկել խնդրի կարգավորման համատեքստում։ Այսինքն՝ սա պետք է դիտարկել որպես քաղաքական ուղերձ կամ նոր դերակատարում ստանձնելու պատրաստակամություն։ - ՀՀ վարչապետն իր խոսքում նշել է, որ Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և խոսակցության մեջ։ Ի՞նչ դերի և խոսակցության մասին է խոսքը։ - Չափազանց կարևոր ուղերձ էր. ես այդ ուղերձում տեսնում եմ մի քանի բաղադրիչներ։ Ինչպես արդեն նշեցի՝ արցախյան հակամարտության ողջ ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան հիմնախնդիրը ներկայացնում էին որպես կրոնական հակամարտություն, ինչը օգտագործում էին տարբեր հարթակներում ընդդեմ Հայաստանի՝ տարբեր միջազգային ձևաչափերում կոալիցիաներ ձևավորելու կամ տարբեր գործընկերային ձևաչափեր ստեղծելու նպատակով։ Սա է պատճառը, որ, օրինակ, աշխարհում ամենաունիվերսալ կազմակերպություններից մեկը՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որը ավելի քանի 5 տասնյակ երկրներ է միավորում, փաստացի վերածվել է հակահայկական քարոզչության և հակահայկական քաղաքականության գործիքի Ադրբեջանի կողմից։ Հայաստանի կողմից նման հայտարարությունը կարող է գնահատվել որպես Եգիպտոսի հետ կամ Եգիպտոսի միջոցով մուսուլմանական աշխարհում եղած այդ թյուրըմբռնման աստիճանական չեզոքացում, որովհետև, ինչպես արդեն նշեցի, Եգիպտոսը չափազանց կարևոր խաղացող է նշածս Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում, Արաբական պետությունների լիգա կոչված կազմակերպության, Չմիավորման շարժման շրջանակներում, և սա մի ուղղություն է։ Մյուս կարևոր ուղղությունը, որը ես նկատել եմ, ընդ որում՝ Եգիպտոսի նախագահի այցից առաջ ֆեյսբուքյան գրառում էի արել, դա Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությունն է, որը եզակի երկրներից է, որ հրաժարվել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել դարձյալ արցախյան հիմնախնդրի պատճառով։ Եգիպտոսը, որպես Սաուդյան Արաբիայի հետ լավ հարաբերություններ ունեցող, անշուշտ կարող է դառնալ միջնորդ Հայաստան-Սաուդյան Արաբիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում։ - Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եգիպտոսի աջակցությունը Հայաստանին հատկապես այն կազմակերպություններում, որոնց մեր երկիրը չի անդամակցում։ Ի՞նչ կազմակերպությունների մասին է խոսքը, և Եգիպտոսը ինչպե՞ս է աջակցել Հայաստանին։ - Ես արդեն նշեցի այդ կազմակերոպությունների անունները, որտեղ Ադրբեջանը և Թուրքիան տասնամյակներ շարունակ փորձել են տարբեր ձևաչափերում ձևավորել հակահայկական տրամադրություններ։ Հիմա Հայաստանի համար Եգիպտոսը շատ կարևոր խաղացող է, որպեսզի այդ կազմակերպություններում ՀՀ-ի անդամ չլինելու պարագայում՝ Եգիպտոսի հնարավորությունների գործարկմամբ չեզոքացվեն հակահայաստանյան տրամադրությունները, որոնք տասնամյակներ շարունակ նպատակային քաղաքականության միջոցով իրականացրել են Թուրքիան և Ադրբեջանը։ Ինչու ոչ, նաև հնարավորություն է Եգիպտոսի հետ այն կազմակերպություններում, որոնց և՛ Հայաստանը, և՛ Եգիպտոսը անդամակցում են՝ դրանց շրջանակներում ևս երկկողմ դիրքորոշումներ փոխհամաձայնեցնելու։ Ընդ որում, սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև ՀՀ այցից առաջ Ալ-Սիսին Ալիևի հետ բանակցությունների ընթացքում ևս այս խնդիրը շրջանառել էր։ Ընդ որում, Ալիևն էր հայտարարել, որ շատ կարևոր է, որ երկկողմ կարևոր ուղղություն դիտարկվի միջազգային կազմակերպություններում ավելի սերտ համագործակցությունը։ Դա առաջին հերթին Չմիավորման շարժումն է, որտեղ Ադրբեջանը ունի բավականաչափ հավակնոտ դերակատարում, և Իսլամական համագործակցության կազմակերպությունը։ Այսինքն՝ կարծես թե Հայաստանից հնչած հայտարարությամբ փորձ էր արվում որոշակիորեն բալանսավորել Ադրբեջանի կողմից հնչեցված այդ ուղերձը Եգիպտոսի նախագահին։ Գեղամ Ադյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: