ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երեվանի քաղաքաշինության առանձնահատկությունները պարսկական իշխանության շրջանում (մաս1)

Շինարարական վերելքը ուշմիջնադարյան Երևանում` ըստ գրավոր աղբյուրների

Դիաննա Միրիջանյան, Արսեն Հարությունյան, Դավիթ Դավթյան, Ավետիս Գրիգորյան, Աստղիկ Բաբաջանյան

Ներածություն

Հայաստանի պատմության տարբեր շրջափուլերում երկրի քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունները մշտապես կապված են եղել հարևան Իրանի հետ: Բացառություն չէ նաև Երևան քաղաքը, որի ճարտարապետական դիմագծի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեցան իրանական ճարտարապետությունն ու շինարվեստը, որոնք ցայտուն արտահայտվեցին դեռևս Իլխանության շրջանում, ապա և՝ ուշ միջնադարում, երբ Երևանը դարձավ Սեֆյան տերության Երևանի կուսակալության վարչական կենտրոնը: Այդ շրջանում Երևանի հոգևոր-մշակութային և աշխարհիկ շենքերից զատ, պարսից խաների օրոք կառուցվեցին Երևանի բերդը, մի շարք մզկիթներ, շուկա-հրապարակներ, իջևանատներ, բաղնիքներ, ինժեներական կառույցներ, որոնց վերաբերյալ հարուստ տեղեկություններ են պահպանվել հայ և օտարազգի պատմիչների ու ճանապարհորդների աշխատություններում: Սույն հոդվածը պատմական սկզբնաղբյուրների, ճարտարապետական և ինժեներական կառույցների, իրանական շինարվեստի նմուշների քննությամբ ներկայացնում է պարսից տիրապետության օրոք Երևանի քաղաքաշինության ընդհանուր նկարագիրը:

Երևանը պարսկական տիրապետության շրջանում (1502-1827 թթ.)

XVI դարասկզբին (1502 թ.) Իրանի Սեֆյան հարստության հիմնադիր շահ Իսմայիլը (1501-1524 թթ.), Հայաստանի արևելյան երկրամասերի հետ միասին, թուրքմենական ակ-կոյունլու տիրակալներից նվաճեց նաև Երևան քաղաքը։ Իբրև սահմանային մեծ բեկլարբեկության կենտրոն՝ Երևանը շահ Իսմայիլի օրոք ձեռք բերեց ռազմական և վարչական մեծ նշանակություն: XVI-XVII դդ. Սեֆյան Իրանի և Օսմանյան Թուրքիայի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքում Երևանն իր շրջակայքով մշտական կռվախնձոր էր այդ երկու տերությունների միջև և ենթարկվում էր շարունակական ավերածությունների:
1639 թ. կնքված Կասրե Շիրինի հաշտությամբ հաստատվեց երկարատև խաղաղություն[5]: Երևանը դարձավ Սեֆյան տերության Չուխուր-Սաադի (Երևանի) կուսակալության կենտրոնը[6], որը կառավարում էր սարդարը: Այդ վիճակը շարունակվեց մինչև XVIII դարի կեսը (1747 թ.)։
XVII դարում Երևանի խանությունը զբաղեցնում էր Արևմտյան Արփաչայից (այժմ՝ Ախուրյան) մինչև Աղմաղանի (այժմ՝ Գեղամա) լեռները և Հայկական Պար լեռնաշղթայից (որը 1639 թ. կազմում էր թուրք-պարսկական սահմանը) մինչև Փամբակի լեռնաշղթան ու Արագածի հյուսիսային ստորոտներն ընկած տարածքները:
Խաղաղության շրջանը նպաստեց երկրի տնտեսության աստիճանական վերականգնմանը, մասնավորաբար՝ քաղաքաշինության զարգացմանը: Երևանում կառուցվում են մի շարք հոգևոր-մշակութային և հասարակական նշանակության կառույցներ, ջրանցքներ, վերակառուցվում է Երևանի բերդը: XVII դ. երկրորդ կեսին և XVIII դարի սկզբներին Երևանի խանությունը Սեֆյան տերության եկամտաբեր երկրամասերից մեկն էր, որտեղ բավական զարգացած էին առևտուրն ու արհեստագործությունը։ Երևանի կիսանկախ խանը հարևանների հետ ինքնուրույն բանակցություններ վարելու իրավունք և դրամահատության արտոնություն ուներ:
Երևանի համար մեծ պատուհաս դարձած 1679 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով քանդվեցին քաղաքի գրեթե բոլոր կառույցները, այդ թվում՝ նշանավոր ամրոցը, և խափանվեցին մեծ ջրանցքները: Սակայն հետագա տարիներին դրանք մեծ թափով վերականգնվեցին: Երևան եկան նշանավոր արվեստագետներ՝ նպաստելով արվեստի ու մշակույթի զարգացմանը:
XVIII դարասկզբին Իրանում սկիզբ առած անկայուն վիճակը թուրքական նոր արշավանքի պատճառ դարձավ: 1724 թ. Երևանի և շրջակա գյուղերի բնակիչները ավելի քան 3 ամիս դիմակայեցին թուրքական մեծաքանակ բանակին, և միայն պարենի ու զինամթերքի սպառման հետևանքով պաշարվածներն անձնատուր եղան: Երևանի հերոսական պաշտպանությունը 1720-ական թթ. հայ ազգային-ազատագրական պայքարի նշանավոր դրվագներից է: Պարսկա-թուրքական նոր պատերազմներն ընդհատումներով շարունակվեցին մինչև 1736 թ., երբ Նադիր շահն (1688-1747 թթ.) իր հաղթական արշավանքով դաժան պարտության մատնեց օսմանյան բանակին և հարկադրեց Օսմանյան Թուրքիային հաշտություն խնդրելու՝ հրաժարվելով իր նվաճումներից:
Մինչև Նադիր շահի մահը Երևանի բեկլարբեկությունը, իբրև սահմանամերձ կուսակալություն, կառավարվում էր զինվորական նահանգապետերի միջոցով: Այդ ընթացքում Երևանի ներքին գործերի տնօրինման մեջ մեծ իրավունքներ ստացան մելիքներ Մկրտումն ու Հակոբջանը:
XVIII դարի կեսերին, Իրանի կենտրոնական իշխանության թուլացման պայմաններում, Երևանի խանությունը չկարողացավ պահպանել իր անկախությունը: Երևանի խանը, քոչվոր ցեղերի դեմ պայքարելու համար Վրաստանից ստացված օգնության դիմաց, հարկատու դարձավ վրաց Հերակլ II թագավորին: Վրաստանն ամրապնդեց իր ռազմաքաղաքական ներկայությունը Արևելյան Հայաստանում մինչև 1790-ական թթ.: Երևանի խաների կողմից հարկերից ժամանակառժամանակ հրաժարվելու պատճառով՝ Հերակլ II-ի ձեռնարկած պատժիչ արշավանքների հետևանքով Երևանի խանության գավառները հերթական անգամ ավերվեցին, իսկ մեծաթիվ բնակչությունը բռնագաղթվեց Վրաստան:
Մինչև XVIII դարի վերջը Իրանի քաղաքական մասնատման ու կենտրոնական իշխանության վերացման պայմաններում Երևանի խանության տարածքում սկիզբ առած ասպատակություններն ու ռազմական գործողությունները, ինչպես նաև շարունակվող տնտեսական քայքայումը հայ բնակչության արտագաղթի պատճառ եղան՝ հրատապ դարձնելով օտար տիրապետությունից ազատագրման անհրաժեշտության գաղափարը:
XVIII դարավերջին և XIX դարասկզբին տարածաշրջանի քաղաքական կյանք մտած Ռուսաստանի և Իրանի միջև պատերազմների հետևանքով՝ 1828 թ. կնքված Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանություններն անցան Ռուսաստանին, իսկ Երևանը դարձավ Հայկական մարզի կենտրոնը։ Այդ շրջանում քաղաքն ուներ մոտ 15 հազար բնակչություն, այստեղ էին կենտրոնացած խանության վարչական մարմիններն ու զորքերի մեծ մասը։ Երևանը կառավարում էր ոստիկանապետը, որն զբաղվում էր քաղաքի կարգուկանոնով և տուրքերի հավաքմամբ։
Շինարարական վերելքը ուշմիջնադարյան Երևանում` ըստ գրավոր աղբյուրների
Հայաստանում պարսկական տիրապետության ժամանակաշրջանի պատմության լուսաբանման լավագույն սկզբնաղ­բյուրն Առաքել Դավրիժեցու պատմագիրքն է, որի ԻԴ. (24) գլխում տեղեկություններ են հաղորդվում մեր երկրորդ Լուսավորիչ Մովսես Տաթևացի վարդապետի (հետագայում կաթողիկոս՝ 1629-1633 թթ.) քարոզչության, Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցում սպասավորելու և տեղապահ-կառավարիչ Ամիրգունա խանի (1604-1625 թթ.) առաջարկով Երևանի Ս. Անանիա առա­քյալի անապատում (ներկայիս՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի) հաստատվելու, այն բարեկարգելու, վանա­կան և ուսումնական կենտ­րոն դարձնելու վերաբերյալ: Երևանի հյուսիսային այգիներում գտնվող ավերակ ու անմար­դա­բնակ անապատն Ամիրգունա խանի ցուցմամբ և Մովսես Տաթևացու ջանքերով դառնում է քաղաքի հոգևոր և գրչական կյանքի երևելի կենտրոն­ներից մեկը: Հաստատվելով Երևանի Ս. Անանիա առաքյալի անապատում՝ Մովսես Տաթևացին այստեղ նաև գրչության դպրոց է հիմնում, որտեղ ձեռագրեր են ընդօրինակվում: Ուշագրավ է նրա աշակերտներից Եսայի սրկ. Կարճավանեցու՝ 1625 թ. անապատում ընդօրի­նակած ձեռագրի հիշատակարանում Ամիրգունա խանին ուղղված բնութագրա­կանը. «Եւ ապա բազում աշակերտաւք գնացեալ Այրարատեանն գաւառ (Մովսես Տաթևացին – Ա. Հ.), որ եւ անդ տիրեալ էր իշխան ոմն ազգաւ պարսիկ՝ Ամիրգունայ անուն կոչեցեալ քաջ եւ արի, հմուտ ի պատերազմ, մինչ զի յահէ նորայ սարսէին ազգն իսմաելական, որ չկայր նման նմայ: Թէպէտ կրօնիւք այլազգի էր, սակայն բարեպաշտ եւ յերկիւղած էր եւ քրիստոնէասէր, մինչ զի հանդիպել սրբոյս անդ, յոյժ փափաքանաւք ընկալեալ եւ բազում սիրելիութիւնս ցուցեալ եւ տուեալ տեղի մի, որ կոչի Անանիայ առաքեալ, գեղեցիկ եւ վայելուչ ի մէջ այգաստանեաց»:
Ամիրգունա խանին իբրև «…այր քաջ և սրտապինդ և արի ի պատերազմունս, անահ և աներկիւղ, շէնարար և սիրող քրիստոնէից…» բառերով է բնութագրում նաև Զաքարիա սրկ. Քանաքեռցին, որը հատկանշում է խանի վերաբերմունքը քրիստոնյաների նկատ­մամբ. «…սիրեաց ազգս հայոց և միշտ գնայր ի տունս քրիստոնէից, ուտէր և ընպէր ընդ նոսա»: Նրա օրոք քաղաքում մեծապես զարգացել է նաև այգեգործությունը, ի մասնա­վորի՝ խաղողագործությունը, որը նույն տեմպերով շարունակվել է նաև XVII դարավեր­ջին՝ Զալ խանի օրոք: Երևանում շինարա­րական զգալի աշխատանքներ են կատարվել ոչ միայն Ամիրգունա և Զալ խաների, այլև Խոսրով, Հուսեին-Ալի և մի քանի այլ խաների օրոք:
Պարսից տիրապետության շրջանում Երևանում իրականացված շինարարական աշ­խա­տանք­ների մասին են վկայում նաև վիմագրերը: Ի դեպ, դրանցից մեկը՝ պահպանված Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու հյուսիսային պատին (Նկ. 1), վկայում է դեռևս պարսից շահ Աբաս Ա-ի (1587-1629 թթ.) թագավորության, Ամիրգունա խանի իշխանության, Մելքիսեթի կաթողիկոսու­թյան և տեր Համազասպի եպիսկոպոսության (Երևանի և Հավուց թառի առաջնորդի) օրոք՝ 1609 թ., Թեզա­գուլենց տոհմից ոմն Գրիգորի և իր կողակից պարոն (տիկին իմաստով) Խաթունի միջոցներով ի հիմանց ժամատուն կառուցելու մասին, որի դիմաց սուրբ տա­ճարի սպա­սա­վոր­ներից երկու ժամ-պատարագ են ստացել:
Հայ իրականության մեջ մշակութային վերազարթոնքի համար համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվում հատկապես Հայաստանի 1639 թ. բաժանումից հետո: Կարելի է արձանագրել, որ Հայաստանի արևելյան՝ պարսկական տիրապետությանն անցած հատվածում XVII դարի երկրորդ կեսից բուռն զարգացում է ապրում մշակութային կյանքն ու եկեղեցա­շինությունը: Պարսից Աբաս Բ (1642-1666 թթ.) և Սուլեյման Ա (1666-1694 թթ.) շահերի հրովարտակները ժամանակի պատմության լուսաբանման համար աղբյուրագիտական մեծ արժեք ունեն: Արարատյան դաշտի, Նախիջևանի և հարակից այլ բնակավայրերի եկեղեցաշինությունը կյանքի է կոչվել հիմնականում շահական հրովարտակների արտո­նությամբ: Մաշտոցյան Մատենադարանում պահվող 1661 թվակիր հրովարտակներից մեկում Աբաս Բ շահը հայաբնակ շրջանների իշխանություններին կարգադրում է չխո­չընդոտել հայ բնակչու­թյանը՝ եկեղեցիների ավելի բարձր կառուցման ու նորոգման հարցում:
Ինչպես հրովարտակների, այնպես էլ ժամանակամերձ ձեռագիր հիշատակարան­ների ու վիմական արձանագրությունների հիմամբ որոշակի է դառնում պարսից գահակալների օրոք Երևանի մինչերկրաշարժյան և հետերկրաշարժյան հուշարձանների նորոգման և ի հիմանց կառուցման ժամանակագրությունը: Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածնի եռանավ սրահ, Երկուերեսնի - Ս. Պողոս-Պետրոս, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի, Գեթսեմանի մատուռ (Ս. Հարություն), Կոն­դի Ս. Հովհաննես Մկրտիչ, Ձորագյուղի անապատի հուշարձանախումբ, Նորագավի­թի Ս. Գևորգ, Քանաքեռի Ս. Հակոբ, Ս. Աստվածածին, Նորքի Ս. Ստեփանոս, Ս. Սիմեոն Ծերունի, Ս. Աստվածածին – ահա եկեղեցիների այն հիմնական խումբը, որոնք նորոգ­վեցին կամ վերակառուցվեցին Արարատյան երկրում պարսկական տիրապետության հաստատումից հետո: Սրա առհավատչյան նաև Նորքի՝ Գետառի վրա կառուցված միաթռիչք կամրջի արևմտյան պատին՝ կամարակապ քիվի ողջ երկայնքով պահպանված երկտող արձանագրությունն է (Նկ. 2), որտեղ վկայված են ոչ միայն կառուցման ժամանակը, նախաձեռնող Հովհաննես վարդապետի ու նրա հարազատների անունները, այլև երկրի աշխարհական ու հոգևոր իշխանավորների անունները. «Շինեցաւ սա (կամուրջը – Ա. Հ.) ի թ(ա)գ(աւո)ր(ու)թե(ա)ն պարսից երկրի շահ Ապազին եւ իշխ(ա)ն(ու)թե(ան) երկրիս Ապազ Ղուլի խանին եւ հ(ա)յր(ա)պ(ե)տ(ու)թե(ա)ն հայոց տ(եառ)ն Յակոբայ սրբազան կ(ա)թ(ո)ղ(ի)կ(ո)սի… ի թվ(ին) ՌՃԺԳ. (1664)»:
Հովհաննես վարդապետի անունը փակագրված է նաև կամրջի արևելյան պատին, որը ներկայումս գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում. «Յովհաննէս վարդա­պետ» (Գծ. 1):

Գծ. 1 Հովհաննես վարդապետի անվան փակագիրը (գծ. Ա. 
Հարությունյանի, 2022 թ.)
Նշենք նաև, որ կամրջի կառուցման թվականը վկայված է նաև արևմտյան պատի աջակողմյան հատվածում, ուր հիշատակված է նաև արձանագրության գրչի՝ Կիրակոսի անունը. «Թվ(ին) ՌՃԺԳ. (1664), զԿիրակոս գր(ո)ղ գրի կամուրջիս, (յի)շել աղաչեմ»:
Վիմագրական ու մատենագրական բերված օրինակներն ինքնին պարզում են պար­սից տիրապետության օրոք Երևանում և շրջակայքում իրականացված շինարարական աշխատանքների ընդհանուր նկարագիրը, որոնք վկայում են հարևան երկրի մշակութա­հեն և ինչ-որ տեղ նաև հայապահպան քաղաքա­կանության մասին: 
 
Աղբյուր՝ orbeli.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: