ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
2022-ը եղել է համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների տարի. սա մեր արձագանքն է այն ընդհանուր մարտահրավերներին, որոնք ունենք. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի հարգելի նախագահ,
Սահմանադրական դատարանի հարգելի նախագահ,
Բարձրագույն դատական խորհրդի հարգելի նախագահ,
Անվտանգության խորհրդի և կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Ուրախ եմ բոլորիդ տեսնելու համար: Այո, պիտի ամփոփենք 2022 թվականը: Իհարկե, տարին ամփոփելու բազմաթիվ մեթոդներ կան, տարբեր դիտանկյուններից կարելի է նայել, բայց եթե մեզ հայտնի կամ մինչև այժմ ամփոփված դիտանկյունները մի կողմ թողնենք և զուտ պետական կառավարման դիտանկյունից դիտարկենք հարցը, պիտի ընդգծեմ, որ ինձ համար աներկբա է՝ 2022 թվականին մենք պետական կառավարման որակն էականորեն բարձրացրել ենք:

Ընդհանրապես, եթե տարին ամփոփենք պետական կառավարման տեսակետից, պիտի արձանագրենք նաև, որ 2022 թվականը թերևս մեզ համար բարեփոխումների իմաստով ամենաարդյունավետ տարին էր, որովհետև այս տարի հսկայածավալ բարեփոխումներ ենք իրականացրել:

Ընդհանրապես, օրինակ, նախորդ տարին՝ 2021 թվականն էի ինքս ինձ համար ամփոփում, հասկանալի է, թե ինչ բարդ տարի էր՝ և՛ ներքաղաքական ճգնաժամ, և՛ ընտրություններ, և՛ անվտանգային միջավայրի հետ կապված պրոբլեմներ, սրացումներ. զարմանքով արձանագրեցի, որ մեզ, այնուամենայնիվ, հաջողվել է 2021 թվականին, նաև 2020-ին բարեփոխումների այն օրակարգը, որ կանխորոշել ենք, իրականացնել: Սա, գիտեք, շատ կարևոր արդյունք է:

2022 թվականը, նաև այդ առումով, չափազանց կարևոր տարի է. մենք լայնածավալ շատ կարևոր փոփոխություններ ենք իրականացրել դատական համակարգում: Ես կարևորում եմ, որ կամք ենք ցուցաբերել, արդեն որերորդ անգամ բանաձևերով դատական համակարգում աշխատավարձեր ենք բարձրացնում, բայց դա փողի մասին չէ, դա անկախ դատական համակարգ ունենալու մեր հանձնառության և մեր ցանկության մասին է:

Զինված ուժերում լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում: Ուրախ ենք, որ Զինված ուժեր են հասել բարեփոխումները և մեծ թափով ծավալվում են: Պիտի ասեմ՝ որոշակի զղջում կա, որ այդ բարեփոխումները հենց միանգամից 2018-ից չենք իրականացրել: Գիտենք նաև, թե ինչու չենք իրականացրել, որովհետև մեր մտածածը եղել է, որ բանակին, այսպես ասած, հեղափոխական հովերից հնարավորինս հեռու թողնենք: Արդյունքում՝ պարզվեց, որ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, բայց դա չէ էականը:

Ոստիկանության ոլորտում հսկայական բարեփոխումներ ենք իրականացնում: Շատ շուտով՝ մի քանի օրից կունենանք Ներքին գործերի նախարարություն: Ազգային անվտանգության ծառայության ոլորտում ենք բարեփոխումներ իրականացնում: Մի մասը երևում է, իսկ մի մասն էլ չի երևում, պետք էլ չէ երևա: Պետական պահպանության ծառայությունն ենք որպես ինստիտուտ առանձնացնում: Բայց այդ պրոցեսների ամենակարևոր իմաստն ու նպատակն Ազգային անվտանգության ծառայության էֆեկտիվությունն ու նպատակասլացությունը մեծացնելն է:

Նախորդ տարի Հակակոռուպցիոն կոմիտե ձևավորվեց: Հակակառուպցիոն, ընդհանրապես՝ դատական և քննչական համակարգն ամբողջությամբ վերափոխվեց: Առաջին անգամ մեր պատմության ընթացքում մենք ստեղծել ենք մարմին, որը, բացի Ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, ունի օպերատիվ հնարավորություններ: Նման բան նախկինում երբեք չի եղել: Քննչական մարմինները տարբեր փոփոխությունների են ենթարկվել, բայց միևնույն է օպերատիվ մարմինները եղել են՝ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը: Բարեփոխումներ են իրականացվել ֆինանսների կառավարման, հանրային կառավարման ոլորտներում և այդպես շարունակ:

Ես ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետև հասկանալի է, որ մենք և՛ էմոցիոնալ, և՛ բոլոր առումներով շատ կենտրոնացած ենք անվտանգային միջավայրի հետ կապված խնդիրների վրա, բայց ուզում եմ, որ նաև չմոռանանք շատ կարևոր մի հատկություն, որ նույնիսկ ամենսուր պայմաններում մենք բարեփոխումների օրակարգից չենք շեղվել ոչ մի միլիմետր: Պետք է հիշատակել այն բարեփոխումները, որ իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, այն բարեփոխումները, որ իրականացնում ենք նաև տարածքային կառավարման ոլորտում: Մենք 100 տոկոսով անցում ենք կատարել համամասնական ընտրակարգի տեղական ինքնակառավարման մարմիններում և այսպես շարունակ:
Միևնույն ժամանակ, այո, կարևորագույն բարեփոխում, որի մասին, ցավոք, այդպես էլ առիթ չի լինում ավելի մանրամասն խոսել կառավարության նիստում, էլեկտրաէներգիայի շուկային է վերաբերում: Եվ մենք այսօր, երբ նայում ենք մեր թվերը, 16 տոկոս էլեկտրաէներգիայի արտադրության աճ ունենք նախորդ տարվա նկատմամբ: Իհարկե, ընդհանուր տնտեսական ակտիվության հետ կապ ունի, բայց կարծում եմ, նաև այս որոշումն է որոշակի ազդեցություն ունեցել: Պետք է ընդգծել դպրոցաշինությունը և այսպես շարունակ:

Բայց սա մեր արձագանքն է, այո, այն ընդհանուր մարտահրավերներին, որ մենք ունենք:

Այս տարի արբանյակ ենք բաց թողել: Հիմա արդեն այդ արբանյակը կառավարելու համակարգերն են տեղադրվում: Սա նույնպես շատ կարևոր է: Կրկին պատմական աննախադեպ իրադարձությունների ականատես, հեղինակ և համահեղինակ ենք դարձել:

Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների տեսնում եմ, հիշում բարեփոխումները: Խոստացել էինք, որ Հայաստանում պետք է ավիացիան վերականգնենք: Այո, ավիացիոն ոլորտը Հայաստանի Հանրապետությունում կայանում է: Ես հիշում եմ քննարկումները, թե ինչքանով է պատեհ, որ կառավարությունը համաներդրող հանդես գա, որպեսզի ավիաընկերություն հիմնադրի: Նաև մասնավոր ոլորտի մեր ընկերները շատ մեծ քննադատություն են ունեցել, բայց հաշվարկով գուցե արդարացված չէ, ինտուիցիան էլ է շատ կարևոր:

Մենք նախորդ տարի խոսում էինք, որ պետք է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արտապատվիրակենք մասնավոր հատվածի: Գործընկերներն ասացին՝ ի՞նչ է ձեր ուզածը, ասացինք՝ մեր ուզածն այն է, որ ոչ թե վնասով աշխատի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, այլ շահույթով: Այս տարի արդեն տեսնում ենք, որ եկամտաբերությունն էականորեն աճել է: Երևան քաղաքում տրանսպորտային համակարգում բարեփոխումներ տեսանք, բոլորովին վերջերս նաև ավտոբուսներ ներկրեցինք և այդպես շարունակ:
Քրեակատարողական ծառայությունում, Դատախազությունում են իրականացվել բարեփոխումներ. Հայաստանի երեքհազարամյա պատմության մեջ առաջին անգամ կին գլխավոր դատախազ ունենք: Այսինքն՝ դեռ կարող եմ էլի թվարկել, Քննչական մարմինների կոնսոլիդացիայի պրոցեսն ինչպես ռազմավարությունով ընդունել էինք, այդպես էլ շարունակում ենք առաջնորդվել:

Այսօր կարող ենք ասել, որ բարեփոխումների կառավարություն ենք, և ես շատ ուրախ եմ արձանագրել, որ այդ բարեփոխումների օրակարգն իրականում կոնսոլիդացնում է պետական կառավարման համակարգը: Զգում եմ, որ պետական կառավարման համակարգն ավելի ու ավելի կոնսոլիդացված է աշխատում: Գուցե տեղերում դա տեսանելի և զգալի չէ նաև միջգերատեսչական տարբեր խնդիրների պատճառով, բայց մեծ նկարի մեջ ես տեսնում եմ, որ պետական կառավարման համակարգն ավելի համախմբված է աշխատում, ավելի կոնսոլիդացված է աշխատում: Սա կարևոր արձագանք է այն մարտահրավերներին, որոնց մենք առերեսվում ենք:

Իհարկե, այս բոլոր բարեփոխումների ճանապարհին և համատեքստում ես չեմ կարող հատուկ շնորհակալություն չասել մեր խորհրդարանական գործընկերներին, որովհետև ի վերջո այդ բարեփոխումների փաթեթների մեծ մասը ստանում են օրենսդրական կարգավորում: Եվ եթե խորհրդարանական մեր գործընկերները չաջակցեն՝ այդ բոլոր փոփոխությունները հնարավոր չեն լինի: Սա ինչի՞ համար եմ ընդգծում, մի տրամաբանության համար, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը, նրա ինստիտուցիոնալ կայացումը, նրա պետական շահերի սպասարկումը մեզ համար պետք է լինի առաջնահերթ խնդիր: Շատ կարևոր է, որ մենք հենց Հայաստանի Հանրապետության պետական շահն ունենանք մեր աչքի առաջ՝ որպես գործողությունների ուղենիշ և որպես գործողությունների շարժառիթ: Սա հեշտ բան չէ: Գիտության ոլորտում որքան բարեփոխումներ ունենք և այդպես շարունակ:

Ուրախ եմ, որ մենք այս բարդություններին դիմակայում ենք այսպես, որովհետև ոչ միայն կարևոր է դիմակայելը, այլև դիմակայելու մեթոդը: Մենք բոլոր բարդություններին և մարտահրավերներին դիմակայում ենք ինստիտուցիոնալ, խորը, բովանդակային բարեփոխումներ իրականացնելով: Սա թերևս միակ ճանապարհն է, որը վստահաբար ճիշտ է բոլոր դեպքերում, որովհետև մեր բոլոր խնդիրներն ինստիտուցիոնալ են և մեր բոլոր լուծումները պետք է լինեն ինստիտուցիոնալ: Մեր բոլոր պրոբլեմները կախված են նրա հետ, որ երբեմն թերևս անձերից շատ ավելին է կախված եղել, քան կարող է այդպես օբյեկտիվորեն լինել և տեղի ունենալ:

Մեր խնդիրն է՝ այնպես անել, որ անձերից հնարավորինս քիչ բան կախված լինի, չնայած անձերի դերը միշտ էլ վճռորոշ կլինի, բայց ինստիտուտներից կախված լինի ավելի շատ բան: Մենք այս տարի ևս մի շատ կարևոր օրակարգ ենք իրականացրել այդ ճանապարհին և ուզում եմ բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, որովհետև, տեսեք, այսօր ասում ենք՝ աննախադեպ տնտեսական աճ, իհարկե, մեր որոշ նախարարությունների գործընկերներ պնդում են, որ դա հենց հատկապես իրենց աշխատանքի արդյունք է, բայց, իհարկե, իրականությունն այն է, որ դա մեր բոլորի աշխատանքի արդյունքն է: Շատ կարևոր է, որ այս հարվածների տակ Հայաստանի պետական կառավարման համակարգը ոչ թե իրարից ընկել է, այսպես ասած, այլ հակառակը, ավելի կոնսոլիդացված է դարձել, ավելի նպատակասլաց է դարձել, խնդիրները շատ ավելի հստակ են, լուծումները նույնպես շատ ավելի հստակ են և այդ լուծումների գործնական իրականացման որակն էականորեն փոխվել է, ու սա պետք է խոստովանենք:

Ուզում եմ հիշեցնել՝ մեզ ուղղված ամենամեծ քննադատությունն անորակ կառավարումն է եղել և այդ մեղադրանքների կուլմինացիան 2020 թվականին էր՝ կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ: Այն ժամանակ մենք ատամ ատամի, այսպես ասած, մեր գործն էինք անում: Հիմա, երբ աշխարհը հետադարձ ամփոփում է կորոնավիրուսի ճգնաժամի կառավարման արդյունքները՝ տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն առնվազն լավագույններից է եղել ճգնաժամը կառավարողներից: Այն ժամանակ դա նկատելի չէր, այն ժամանակ դեռ մարդիկ և համակարգեր կային, որոնք շատ բարձր էին խոսում և նրանց ձայնը լսելի էր: Հակառակը, մեր փորձը ցույց է տվել, որ այնտեղ, որտեղ մենք բավարար համարձակություն չենք ցուցաբերել՝ գնալ, մտնել բարեփոխումներ անել, փոփոխություններ անել, մեր ձախողումները եղել են հատկապես այդ հատվածում: Եկեք սա խոստովանենք:

2018 թվականից մենք շատ ավելորդ համեստություն ենք ցուցաբերել՝ մտածելով, որ պետական կառավարման համակարգում հիմնականում նոր ենք, ամեն տեղ այդպես չգնանք, չմտնենք: Այնտեղ, որտեղ մենք չենք մտել, այնտեղ, որտեղ թողել ենք ստերիլ, ասել ենք՝ այդ համակարգը պետք է որ կայացած լինի, թողենք ինքն իրենով ապրի՝ այդտեղ մենք ունեցել ենք ամենամեծ ձախողումները: Եվ հակառակը, այնտեղ, որտեղ, մտել ենք և գործ ենք արել, սխալվել էլ ենք իմիջայլոց այդ գործում, բայց այդպիսի ոչ մի համակարգում մենք ձախողում չենք ունեցել:

Ունեցել ենք դժվարություններ, ունեցել ենք սխալներ, որ մենք ինքներս էլ ենք տեսել, որ սխալ է, բայց ձախողում ոչ մի համակարգում չի եղել: Հակառակը, այնտեղ, որտեղ այդ հեղափոխական եռանդով մտել ենք՝ մի տեղ իմացությամբ, մի տեղ ինտուիցիայով, բոլոր այդ տեղերում ունեցել ենք կոնկրետ հաջողություններ: Եվ ցավալի է, որ այդ համարձակությունն այն ժամանակ չենք ցուցաբերել: Վստահաբար կունենայինք այլ վիճակ:

2022 թվականն ի՞նչպես կանվանենք: Այո, կարող ենք անվանել ամենատարբեր ձևերով. կարող ենք անվանել Հայաստանի ագրեսիայի տարի, նոր տարածքային կորուստների տարի, Լեռնային Ղարաբաղի խնդրի ավելի բարդացման տարի և այլն, և այլն: Այո, կարող ենք նաև այդպես անվանել, բայց եթե ուզում ենք օբյեկտիվ գնահատել տարին՝ իրական գնահատականն այն է, որ սա լուրջ, լրջագույն, համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների տարի է եղել: Ըստ էության, մեր կառավարման բոլոր տարիները եղել են համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների տարիներ՝ այն տրամաբանությամբ, որ եղել է մի փուլ, որ մենք բավարար համարձակություն չենք ունեցել բոլոր տեղերում այդ բարեփոխումներն ունենալ: Մենք հիմա ունենք այդ վճռականությունը՝ բոլոր տեղերում մտնել, այդ բարեփոխումն իրականացնել, քաղաքական կամք ցուցաբերել, չչքմեղանալ, որովհետև այո, մենք գիտենք, մեր գիտելիքն էլ է բավարար, մեր փորձն էլ, մեր նվիրվածությունն էլ, մեր վճռականությունն էլ:

Կրկին շնորհակալ եմ համախմբված աշխատանքի համար: Եթե բարեփոխումների այս ցանկը պետք լինի շարունակել՝ վստահաբար, ես 10-15 րոպե կկարողանայի շարունակել, բայց ի վերջո, կրկին ու կրկին հատուկ շնորհակալություն խորհրդարանական մեր գործընկներներին՝ այդ օրակարգերը պահելու, թիկունք կագնելու և, իհարկե, այդ օրակարգերն իրականացնող մեր գործընկներներին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: