ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լևոն Շանթը Մոսկվայում. ռուս/բոլշևիկ-թուրք/քեմալական գործարքը Հայաստանի հաշվին. 1920թ

ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

1920 թ. ապրիլի վերջերին Երևանում կազմվեց պատվիրակություն, որին հանձնարարվեց անմիջապես մեկնել Մոսկվա` խորհրդային իշխանությունների հետ բանակցություններ վարելու և բարեկամական դաշինք կնքելու նպատակով: Պատվիրակությանը, որի ղեկավարը խորհրդարանի փոխնախագահ Լևոն Շանթն էր, անդամները` Համբարձում Տերտերյանն ու Լևոն Զարաֆյանը, տրվեցին մի քանի հրահանգներ. Խորհրդային Ռուսաստանը պետք է ճանաչի Հայաստանի անկախությունը` ընդունելով ՀՀ-ի սահմաններում Ղարաբաղն ու Գյուլիստանը, գոնե սկզբունքով ընդունի թուրքահայ հողերի կցումը Հայաստանին, չմիջամտի Հայաստանի ներքին գործերին, չծավալի կոմունիստական գործունեություն և թույլ տա, որ Հյուսիսային Կովկասում և Ռուսաստանում գտնվող հայ գաղթականները վերադառնան տուն:
Պատվիրակությունը մեկնեց Մոսկվա, իսկ մայիսի 4-ին վարչապետ Օհանջանյանը Գեորգի Չիչերինին հղեց հեռագիր, որով ՙանկախ, միացյալ, ժողովրդավարական Հայաստանը՚ առաջարկում էր ՙընկերվարական Ռուսաստանին` բանակցությունների մեջ մտնել նրա հետ երկու հանրապետությունների միջև պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար` Հայաստանի անկախության ճանաչման և ինքնիշխանության հիմունքների վրա՚: Մայիսի 17-ին Չիչերինը պատասխանեց. ՙԽորհրդային կառավարությունը հայտնում է իր համաձայնությունը Հայաստանի հետ կնքելու պայմանագիր` երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու նպատակով՚:
1920թ. մայիսի առաջին օրերին` Ադրբեջանում խորհրդային կարգեր հաստատումից անմիջապես հետո, հայ բոլշևիկները երկշաբաթյա խռովություն էին բարձրացրել Հայաստանի մի շարք վայրերում: Մայիսի 5-ին խորհրդարանի արտակարգ նիստում ընդունվել էր Խատիսյանի կառավարության հրաժարականը, և ՀՅԴ Բյուրոն Օհանջանյանի նախագահությամբ ստանձնել էր իշխանությունը: Խռովությունը ճնշվեց, բոլշևիկներ Սարգիս Մուսայելյանը, Ստեփան Ալավերդյանը, Ղուկաս Ղուկասյանը և այլ առաջնորդներ մահապատժի ենթարկվեցին:
Գրեթե բոլոր վայրերում խռովությունը ճնշելու գործը դրվեց զորավար Սեպուհի` Արշակ Ներսեսյանի ուժերի վրա: Նա իր զինվորների հետ նախ շարժվեց դեպի Ալեքսանդրապոլ, Կարս ու Սարիղամիշ, որտեղ բոլշևիկյան խռովություններն ունեին նեղ շրջանակ և սահմանափակվում էին զինվորական անձնակազմերի որոշ մասնակցությամբ: Նոր էին խռովությունները ճնշվել Հայաստանի հյուսիս-արևմտյան շրջաններում, երբ նորերը բռնկվեցին Նոր Բայազետում, Դիլիջանում, Իջևանում և Զանգեզուրում: Մինչև հունիսի կեսերը բոլշևիկյան խռովությունները ճնշվեցին:
Բոլշևիկները, թաթարներն ու նրանց հետ համագործակցող հայ սպաների ու զինվորների մի խումբ հունիսի 20-ին գրավել էր  Իջևանը, 23-ին` Շամշադինը: Հունիսի վերջերին, սակայն, Իջևանի, Դիլիջանի և Ղարաքիլիսայի զորամասերի հրամանատար Սեպուհը թշնամուն դուրս քշեց Հայաստանի սահմաններից:
Հայաստանի ներսում կրած առաջին հարվածից դեռ չկազդուրված, բոլշևիկները նպատակ ունեն նոր խռովություններով վերստին վրդովել պետական կյանքը: ՙՅառաջը՚ գրում էր. ՙՆրանք տենդոտ արագությամբ զինական ուժեր են կուտակում Հայաստանի դեմ Ղազախի և Ղարաբաղի ուղղություններով: Խորհրդային մորթի հագած թաթար, ռուս և թուրք գայլերը հենված նաև վարձկաններից բաղկացած փոքրաթիվ հայ խմբակի վրա, նպատակ են դրել մեր ազատությունն ու անկախությունը ընդմիշտ խորտակել: Զանգեզուրի ճակատում ռուս դահիճների, թաթար ու թուրք փաշաների ու բեկերի ոհմակները, առանց որևէ նախազգուշացման, առանց պատճառի անցել են հարձակման: Զանգեզուրի ճակատում սկսված հարձակումները, Ղազախի շրջանում արագորեն պատրաստվող ռազմական գործողությունները, Նուրի փաշայի պատրաստությունները Շարուրում գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանն արդեն փաստորեն պատերազմի մեջ է Հայաստանի հետ՚:
Սեպուհի հրամանատարությամբ մղած կռիվներին զուգընթաց հայկական բանակը նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի հրամանով Զանգիբասարից հետո իրականացրեց Վեդիբասարի, Շարուր-Դարալագյազի, Կողբի աղահանքերի ու Օլթիի ածխահանքերի գրավման գործողությունները:
Բյուրո-կառավարությունը, հաշվի առնելով բոլշևիկ-քեմալական մերձեցումը, ավելի կարևորեց բոլշևիկյան Ռուսաստանի հետ բանակցելու անհրաժեշտությունը: ՀՅԴ Բյուրոյի ազդեցիկ անդամ Տեր-Մինասյանը այն սակավաթիվ հայ պաշտոնյաներից էր, ով անգամ Սևրի դաշնագրի ստորագրումից հետո, երբ ընդհանուր ոգևորությունը և Օսմանյան կայսրության մոտալուտ վախճանը համակել էին մեծամասնությանը, ձգտել է բանակցությունների մեջ մտնել Մուստա‎ֆ‎‎ա Քեմալի հետ:
Մայիսի վերջերին սկսվել էին հայ-ռուսական բանակցությունները: Կողմերի միջև առաջին հանդիպմանը` մայիսի 28-ին, արտգործժողկոմ Չիչերինը նշում էր, որ Ռուսաստանը ձգտում է բարեկամական հարաբերություններ հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ` թուրքերի հետ, և վերջիններիս աջակցել եվրոպական գաղութարարների դեմ նրա պայքարում: Չիչերինը տեղեկացրեց, որ Ռուսաստանը ցանկանում է նվազեցնել հայ-թուրքական տարաձայնությունները, ինչը կհեշտացվի, եթե Հայաստանը խոստանա չմիջամտել Մուստաֆա Քեմալի գործողություններին` Անտանտի դեմ պայքարում:
Ռուսաստանը, Չիչերինի խոսքերով, առաջարկում է իր միջնորդությունը Հայաստանի և Մուստաֆա Քեմալի միջև: Շանթը պատասխանում է, որ չունի լիազորություն քննարկելու հայ-քեմալական հարաբերությունները: Եվրոպական դաշնակիցները հաստատել էին միացյալ Հայաստանի նոր քարտեզը, որը ներառում էր Արևմտյան Հայաստանի մեծ մասը` դեպի Սև ծով ելքով: Չիչերինն առարկում և հիշեցնում է, որ եվրոպացիները հաճախ են հայերին խաբել, Հայկական հարցն անհրաժեշտ է առանձնացնել կործանարար եվրոպական միջամտությունից և խորհրդային միջնորդության միջոցով տալ արդարացի լուծում: Հունիսի 3-ին Շանթը Երևանին տեղեկացնում է, որ բանակցությունները սկսվել են, Չիչերինը հավաստիացրել է, թե Ռուսաստանը մտադրություն չունի Հայաստանին պարտադրել խորհրդային կարգեր:
Թուրքական պատվիրակության սպասվող այցը Մոսկվա, ինչպես նաեւ Անդրկովկասից բոլշևիկների բողոքները առիթ տվեցին խորհրդային ղեկավարությանը դանդաղեցնել բանակցությունների ընթացքը: Արտգործժողկոմի տեղակալ Կարախանը Տերտերյանի հետ մասնավոր զրույցում հասկացնել է տալիս հրաժարվել արևմտահայկական հողերից, փոխարենը` ակնկալել ընդարձակ տարածքներ Անդրկովկասում: Նրան թույլ են տալիս տեսնել Հայաստանի քարտեզի ուրվագիծը, որը ներառում էր ոչ միայն Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, այլև Ախալքալաքը, Ախալցխան և Բորչալուի մեծ մասը: 1920թ. մայիսի 7-ին վրաց-խորհրդային պայմանագրով Թիֆլիսի նահանգը որոշվել էր թողնել Վրաստանին, սակայն Կարախանը հասկացնել է տալիս, որ այդ հարցը դեռ բաց է:
Որքանո՞վ էին Կարախանն ու Չիչերինը անկեղծ` մնում է անհայտ և նույնքան կասկածելի: Այս ընթացքում Խորհրդային Ադրբեջանի արտգործժողկոմ Հուսեյնովի պատվիրակությունը Մոսկվայում փորձում էր խոչընդոտել հայ-ռուսական  պայմանագիրը, եթե դրանում Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչվեն Հայաստանի մաս: Սրա հետ միասին հայ և ադրբեջանցի կոմունիստները, այդ թվում` Անաստաս Միկոյանը, Ավիս Նուրիջանյանը, բողոքներ էին ուղարկում խորհրդային ղեկավարությանը, համաձայն որոնց` դաշնակցականները բանակցությունների նպատակով Մոսկվա պատվիրակություն են ուղարկել և միաժամանակ ՙանողոքաբար ոչնչացնում են կոմունիստներին՚:
Հայկական պատվիրակության ղեկավար Շանթը մոսկովյան բանակցությունների մասին հոդվածներ չի գրել, հուշեր չի թողել: Վրացյանի` Շանթին ուղղած խնդրանքին` գրի առնել Մոսկվայի բանակցությունների մանրամասները, մնում է անկատար: 1925թ. մայիս և հունիս ամիսներին Շանթը Վրացյանին ուղարկած նամակներում որոշ մանրամասներ է ներկայացնում: Շանթը Չիչերինին որակում է ՙստախոս ու ստոր՚: Նա գրում է, որ ՙԿարախանի հետ համաձայնության եկանք բոլոր կետերի շուրջ. դաշինքը չստորագրվեց, որովհետև Բաքվի հայ, վրացի և թաթար կոմունիստները բոլոր միջոցներով սկսեցին ճնշում բանեցնել Մոսկվայի վրա, պահանջելով, որ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը թուրքական հողեր են, անվիճելի թուրքական և Հայաստանին միացնելու խոսք անգամ չէր կարող լինել՚:
Մոսկվայից Շանթի հունիսի 1-ի հեռագրում ասվում էր, որ ՙառաջին տեսակցությունից պարզվեց, որ միակ դժվարությունը Ադրբեջանի սահմանն է, որովհետև Բաքվից ամեն կերպ աշխատում են խանգարել պայմանագրի կնքումը՚: Համաձայն Շանթի տեղեկությունների` ռուսական կառավարությունն ընդունում է հայկական պահանջների արդար լինելը, սակայն Ադրբեջանի համառ պնդումների հետևանքով պայմանագրի կնքումը դանդաղում է: Ադրբեջանը ցանկանում էր օգտվել ռուսական հեղափոխությունից և ռուս զորքերի ներկայությունից` իրագործելու մուսավաթական ծրագիրը` գրավել Զանգեզուրն ու Ղարաբաղը: Շանթը տեղեկացնում է, որ Մոսկվայի կառավարությունը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Մուստաֆա Քեմալի միջև:
Հունիսի վերջերին Չիչերինը Շանթին զգուշացնում է, որ եթե Հայաստանում բոլշևիկների հետապնդումները շարունակվեն, ապա Ռուսաստանը կդադարեցնի բանակցությունները: Տերտերյանը գրում է, որ այդ հանդիպման ընթացքում Չիչերինը նահանջում է նախկին առաջարկներից և ներկայացնում նորը. Ղարաբաղը զիջել Ադրբեջանին, Զանգեզուրը համարել վիճելի, Նախիջևանը միացնել Հայաստանին: Նա հայ բանագնացներին տեղեկացնում է, որ բանակցություններն ընդհատվում են և կշարունակվեն Երևանում, ռուսական կողմից պետք է վարի կոմկուսի Կենտկոմի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը: Տերտերյանը և Զարաֆյանը կողմ էին ընդունել ռուսական նոր առաջարկները` դա հիմնավորելով նրանով, որ Խորհրդային Ռուսաստանը ճանաչելու էր Հայաստանի անկախությունը: Շանթը դեմ էր, քանի որ պատվիրակությունը Երևանում ցուցում էր ստացել ապահովել Ղարաբաղի միացումը Հայաստանին: Երբ խորհրդային առաքելությունը պատրաստվում էր դուրս գալ Մոսկվայից, Լեգրանը և նրա խորհրդական Սահակ Տեր-Գաբրիելյանը հանդիպում են Շանթի պատվիրակության հետ: Լեգրանն ընդգծում է, որ Նախիջևանն անցնելու է Հայաստանին, իսկ Զանգեզուրը, թեև ժամանակավորապես համարվելու է վիճելի տարածք, բայց  ճանաչվելու է Հայաստանի անվիճելի մասը:
Վարչապետ Օհանջանյանը հուլիսի 15-ին ՀՅԴ Երևանի ներկայացուցչական խորհրդի նիստում զեկուցում է, որ  Հայաստանի պատվիրակության բանակցությունները Ռուսաստանի հետ շատ դանդաղ են ընթանում. ՙՀայաստանը չի կարող չնշմարել Քեմալի և Լենինի մերձեցումը: Եթե Խորհրդային Ռուսաստանը անկեղծորեն կանգնած չէ Հայաստանի անկախության տեսակետի վրա, եթե նա որոշել է հայ ժողովրդի դիակների վրայով ձեռք մեկնել Թուրքիային ու Հայաստանի ոչնչացման գնով հասնել իր հետապնդած նպատակներին և եթե, իբրև հետևանք քեմալականների ու կոմունիստների համաձայնության, բոլշևիկ խռովարարները պիտի շարունակեն իրենց նենգ հարձակումները Հայաստանի սահմանների վրա, ապա ուրեմն Խորհրդային Ռուսաստանը մեզ համար բացահայտ թշնամական պետություն է՚:
Ռուս-թուրքական և ռուս-հայկական 1920թ. բանակցություններից ակնհայտ է դառնում, որ Մոսկվայի համար առաջնահերթությունը թուրքերի հետ բարեկամական կապերի հաստատումն էր: Թուրքերը ռուսներին մանրամասն տեղեկացնում էին հայերի հանդեպ իրենց ձեռնարկելիք քայլերը: Քեմալական պատվիրակությունը, որի կազմում էին Բեքիր Սամին, պատգամավոր Յուսուֆ Քեմալը, կոմունիստ Ֆուադ Սաբիտը, ժամանել էր Մոսկվա: Ռուսական փաստաթղթերից մեկում ասվում էր. ՙԲանակցություններ էին վարվում մի կողմից թուրքական պատվիրակության, մյուս կողմից` Շանթի գլխավորած հայկական պատվիրակության հետ: Դեռ Խալիլ փաշայի հետ բանակցությունների ընթացքում խորհրդային կառավարությունը առաջ է քաշում ազգագրական սահմանների սկզբունքը և առաջարկում էր փոխադարձաբար երկու ժողովուրդների տեղափոխությունը: Սկզբունքորեն, դաշնակցական կառավարությունը ընդունում էր (այս) տարբերակը, բայց երբ գործը հասավ հստակեցումներին, պարզվեց, որ դաշնակցականների հավակնություններն այնքան մեծ են, որ հնարավորություն չկար հասնելու Հայաստանի սահմանների որոշմանը: Շանթի պատվիրակությունը հեռացավ` չհասնելով արդյունքների: Թուրքական կառավարությունը որոշեց սրով կտրել գորդյան հանգույցը: Թուրքերի ռազմական առաջխաղացման առիթ դաշնակցականներն իրենք տվեցին՚:
Հայկական պատվիրակության անդամ Տերտերյանը գրում է. ՙԵս և Զարա‎ֆ‎յանը Շանթին առաջարկեցինք մասնավոր տեսակցություն ունենալ թուրքական պատվիրակության հետ: Շանթը բուռն կերպով ընդդիմացավ: Առարկեց, որ նախ, լիազորված չենք թուրքերի հետ բանակցել և երկրորդ, ինքը կողք-կողքի չի նստի հայ ազգի ջարդարարների հետ՚:
1920թ. հուլիսի 21-ին Լեգրանը շարժվում էր Երևան, սակայն Հայաստանի իշխանություններն արգելում են նրա մուտքը` առարկելով, որ տիրող պայմաններում նա իր խմբով Ռուսաստանի պաշտոնական պատվիրակություն չի կարող համարվել և սովորական ճամփորդների պես սահմանի վրա պիտի զննության ենթարկվի: Լեգրանին ցույց տված վերաբերմունքից անհանգստացած` Թիֆլիսում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանը դիմում է Վրաստանի կառավարությանը` Լեգրանին Թիֆլիս հրավիրելու:
Մինչ Հայաստանի ղեկավարությունը ձգձգում էր Լեգրանի հետ հանդիպումը` սպասելով Շանթի պատվիրակության վերադարձին, Դրոյի և Նժդեհի զորամիավորումների դեմ ադրբեջանցիները Կարմիր բանակի օգնությամբ մարտեր էին մղում Նախիջևանի, Զանգեզուրի, Ղազախի հատվածներում: Օգոստոսի 8-ին Դրոն խորհրդային ուժերի դեմ երկօրյա մարտերից հետո հեռանում է Գորիսից: Օգոստոսի 10-ին գրավվում է Սիսիանը: Թուրքերի առաջ բաց էր Նախիջևանի ճանապարհը:
Հուլիսի 29-ին Լեգրանը Թիֆլիսից հեռագրել էր Երևան և խորհուրդ տվել` չսպասելով Շանթի վերադարձին` բանակցությունները վերսկսել: Շանթը միայն օգոստոսի սկզբներին էր դուրս եկել Մոսկվայից: Որոշվում է Լեգրանի հետ հանդիպել Թիֆլիսում: Հայաստանի կառավարությունը, Չիչերինի առաջարկած համեմատաբար նպաստավոր պայմաններով չբավարարված, ստիպված էր շուտափույթ կնքել ավելի նվաստացուցիչ համաձայնագիր: Թիֆլիսում հայկական պատվիրակության ներկայացուցիչներ Արշակ Ջամալյանը և Արտաշես Բաբալյանը Լեգրանից պահանջեցին, որ Կարմիր բանակը հեռանա Զանգեզուրից և Նախիջևանից, մինչդեռ 11-րդ բանակը, դիրքավորվելով Գորիս-Նախիջևան հատվածում, վերջնագիր է ներկայացնում և դեպի Հայաստան շարժվելու արտոնություն խնդրում Մոսկվայից: Կարմիր բանակը գրավման տակ էր պահում Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը: Սեպտեմբերի 6-ին Նժդեհը քաշվում է Խուստուփ լեռը, Կապանը հայտարարվում է խորհրդային:
Օգոստոսի 10-ին հայկական պատվիրակությունը Թիֆլիսում Լեգրանի հետ կնքել էր հայ-ռուսական համաձայնագիր, որով ՙՌԽՖՍՀ և Հայաստանի զորքերի միջև ռազմական գործողությունները համարվում են դադարեցված՚: Ըստ համաձայնագրի, ռուսական զորքերը գրավում են վիճելի Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը: Երրորդ կետում ասվում էր, որ ՙխորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը՚:
Նույն օրը` օգոստոսի 10-ին Փարիզի հաշտության խորհրդաժողովում ստորագրվել էր Սևրի դաշնագիրը, որը ենթադրում էր դեպի Սև ծով ելքով միացյալ Հայաստան` ներառյալ Արևմտյան Հայաստանի մեկ մասը: Սեպտեմբերի կեսերին Երևան հասած Շանթի պատվիրակությունը պնդում էր, որ ինչ գնով էլ լինի` նախևառաջ պետք է համաձայնության գալ ռուսների հետ, որ նրանք զորքերը դուրս բերեն Ղարաբաղից, Զանգեզուրից և Նախիջևանից, անգամ եթե դա վտանգի տակ դնի Սևրի դաշնագիրը:
Հետագայում Խատիսյանը գրեց. ՙՍահմանների վերաբերյալ հայ ժողովուրդը` հանձինս իր ղեկավար շրջանակների, մեծ սխալ գործեց` չափազանց մեծ պահանջներ առաջադրելով, առանց հաշվի առնելու իր ուժերը: Մենք մինչև Կիլիկիա պահանջելով` անկարելի դարձրինք որևէ բանավոր համաձայնություն ոչ միայն թուրքերի հետ այն պահին, երբ նրանք տկար էին և նրանց հետ դեռ կարելի էր խոսել, այլ նաև շահագրգիռ մեծ պետությունների հետ: Ճիշտ է, մեր մեջ կային քաղաքական գործիչներ, ինչպես Տեր-Մինասյանը, Քաջազնունին, որոնք չափավոր պահանջների կողմնակից էին, բայց ճնշող մեծամասնությունը ՙզիջումների՚ մասին լսել անգամ չէր ուզում՚:
Հայկական պատմագրության մեջ բազմաթիվ են պնդումները, որ եթե Հայաստանի ղեկավարները ծավալապաշտ չլինեին, ապա հնարավոր կլիներ գոնե Կարսն ու Սուրմալուն պահել հանրապետության կազմում: Սփյուռքահայ պատմաբան Արա Սանջյանը համաձայն չէ նման պնդումներին և կարծում է, որ այս հարցում դաշնակցականներին շատ մեղադրել իմաստ չունի. ՙԹուրքական պատմագրության մեջ չկա կամ մեզ չի հանդիպել լուրջ փաստարկ, որ քեմալականները 1920 թվականի ամռանը պատրաստ էին հայերի հետ լեզու գտնել և դադարեցնել Հայաստանի վրա հարձակումը: Բավարար փաստ չկա ասելու, թե հայերը համառորեն մերժեցին Քեմալի տրամաբանական առաջարկները: Նույնը վերաբերում է խորհրդային իշխանություններին: Որևէ փաստ չկա, որ խորհրդային իշխանությունը պիտի ընդուներ անկախ Հայաստանի գոյությունը՚:
Գուցե Հայաստանի ղեկավարությունը սխալ թույլ տվեց և ավելի համեստ սահմաններով հանրապետություն ունենալու հնարավորության փոխարեն նախընտրեց Սևրի խոստումները: Գուցե հնարավոր է՞ր Քեմալի հետ գալ որևէ տանելի համաձայնության: Այսօր, երբ հրապարակված թուրքական և ռուսական բավարար փաստաթղթեր կան, կասկածելի է, որ հնարավոր էր կանխել ինչպես թուրքական զորքերի հարձակումը և Հայաստանի բաժանումը բոլշևիկների ու քեմալականների միջև, այնպես էլ Անդրկովկասի խորհրդայնացումը: 1920թ. օգոստոսի վերջերին քեմալական պատվիրակությունը վերադարձավ Մոսկվայից, իսկ սեպտեմբերին Կարաբեքիրի զորքերը ներխուժեցին ՀՀ տարածք:
ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից
Լուսանկարում՝ Չիչերինը
Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:
 
Աղբյուր՝ asbarez.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: