ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լևոն Շանթի նամակները Սիմոն Վրացյանին՝ 1920 թ. Մոսկվայի հայ-ռուսական բանակցությունների մասին

1920թ. ապրիլի վերջերին Երևանում կազմվեց պատվիրակություն, որին հանձնարարվեց անմիջապես մեկնել Մոսկվա` Ռուսաստանի իշխանությունների հետ բանակցություններ վարելու և բարեկամական դաշինք կնքելու նպատակով:

Պատվիրակությանը, որի ղեկավարը խորհրդարանի փոխնախագահ Լևոն Շանթն էր, անդամները` Համբարձում Տերտերյանն ու Լևոն Զարաֆյանը, տրվեցին մի քանի հրահանգներ. Խորհրդային Ռուսաստանը պետք է ճանաչի Հայաստանի անկախությունը` ընդունելով ՀՀ-ի սահմաններում Ղարաբաղն ու Գյուլիստանը, գոնե սկզբունքով ընդունի թուրքահայ հողերի կցումը Հայաստանին, չմիջամտի Հայաստանի ներքին գործերին, չծավալի կոմունիստական գործունեություն և թույլ տա, որ Հյուսիսային Կովկասում և Ռուսաստանում գտնվող հայ գաղթականները վերադառնան տուն:
Մայիսի վերջերին սկսվել էին հայ-ռուսական բանակցությունները: Կողմերի միջև առաջին հանդիպմանը` մայիսի 28-ին, արտգործժողկոմ Չիչերինը նշում էր, որ Ռուսաստանը ձգտում է բարեկամական հարաբերություններ հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ` թուրքերի հետ, և վերջիններիս աջակցել եվրոպական գաղութարարների դեմ նրա պայքարում: Չիչերինը տեղեկացրեց, որ Ռուսաստանը ցանկանում է նվազեցնել հայ-թուրքական տարաձայնությունները, ինչը կհեշտացվի, եթե Հայաստանը խոստանա չմիջամտել Մուստաֆա Քեմալի գործողություններին` Անտանտի դեմ պայքարում:
Ռուսաստանը, Չիչերինի խոսքերով, առաջարկում է իր միջնորդությունը Հայաստանի և Մուստաֆա Քեմալի միջև: Շանթը պատասխանում է, որ չունի լիազորություն քննարկելու հայ-քեմալական հարաբերությունները: Եվրոպական դաշնակիցները հաստատել էին միացյալ Հայաստանի նոր քարտեզը, որը ներառում էր Արևմտյան Հայաստանի մեծ մասը` դեպի Սև ծով ելքով: Չիչերինն առարկում և հիշեցնում է, որ եվրոպացիները հաճախ են հայերին խաբել, Հայկական հարցն անհրաժեշտ է առանձնացնել կործանարար եվրոպական միջամտությունից և խորհրդային միջնորդության միջոցով տալ արդարացի լուծում:
ԱՆԻ կենտրոն
*****
Այս հատորի առաջին տպագրությունը պատրաստելիս, դրանից առաջ և վերջը, քանիցս խնդրել եմ Լևոն Շանթին, որ գրի առնե իր հուշերը Մոսկվայի բանակցությունների մասին: Միշտ խոստանում էր, բայց մինչև մահն էլ խոստումը չկատարեց: Ինչ որ կարողացա «պոկել»՝  հետագա երկու նամակներն են, որոնց մեջ հստակ կերպով արտահայտված է Հայաստանի Հարապետության պատվիրակության նախագահի վերաբերումը դեպի բոլշևիզմը և դեպի հարաբերությունները բոլշևիկների հետ:
Բուն նյութի հետ առնչություն չունեցող կետեր կան նամակներում, որոնք հետաքրքրական են Շանթի կենսագրության տեսակետից, ուստի տվինք առանց հապավումի:
Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», Երևան, 1993, էջ 645-652:
Ա
Սիմոն ջան, ահա քանի օր է ուշացուցի նամակիդ պատասխանը հուսալով որ կերպ մը տրամադրեմ ինծի և գոնե համառոտ բան մը գրեմ քեզի քու ուզած հարցի մասին. բայց վերջապես եկա այն տխուր եզրակացության, որ անկարող եմ, այս վայրկյանին բոլշևիկներով ու բոլշևիկյան տխմարություններով զբաղվելու բնավ գլուխ չունիմ. հիմա ես իմ գլխիս մեջ ունիմ իմ սեփական բոլշևիզմը. այնպես խրվեր եմ պարտքերու, անփողության, վիճակի անորոշության և օրվա ապրուստի դժվարություններու մեջ, որ չգիտեմ ինչպես եմ տակեն դուրս գալու. մեր դպրոցի վիճակը խախուտ է, վճարածը չնչին ու անկանոն. իսկ իմ բոլոր ձեռնակներս ու ծրագիրներս ոչինչ դուրս չեկավ, տված հայտարարությունս իմ անպետք աշխատանքներուս վրա նոր անպետք աշխատանք մը ավելցուց՝ տեղեկատու և խորհրդատու Բյուրո: Երբ օր մը գալու ըլլա այն երջանիկ ժամանակը, երբ հնար ունենամ քիչիկ մը ազատ գլուխ ունենալու, և ուտելու հացեն ու դպրոցի վճարեն դուրս ուրիշ բաներու մասին ալ մտածելու, կնստիմ ու կգրեմ մեր դեպի Մոսկվա առաքելությունը և իմ տպավորություններս, իհարկե, ոչ իբրև պատասխան ստախոս ու ցած Չիչերիններու ու Չիչերինիկներու, այլ անկախ աշխատանք մը ինքն իրեն համար, իբրև հուշեր:
Հիմա քու հարցերուդ պատասխանեմ մեյ-մեկ նախադասությամբ:
  1. Մեր պատվիրակությունը ուղարկվեցավ, որովհետև բոլշևիկները արդեն տեր էին Ազրբեջանին և անոնց հետ լեզու մը գտնելը դարձել էր անհրաժեշտ թե վրացիներուն համար և թե մեզի. ռուսը նորեն եկեր էր Կովկաս:
  2. Մենք Մոսկվա հասանք այն ժամանակվա հաղորդակցության միջոցներու հնարավոր արագությամբ:
  3. Կարախանի հետ համաձայնության եկանք բոլոր կետերու վրա. դաշինքը չստորագրվեցավ, որովհետև Բաքվի հայ, վրացի և թաթար կոմունիստները բոլոր միջոցներով սկսան ճնշում բանեցնել Մոսկվայի վրա, պահանջելով որ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը թուրքական հողեր են, անվիճելի թուրքական և Հայաստանի հետ միացնելու խոսք անգամ լինել չի կրնար: Մոսկվան 1-2 ամիս ժամանակ գործ դրավ իր Բաքվի ընկերներու հետ համաձայնության մը գալու և տեսնելով որ անկարելի է, որոշեց բանակցությունները տեղափոխել Կովկաս և ուղարկեց Լեգրանը Բաքու և հոնկե Երևան: Մենք ո՛չ թե ուշացուցած կամ խանգարած ենք, այլ շարունակ դիմած ու պահանջած ենք, որ շտապեն, որ վերջապես պատասխան մը տան, որ մենք գործ ունինք և այնքան երկար Մոսկվա նստիլ չենք կրնար:
  4. Այդ է մեր ուշացման պատճառը. մեր ետ գալն ալ կատարված է այն ժամանակվա հնարավոր արագությամբ. կրնայինք Բաքվով շատ ավելի արագ տեղ հասնիլ, բայց մենք չուզեցանք:
  5. Լեգրանը անձնապես ոչ մեկ դեր չունի, հոն ներսը իրենց մեջ չգիտեմ, թեև ներսն ալ կարծեմ կարևորություն ունեցող դեմք մը չէր. մեզի հանդեպ խողովակ մըն էր, որ կկատարեր կենտրոնեն եկած հրահանգները. հարցերու ըմբռման մեջ նույն դիրքը ուներ, ինչ-որ ուներ Մոսկվան մեզի դեմ. համաձայնության գալու ջանք մը, Հայաստանեն Թուրքիա անցքը բանալու ջանք մը:
  6. Լեգրանի հետ բանակցողը եղեր է մեր պատվիրակությունը, որը սակայն միշտ խորհրդակցություններ է ունեցեր կառավարության հետ, իսկ հիմնական պայմանները ստորագրելնես առաջ կառավարական խորհուրդին ներկա են եղած և իրենց հավանությունն են տված բոլոր կուսակցություններու ներկայացուցիչները: Սխա՛լ է թե համաձայնության չեկանք: Լեգրանի հետ լրիվ համաձայնություն գոյացած է. և երկու կողմեն բոլոր ձևականություններով ստորագրված է. և՛ հիմնական համաձայնագիրը, և՛ երկու գաղտնի հավելվածները. դեռ քեֆ ալ ենք կատարեր երկու պատվիրակություններս միասին մեր աշխատանքներու հաջող ավարտման առիթով: Լեգրանը առավ մեր համաձայնագիրը և գնաց Բաքու, «ամեն ջանք ի գործի դնելու», որ ընդունիլ տա իրենց Բաքվի ընկերներուն մեր փոխադարձաբար ընդունած կետերը. ուրկե ետքը մեր դաշնագրությունը պետք է ստանար մեր կառավարություններու վավերացումը և պետք է հայտարարվեր: Եվ այդ բոլորը դարձավ ավելորդ Կարսի անկումով:
  7. Ո՞վ է այդ Ա. Կարինյանը. գրական հետաքրքրություններով և «հարուստ» Մոսկվայի մոտերը ապրող երիտասա՞րդ մըն էր. եթե ան է, բարեկամ էր մեզի, իր կողմեն վատ ոչինչ չեմ նկատած. արդեն վատ ի՞նչ կրնար ըներ. խոսքս տանի՞լ-բերել. մենք դիտմամբ մեր բոլոր քարտերը բաց էինք պահած. իսկ այն քարտերը որ բանալ չէինք կրնար, չէինք բացած և ոչ մեկուն: Այդ անունը կա հիշողությանս մեջ, բայց չեմ հիշեր, թե ով է: եթե Բաքվի խումբին կպատկաներ՝ կրնա իրենց ժողովներուն մեջ իր դերը ունեցած ըլլալ: Ահա՛, սիրելիս, քու հարցարանիդ կարճ պատասխանները, չգիտեմ բանի մը պիտի ծառայեն թե ոչ, այդ հում վիճակին մեջ. ապահով եմ սակայն որ մնացածը դուն կեփես:
Մեջընդմեջ գրե՛ ինծի, ի՞նչ աստիճանի լրջություն ունի Փարիզի մեջ օրաթերթ մը հրատարակելու Բյուրոյի մտադրությունը, քանի մը կողմեր լսեցի:
Այլև պիտի խնդրեի քեզմե անգամ մը Խատիսյանեն տեղեկանայիր ի՞նչ եղավ Մարկոսյանի կտակի հարցը, արժե՞ որ դեռ հույս կապեմ այդ խնդրին, թե ապարդյուն աշխատանք է. կա՞ այդ կտակի գործադրությունը, որևէ մեկը մինչև հիմա ուսե՞ր է այդ հաշվով. 1924-25 թվին որևէ մեկը ընդունվե՞ր է, իբրև նոր սան. և վերջապես առաջիկա տարվան համար ընդունելություն կա՞. խելքի մոտի՞կ է, որ իմ տղաս ընդունին ըլլա Սուրենը,- բժշկություն- ըլլա Վիգենը- էլեկտրական էնժինիոր-: Խոսե՛ անգամ մը Խատիսյանի հետ և գրե՛ ինծի քու մտածումը: Ես արդեն հույսս կտրեր էի մեր անցած տարվան ըրած դիմումեն, երբ Խատիսյանը Մարսել եղած միջոցին նորեն հույս ձգեց մեջս. և հիմա չգիտեմ ինչ մտածեմ:
Շատ ու շատ բարևներ քեզի, տիկնոջդ ու մեր ընկերներուն:
Համբույրներով՝ ԼԵՎՈՆ ՇԱՆԹ
1925 մայիս 20, Մարսել
Հ. Գ. Աշոտը հոսկե անցնելու ժամանակ ըսեր է, որ դուն մեզի ուղարկելու ես իմ լուսանկարը՝ եթե ունիս ձեռքդ՝ ղրկե՛. տղաքս կխնդրեն:
Բ
Սիրելի՛ Սիմոն, ամենեն առաջ կետ-կետ պատասխանեմ տված հարցերուդ, թեև ատոնցմե մեկ քանիին կարծեմ անցած նամակիս մեջ պատասխանած էի:
  1. Մենք Վլադիկովկաս հասանք թե չէ ներկայացանք տեղի բոլշևիկյան բարձր իշխանության, հասկցուցինք մեր ով և ինչացու ըլլալը և խնդրեցինք որ մեզի վագոն տրամադրվի. որովհետև այդ երջանիկ օրերուն բոլշևիկյան թագավորության մեջ մեր արդի իմաստով ո՛չ գնացքներ կային կանոնավոր երթևեկով, ո՛չ ճամփորդի իր ազատ կամքի, ոչ ալ գնովի տոմսակով, ոչ ալ երթևեկող գնացքներուն մեջ տեղ ու վագոն. տեղ ունենալու համար կառավարութենեն պետք էր հատուկ իրավունք և կարգադրություն. մինչև Մոսկվա հեռագրվեց, մինչև պատասխան եկավ, մինչև վագոնի կարգադրություն եղավ, անցան քանի մը օրեր. եթե մենք ալ մեր քեֆի համար կիրակի օր մը ավելի մնացինք կամ պակաս, ան ալ արդեն չեմ հիշեր: Նույն պատմությունը նաև Ռոստով. հոն մեկ-երկու օր գուցե կարողանայինք ավելի արագ շարժվել. Տերտերյանի եղբայրը նոր մեռել էր տիֆեն և ընկերս պետք է անգամ մը իրենց գյուղը երթար ու գար: Բայց այդպես օր մը ավելի շուտ կամ օր մը ավելի ուշի հարցը չկար մեր առջև դրած. մենք ո՛չ վայրկյան մը ավելի շուտ հասնելու տենդն ենք ունեցեր, ո՛չ ալ ավելորդ ժամանակ ենք վատներ, և ընդհանուր առումով մեր դանդաղ կամ արագ շարժվիլը մեզմե կախված չէ եղեր, այլ բոլշևիկյան կարգերեն: Պետք չէ մոռնաս, որ Հյուսիսային Կովկասը այդ օրերուն Մոսկվայի հետ սոլիտ կերպով կապված երկրամաս մը չէր: Այս բոլորը ես գրեցի քեզի՛ համար. իմ կարծիքովս բոլշևիկյան այդ կարգի «ամբաստանություններուն» պատասխանելը զուր ժամավաճառություն է: Ի՞նչ կարևորություն ունի, դիցուք շաբաթ մը ավելի շուտ հասած ըլլայինք. ի՞նչ էր փոխվելու. չէ՞ որ մեր հասնելեն ետքը ամբողջ երկու ամիս պարապ նստեցուցին մեզի այդ մեծապատիվ բոլշևիկները իրենց ավերակ Մոսկվային մեջ. շաբաթ մը ավելի պիտի նստած ըլլայինք՝ ահա՛ բոլոր տարբերությունը:
  2. Մեր կառավարությունը մեզի իբրև տիրեթիվ տված էր երեք որոշում. ա. ռուսները պետք է ճանչնան մեր անկախությունը և գոնե սկզբունքով հակառալ ոչինչ չունենան թուրքական մասերու միացմանը մեր հողին. բ. բացարձակապես պետք է հարգեն մեր ազատությունը և մեր ներքին գործերուն չի պիտի խառնվին, ուրիշ խոսքով կոմունիզմի պահանջ պետք չէ ըլլա և գ. Զանգեզուրն ու Ղարաբաղը պետք է մտնե հայկական սահմաններուն մեջ. ծայրագույն պարագային համաձայնիլ Ղարաբաղի խնդիրը հանրահարցի միջոցով վճռելուն: Այս երեք կետերն ալ ռուսները անմիջապես ընդունեցին շատ թեթև առարկություններով. անոնց համար թուղթն ու ստորագրությունը երբեք կարևորությունը չէ ունեցած. նոր էին ստորագրեր վրացիներու հետ դաշինքը և մեր իսկ ներկայության կխնդային այդ դաշինքին վրա, «այո՛, ամսվան մը համար», ինչպես կըսեին կես կատակ, կես լուրջ: Եվ մենք արդեն գիտեինք, որ 9-րդ թե՞ 11-րդ-լավ չեմ հիշեր – բանակը շարժման մեջ էր դեպի Վրաստան. լեհական պատերազմն էր, որ հետաձգեց Վրաստանի վրա հարձակումը:
  3. Ռուսներու կողմեն մեզի առաջարկ չէ եղած Լեգրանի հետ ճամփորդելու մասին: Եթե ըլլար ալ մենք չէինք ընդուներ. մենք միշտ պահեր ենք մեզի իբրև անկախ երկրի մը անկախ դեսպանություն և ոչ՛ մեկ պայմանով Լեգրանի մը թևարկության տակը մտներ: Իսկ ետ դառնալու որևէ հապճեպ չունեինք այդ աստիճանի. մենք մեր դերը արդեն ավարտած կհամարեինք, բոլոր էական խնդիրներու շուրջ մանրամասն զեկուցումներ ղրկած էինք մեր կառավարության և կկարծեինք, որ Լեգրանի հետ մեր կառավարությունը ինքը կխոսի Հայաստանի մեջ՝ մեր արտաքին գործերու նախարարը, կամ անոր փոխանորդը: Ատկե զատ Նախիջևանով անցնիլ կցանկայինք՝ մեր կառավարության համար քանի մը միլիոն բերելու հաշիվներ ունեինք, այլև ընկերներ ունեինք սահմանը անցնելու. կային նույնպես ուրիշ մանր հարցեր: Նորեն այս բոլորը կգրեմ, միայն քեզի՛ համար. թե չէ՝ դեպի դուրս տալիք պատասխանս մեկ է. Ռուս կառավարության կողմե մեզի առաջարկած եղած չէ, և եթե այդ առաջարկը եղած ալ ըլլար՝ չէինք ընդունելու, պետք չունեինք ենթարկելու ինքզինքնիս այդ կարգի դիպլոմատիկ խաղերու: Իբրև ի՞նչ պիտի մտնեինք Լեգրանի վագոնները, իբրև դաշնակի՞ց՝ չէինք, իբրև գերի՞, իբրև պատա՞նդ: Սիրելիս, այս «նրբությունները» իհարկե չեն կրնար հասկնալ մեր բոլշևիկ աղբարները, որոնք անկախությունը ո՛չ ճաշակած են և ո՛չ ցանկացած. բայց մեր մեջ շատ ուժեղ էր այդ գիտակցությունը և այդ քաղաքացիական հպարտությունն ու քաղաքականությունը:
  4. Թիֆլիսեն մինչև Մոսկվա մեզի հետ էին Երզնկյանն ու Փիրումյանը, մեր «դելեկացիոննը» վագոնին մեջ, ընկերներու նման, քանի մը դաշնակցական շատ մեղմացուցած քննադատություններե դուրս իբրև մեզի գաղափարակից. կուգային հատկապես Ղարաբաղը Հայաստանին կցելու համար աշխատելու. իբրև թե. պարզ էր, որ կուգային բոլշևիկներու հետ լեզու գտնելու, այն ժամանակ կմտածեի իրենց ղրկող մարմիններու կողմեն. իսկ հիմա կմտածեմ պարզապես իրենց անձնական կաշին: Մոսկվա հասնելնուս պես իրարմե զատվեցանք. սկիզբները մեկ-երկու անգամ կուգային մեր դեսպանատունը և կհաղորդեին մեզի «բոլշևիկյան տրամադրությունները», շատ երկրորդական ու անմեղ հաղորդագրություններ, քիչ-քիչ ատ ալ կտրվեցավ. և անոնք սահեցան վերջնականապես բոլշևիկյան ծովին մեջ. ձուկը գտեր էր իր տարրը. և մեզի հետ այլևս ոչ մեկ կապ. վերադարձեր են չգիտեմ երբ և ինչպես:
  5. Ես Լեգրանի հետ ո՛չ մեկ կապ չեմ ունեցած Մոսկվայի մեջ, երեսն ալ չեմ տեսած. անգամ մը միայն Տերտերյանը գնաց մասնավոր տան մը մեջ մասնավոր կերպով հանդիպելու, իբրև պատահական տեսակցություն, գաղափարները շոշափելու համար: Մեզի հետ խոսողը արտաքին գործերու նախարարությունն էր, և անիկա մեզի Լեգրանի հետ բնավ հարաբերության մեջ չէ դրած պաշտոնապես, ուրեմն պաշտոնապես մենք չէինք ճանչնար Լեգրանը. մեր վերջին կամ վերջընթեր տեսակցություններու միջոցին էր, որ Կարախանը հայտնեց մեզի պաշտոնապես, որ իրենք Լեգրանը ուղարկած են Հայաստան հոն շարունակելու մեր «ընդհատած» խորհրդակցությունը: Նպատակն էր անգամ մը մուտք ունենային Հայաստան, հետները «ցրվելու» ապրանք էին տարած ժողովուրդը գրավելու համար, ինչպես և ահագին «գրականություն» և պերսոնել. այսինքն՝ ներսեն քայքայելու ծրագիրը: Երբ մենք Թիֆլիս հասանք, Լեգրանը անգամ մը Թիֆլիս եկած և վերադարձած էր. ես հոն ալ իրեն չեմ հանդիպած. և եթե Թիֆլիս ալ ըլլար՝ իհարկե իրեն չէի հանդիպելու, առանց մեր կառավարության նոր հրահանգին այլևս իրավունք ալ չունեինք: Ես Լեգրանին առաջին անգամ տեսած ու խոսած եմ Երևանի մեջ արտաքին գործերու նախարարության հարկին տակ, երբ մեր կառավարությունը որոշեց, որ Մոսկվա եղող կազմը շարունակե բանակցությունը Լեգրանի հետ:
  6. Եվ 7 հարցերուդ պատասխանելը դժվար է առանց մեր ընդարձակ համաձայնագրերը աչքի տակ ունենալու, մանավանդ որ ես մեծ վստահություն չունիմ իմ հիշողությանս վրա: Կրնամ պատասխանել միայն խոշոր գծերով: Լեգրանի պահանջքներն էին. ա. բացարձակ հրաժարիլ Վերսալեն, Եվրոպայեն. բ. ազատ անցք տալ մեր հողերուն վրայով զորք ու ռազմամթերք անցնելու Ազրբեջանեն Թուրքիա և գ. թե մեկի, թե մյուսի և թե վրացիներու հետ մեր ունեցած վեճերը հարթել իրավարարությամբ ռուսներու արբիտաժին տակ: Այլև քանի մը մանր պահանջքներ, ինչպես օրինակ Կարսի մեջ գտնվող նեղ-գիծ երկաթուղային վագոնները հանձնել իրենց, որպեսզի տան թուրքերուն, Ազրբեջանի և Թուրքիայի մեջ մեր հարավով երկաթուղային կապ հաստատելու համար:
Մենք ա. կետը կտրուկ մերժած ենք.  անոնք քանի մը անգամ փոխեցին, փոփոխեցին և մնաց տակը անորոշ ու վերացական ոչինչ չըսող հայտարարություն մը: Բ.  կետի դեմ առարկեցինք, որ կվախենանք ռուսերեն ստացած զենքերը մեր դեմ գործածեն թուրքերը, ինչպես և թուրք բազմություններու մեր հողերուն վրա գտնվիլը: Վերջ ի վերջո համաձայնեցանք մեր զինվորական մարմիններու քննությունն ու վավերացումն ստանալե ետքը, որ
  1. զորք կրնան անցնել երկաթուղիով որոշ ճոկված պայմաններու տակ, անզեն և փոքր-փոքր քանակությամբ.
  2. իսկ գալով զենքին ռուսները ընդունեցին, որ ինչքան զենք որ անցնի մեր հողերուն վրայեն, անոր-լավ չեմ հիշեր-25 թե՞ 30 տոկոսը պետք է մնա մեզի, իբրև ինքնապաշտպանության միջոց: Այդ երկու թիվերուն վրա գիտեմ որ սակարկություն եղավ, վերջը որը մնաց չգիտեմ, կարծեմ 30-ը: Գ. կետը, այսինքն մեր 3 դրացիներուն հետ վեճերը կարգադրելու համար ռուսներու արբիտրաժը ընդունեցինք:
Փոխարենը անոնք կընդունեին մեր անկախությունը, մեր ներքին գործերուն չխառնվել, արևելյան սահմանի մեջ պետք է մտներ Զանգեզուրը, իսկ Ղարաբաղի համար իրավարարություն, ինչպես և Նախիջևանի համար, իբրև բալանս: Իսկույն պետք է միջամտեին թուրքերու հետ մեր պատերազմը կասեցնելու և իբրև առաջին պահանջ պետք է ստեղծեին չեզոք գոտի մը մեր ու թուրքերուն մեջ ռուսական սահմանին վրա և այս բոլորը իբրև մեր ու թուրքերուն մեջ ռուսական սահմանին վրա և այս բոլորը իբրև մեր ու թուրքերու ընդհանուր բարեկամ: Մեզի անմիջապես պետք է վճարեին 2.5 միլիոն ոսկի, Բաքվի նավթային ճամփան պիտի բացվեր, պետք է տային երկրագործական գործիքներ, պետք է հանձնեին Մոսկվայի մեջ մեր Էջմիածնական և այլ ինչքերը, դյուրություններ պիտի տային ռուսական քանի մը կենտրոններու մեջ հավաքված հայ գրենական և գեղարվեստական երկերը Հայաստան փոխադրելու: Ահա՛ խոշոր գծերով և ինչ-որ հիմա կրնամ հիշեր, ինչ-որ երկու կողմեն ստորագրած ենք:
  1. Լեգրանը սաստիկ կշտապեր մեր բանակցություններու միջոցին, մենք քիչ մը ծանր կշարժեինք, ականջնիս Կարսի կողմը: Ստորագրվելուն պես Լեգրանը գնաց ինքը, մեր կողմեն ոչ մեկ առաջարկ, համոզելու Բաքվի ընկերները, որ ընդունին մեր եկած համաձայնությունը. նույնը նաև պիտի աշխատեր թուրքերուն հետ: Բայց թե մեր կառավարությունը, թե մեր զինվորականները, թե անգլիական ներկայացուցիչը կզարմանային բոլշևիկներու այդ տեսակ պայմաններ ստորագրած ըլլալուն. կա՛մ թուրքերը չէին ճանչնար ինչպես հարկ է, կամ մեզի օրորել կուզեին, կամ վստահ էին, որ անգամ մը Հայաստանի մեջ ոտքերին դնելեն ետքը, ամեն ինչ կպայթեցնեին. գուցե և այս երեքը միասին: Եվ վերջապես եղածը թուղթի կտոր մըն էր դատարկ ստորագրություն մը, ի՞նչ կարևորություն:
  2. Լեգրանի դիրքը երկդիմի էր. մեզի, այսինքն՝ մեր կառավարության հանդեպ լիազոր բանագնաց մըն էր, մոտավորապես ինչպես մենք էինք Մոսկվա. բայց անատարակույս է, որ բոլշևիկյան մարմիններու հանդեպ անիկա ուներ մասնավոր իրավունքներ ու հրահանգներ թե՛ Հայաստանի մեջ և թե՛ Հայաստանեն դուրս Հայաստանի հետ կապված գործերու վերաբերմամբ, որ ըսել է գրեթե ամեն հարցի վերաբերմամբ Կովկասի մեջ:
  3. Իր թուրքերու հետ ունեցած կապի մասին ոչինչ ըսել չեմ կրնար: Կհիշեմ, որ Երևանի մեջ շատերը-կամ գոնե քիչերը- կային, որ անոր վրա կնայեին իբրև պատերազմական լրտեսի վրա մեր շարքերու թիկունքին: Ես բոլշևիկ մարդոց խոսքին ու կեցվածքին մեծ հավատք ունեցող մարդ չեմ. և վերջապես քաղաքականությունը սուտի ու խաբեության հյուսվածք մըն է. չեմ զարմանար, որ Լեգրանը թուրքերու առաջխաղացումը դյուրացնելու և մեզի ճզմել տալու քաղաքականությունը վարած ըլլա, կա՛մ իր, կա՛մ Բաքվի կա՛մ Մոսկվայի թելադրանքով. բայց անկեղծ ըլլալու համար պետք է ըսեմ, որ ես այդ աչքով չեմ նայած անոր վրա. կարելի է իմ տիպլոմատիկ հոտառությունն թույլ է եղած՝ մանավանդ կեղտոտ գործերու մեջ. իմ տպավորությունս այն էր, որ ան կջանար իրոք որ հաշտության բերեր մեզի ու Բաքուն, մեզի ու թուրքերը: Ինծի կթվի, որ Լենինը կողմնակից էր Հայաստանի մնալուն, նույնիսկ ո՛չ բոլշևիկյան. ինծի կթվի, որ Կարախանը նմանապես այդ ուղղությամբ կաշխատեր. ինծի կթվի, որ ներքին կապ կար Լեգրանի ու Կարախանի մեջ: Լենին-Կարախան-Լեգրանյան քաղաքականությունը պարտվեցավ մեր Կարսի առջև ունեցած պարտությամբ. հաղթանակեց բաքվյան քաղաքականությունը, «բոլշևիկ Հայաստան անմիջապես» զենքով, և Հայաստանի կառավարությունը իրե՛նց ձեռքը հայ բոլշևիկներու: Ինծի կթվի, որ Աշ. Հովհաննեսյան ու Սահակ Տեր-Գաբրիելյանը Կարախան Լեգրանյան խելքի մարդիկներեն էին և ճիշտ ատոր համար ալ դրված էին Լեգրանին հետ: Վերջը ատոնք բնականաբար բոլորն ալ փոխվեցան, երբ Բաքվի բոլշևիկը տարավ հաղթանակը: Ատոնք կամ պետք է սկսեին ջուրին տակ կամ պետք է բաքվեցիներու հանկերգը պոռային: Մեկ երկուքը, որ ավելի խոր հոգի ունեին, լռեցին ու անցան երկրորդական շարքերը. մյուսները նետվեցան առաջ, Ա. Հովհաննիսյանին պես, խոշոր պատառներ խածնելու համար: Մեր Կարսի կռիվներուն ժամանակը գիտեմ որ- բոլորովին կողմնակի ու մասնավոր ճամփով- թե Աշոտը և թե Սահակը կցանկանային Կարսի առաջ մեր զինական հաջողությանը. դեռ հայ էին:
Եթէ Կարինյանը Փափազյանի քեռորդին է, իմ անցած օրվան գրածներս անոր չի վերաբերվիր: Ան ուրիշ մարդ է: Փափազյանի քեռորդին գիտեմ, թեև դեմքը չեմ հիշեր. ոչ ալ հոգին կճանչնամ:
Սիմոն ջան, վերջացնելես առաջ երկու խոսք ալ իմ մասին: Գիտցած եղի՛ր, որ Մարսիլիա մնալու չեմ: Ո՛չ մարդ կա հոս մարդավարի, ո՛չ ալ դրամ. եթե մեկը ըլլար՝ կըլլար և մյուսը. այնպես որ ո՛չ իմ ծրագրերս, ո՛չ ալ իմ ապրուստս ոտքի հանել չեմ կրնար հոս: Վերջին ամիսները շատ դժվար կվճարեն և շատ ողորմելի մարդիկ են. չգիտեմ ամառվան ամիսներու վճարը ինչ պիտի ընեն. կրնաս երևակայեր դրամական վիճակս: Մտադիր եմ Եգիպտոս անցնելու, դեռ պաշտոնական հրավեր չունիմ, բայց մասնավոր նամակներու հենված հույս ունիմ, որ հաջողվի: Ընտանիքս պետք է փոխադրեմ Փարիզ. այդ մասին արդեն գրած եմ Տիգրանին, որ բնակարանի հոգը քաշե: Եթե հնար ունեցա և եթե շուտով բնակարան ճարվի մեկ-երկու շաբաթ ես ալ կուգամ Փարիզ Եգիպտոս մեկնելես առաջ. և այն ժամանակ կխոսինք մանրամասն, եթե գալ չկարողանամ, քեզի իրազեկ կպահեմ:
Սրտագին բարևներով ու ջերմ համբյուրներով՝
ԼԵՎՈՆ ՇԱՆԹ
1925 հունիսի 18, Մարսել
Լուսանկարում՝ Մաքսիմ Լիտվինով, Գեորգի Չիչերին, Լև Կարախան, 1923թ.
aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: