ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ջիւան Աւետիսեան Արցախեան Շունչն Ու Հարազատութիւնը Լիբանան Բերաւ

Երկուքս ալ մեր անցեալին բանտարկեալներն էինք, հալածուած՝ նոյն դէմքին կողմէ…»։

Ն. ԲԱՐՍԵՂԵԱՆ

Ջիւան Աւետիսեանի «Դրախտի Դարպասը» ժապաւէնին գլխաւոր հերոսուհին՝ օփերայի երիտասարդ երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան, աշխարհահռչակ ջութակահար Վլատիմիր Սփիվաքովի եւ հայ դերասանուհի Սաթի Սփիվաքովայի դուստրը՝ Թաթիանա Սփիվաքովա) այս խօսքը, որ շեշտակի կերպով փորագրուած է ժապաւէնին մէջ անոր ունեցած մտորումներուն ընթացքին, շատ խօսուն ու բովանդակալից է: Երկուքը՝ մէկը ինքն է, իսկ միւսը  ժապաւէնի միւս հիմնական հերոսը՝ գերմանացի լրագրող Ռոպերթ Ստերնվալը (50 տարեկան, Ռիխարտ Զամել), որ արցախեան առաջին պատերազմը լուսանկարելու ընթացքին հանդիպած է Սոֆիայի հօր՝ նոյնպէս նկարիչ-լրագրող Էտկար Մարտիրոսեանի, եւ որմէ բաժնուած է Թալիշի անկման օրը, երբ գիւղը գերութեան մէջ յայտնուած է:
Երկուքն ալ տարբեր ձեւերով կը հալածուին ուրուականի մը կողմէ՝ Էտկարին. արդարեւ, ան Սոֆիային համար անհետ կորսուած է, եւ դուստրը մնայուն յոյս ունի անոր մասին տեղեկութիւն ունենալու, իսկ Ռոպերթը, որուն յանձնած է Էտկարը պատերազմի դաշտին վրայ նկարած իր լուսանկարները, սակայն Ռոպերթը իւրացուցած է զանոնք անազնիւ քայլով մը, ամբողջ կեանք մը տառապած է այս ծանր յանցանքէն:
Աշխարհագրականօրէն թէ մասնագիտական առումով, տարիքային տարբերութեամբ իրարմէ բաւական հեռու եղող այս երկու անձնաւորութիւններուն հանդիպման վայրը կ՛ըլլայ հրաշագեղ Արցախը՝ 2016ին, քառօրեայ պատերազմին: Մէկը կը վերադառնայ դարձեալ լուսանկարելու, Արցախի տագնապին մասին հանրութիւնը իրազեկ դարձնելու, միւսը՝ իր երգին ճամբով նեցուկ կանգնելու արցախցիներուն:
Անոնց միջեւ եղած տարբեր հեռաւորութիւնները կ՛անհետանան Արցախի մէջ, անոնք կը հանդիպին, Ռոպերթի լուսանկարչական ոսպնեակին տակ աւելի կը շեշտուին Սոֆիային գեղեցկութիւնն ու գրաւչութիւնը, իսկ Սոֆիա Ռոպերթին մէջ կը գտնէ հարազատութիւն մը՝ հայրակա՞ն, թէ սիրահարի, դժուար կ՛ըլլայ տարբերել, երկուքը միաձուլուած թերեւս… Անոնց  յաճախակի հանդիպումները կայծը կու տան սիրոյ ու համակրանքի զգացումներու, սակայն երբ Ռոպերթը դէմ յանդիման կը գտնուի այն ցնցիչ իրականութեան, թէ Սոֆիան 1992ին իրեն հետ եղած, սակայն դաժան կերպով իրարմէ բաժնուած լրագրող Էտկար Մարտիրոսեանին աղջիկն է, ամէն բան այլ ուղղութիւն կը ստանայ… Ժապաւէնին մէջ տիրական ներկայութիւն է նաեւ արցախցի լրագրող Միքայէլ Մովսիսեան (Սօս Ջանիբեկեան), որ քառօրեայ պատերազմին ընկերակցելով օտար լուսանկարիչին՝ անոր վարուելակերպէն եւ արտայայտութիւններէն կը զգայ, որ լաւատեղեակ է Արցախին, անոր աշխարհագրութեան, առ այդ, կը լծուի անոր ինքնութեան բացայայտման:
Արցախեան հրաշալի բնութեան, փողոցներուն, պատերազմական դաժան դաշտերուն մէջ տեղի ունեցող բոլոր դէպքերուն, անոնց առթած հակասական բայց անկեղծ զգացումներուն, մարդկային ու ազգային երեւոյթներու կողք կողքի ընթանալու իրականութեան իրազեկ դարձաւ լիբանանահայութիւնը Շաբաթ, 26 Նոյեմբերի երեկոյեան, «Յակոբ Տէր Մելքոնեան» թատերասրահին մէջ, որ մէկուկէս ժամուան համար վերածուեցաւ արցախեան տարածքի մը՝ շնորհիւ Ջիւան Աւետիսեանի հմուտ բեմադրական կարողութիւններուն եւ դերասաններուն իւրայատուկ ձիրքերուն:

Թէեւ Պուրճ Համուտի մէջ էինք, սակայն հոգիով եւ էութեամբ փոխադրուած էինք արցախեան լեռները, Շուշի, Ստեփանակերտ, ուր հայուն ապրած հարազատութիւնը այնքա՜ն տարբեր է, Արցախի հողին տիրութիւն ընելու համար նոյնիսկ կեանքեր զոհած հերոսներուն կողքին էին, որոնք մէկ կողմէ կրակ կ՛արձակէին, միւս կողմէ՝ կը ստանային, իյնալով սրբազան հողին գիրկը…
Ժապաւէնը պատրաստուած եւ բեմադրուած է այնպէս, որ հետաքրքրէ յատկապէս օտար հանդիսատեսը, որովհետեւ, ինչպէս մնայուն կերպով, նաեւ նախորդ ժապաւէններուն պարագային շեշտած է եւ կը շեշտէ Ջիւան Աւետիսեան, իր հիմնական նպատակն է արցախեան տագնապին, մարդկային կացութիւններուն եւ իրաւունքներուն իրազեկ դարձնել օտար հանրութիւնը:
Շաբաթ օր տեղի ունեցած ժապաւէնի ցուցադրութեան բացման խօսքը արտասանեց Ծովիկ Գալեմքերեան, որ ըսաւ, թէ «Դրախտի Դարպասը» կարելի եղած է Լիբանանի հանրութեան եւ աշակերտութեան ներկայացնել ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ՋԱՀ (Ջաւախք-Արցախ-Հայաստան) յանձնախումբին կազմակերպութեամբ: Ան նշեց, որ այս նոր ժապաւէնը Ջիւան Աւետիսեանի՝ արցախեան նիւթով երրորդ ժապաւէնն է («Թեւանիկը»էն եւ «Վերջին Բնակիչը»էն ետք), որ նոյն ժամանակ 8 երկիրներու արտադրութիւնն է,  աւելցնելով, որ ժապաւէնը ցուցադրուած է Լոս Անճելըսի, Ուաշինկթընի, Սաքրամենթոյի, Տիթրոյիթի, Նիւ Ճըրզիի, Պոսթընի, Թորոնթոյի, Մոնթրէալի եւ Պելճիքայի մէջ:
Ծովիկ Գալեմքերեան լուսարձակի տակ առաւ նաեւ ժապաւէնին անցած փառատօներու ուղին, նաեւ անոր նուաճած մրցանակները:
Այս առիթով խօսք առաւ ՋԱՀ յանձնախումբի անդամ Զաքար Քէշիշեան, որ դիտել տուաւ, թէ իւրաքանչիւրը կը կռուի ի՛ր զէնքով, իսկ Ջիւան Աւետիսեանի զէնքը լուսանկարչական գործիքն է, արուեստն է, ֆիլմարուեստը, որուն ճամբով վերջին քանի մը օրերուն աւելի քան 1000 աշակերտներ դիտեցին «Դրախտի Դարպասը»: Ան աւելցուց, որ բեմադրիչին երեք ժապաւէններուն առանցքն ալ արցախեան տագնապն է, արցախցի ժողովուրդը եւ անոր ապրած կեանքն ու դժուարութիւնները:
Քէշիշեան բարձր գնահատեց Աւետիսեանի տարած աշխատանքը՝ հայկականը միջազգային մակարդակի բարձրացնելու անոր մնայուն ճիգը եւ արձանագրած յաջողութիւնները:
Ապա խօսք առաւ Ջիւան Աւետիսեան, որ ըսաւ, թէ գիշեր-ցերեկ կ՛աշխատին, յատկապէս՝ վերջին երկու տարիներուն, որպէսզի պատերազմը արուեստի ճամբով հասանելի դարձնեն հանրութեան: Ան դիտել տուաւ, որ թէեւ ժապաւէնը քաղաքական որոշումներ տալու առումով կրնայ ազդեցիկ ու դերակատար չըլլալ, սակայն անիկա 150 հազար հաշուող ժողովուրդին եւ համայն հայութեան անունով պատգամ է համայն աշխարհին, ամբողջ մարդկութեան՝ անոնց ուշադրութիւնը հրաւիրելու հայութեան դատին եւ արցախցիին իրաւունքներուն:
Գիւմրի ծնած, Ստեփանակերտ ապրած բեմադրիչը վճռական է շարունակելու երթը եւ հանրութեան դատին յանձնելու Արցախի տագնապին նուիրուած նոր ժապաւէններ: «Պիտի շարունակենք խօսիլ ու տագնապիլ, նկարել, բեմադրել եւ օտար հանդիսատեսին համար արցախցիին մղձաւանջին ու գոյապայքարին հայելին ըլլալ», հաստատեց Ջիւան Աւետիսեան «Յակոբ Տէր Մելքոնեան»ը լեցուցած լիբանանահայ հանդիսատեսներուն՝ աւելցնելով, որ յաջորդ ժապաւէնին մէջ պիտի ցոլայ արցախեան վերջին՝ 44օրեայ պատերազմը: Իր խօսքը եզրափակելով՝ ան յայտնեց, որ պատերազմը երբեք չէ աւարտած, այդ իրականութիւնն ալ իւրաքանչիւր հայու ուսերուն պարտք կը դնէ չյուսահատելու, զգաստ ըլլալու, արձանագրուած սխալներէն դասեր քաղելու, որպէսզի կարելի ըլլայ ճիշդ ուղին գտնել ու անկէ քալել՝ ի սէր արցախեան հողին համար նահատակուած հազարաւոր տղոց ու նուիրեալ հերոսներուն:
Ձեռնարկի աւարտին, Նարէ Գալեմքերեան ՋԱՀի կողմէ յուշանուէր մը յանձնեց Ջիւան Աւետիսեանին:
Ժապաւէն մը՝ մէկուկէս ժամ, սակայն ամբողջ պատմութիւն մը, կեանքեր, դէպքեր, դէմքեր, բայց հաստատ մէկ հիմնական նպատակ՝ Արցախի հայկական ըլլալու իրողութեան հաստատում եւ զայն իբրեւ հայկական պահելու իրաւունքի շեշտադրում:
Ողջունելի են Ջիւան Աւետիսեանին վճռակամութիւնը եւ հաւատքը, որոնք փոխանցիկ են եւ ամրապնդող:
asbarez.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: