Ո՞վ է նա. Արա Գյուլեր

Արա Գյուլերը աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է
Աշխարհը հայազգի երեք մեծ լուսանկարիչների է ճանաչում՝ Յուսուֆ Քարշ, Իդա Կառ, Արա Գյուլեր: Նրանցից միայն միայն մեկը՝ Արա գյուլերն է, որ լուսանկարել է Հայաստանը։
Արա Գյուլերը աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում, հայկական ընտանիքում։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան» մականուններով։

Նա արմատներով Շապին-Գարահիսարից է: Հայրը` 1896 թվականին ծնված Տաճատ Գյուլերը, վեց տարեկանում գնացել է Ստամբուլ` կրթություն ստանալու Օրթագյուղի (Ստամբուլի Օրթաքյոյ թաղամաս) Թարգմանչաց դպրոցում: Սովորելուն զուգահեռ երգել է Կոմիտասի հիմնած «Գուսան» երգչախմբում: Տաճատի ընտանիքի ազգանունը Տերտերյան է եղել, սակայն 1934-ին՝ Թուրքիայում ազգանունների թուրքացման մասին օրենքի ընդունումից հետո, նրանք վերցրել են Գյուլեր ազգանունը: 1915 թվականին, երբ Տաճատը 19 տարեկան էր, Շապին-Գարահիսարում մնացած նրա ողջ ընտանիքը Հայոց ցեղասպանության զոհ է դառնում:
«Հորս կողմից մեկը չկա, ամենը կերթան, կսպանեն, կսպանեն, հասկանո՞ւմ ես»,- ասում է Գյուլերը:
Տաճատը շարունակում է կյանքը Ստամբուլում՝ դեղագործություն է սովորում եւ բացում իր սեփական դեղատունը:
Արայի մայրը` 1903 թվականին ծնված տիկին Վերժինը, եգիպտահայ մեծահարուստ Շահյան ընտանիքի դուստրն էր: Վերժինի հայրն Ստամբուլում ունեցել է նավերի վերանորոգման արտադրամաս: Նրանք ձմեռները Եգիպտոսում էին անցկացնում, ամառները՝ Պոլսում, որտեղ էլ Վերժինը հանդիպել է Արայի հորը՝ Տաճատին: Արան Վերժինի եւ Տաճատի միակ զավակն է: Նրա խնամքով զբաղվել է Աղավնի անունով դայակը:
«Հայրս մի օր ասաց. «Տղա ջան, ամբողջ աշխարհը պտտեցար, բայց մեր գյուղը չեկար»: Որոշեցինք գյուղ գնալ, ամբողջ տեղը պտտվեցինք, հայրս իրենց տունը փնտրեց, բայց չգտավ, որովհետեւ քանդել էին: Հետո գերեզմանատուն գնացինք, այնտեղ էլ էին քանդել»,- պատմում է Արա Գյուլերը:
Գյուղից վերադառնալիս Արայի հայրը հիշում է, որ մոռացել է ամենակարեւորը ` գյուղում աճող պտուղները: «Երկու հարյուր կիլոմետր անցել էինք, եթե հետ գնայինք, օրը կավարտվեր: Դրա համար ասացի` մի անգամ էլ հետո կգանք, կառնենք: Վերադարձանք Պոլիս»,- հիշում է լուսանկարիչը:

Արա Գյուլերը դայակի` Աղավնիի հետ
Ամիսներ անց Տաճատ Գյուլերը հիվանդանում է եւ սրտի կաթվածից մահանում: Հուղարկավորությունից մի քանի ժամ առաջ դուռը թակում են: Շեմքին կանգնած երկու մարդ ասում են, որ Տաճատ Գյուլերին են փնտրում. «Ասացի՝ մեռել է, թաղմանն ենք գնում, դուք էլ եկեք: Մեկ էլ ասացին, որ Շապին-Գարահիսարից են, բան են բերել Տաճատի համար: Ի՞նչ պիտի լիներ` պտուղներն էին, գյուղի պտուղներն էին բերել արկղով: Պտուղները տոպրակների մեջ լցրեցի, գերեզմանատուն գնացինք: Արարողությունն ավարտելուց հետո վարդապետին պատմեցի, վարդապետն ասաց`պտուղները դրեք իր հետ: Պապաս իր գյուղի պտուղների հետ գնաց»:
Արա Գյուլերը սովորել է Պոլսի հայկական Մխիթարյան դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել Կեդրոնական վարժարանում: Այնտեղ ուսանելու տարիներին սկսել է հաճախել Մուհսին Էրթուղրուլի թատերական խմբակ. «Հայրս թատերական ու կինոաշխարհի բոլոր մարդկանց հետ ընկեր էր, թատրոնի մեջ եմ մեծացել: Սցենարիստ էի ուզում դառնալ: Եթե լինեի, հիմա այդպես էլ պիտի մնայի, բայց աշխարհի ամենահեղինակավոր լրագրողներից մեկը դարձա»,- գոհունակությամբ ասում է Գյուլերը: Նա չի սիրել կյանքը միակողմանիորեն, սուբյեկտիվորեն ներկայացնող արվեստները: «Ամբողջ աշխարհում արվեստները սուտ կխոսեն. սուտ է արվեստը: Լուսանկարն է ճիշտը. այն արվեստ չէ, այլ պատմություն»:

Վարժարանն ավարտելուց հետո հոր կամքով ընդունվում է Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության բաժին: «Հայրս մեծ դեղատուն ուներ՝ 15 հոգի մոտը կաշխատեին, կուզեր, որ իր համար աշխատեի»,- բացատրում է նա:
Ուսանողական տարիներին Գյուլերը տարվում է լուսանկարչությամբ: 1950 թվականից սկսում է աշխատել թուրքական «Յենի Իսթանբուլ» ամսագրի համար: 1958-ին, երբ ամերիկյան «Time-Life» հեղինակավոր հանդեսը մասնաճյուղ է բացում Թուրքիայում, Արա Գյուլերը դառնում է դրա առաջին թղթակիցը Մերձավոր Արեւելքում` միաժամանակ աշխատելով «Paris Match» եւ «Der Stern» ամսագրերի համար: 1953-ից նա միացել էր Փարիզի «Մագնում» ֆոտոգործակալությանը: 1961-ին բրիտանական Լուսանկարիչների ամենամյա անթոլոգիան նրան հռչակեց տարվա լավագույն յոթ լուսանկարիչներից մեկը, նույն տարում դարձավ Լուսանկարիչների ամերիկյան ընկերության անդամ:
Նա շրջագայել ու աշխատել է աշխարհի բոլոր մայրցամաքներում: Որպես լրագրող լուսանկարել է Մինդանաոյի եւ Էրիթրեայի պատերազմները: Բազմիցս եղել է նաեւ Հայաստանում. «Սովետի ժամանակ էլ եմ եղել: Ես ժուռնալիստ եմ, ինձ ուր կուղարկեն, կերթամ ես: Հայաստանում ամբողջ եկեղեցիները նկարեցի, շատ կարեւոր է դա»:


Գյուլերը երկու անգամ Արարատի գագաթն է բարձրացել ու չորս պատերազմ լուսանկարել:


Աշխարհում շատերն առաջին անգամ Գյուլերի օբյեկտիվի միջոցով են տեսել, թե ինչպիսին են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը կամ Յասեր Արաֆաթը: ««Թայմի» մեջ Արաֆաթի առաջին պատկերն իմն է,- ասում է Գյուլերը,- ես բոլորի հետ ընկերանում էի, հետո նոր ռեպորտաժ էի անում: Եթե ուզեմ Ձեզ հետ ռեպորտաժ անել, չեմ ասի, բայց նախ կընկերանամ»: Նա նկարել է Պիկասոյին ու Դալիին, Ինդիրա Գանդիին ու Մարկ Շագալին, Ալֆրեդ Հիչքոքին ու Արամ Խաչատրյանին: Արա Գյուլերի լուսանկարչության գոհարը, սակայն, ստամբուլյան պատկերներն են: Պատահական չէ, որ տարածաշրջանի լուսանկարչության կնքահորն անվանում են «Ստամբուլի աչք»:


Պաբլո Պիկասո

Սալվադոր Դալի

Ալֆրեդ Հիչքոք

Սոֆի Լորեն

Վիլյամ Սարոյան

«Շատ լուսանկարիչներ տեսարանն են վերարտադրում, բայց պետք է շարժումը ցույց տալ, նրանց ապրելն է պետք»,- ասում է լուսանկարիչը:

Արա Գյուլերի լուսանկարչության առանցքում մարդն է ու նրա գործը: Սա հատկապես ցայտուն է նրա ստամբուլյան լուսանկարներում, որոնք պատկերում են Բոսֆորի ափերին ձգվող բազմազգ քաղաքի մարդկանց ամենօրյա կյանքը: Նա իր խցիկի միջոցով ցանկացել է ստանալ «Ստամբուլի իրական պատկերը»:

2013 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի կապակցությամբ լուսանկարիչը ժամանել է Երևան։ Նա Ստամբուլից բերել էր ավելի քան 130 լուսանկար, որոնք արվել էին տարբեր ժամանակներում` աշխարհի տարբեր անկյուններում:

«Ստամբուլի աչքը» մարդկությանը թողել է լուսանկարների երկու միլիոնանոց ժառանգություն, ասել է թե` երկու միլիոն մարդկային պատմություն՝ պատսպարված հայրական տան վերնահարկում:
Ստամբուլի Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում բացվել է Արա Գյուլերի թանգարանը, որտեղ ներկայացված են արվեստագետի արխիվային լուսանկարները, պատմվածքները, նոթերը, տեսանյութերը, նկարները, անձնական իրերը, գրքերը, լուսանկարչական սարքերը:
Պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը մահկանացուն կնքել է 90 տարեկանում՝ Ստամբուլում:

Կազմեց՝ Շաղիկ Թորոսյանը
Նմանատիպ Լուրեր

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:

Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1838 թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերադավան օրիորդ, 19-ամյա Էմիլիե Լոոզեի հետ։ Գոյություն ունեցող կարգի համաձայն՝ Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնական «Դաշն» պայմանագիր: Պսակադրությունը տեղի է ունենում Թիֆլիսի հայկական եկեղեցում 1839 թ.:

Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից

Մի քարի պատմութիւն
Գրիգոր Բ. թագաւորի քարէ դագաղը

Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Անհնար է հասկնալ Տոսթոյեւսքիի հերոսները, քանի դեռ չենք յիշած, որ անոնք ռուսեր են. անոնք անդամ են ազգի մը, որ հազարաւոր տարիներ շարունակուող բարբարոսական անգիտակիցութենէն յառաջդիմած է դէպի եւրոպական քաղաքակրթութիւն:

Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Չարենցը, որ ավանդաբար համարվում է հայ նորագույն գրականության հիմնադիրը, այդ տիտղոսը չէր ունենա, եթե իրենից առաջ Տերյանն արդեն հայ գրականություն չբերեր այն բոլոր փոփոխությունները, որոնք իր օրերում արել էր Խաչատուր Աբովյանը։