Օրենքի քննարկման ժամանակ գայիք. Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը
Վարման կարգով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսքի հնարավորություն խնդրեց և նշեց, որ անհնար է մերժել Զինված ուժերի բարեփոխումների, կամավորության սկզբունքով երկարատև ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն:
«Բայց պետք է արձանագրել, որ հիմնավորումներում նշված, թե՝ «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել է 2017 թվականին, տապալվել է 4 տարիների ընթացքում՝ այս իշխանության օրոք»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հետաքրքրվեց, թե այն ի՞նչ կապ ունի սյա վարման կարգի հետ: «Օրենքի քննարկման ժամանակ գայիք, ասեմ ավելին՝ հանձնաժողովի քննարկման ժամանակ գայիք»,- շեշտեց Սիմոնյանը։
Գեղամ Մանուկյանն էլ նշեց, որ վարման կարգով ձայն է խնդրել՝ մեկնաբանելու իրենց ձեռնպահ քվեարկելը, սակայն Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Մանուկյանի խոսափողը։
Նշենք, որ օրինագծով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար Կառավարությունն առաջարկում է սահմանել հավելավճար:
Նախաձեռնության համաձայն՝ հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր:
Զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվողները կատեստավորվեն պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը:
Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից:
armtimes.com