Հայերն Իրանում

Իրանն աշխարհի հնագույն պետություններից է, որի 2500-ամյակը տոնվել է 1971 թ-ին: Դա Աքեմենյան տերության տարեդարձն էր, որի կազմի մեջ էր մտնում այն ժամանակ նաև Հայաստանը:
Իրանը նաև հնագույն մշակույթ ունեցող երկիր է, փիլիսոփայական մտքի հուշարձանը «Ավեստան» է, որտեղ արտացոլված են նաև հնդ-իրանական ցեղերի տիեզերագիտական պատկերացումները: Իրանը փիլիսոփաներ Ավիցեննայի (Աբու Ալի իբն-Սինա), Սուհրավերդիի, պոետներ Ֆիրդուսու («Շահնամե»), Օմար Խայամի, Նիզամի Գյանջևիի, Սաադիի, Հաֆեզի, Ռուդաքիի և այլ հայտնի մարդկանց հայրենիքն է:
Հայերն Իրանում
Պարսկաստանի հետ հայերի տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերը հատկապես սերտացել են Պարթև Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում (II–III դարեր): Հայկական առաջին գաղթավայրերն այստեղ կազմավորվել են 360–370-ական թվականներին, երբ Սասանյան Շապուհ II թագավորը հազարավոր հայերի բռնությամբ գաղթեցրել է Իրան (Խուզիստան և այլուր): Այդ բռնագաղթը շարունակվել է նաև հետագայում. հիշատակելի է առանձնապես 1604–05 թթ-ի բռնագաղթը՝ «մեծ սուրգունը», երբ շահ Աբբաս I-ը Իրան բռնագաղթեցրեց շուրջ 300 հզ. հայ՝ նրանց բնակեցնելով հատկապես մայրաքաղաք Սպահանի շրջակայքում, որտեղ նրանք հիմնեցին Նոր Ջուղա քաղաքը՝ ի հիշատակ իրենց հայրենի Ջուղայի (այժմյան Նախիջևանի տարածքում): Հայերն այստեղ զբաղվել են գինեգործությամբ, հյուսնությամբ, ոսկերչությամբ, ակնագործությամբ. արքունական հռչակավոր ոսկեգործ վարպետներից էին Թադևոս Առաքելյանը, Ստեփան Եդիգարյանը, Առաքելը, Ծերունը և ուրիշներ, շատերը մասնակցել են երկրի ներքին և արտաքին առևտրին. ազդեցիկ ուժ են եղել Սաֆրազյան, Շահրիմանյան, Վելիջանյան, Խաղդարյան, Նազարբեկյանց, Թումանյան, Շահգելդյանց առևտրական տները: Իրանահայերն անժխտելի դեր ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքում. նշանավոր դեմքերից են Միրզա Մելքում խանը, Ենիկոլոպյանները, Դավիթ խան Դավթյանը և ուրիշներ: Իրանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում է ծնվել մեծանուն գրող Րաֆֆին:
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո, Թուրքմենչայի պայմանագրի 15-րդ կետի (մտցվել էր ռուս գրող- դիվանագետ Ա.Ս. Գրիբոյեդովի առաջարկությամբ) համաձայն, 1828–30 թթ-ին Իրանից շուրջ 45 հզ. հայ վերադարձել է Երևանի և Նախիջևանի նահանգներ: 1946–47 թթ-ին և հետագայում իրանահայերի հայրենադարձությունը շարունակվում էր, բայց Իրանի հայ համայնքը ցայսօր գոյատևում է և ներկայումս Մերձավոր ու Միջին Արևելքի ամենախոշոր (շուրջ 80 հզ.) հայ համայնքներից է: Հայերը բնակվում են հիմնականում Թեհրանում, Սպահանում, Թավրիզում, Ուրմիայում, Ահվազում, Սալմաստում, Ղազվինում, Ռեշտում և այլուր: Հայաստանյայց առաքելական եկեղեցին Իրանում ներկայումս ունի 3 թեմ՝ Ատրպատականի, Թեհրանի և Սպահանի: Գործում են հայ առաքելական, կաթոլիկ ու ավետարանական եկեղեցիներ, որոնցից 8-ը` միայն Թեհրանում:
Դեռևս XVII դարի 30-ական թվականներին Խաչատուր Կեսարացու նախաձեռնությամբ Նոր Ջուղայում բացվել է հայկական բարձրագույն դպրոց, որը կոչվել է նաև համալսարան կամ ճեմարան: Իրանահայ համայնքում բոլոր եկեղեցիներին կից գործել են դպրոցներ, իսկ առաջին աշխարհիկ դպրոցները բացվել են XIX դարի կեսերին (1833 թ-ին՝ Նոր Ջուղայում, 1835 թ-ին՝ Թավրիզում, 1870 թ-ին՝ Թեհրանում): Առավել հայտնի են Նոր Ջուղայի Ազգային կենտրոնական (1883թ.), Թավրիզի Արամյան (1851թ.), Հայկազյան-Թամարյան (1875թ.), Թեհրանի Հայկազյան (1870թ.) դպրոցները: Ներկայումս երկրում գործում են ավելի քան 25 ազգային դպրոցներ և մանկապարտեզներ: Կան նաև 30-ից ավելի հայկական կազմակերպություններ, որոնց գործունեության գլխավոր նպատակը հայապահպանությունն է: Իրանում առաջին հայերեն պարբերականը՝ «Շավիղը», 1894թ-ին Թեհրանում հիմնադրել և առաջին խմբագիրն է եղել հայտնի թարգմանիչ Հովհաննես խան Մասեհյանը: Մինչև օրս հրատարակվել են ավելի քան 80 անուն հայերեն պարբերականներ:
Թեհրանի և Սպահանի համալսարաններում կան հայագիտական ամբիոններ:
Իրանահայերը որոշակի ավանդ են ներդրել ոչ միայն հայ ազգային, այլև իրանական մշակույթի տարբեր ոլորտների՝ գրականության, թատրոնի, կինոարվեստի, պարարվեստի, կերպարվեստի, ճարտարապետության զարգացման գործում: 1920-ական թվականներին Ե. Ավետիսյանը Թավրիզում ստեղծել է Իրանի բալետի առաջին ստուդիան, որը 1945 թ-ին փոխադրվել է Թեհրան, վերածվել պարարվեստի դպրոցի: Իրանում կինոգործի սկզբնավորողները եղել են հայ արվեստագետները: 1912 թ-ին Արտաշիր խանը (Պատմագրյան) Թեհրանում բացել է Իրանի առաջին կինոթատրոնը: Առաջին գեղարվեստական ֆիլմը նկարահանել է Ավանես (Հովհաննես) Օհանյանը («Աբին և Ռաբին», 1930 թ.):
Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: