Նոր Ջուղայի (Սպահան) հայոց ազգային դպրոցները

Եթէ ընտանիքի սնուցման ջերմ գիրկը ծնողներն են, ապա հասարակութեան սնուցման, դաստիարակութեան, գործնական կեանքը ապրել ուսուցանող ջերմ գիրկը դպրոցն է:
Ուսման հանդէպ հայ ժողովուրդը միշտ էլ ունեցել է մեծ հաւատք ու նուիրում: Նման աւանդութեամբ էլ օժտուած է եղել Նոր Ջուղան իր հիմնարկման օրերից, 17րդ դարի սկզբից, Իրանի այն օրերի քաղաքամայր Սպահանի հարաւում, Զայանդերուդ գետի աջ ափին: Նոր Ջուղայի ժողովուրդը, որ հիմնականում նախիջևանեան Ջուղայից գաղթեցուած հայութիւնն է եղել, գաղթի տանջալից աղէտի միջից անցնելով, կարողացել է համեմատաբար կարճ ժամանակամիջոցում վերականգնել իր հասարակական կեանքը Նոր Ջուղայում:
15րդ դարից ի վեր Ջուղան յայտնի է դառնում հարաւ արևմտեան Կովկասում որպէս վաճառականական, մշակութային և կրթական կենտրոն: Ջուղայի հայ վաճառականները ազդեցիկ մաս են կազմում Իրանի, Հնդկաստանի, Եւրոպայի և Ռուսաստանի միջև շրջանառուող առևտրի, ոչ միայն մետաքսի տարածման, այլ նաև բազմատեսակ ապրանքների արտահանման ու ներածութեան աշխատանքում: Ձեռներէց վաճառականները եղել են կրթուած, բանիմաց, լեզուներ իմացող գործարարներ, որ նիւթապէս զօրանալով, ուժեղացրել են նաև իրնց հասարակութեանը, ժողովրդին: Պատմական իրականութիւն է, որ հայ վաճառականները մարտավարական ազդեցութիւն են ունեցել բրիտանական և հոլանդական կայսրութիւնների մրցակցութեան պայքարում, հարաւ արևելեան ասիական տարածքներում, ի նպաստ բրիտանական ապերախտ կայսրութեան:
Ջուղայի հայութիւնը հաստատուելով Նոր Ջուղայում հասարակական կեանքի, ապրուստի զարգացած իմացութեամբ կարգաւորել է իր կեանքը, իր ազգային հասարակական կեանքի պայմաններն է հաստատել ու թրծել նոր միջավայրում: Առաջնահերթութեամբ կառուցել է իր վանքը՝ Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքը ու եկեղեցիները, որ ժամանակի ընթացքում թիւը հասել է 24ի. դրանց հետ, ու դրանց մէջ էլ հաստատել է իր դպրոցները: Հայաշխարհի տարածքներում, ի վաղուց անտի, աւանդաբար, վանքերում և եկեղեցիներում են եղել դպրոցները, ուսումնարանները, համալսարանները:
17րդ դարից սկսած հայ հասարակութիւնը Նոր Ջուղայում ըստ իր որակի հասկացողութեան, առաջանում է նոյն աւանդութեամբ: 1620 թուին Նոր Ջուղան արդէն կենտրոնն էր Իրանա-Հնդկաստանի Հայոց Թեմի. օրուայ թեմակալ առաջնորդ Խաչատուր Արքեպիսկոպոս Կեսարացին քննարկում է վանքի դպրոցի ուսումնական ծրագիրը, բարեփոխում, ժամանակի բարձր մակարդակի է հասցնում. ուր ներառում է՝ հայերէն, պարսկերէն, անգլերէն լեզուները, գրականութիւն, բանաստեղծութիւն, երաժտութիւն, թուաբանութիւն ՙհամարողական արուեստ՚, քերականութիւն, փիլիսոփայութիւն , բնական գիտութիւններ, աստուածաբանութիւն և այլն, որոնց պարապումը լինում է հայերէնով: Դպրոցը կոչւում է համալսարան: Այդ համալսարանում են ուսանել յայտնի դէմքեր՝ Յակոբ Դ Ջուղայեցի Կաթողիկոսը, փիլիսոփայ Սիմէօն Ջուղայեցին, Աստուածաշնչի տպագրիչ Ոսկան Երևանցին, Ջուղայի յայտնի առաջնորդներ՝ Դաւիթ և Ստեփանոս եպիսկոպոսները, մեծ գիտնական Յովհաննէս Տիեզերալոյս Վարդապետը և ուրիշներ: 17րդ դարի վանքի դպրոցի յայտնի ուսուցիչներից է Կոստանդ Վարժապետը, նա 1687 թուին կազմել է ՙԲանք ի պէտս վաճառականաց՚ դասագիրքը, ապա բովանդակութիւնը ընդարձակելով կազմել է ՙԱշխարհաժողով՚ դասագիրքը: Ահա նման օրինակները ցոյց են տալիս, որ Ջուղայի և Նոր Ջուղայի յայտնի վաճառականները յաջողել են իրենց ասպարէզում կրթուած, բանիմաց ու զարգացած գործարարներ լինելով:
Նոր Ջուղայի եկեղեցիներում եղած դպրոցները կատարել են նախակրթարանի ապա միջին մակարդակի ուսումնատւութիւնը: Եկեղեցիների դպրոցներում սովորել են տղաները. իսկ աղջիկները սովորել են Կուսանաց Սբ. Կատարինեան Վանքի Դպրոցում, ուր եղել են հայոց եկեղեցու մայրպետներ: Ընդհանրապէս նման կրթական ցանցը շարունակուել է 18րդ և 19րդ դարերում. մինչև 1880 թուականը:
Եկեղեցիներում եղած դպրոցներից յայտնի են՝ Սբ. Ստեփանոս Եկեղեցու, Սբ Աստուածածին Եկեղեցու, և Սբ. Մինաս Եկեղեցու դպրոցները:
Սբ. Ստեփանոս Եկեղեցու Դպրոցը բացւել է 1831 թուին թեմակալ առաջնորդ Կարապետ Եպիսկոպոս Ջուղայեցու ջանքերով, Գրիգոր Սամեանի, ապա Մարգար Սուքիասեանի յատկացրած դրամագլխով: Դպրոցը կոչուել է Ամենափրկչեան Ճեմարան: Ուսուցիչ է եղել յայտնի մտաւորական, գրող Մեսրոպ Թաղիադեանը:
Սբ. Աստուածածին Եկեղեցու Դպրոցը սկսել է 1840 թուից, Յարութիւն Աբգարեանի միջոցով. ընդհանրապէս Աբգարեանց տոհմը բազմաթիւ ուսուցիչներ է տուել Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներին: (Տարրական երկրորդ դասարանում ես աշակերտել եմ ուսուցիչ Պր. Տիգրան Աբգարեանցին, որ այդ տոհմի վերջին ուսուցիչը եղաւ. նա պատմաբանասիրական աշխատութիւններ է հրատարակել Նոր Ջուղայի մասին):
Սբ. Մինաս Եկեղեցու Դպրոցը բացուել է 1853 թուին, ջաւայաբնակ նորջուղայեցի, երկու քոյրեր, Տիկին Մարիամ Յարութիւնեանի և Տիկին Թագուհի Մանուկեանի նուիրած դրամագլխով:
Ժողովրդի թուի բարձրացման և կարիքների ընդարձակման ու արդիականացման բերումով կրթական եղած ցանցը սկսում է արդէն անբաւարար դառնալ: 1880 թուին թեմակալ առաջնորդ Գրիգորիս Արքեպիսկոպոս Յովհաննիսեանի գլխաւորութեամբ և մասնակցութեամբ Նոր Ջուղայի, Հնդկաստանի և Ջաւայի նորջուղայեցի ազգայինների նիւթական նպաստների գումարով հիմնադրւում է Նոր Ջուղայի Հայոց Ազգային Կենտրոնական Դպրոցը: Դպրոցի կառուցման դեղնապղնձեայ յուշասալի վրայ հայերէն և անգլերէն գրուած է.
ՙՅամի տեառն 1843 Հայկեան Հայրենասիրական Ուսումնարան Նոր Ջուղայ կառուցաւ արդեամբք հանգ[անակաւ] Յարութիւն և Գրիգոր Աբգարեանց, որք ի Կալկաթա երկուցոնց որդւոյ հանգուցեալ Աբգարի Աղազարեայ Սեթեանց և Սանդխտոյ ամուսնոյն իւր, որք ի Ջուղա, և արդեամբ հանգ[անակաւ] Աղա Յովհանջանի Էլիզեան, որ ի Կալկաթա, ի յիշատակ իւրեանց, ապա պայմանաւ իւիք միացեալ ընդ Ազգային Կենտրոնական Ուսումնարանին հաստատելոյ աստ ի Ջուղա յամի տեառն 1880՚:
Դպրոցի ընդարձակ շէնքի կառուցումը մասամբ աւարտւում է 1883ին, ժողովրդական մեծ հանդիսութեամբ կատարւում է բացումը. շէնքը լիակատար աւարտւում է 1893 թուին: Այս դպրոցում համախմբւում են բոլոր եկեղեցիների դպրոցների աշակերտութիւնը: Այնուհետև եղել են նորանոր կառոյցների աւելումներ:
Կուսանաց Սբ. Կատարինեան Վանքի Դպրոցը ևս նոր կարիքների բերումով ընդարձակւում է. 1858 թուին նորջուղայեցի ջաւայաբնակ Մանուկ Յորդանանեանի դրամական նուիրատւութեամբ: Նոյն բարերարի նուիրատւութիւններով դպրոցը հերթաբար ընդարձակւում է: 1899 թուին աղջիկների համար այլևս առանձին դպրոցական շէնք ունենալը դառնում է անհրաժեշտութիւն: Ժամանակի թեմակալ առաջնորդ Մաղաքիա Եպիսկոպոս Տերունեանը կրօնկան խորհրդի հետ ձեռնամուխ են լինում հանգանակութեան՝ Նոր Ջուղայում, Հնդկաստանում և Ջաւայում, հաւաքում են չորս հազար թուման, որով 1900 թուին հիմնարկում են Սբ Կատարինեան Օրիորդաց Դպրոցը:
1901 թուին կառուցւում է Գէորգ Քանանեան Ազգային Դպրոցը, բարերարութեամբ Տիկին Վարվառէ Քանանեանի, ի յիշատակ ամուսնու՝ Մոսկուայի Լազարեան Ճեմարանի ժամանակի տնօրէն Գէորգ Լազարեանի: Կառուցումը աւարտւում է 1905 թուին: Տարիներ՝ առաջին յարկի դասարանները օգտագործուել են որպէս մանկապարտէզ: 1975 թուին մանկապարտէզը փոխադրւում է Քիշմիշի այգում կառուցուած շէնքը, ապա 1977 թուին տեղափոխւում է Տէր Մեսրոպենց տունը, որ մեծ ու յարմարաւէտ շէնք է այդ նպատակի համար: Կոչւում է Գէորգ Քանանեան Ազգային Մանկապարտէզ:
Կենտրոնական դպրոցի տարածքներում 1970ական և 1980ական թուականներում կառոյցների աւելումներ են եղել ըստ կարիքի, ուր տեղաւորուել է Արմէն նախակրթարանը:
Հիմնական յիշեալ երեք դպրոցները տարիների ընթացքում, ըստ կարիքի ու նպատակաբաշխման, օգտագործուել են՝ որպէս տղաների, աղջիկների կամ երկսեռ աշակերտութեան համար: 1907-20 թուականներում կենտրոնական դպրոցի երկրորդ յարկը օգտագործուել է որպէս հոգևոր գիշերօթիկ դպրոց: 1950-60ական թուականներում Քանանեան դպրոցի երկրորդ յարկը օգտագործուել է որպէս տղաների որբանոց:
Նոր Ջուղայի հայոց դպրոցները սկզբից պատկանել են Նոր Ջուղայի վանքին, ապա թեմին, ապա ազգային համայնական, կամ կրօնական, ապա թեմական խորհրդին: 1935 թուին Ռեզա Շահ Փահլաւի Թագաւորը, պետականացրեց Իրանի հայոց բոլոր դպրոցները, երբ պետական այցով հանդիպեց Թուրքիայի Նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, պետական հրաւէրով այցելելով Թուրքիա: Յայտնի է, որ նա այդ արեց Աթաթուրքի խորհրդով, ճզմելու համար իրանահայութեան զարգացումը: Հայոց դպրոցների պետականացումով, որ տևեց մինչև 1955 թիւը, իսկապէս իրանահայութիւնը տուժեց կրթական, գիտական, տնտեսական և հասարակական առումով: Մանաւանդ Նոր Ջուղան ինքնամփոփուեց այն խորթ մթնոլորտում, ուր դպրոցի բոլոր աշակերտութիւնը հայ էր, բայց տնօրինութիւնը և ուսուցչական կազմը պարսիկ էր, դասատւութիւնը պարսկերէն: Շաբաթական 2-3 ժամ յատկացուած էր կրօնի, որ մասնաժամեայ մէկ-երկու հայ ուսուցիչներ պարապում էին՝ հիմնականում հայոց լեզու, ընթերցանութիւն միայն, պատահական մի քիչ քերականութիւն, ըստ ընթերցանութեան նիւթից առաջացած կարիքի: 1950-60ական թուականներում հայ աշակերտութիւնը դպրոցներում հայերէն թելադրութիւն կամ շարադրութիւն չէին գրում, հայոց պատմութիւն չէին պարապում: 1930-60ական թուականները Նոր Ջուղայի հայոց դպրոցներից հայ մտաւորական գրող են դարձել միայն մի տասնեակ: Դա ցուցանիշ է հայ հասարակութեան կրած կրթական, մտաւորական զարգացման կորուստի ու վնասի:
1952-5 թուերին Նոր Ջուղայի Հայոց Դպրոցների Հոգաբարձութիւնը, որ մանկապարտէզից բացի ոչ մի դպրոց չունէր իր տնօրինութեան ներքոյ, կազմակերպեց երեկոյեան հայերէնի դասընթացներ: Ժամանակի միջնակարգ դպրոցների հայ աշակերտութեան մի մեծ մասը մասնակցեց այդ դասընթացներին, Քանանեան Դպրոցի երկրորդ յարկում, գոհացուցիչ արդիւնքով:
Գ.Դավթյան
1in.am
Նմանատիպ Լուրեր





