Ակնարկ՝ Իրանի հայկական գաղթօջախների պատմության (Մաս 1)

Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը Իրանի հայկական գաղթօջախների վերաբերյալ պատմական ակնարկների շարք է պատրաստել:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը Իրանի հայկական գաղթօջախների վերաբերյալ պատմական ակնարկների շարք է պատրաստել:
Իրանում հայ բնակչություն է հաստատվել հնագույն ժամանակներից, սակայն հայերի թիվը զգալիորեն ավելանում է 1604-1605թթ. Շահ Աբբասի կազմակերպած մեծ գաղթի հետևանքով: Պարսկական շահն ավելի քան 300 հազար բնակիչների Հայաստանից տեղափոխում է Պարսկաստան: Նա ձգտում էր հայ արհեստավորների ու վաճառականների միջոցով շենացնել իր երկիրը: Գաղթականները բնակեցվում են մայրաքաղաք Սպահանի շրջակայքում, որտեղ նրանք հիմնում են Նոր Ջուղա քաղաքը:
Իրանահայերը ստանում են մի շարք արտոնություններ. Գաղութն ուներ ինքնավարություն, որը տնօրինում էր քաղաքագլուխը: Դատական գործերը վարում էր քաղաքագլխի տեղակալը: Հայերն օգտվում էին դավանանքի ազատությունից, կառուցում եկեղեցիներ ու վանքեր:
Ստեղծված բարենպաստ պայմաններից օգտվելով՝ Ջուղայի վաճառականներն աստիճանաբար սկսում են լայն գործունեություն ծավալել: Նրանք իրենց ձեռքն են վերցնում մետաքսի հումքի արտահանումը և հանդես գալիս որպես Իրանի և Եվրոպայի միջև կատարվող առևտրի միջնորդներ: Միջերկրական ծովով նրանք կապվում էին Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իսպանիայի և Իտալիայի առևտրական քաղաքների հետ:
Ջուղայի վաճառականները ստեղծում են իրենց առևտրական ընկերությունները, որոնք առևտրական պայմանագրեր են կնքում անգամ օտար պետությունների հետ: Ջուղայի «Հայ առևտրական ընկերությունը» 1667թ. պայմանագիր է կնքում Ռուսաստանի հետ: Դրանով հայկական ընկերությունն ազատ առևտրի իրավունք է ստանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ եվրոպական երկրների հետ:
Նոր Ջուղայում մինչ օրս էլ պահպանվել են հայկական մշակույթի լավագույն ավանդույթները, ստեղծվել է ինքնատիպ մի մշակույթ, բացվել են դպրոցներ, քաղաքի Ամենափրկիչ վանքում հիմնվել է Մատենադարան, որտեղ կենտրոնացվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ. մեծ զարգացում են ապրել մանրանկարչությունը, որմնանկարչությունը: Նոր Ջուղան դարձել էր իր ժամանակի հայ մշակույթի կարևոր կենտրոն:
aysor.am
Նմանատիպ Լուրեր





