Հայերն Իրանում

Հայ-իրանական առնչություններն իրենց արմատներով գնում են դարերի խորքը: Իրանի հայ բնակչության թիվն ավելացել է հիմնականում բռնագաղթերի հետևանքով: Սելջուկ թուրքերի, իսկ ավելի ուշ` նաև մոնղոլների իրականացրած բռնագաղթերի և գերեվարության հետևանքով Իրանում հայկական նոր գաղութներ են առաջացել:
Դարեր շարունակ հայերն ու պարսիկներն ապրել են կողք կողքի։ Այս երկու հնդեվրոպական ժողովուրդներին շատ ընդհանուր բան է միավորում. նրանք պատկանում են միևնույն՝ արիական ռասային, հայերենն ու պարսկերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզվախմբեր են, ունեցել ենք հին աստվածների նույն անունները՝ օրինակ, Արամազդ և Ահուրամազդա, Անահիտ և Անախիտա, Միհր և Միտրա։
Աննախադեպ է եղել հատկապես Շահ Աբբաս 1-ի (1587-1629թթ.) կազմակերպած զանգվածային բռնագաղթը 1604-1605 թվականների ընթացքում, որի հետևանքով Իրան է բռնագաղթվել 150-200 հազար մարդ, ովքեր հաստատվել են ժամանակի մայրաքաղաք Սպահանում, որտեղ ջուղայեցիները հիմնել են Նոր Ջուղա ավանը: Շահ Աբասը, ինչպես նաև պարսիկ մի քանի տիրակալներ, օգտվում էին տաղանդավոր հայերի ծառայություններից՝ դարձնելով իրենց խորհրդականներ, դեսպաններ, թարգմանիչներ, զինվորականներ։ Հայերի գալով՝ երկրում ավելի է ծաղկում մշակույթը, ակտիվանում առևտուրը, զարգանում են արհեստներն ու արտադրությունը։ Սակայն Շահ Սուլեյմանի, Սուլթան Հուսեյնի ժամանակ հայերի վիճակը վատանում է, և նրանք սկսում են հեռանալ երկրից՝ հիմնականում Հնդկաստան ու Եվրոպա։
Իրանահայերի վիճակը մասամբ բարելավվում է 19-րդ դարում, երբ շահական կառավարությունը զգում է արհեստավորների, առևտրականների մեծ կարիք։ Արգելվում է հայերի բռնի հավատափոխությունը, կանոնակարգվում են հարկերը, վերացվում սահմանափակումները։ Մեծ թվով հայեր են մասնակցել 1979 թ. Իսլամական հեղափոխությանը և Շահի ռեժիմի տապալմանը։ 17 հազար հայ էլ մասնակցել է 1980-88 թթ. իրանա-իրաքյան պատերազմին, որոնցից 260-ը հերոսաբար զոհվել են։ Իրանի սահմանադրությամբ հայերին տրված են ներքին մշակութային և կրոնական ինքնավարության բավականին լայն իրավունքներ։ Հայերը՝ որպես կրոնական փոքրամասնություն, մասնակցում են երկրի կառավարմանը։ Իրանական Մեջլիսը՝ խորհրդարանը, ունի 290 պատգամավոր, որոնցից պարտադիր երկու տեղը պատկանում է հայերին, իսկ մեկական տեղ՝ հրեաներին, զրադաշտականներին և ասորիներին։
19-րդ դարի սկզբին արդեն Իրանում բնակվել է շուրջ 400 հազար հայ: Սակայն 1828 թվականին Ռուսաստանի և Իրանի միջև Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումից և Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Իրանի տիրապետության տակ մնացած շուրջ 45 հազար հայ տեղափոխվել է Երևանի և Նախիջևանի խանություններ:
Ներկայումս` ԻԻՀ Սահմանադրությանը համաձայն, Իրանի հայ համայնքն ունի կրոնական փոքրամասնության կարգավիճակ, որին շնորհվել է ներքին մշակութային, համայնքային և կրոնական ինքնավարություն: Իրանի տարածքում բազմաթիվ են հայկական պատմամշակութային հուշարձանները։ Սպահանում կա երկու տասնյակ եկեղեցի, որոնցից 13-ը գործող են։ Թեհրանում կա 8 գործող եկեղեցի։ Իրանի կառավարությունը հատուկ քաղաքականություն է որդեգրել հայկական մշակույթի պահպանման գործում։ Վերականգնվում, բարեկարգվում և պետական պաշտպանության տակ են առնվում հայկական եկեղեցիները, հայ գրողները գրքեր են տպագրում պետական աջակցությամբ։ Երկրում կա շուրջ 45 հայկական դպրոց, որոնցից ավելի քան 15-ը Թեհրանում է։ Ներկայումս իրանահայերի թիվը քրիստոնյա-առաքելական 560.000 մարդ է, (չհաշված պարսկացած հինգ միլիոն հայերը), որոնք ապրում են Սպահանում, Թեհրանում, Թավրիզում, Խոյում, Ուրմիայում և այլ վայրերում։
Իրանում հայկական առաջին հասարակական–քաղաքական կազմակերպություններն ու միությունները ձևավորվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Գործում են բազմաթիվ մշակութային, մարզական ընկերություններ, գրադարաններ, որոնք զբաղվում են հայապահպանության և մատաղ սերնդի դաստիարակության գործով։ Ամենամեծը Թեհրանում գտնվող «Արարատ» մշակութային կենտրոնն է։ Հայկական հրատարակչությունները տպագրում են բազմաթիվ գրքեր, ամսագրեր, թերթեր։
Գործում է մի քանի տասնյակ հայկական դպրոց: Իրանահայերի հիմնական մասը արհեստավորներ են ու առևտրականներ, կան բժիշկներ, իրավաբաններ, ինժեներներ, ճարտարապետներ:
Դիանա Նազարյան
Նմանատիպ Լուրեր





