ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի համար վստահելին Հայաստանով անցնող ճանապարհն է, Ադրբեջանը հենց մի քայլ էլ առաջանա՝ Իրանը կարող է գնալ ռազմական բախման. իրանագետ

Civic.am-ը հայ-իրանա-ադրբեջանական հարաբերությունների շուրջ զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ։

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ մի քանի ուղղություններով հարձակում իրականացնելուց հետո Իրանի պաշտոնյաները հանդես եկան Ադրբեջանի դեմ կոշտ հայտարարություններով։ Մասնավորապես՝ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավարն ասել է. «Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի»։ Իսկ Սամարղանդում Շանհայի Համագործակցության Կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է.
«Միջազգային, պատմական և տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն անթույլատրելի է Իրանի համար»:

Civic.am-ը հայ-իրանա-ադրբեջանական հարաբերությունների շուրջ զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ։

- Տիկին Բեգիջանյան, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները հուշո՞ւմ են, որ Իրանը պատրաստ է զինված բախումներ սկսել Ադրբեջանի դեմ, եթե Ադրբեջանը շարունակի հայ-ադրբեջանական սահմանին բախումները։ 

- Այո, տարածաշրջանում, նույնիսկ աշխարհում միակ երկիրը, որի հետ Հայաստանի ազգային անվտանգության շահերը համընկնում են, Իրանն է, և ուզենք, թե ոչ Իրանի հետ պետք է համագործակցենք։ Սակայն Իրանը, կրոնական տեսանկյունից ելնելով, 30 տարի հակված է եղել ավելի շատ համագործակցել Ադրբեջանի հետ, և արդյունքում կանգնեցին փաստի առաջ։ Սամարղանդում Շանհայի Համագործակցության Կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, երբ Էրդողանը կարևորեց «Զանգեզուրի միջանցքը» միջազգային առևտրի տեսանկյունից, Իրանը պատասխանեց, որ դա անընդունելի է, այնուհետև այդ գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպման ժամանակ էլ Իրանի նախագահը կրկին շեշտեց դա։  Շատ կարևոր է նաև Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավարի կողմից արված այդ հայտարարությունը։ Բոլոր այս հայտարարությունները խոսում են այն մասին, որ այսօր իրանա-ադրբեջանական սահմաններին կանգնած են իրանական զորքեր՝ դրանք լուրջ մեսիջներ են Թուրքիային և Ադրբեջանին, այսինքն՝ չփորձեք միջանցք բացել։ 

Ադրբեջանը Թուրքիայի կցորդն է, ես Ադրբեջանին չեմ համարում անկախ պետություն, և Իրանն էլ դա շատ լավ գիտի, դրա համար այդ հարցով հենց Էրդողանին են դիմում։ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը դեպի Նախիջևան միջանցք բացելն է, իսկ եթե հարձակվում են Հայաստանի այլ ուղղություններով՝ դա ճնշում գործադրելու և մեր իշխանություններին պարտադրելու համար է արվում, որպեսզի Հայաստանը գնա միջանցք բացելուն։ Այդ չարաբաստիկ միջանցքը լուրջ հարված է Իրանի աշխարհաքաղաքական դիրքին, իսկ Հայաստանին դուրս կթողնի միջազգային սուբյեկտ լինելուց։

- Դուք նշեցիք, որ Իրանը, ելնելով կրոնական տեսանկյունից, 30 տարի հարաբերությունները զարգացնում էր Ադրբեջանի հետ, սակայն Հայաստանի հետ ևս տնտեսական զարգացումներ են գրանցվել, օրինակ՝ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրագծի շահագործման ուղղությամբ, ինչպես նաև ակտիվ ընթանում է Իրանի հետ ապրանքաշրջանառությունը, առևտուրը։   

- Փոխհարաբերությունների տնտեսական ծավալը Ադրբեջանի հետ մեծ է Հայաստանի համեմատ։ Հայաստանի հետ ներկա ներուժի 1/10-ն էլ չէ, իսկ Ադրբեջանի հետ՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային ճանապարհ՝ միջանցք, որն անցնում է Ադրբեջանով՝ շրջանցելով Հայաստանը, երկաթգիծ Ադրբեջանում, տրակտոր արտադրելու համար ներդրումներ է կատարել Իրանը,  մինչև 44-օրյա պատերազմն էլ խոսել է «գրավյալ» տարածքների մասին, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին և այլն։  

Հյուսիս-Հարավ տրանսպորտային ճանապարհով բեռները Իրանի հարավից, Հնդկական օվկիանոսից՝ Ադրբեջանով դեպի Ռուսաստան, դեպի Եվրոպա դուրս կգան։ 20 տարի է՝ այդ պայմանագիրը ստորագրվել է եռակողմ՝ Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև։ Իսկ մեկ շաբաթ առաջ Իրանի տրանսպորտի նախարարը, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներն են հանդիպել այդ հարցով, մնում է Իրանը ճանապարհի որոշ հատվածներ կառուցի։ Ըստ իս՝ Իրանը ոչ թե միջոցներ չի ունեցել այդ հատվածները կառուցելու, այլ ուշացրել է, որպեսզի այդ ճանապարհը չշահագործվի։ 

- Սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը մի քանի ուղղությամբ հարձակվեց Հայաստանի վրա, հրապարակումներ եղան այն մասին, որ Իրանի հետ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային գոտում լիարժեք մարտական պատրաստվածության մեջ են գտնվում ոչ միայն Իրանի բանակի զորքերը, այլև Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի զորամիավորումները: Մենք կարո՞ղ ենք վստահ լինել, որ եթե Ադրբեջանը հերթական անգամ հարձակվի Հայաստանի վրա, Իրանը զինված միջամտություն կցուցաբերի հօգուտ Հայաստանի։ 

- Ադրբեջանը բազմաթիվ անգամ հայտարարել է՝ եթե Հայաստանը իր կամքով միջանցք չտրամադրի, դա կարվի ուժով։ Եվ քանի որ դա հարվածում է նաև Իրանի շահերին, Իրանը պատրաստ է կանխել դա ամեն գնով, այդ թվում՝ ռազմական միջամտությամբ։ 

- Ադրբեջանը Հայաստանի տարածքում մինչև ո՞ւր պետք է հասնի, որ  Իրանը ռազմական բախումների գնա Ադրբեջանի հետ։

- Գուցե հենց մի քայլ էլ առաջանա Ադրբեջանը՝ Իրանը գնա այդ քայլին։ 

- Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջանցք բացելով ի՞նչ վնասներ կհասցնի Իրանին։

- Իրանը լուրջ խնդիրներ ունի Ադրբեջանի, Թուրքիայի հետ, թեև և Թուրքիայով ունի դեպի Եվրոպա ճանապարհ, որն այժմ գործում է, և Ադրբեջանով դեպի Ռուսաստան, որը դարձյալ գործում է, բայց Իրանի համար վստահելի, անխափան անցնող ճանապարհը Հայաստանով անցնող ճանապարհն է։ Սա հարցի մի կողմն է, որ Իրանը «Զանգեզուրի միջանցքի» դեպքում կզրկվի վստահելի ճանապարհից։ Մյուս կողմից՝ 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական ախորժակներն ավելի են բացվել և լուրջ հավակնություններ ունեն Իրանի թրքախոս նահանգների նկատմամբ, որին կնպաստի նաև Հայաստանով միջանցքի առկայությունը, քանի որ այդպես երկարում է Իրանի սահմանը Ադրբեջանի հետ։ Բացի դրանից, քանի որ 44-օրյա պատերազմում լուրջ դեր է ունեցել Իսրայելը, որի փոխհարաբերություններն  Ադրբեջանի հետ ռազմավարական են, ես չեմ բացառում, որ Ադրբեջանը, երկարացնելով իր սահմանը Իրանի հետ, կարող է Իսրայելի հարձակում տեղի ունենա Իրանի վրա հենց Ադրբեջանի սահմանից։ Բացի սրանից, Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Նախիջևան ճանապարհներն անցնում են Իրանի տարածքով, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքի» դեպքում դա այլևս չի գործի։ Սակայն գլխավորը Ադրբեջանի ու Թուրքիայի պանթյուրքիստական նկրտումներն են, որոնք անհանգստացնում են Իրանին։   

- Երեկ Իրանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր էին, մեքենաներ էին շուռ տալիս քաղաքացիները, ցուցարարները վանկարկում էին ընդդեմ գործող ղեկավարության, սակայն նշում են, որ բողոքի հիմքում 22-ամյա աղջկա սպանությունն է ոստիկանության կողմից, որի հագուստն ընդունելի չի համարվել։ Իրականում ի՞նչն է պատճառը, այս ցույցերը նաև համընկան հայանպաստ հայտարարությունների հետ, իսկ Իրանում մեծաթիվ ադրբեջանցիներ են ապրում։  

- Իրանում իսլամական հիջադի՝ իսլամական զգեստի կանոնները պահելու վերահսկողություն հաստատվեց։ Իրանում ստեղծեցին մի կառույց, որը պետք է վերահսկի հասարակական վայրերում կանանց իսլամական զգեստավորումը։ Թեհրանում շատ կանայք ամբողջությամբ չէին հետևում իսլամական զգեստավորմանը, այսինքն՝ ամբողջությամբ չէին ծածկվում գլխաշորով, սակայն երբ որոշվեց, որ դա որպես իսլամական կարևոր սկզբունք ցանկանում են պահպանել և խստացվեց՝ բախումներ եղան կանանց հագուստի անձնական լինելու կողմնակիցների ու ուժայիների միջև, ձերբակալություններ եղան։ Երեկվա ցույցն էլ պայմանավորված էր նրանով, որ Իրանի քրդաբնակ քաղաքներից մեկից մի աղջիկ Թեհրան էր եկել ու գլխաշորը թեթևակի էր գցել գլխին, և կան տեսակետներ, որ ուժայինները հարվածել են աղջկա գլխին, ինչից էլ մահացել է, սակայն դատաբժշիկն իր եզրակացությունը կհայտնի 2 շաբաթից։ Իրանում կան սրահներ, որ այդպես հագնված կանանց տանում են դաստիարակելու։  Սակայն կանանց հագուկապին հետևելու համար ստեղծված այդ կառույցի ֆունկցիաներն ամենայն հավանականությամբ կմեղմվեն կամ էլ կլուծարվեն։

- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Փելոսին Գաֆէսճյան կենտրոնում մատնացույց արեց Խանջյանի՝ Ավարայրի ճակատամարտը պատկերող «Վարդանանց» կտավն ու ասաց. «Ես միշտ ասում եմ, որ արվեստը կմիավորի մեզ։ Ժամանակ կգա, երբ մենք կմոռանանք տարաձայնությունները. մենք, արվեստագետները և նույնիսկ լրագրողները։ Այս նկարում պարսիկների դեմ քրիստոնյա Հայաստանի պայքարի դրվագն է»։ 

Այս հայտարարությունը տարբեր կերպ ընկալվեց՝ ընդհուպ մինչև ընդդեմ Իրանի ուղղված ակնարկ։ Ի՞նչ էր ակնարկում Փելոսին՝ ըստ Ձեզ։ 


- Պարզ է, որ Փելոսին ունի հակաիրանական դիրքորոշում, բայց Ավարայրի ճակատամարտի ժամանակ Իրանը իսլամական պետություն չէր, այլ զրադաշտական էր, իսկ զրադաշտականներին, վստահ եմ, հիմա ԱՄՆ-ն կպաշտպանի որպես ազգային փոքրամասնություն։  Իրանի ԶԼՄ-ներում Փելոսիի ասածը մեծ արձագանք չգտավ։ 

- Իսկ կարո՞ղ ենք եզրակացնել, որ Փելոսին նկատի ուներ, որ հայ-ադրբեջանական պատերազմն էլ մի օր կմնա կտավի վրա։

- Դա էլ է տեսակետ, բայց ես Փելոսիի այդ խոսքերին մեծ նշանակություն չեմ տվել։ 

Նարա Մարտիրոսյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: