Իմ ուսուցիչը

Անթիլիասի դպրեվանքի սան էի, մեր տեսուչն էր երջանկայիշատակ, դեռ այն ժամանակ եպիսկոպոս, Գարեգին կաթողիկոսը, ով երեւի մեր պատմութեան մէջ միակն է, որ կրեց թէ՛ Գարեգին առաջին եւ թէ՛ Գարեգին երկրորդ անուանումները։
Կարօ Հակոբեան
Իւրաքանչիւր
անհատի յիշողութիւնների մէջ իրենց ուրոյն տեղն ունեն ուսումնական տարիների
ընթացքում ունեցած դէպքերը, դէմքերն ու ապրումները, որոնք յաճախ խոր հետք են
թողնում մարդու ոչ միայն սովորական կեանքի՝ այլ նաեւ ներքին խառնուածքի ու
հոգեկերտման երկունքի վրայ:
Ինձ
մօտ նման յիշողութիւնները արտացոլուել են վաղուց, ու վեց տասնեակի հասնող երկար ու
ձիգ տարիներից յետոյ դեռ ուղեղիս չմոռացուած մի անկիւնում վառ մնացել են մինչ
այսօր:
Անթիլիասի
դպրեվանքի սան էի, մեր տեսուչն էր երջանկայիշատակ, դեռ այն ժամանակ եպիսկոպոս, Գարեգին
կաթողիկոսը, ով երեւի մեր պատմութեան մէջ միակն է, որ կրեց թէ՛ Գարեգին առաջին եւ
թէ՛ Գարեգին երկրորդ անուանումները՝ ի հարկէ մաթեմատիկական հերթականութեան
հաշիւները խառնելով՝ նախ երկրորդ, ապա առաջին:
Այսօր
էլ վառ կերպով յիշում եմ Երկուշաբթի առաւօտեան ժամերգութիւնից յետոյ այն ժամերը,
երբ բոլոր սաներս սարկաւագաց դասի հետ միասին հաւաքւում էինք վանքի ընթերցարան եւ
լսում բարձր դասարանցիների ու սարկաւագների հերթական բանախօսութիւնը որոշակի նիւթի
շուրջ: Հետաքրքրական պահը այն էր, որ բանախօսից յետոյ գալիս էին սրբազան հօր,
որպէս մեծ ուսուցչի, ազդու քննադատական խօսքը, յորդորներն ու ուղղումները՝ ոչ
միայն նիւթի բովանդակութեան, այլ նաեւ նիւթը ներկայացնելու շնորհքի, ու
արտայայտման վերաբերեալ:
Իսկ
ինձ մօտ տպաւորիչ էր նրա իւրաքանչիւր քարոզի սկզբնական խօսքը՝ «ազգ իմ սիրելի, ժողովուրդ
հայոց» մերօրեայ նշանակութիւն ունեցող յստակ բնաբանը՝ շեշտելով, որ մենք հայերս ոչ
թէ, միայն ժողովուրդ ենք, այլ ազգ եւ ժողովուրդ, կամ ազգ-ժողովուրդ:
Մեր
ուսուցիչներից իւրաքանչիւրը առանձին վերցրած անհատականութիւններ էին եւ ունէին
իրենց յստակ եւ ուրոյն նկարագիրը:
Ես
գրեթէ լափելով կարդում էի օրինակ Նուպար Չարխուտեանի նովելները տպուած «Ակօս»
ամսագրում: Նա թէպէտ մեր ֆրանսերէնի ուսուցիչն էր ու մեզ հետ խօսում էր միայն
ֆրանսերէն, բայց գրում էր հայերէն:
Ես
բազմաթիւ անգամ կարդացել ու շարունակ կարդում էի Գրիգոր Զօհրապի նովելները եւ ամէն
անգամ գտնում մի նոր բան: Չգիտեմ ինչու զարմանալիօրէն Չարխուտեանի ոճը նմանեցնում
էի Զօհրապի ոճին եւ դրա համար էլ կարդում ուշադրութեամբ եւ կլանուած: Չարխուտեանը
ունէր չափազանց հանգիստ ու հանդարտ բնաւորութիւն, եւ ամէն առաւօտ վանք էր մտնում
իր սեւ մերսեդեսով, չգիտեմ հին էր թէ նոր, բայց նա աւտոն վարում էր իր
բնաւորութեան պէս այնքան դանդաղ, այնքան զգուշաւոր, որ յաճախ տեղի, անտեղի դառնում
էր մեր չարաճիճիութիւնների ծիծաղի առարկան:
Ուսուցիչների
մէջ իր առանձնայատուկ տեղն էր գրաւում Եդուարդ Տասնապետեանը: Նիհար կազմուածքով,
ալեխառն մազերով, տարիքի հետքը արդէն իր ճակատին մարդ էր, ով քայլում էր միշտ
գլուխը խոնարհ, ինքնամփոփ մտքերի մէջ խորասուզուած: Քիչ էր խօսում, բայց երբ
խօսում էր, իր դասաւանդած քերականութեան պէս ամէն ինչ տեղը տեղին էր, յստակ ու
պարզ:
Տասնապետեանը
մեր հայերէնի ուսուցիչն էր: Յիշում եմ, երբ նա առաջին անգամ մեր դասարան պիտի
մտնէր, աշակերտներս՝ շունչներս կտրած սպասում էինք նրան: Մեծերից լսել էինք նրա
խօսքի ու հայեացքի հզօր ազդեցութեան մասին, եւ որ նրան միայն պիտի լսել:
Աշակերտներից
շատերի համար, նոյնիսկ այսօր էլ, ամէնից անհրապոյր ու անշուք դասը կարծես թէ
քերականութեան ժամերը լինեն, մեզ բոլորիս այդպէս էր թւում, այդպէս էր եղել, երեւի
այդպէս էլ պիտի շարունակուէր, սակայն ամէն ինչ փոխուեց քերականութեան հէնց առաջին
դասին… Չէ՛, դա քերականութեան չոր ու ցամաք դաս չէր՝ անշունչ ու քարացած, այստեղ
նախադասութեան իւրաքանչիւր բառ ու արտայայտութիւն կարծես խօսուն ու
անհատականութիւն ունեցող շնչաւոր էակներ լինէին: Ուսուցիչը մեզ համար կարծես
խորհրդաւոր հեքիաթ էր պատմում, պատմում էր բառերի միմեանց հետ ունեցող
առեղծուածային կապը… Եւ ահա ամբողջ ուժգնութեամբ յառնում էր տրամաբանական երեւոյթի
տեսանելի ուժն ու հզօրութիւնը, դրան կարծես աներեւութապէս, ասես գաղտնի ուղեկցում
էր մաթեմատիկան, որը անսպասելիօրէն ի յայտ էր բերում խրոխտ ու բարձրաբերձ լեռների
պէս հայոց լեզուի սէգ ճկունութիւնը.
«Լեռները
մեր հայրենի, լեռները հայրենի մեր,
մեր
հայրենի լեռները, մեր լեռները հայրենի,
հայրենի
մեր լեռները, հայրենի լեռները մեր»…
Սա
արդէն ե՛ւ քերականութիւն է, ե՛ւ մաթեմատիկական կոմբինատորիկա, ե՛ւ տրամաբանութիւն…
Հոգեբանական
երեւոյթ, լեզու, հայրենիք եւ կարօտ…
Այսպես
էին Եդուարդ Տասնապետեանի քերականութեան ժամերը: Եւ ո՞վ ասաց, որ քերականութիւնը
անհրապոյր ու ձանձրալի առարկայ է: Ասողները կամ ծոյլ են ու անբան, կամ էլ
դժբախտաբար չեն ունեցել Տասնապետեանի նման քերականութեան ուսուցիչ:
Մի
անգամ սաներիս մէջ փսփսուք ընկաւ, թէ՝ չգիտէ՞ք ինչ է պատահել: Ի՞նչ է պատահել
հարցնում էինք միմեանց…։ Այո, Եդուարդ Տասնապետեանի որդին՝ Հրաչ Տասնապետեանը
կարծես թէ քերականութեան մի գիրք է գրել ու հօրը խնդրել, որ կարծիք յայտնի, նա էլ
վերցրել ու ոչ աւել ոչ պակաս ասել է Հրաչին. «Նախ գնա՛ հայերէն խօսել սովորի՛ր,
յետոյ քերականութեան գիրք գրի՛ր»: Ահա քեզ անաչառ կարծիք: Նոյնիսկ որդուն չի
խնայել, երբ հարցը վերաբերել է հայոց լեզուին ու քերականութեանը:
Անձկութեան
եւ սպասումի ժամեր էին շարադրութեան ժամերը: Անողոք էր ու խիստ, ինչպէս Գաբրիէլ
հրեշտակը, որը պիտի կարդար մեր ու մեր շարադրութիւնների դատաստանը: Ես դասերը
սովորելու եւ առաջադրանքները կատարելու շաբաթուայ ժամերը բաժանել էի երկու մասի,
մի մասը յատկացնում էի ամբողջութեամբ միայն շարադրութեան, իսկ մնացած մասը, բոլոր
այլ դասերի համար: Հէնց դրա համար էլ գուցէ իմ շարադրութիւնները մերթ դառնում էին
ծեծուած ու անճոռնի, մերթ՝ գերազանց ու երբեմն էլ՝ պարզապէս չգիտես ինչ…
Նա
չափազանց ժլատ էր իր գնահատականներում․ եթէ շարադրութեան վերջում սխալները ուղղելուց յետոյ կարճ ու ասես անտեսանելի տառերով գրեր լաւ է, ուրախութիւնից պիտի, որ խելայեղ, բայց անձայն ճչայիր:
Ուսուցչի
տուած գնահատականը անբեկանելի էր: Իմ «Անձրեւը» խորագրով շարադրութեան մի փոքրիկ
պարբերութեանը նրա տուած գնահատականին սակայն երբեք չեմ համաձայնել, սակայն
չյանդգնեցի արտայայտուել, ու չեմ մոռանում մինչ այսօր… հարցը շատ պարզ էր,
շարադրութեան մէջ կար մի հատուած ուր նկարագրում էի հեղեղի վերածուած անձրեւի մի
իրական դէպք ու ես փորձել էի նկարագրել այնպէս ինչպէս եղել էր:
Պարբերութիւնը
մօտաւորապէս այսպէս էր հնչում․ Աշխարհի մի տաք անկիւնում ամառային մի շոգ արեւոտ օր էր եւ քաղուորները հասած ցորենի արտն էին հնձում, երբ յանկարծ երկնքում կուտակուեցին ամպեր… ամպերը սեւացան ու մինչեւ
քաղուորներն ու ես գլխի կ’ընկնէինք ու կը հաւաքէինք մեր ջուլ ու փալասները,
տեղատարափ անձրեւը վերածուեց սէլաւի ու ջուրը պատեց դաշտերն ու ամբողջ գիւղը…
Շարադրութեան
տետրը վերադարձնելու պահին Տասնապետեանը մի խոժոռ հայեացք գցեց ինձ վրայ ու
ձեռքերը դէպի օդ բարձրացնելով թատերական շարժումներով ցուցադրեց, իբր յանկարծակի
անձրեւ է տեղում ու խիստ բորբոքուած գրեթէ որոտաց․ «Հա՛, հէնց մի ակնթարթում երկինքը սեւացաւ ու տիտի-տիտի անձրեւը շռռաց գետին»:
Ու
մինչեւ այսօր էլ այն մտքին եմ, որ անձրեւի պարագան տեղի է ունեցել այնպէս, ինչպէս
գրել եմ շարադրութեան մէջ, ուստի կամ ես չեմ կարողացել նկարագրել աւելի պարզ ու
յստակ, կամ իմ ուսուցիչն է եղել չափից աւել բծախնդիր եւ անողոք:
Հակառակ
այն բանի, որ գրեթէ վեց տասնեակ տարիներ են անցնում, ու ես դեռ պահում եմ
դպրեվանքի իմ տարիներից մնացած աշակերտական միակ այդ տետրը, որի մէջ նկարագրուած է
«Անձրեւ» շարադրութիւնը, այս հարցը դեռ լուծուած չէ…
1967 թուականի
դպրոցական տարեվերջին, երբ ծնողներից տարիներ հեռու, անձկութեամբ պիտի տուն
վերադառնայի, այսօրուայ նման ականջիս հնչում են հրաժեշտի պահին Տասնապետեանի
վերջին օրհնութեան անկեղծ խօսքերը եւ զգում եմ ճակատիս վրայ նրա ջերմ, հայրական
առաջին ու վերջին համբոյրը…
Նյութը քաղել ենք հեղինակի ՖԲ-ի էջից
Նմանատիպ Լուրեր

Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին

Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։

ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:

Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։

Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը: