Իրանահայ համայնքը Հայաստանի հայելին է Իրանում

Համայնքի բնակիչները փաստում են, որ անվան ընտրությունը խորհրդանշական է: Այդ կերպ փորձում են հսկայական Թեհրանում հայկական միջավայր ստեղծել` փորձելով մեղմացնել հայրենիքի կարոտախտը: Հայի շունչն ու բարեկամական մթնոլորտը Թեհրանում եւ հատկապես Սասուն թաղամասում ակնառու են:
Մայրաքաղաքում գործում է հայկական 7 եկեղեցի: Եկեղեցիներ ու մատուռներ են գործում Իրանի այլ քաղաքներում, Սպահանում գործում է նաեւ հայկական թանգարան, իսկ Արտազի Սուրբ Թադեի վանքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների պահպանման ցանկում:
Մուսուլմանական երկրում քրիստոնյա տարրի ներկայությունը իշխանությունների բացասական վերաբերմունքին երբեւէ չի արժանացել: Ընդհակառակը: Հայկական եկեղեցիներում կատարվում են ուխտագնացություններ, մատուցվում պատարագներ: Այդ կերպ Իրանը ներկայացնում է իր հանդուրժող կեցվածքը ազգային փոքրամասնությունների ու այլ կրոնների հանդեպ:
Հայկական միջավայրի պահպանմանը Թեհրանում նպաստում են միությունները: «Րաֆֆի», «Արարատ» եւ «Սիփան» միությունները հսկայական դեր են խաղում համայնքի զարգացման գործում եւ հայրենիքի հետ ամուր կապի գրավական են: «Սիփան» միությունը Թեհրանի առաջին հայկական միությունն է եւ ունի 50 տարվա կենսագրություն: Միությունը հիմնականում զբաղված է համայնքի սկաուտական, մարզական եւ մշակութային կյանքով: 28 տարի գործում է ուսանողական միությունը, վերջերս բացվել է նաեւ կանանց միությունը: Հատկապես մշակութային ոլորտում համայնք-հայրենիք կապը դրված է բարձր մակարդակի վրա:
Այսօր Իրանում ապրում է 70.000 հայ, նրանց գերակշռող մասը բնակվում է մայրաքաղաքում եւ ունի մեծ արտոնություններ: Նրանք համայնքում պահպանում են իրենց ավանդույթներն ու ծեսերը:
Իրանահայերը հայտնի են եղել որպես հմուտ արհեստավորներ: Հեղափոխությունից հետո հայերի հիմնական զբաղմունքն արտադրությունն է: Թեհրանից շուրջ մեկ ժամ հեռավորության վրա տեղակայված մի շարք քաղաքներում գործում են հայերի հիմնած բազմաթիվ գործարաններն ու ֆաբրիկաները:
Երկրի վաստակավոր ուսուցիչների, բժիշկների, մտավորականների շարքերում հաճախ կարելի է հանդիպել «յան»-ով վերջացող ազգանվան:

Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի անդամ, Իրան-Հայաստան բարեկամության միության վարչության անդամ Ռուբեն Սարդարյանը փաստում է, որ Իրանի վերաբերմունքը հայերի նկատմամբ միշտ դրական է եղել: Այդ վերաբերմունքը բացատրվում է այն փաստով, որ իրանահայերը նվիրված քաղաքացիներ են եւ իրենց լավ աշխատանքով նպաստում են պետության կայացմանը: «Հայ համայնքի եւ Իրանի իշխանությունների միջեւ լավ հարաբերությունները նպաստել են նաեւ Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը, որովհետեւ հաճախ Իրանում իրանահայերի օրինակն ունենալովՙ շատ լավ են վերաբերվում Հայաստանին եւ հայերին: Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ արտաքին քաղաքականությունը Հայաստանի հետ որեւէ պարագայում փոփոխության չի ենթարկվի եւ կշարունակի ընթանալ փոխգործակցության մթնոլորտում: Երկու երկրների հարաբերություններում պետք է գնահատել ոչ թե հայտարարությունները, այլ գործնական շփումներն ու արդյունքները, որոնք ակնհայտ հայտարարում են` Իրանն ու Հայաստանը կանգնած են կողք կողքի», ասում է Ռուբեն Սարդարյանը:
Իրանահայ համայնքը Սփյուռքում այն եզակիներից է, որտեղ խառնամուսնություններ չկան: Համայնքի գլխավոր խնդիրը արտագաղթն է: Իրանահայերի արտագաղթով հիմնականում զբաղվում է հրեական կազմակերպությունը` «Հայազը», որ առաջակում է բարեկեցիկ կյանք ԱՄՆ-ում: Կազմակերպության կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ում: Իրանում բնակվող փոքրամասնությունները 3000 դոլարով «Հայազ»-ում անդամագրվելուց հետո մեկնում են Ավստրիա, հետ ստանում վճարած գումարն ու դյուրին պայմաններով մեկնում են ԱՄՆ: Այս կազմակերպության նպատակը հակաիրանական քաղաքականություն ծավալելն է:
Երեք տարի առաջ ստեղծված Իրան-Հայաստան բարեկամության ընկերությունը, որի անդամ է Ռուբեն Սարդարյանը, ուշադրություն է դարձնում երկու երկրների միջեւ տնտեսական, մշակութային, մարզական, գիտական եւ հասարակական հարաբերություններին: Միության նպատակն է հարաբերություններ հաստատել հասարակությունների միջեւ: Հիմնական աշխատանքն ուղղված է ճանաչողական այցերին:
Հ. Գ. – Իրանցիների լավ վերաբերմունքը հայերի հանդեպ բազմաթիվ անգամ զգացինք Թեհրանում: Երբ արդեն լքում էինք Թեհրանը, ես եւ ընկերուհիս որոշեցինք շրջել «Լալեհ» հյուրանոցում գտնվող խանութներով: Խանութի վաճառողը մեր պատասխանին` հայ ենք, շատ ուրախացավ: «Հինգ անգամ այցելել եմ Հայաստան, ունեմ բազմաթիվ հայ ընկերներ ու հայ ժողովրդին շատ եմ սիրում: Հայաստանում շատ լավ ժամանակ եմ անցկացրել, հիացել եմ հայ ժողովրդի հյուրասիրությամբ, որպես շնորհակալության նշան ընդունեք ագաթե քարով այս զարդերը», ասաց նա:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թեհրան-Երեւան
aaeurop.com
Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: