ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անկում

Հեղինակ՝ Կոլյա Տեր Հովհաննիսյան

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Տղամարդը մի պահ կանգ առավ, երբ դեմքին զգաց սարդոստայնի տհաճ հպումը և նայեց վեր: Նկուղը տանող աստիճանավանդակի պատերն ու թեք առաստաղից կախված դժգույն լամպը պատված էին փոշուց սևացած սարդոստայններով: Չէր հիշում՝ վերջին անգամ երբ էր իջել նկուղ, բայց համոզված էր, որ այն ժամանակ պատերը մաքուր էին ու լամպը լուսավորում էր ավելի պայծառ: Այն ժամանակ կինը կենդանի էր և նկուղը՝ բանուկ... Տղամարդը կարոտեց կնոջն ու մի հառաչանք պոկվեց սրտից: Նկուղում աչքն ընկավ տոնածառի զարդարանքների խավաքարտե արկղին: Բացեց զգույշ ու վերցրեց ապակե ոսկեգույն մի գնդիկ:

...Ապակե ոսկեգույն գնդիկը  գնաց, կախվեց ծառից, ծառը զարդարվեց, վառվեցին փոքրիկ երփներանգ ճրագները, տունը լցվեց ամանորյա գույներով ու ջերմությամբ...  «Լավ ստացվեց»,- քիչ հեռվից նայելով տոնածառին՝ ասաց ինքն ուրախ և համբուրեց կնոջն ու աղջկան... «Երեխա ես, մեծ երեխա»,-ասաց կինն ու ժպտաց: Իսկ աղջիկը շատ էլ չսիրեց տոնածառը. «Ամեն տարի նույնը, միշտ նույնը,- ասաց դժգոհ,- հիմա այնպիսի շքեղ զարդարանքներ կան»... Աղջիկը բուրում էր թարմությամբ ու գեղեցկությամբ: Նա ձեռքի վանողական շարժումով պատասխանեց հոր համբուÛրին: Ուրիշ անգամ լիներ՝ չէր հանդուրժի աղջկա նման վերաբերմունքը, բայց այս անգամ լռեց ու անտրամադիր  քաշվեց մի կողմ. զգում էր, որ աղջիկն իրավացի է...

Ոսկեգույն գնդիկը պոկվեց տոնածառից, ետ եկավ ու նորից հայտնվեց ափի մեջ...

Քիչ այն կողմ օղու դատարկ շշեր էին, հնոտիներ, հին կահ-կարասիներ: Նրան թվաց, որ օղու շշերից մեկը լիքն է. «Չի կարող պատահել, գուցե աչքիս է երևում»... Տղամարդը հուզված մոտեցավ ու վերցրեց լիքը շիշը: Կինը հաճախ էր անակնկալ մատուցում, գետնի տակից էլ լիներ, կհաներ, սեղանին կդներ պահանջված ուտելիքը կամ խմելիքը: Նորից անակնկալ, նույնիսկ մահվանից հետո... Տղամարդը փայփայելու պես ձեռքով մաքրեց շշի փոշին: «Այս գիշեր կխմեմ, թքած ունեմ բժշկի խորհրդի վրա»,- խորհեց նա ու քմծիծաղեց. ինչի՞ համար է իջել նկուղ, ի՞նչ է մտածում...

Տղամարդը մոտեցավ անկյունում դրված հին սնդուկին ու բարձրացրեց կափարիչը՝ սարսռալով նկուղի մեջ ճայթյունի պես տարածված կափարիչի բարձր ճռռոցի ձայնից: Իր զինվորական համազգեստի, կաշվե սև գոտու ու սապոգների, շրջանակված պատվոգրերի ու շքանշանների թավշապատ արկղիկների տակ գտավ կտորի մեջ փաթաթված կաշվե պատյանով մարտական ատրճանակը: Ատրճանակը սառն ու ծանր էր: Վարժ շարժումով փորձեց փակաղակն ու սեղմեց ձգանը: Լսվեց չոր չխկոց: Իրար հետևից մի քանի անգամ նորից սեղմեց ձգանը, ասես, հաճույք զգալով  չխկոցների ձաÛնից : «Առանց փամփուշտի նման է խաղալիքի»,- անցավ մտքով...

...Ատրճանակը գնաց, կախվեց իր զինվորական գոտուց, միացավ մարդ սպանելու համար ստեղծված զենքերի հազարավոր տեսակներին... Դուրս եկավ պատյանից, հայտնվեց իր ձեռքին, որոտաց  ու գետին տապալեց թաքստոցից դեպի իր կողմը քայլող, ձեռները վեր բարձրացրած թշնամու զինվորին: Մարդ սպանեց... Օդը լցվեց վառոդի ծխով, ատրճանակի որոտը խլացավ՝  երկնքում իրար վրա խոյացող կործանիչների ոռնոցի ու ականների պայթունների մեջ: Շուրջը հողակտորների հետ վեր թռան մարդկային մարմնի խեղված մասեր... Ինքն էլ վիրավորվեց, տեղափոխվեց թիկունք:  Հետո...  դրվատեցին հերոսության համար ու պատվեցին մեդալներով ու շքանշաններով, որոնք երբեք չկարողացան իր մտապաստառից ջնջել անձնատուր եղած զինվորի` սարսափից չռված աչքերը, որ կյանք էին աղերսում:

Ատրճանակը պոկվեց զինվորական համազգեստից, ետ եկավ ու նորից հայտնվեց ափի մեջ...

Նախքան պաշտոնաթող դառնալը, նոր կարգերի բերումով, մեկ օրվա մեջ հօդս ցնդեց  բանկում պահված պատկառելի ավանդը՝ իրենց ողջ կարողությունը. ժամանակ չտվին, ինքն էլ ուշ շարժվեց... Հատուկ մասնագիտություն չուներ, գործ էլ չկար: Բանը հասավ այնտեղ, որ ստիպված եղան աստիճանաբար վաճառել տան արժեքավոր իրերը, բայց չուզեց ու թույլ չտվեց վաճառել ատրճանակը: Կյանքի մեծ մասը անց կացրել էր ատրճանակը կախված կողքից: ԱտրճանակÁ նրա կյանքի իմաստն էր: Փոքր տարիքում աղջիկը նստում էր ծնկներին ու խաղում իր զինվորական տարբերանշանների ու դատարկ ատրճանակի հետ: Ինքը շուտ էր ձանձրանում, աղջկան գրկից իջեցնում էր ցած, ընդ որում՝ երբեմն զինվորականին վայել կոպտությամբ, ու միացնում հեռուստացույցը: Աղջիկը լացակումած պահանջում էր ատրճանակը: Կինը ներս էր մտնում խոհանոցից, նախատական նայում ամուսնուն ու փորձում հանգստացնել աղջկան: Աղջիկը շուտ ամուսանացավ, շուտ էլ բաժանվեց՝ ձգտում էր շքեղ կյանքի: Եվ... հակառակ իրենց ծանր վիճակին՝ բաժանվելուց հետո աղջկա հագին սկսեցին հայտնվել թանկարժեք հագուստներ ու զարդեր... Չէր ուզում հավատալ... ու չէր հավատա, եթե չլինեին կնոջ մտածումներն ու սպիտակ մազերը... «Որտեղի՞ց են սրանք»,- մի օր անկողնում փսփսոցով հարցրեց կնոջը: «Նվեր է ստացել մի հարուստ բարեկամից»,- խուսափուկ պատասխանեց  կինն ու շուռ եկավ մյուս կողմ: Մթության մեջ զգում էր կնոջ ուսերի ընդհատ ցնցումներն ու իր կրծքի տակ սիրտը ճմլող, ճնշող մի ծանրություն...

Կնոջ թաղման օրը չէր ճանաչում հուղարկավորներից շատերին, բայց բոլորի մեջ ավելի շատ ուշադրությունը գրավել էր աղջկա շուրջը պտտվող միջահասակ, սևազգեստ անծանոթ կինը: Անծանոթուհին չէր հեռանում աղջկանից ու գիշերեց իրենց տանը: Ինքը հազվադեպ էñ խորհել, թե որքան մեծ դեր ուներ կինը իր կյանքում: Չէր նկատել այն ախորժելի, աներևույթ ջերմությունը, որ կնոջ ներկայությամբ ստեղծվում էր տանը: Գերեզմանատնից վերադառնալուց հետո միայն զգաց, թե ինչ է կորցրել: Գիշերը անկողնում սարսափով էր նայում կողքի բաց տարածությանը: Նույնիսկ մի քանի անգամ ձեռքը պարզեց ու շոշափեց հարթ սավանը... Ոչ մի կերպ չէր հաջողվում քնել: Գիշերվա ուշ ժամին, աղջկա ննջարանից հազիվ լսվող քչփչոցը գրավեց ուշադրությունը: Ոտքերի թաթերի վրա մոտեցավ միջնորմին ու որսաց «դոլար, շեյխ, պալատներ...» կցկտուր բառերը: Իրեն այնպես թվաց, որ աղջիկը... սակարկում է: Կրծքի տակի ճնշող ծանրությունը ցավեցնելու աստիճան սեղմեց սիրտը, ծնկները ծալվեցին, նստեց անկողնու ծայրին ու խուճապի մատնվեց: Երբեք չէր խառնվել կանանց գործերին: Կինն էլ չկար, որ կիսվեր... Իսկ աղջկա հետ հարաբերությունները մնում էին սառը: Մի քանի ամիս անց, աղջիկը մեկնեց տնից: Սեղանին թողել էր մի երկտող և դրամ...  Իր սիրասուն աղջիկը գնաց անհայտ ուղիներով... Իր միակը, իր գեղեցկուհին... Անհավատալի էր... Իսկ երեկ փողոցում պատահաբար տեսավ այդ անծանոթուհուն կասկածելի արտաքինով մի գրավիչ աղջկա հետ միասին քայլելիս... Ակամայից ձեռքը գնաց աջ կողքին, այնտեղ ուր միշտ կախված էր լինում ատրճանակը...

Տղամարդը վերցրեց ատրճանակը  օղու շշի հետ և դուրս եկավ նկուղից:

Բարձրացավ աթոռին, գտավ ու ցած բերեց պահարանի վերևում թաքցրած փամփուշտների արկղը: Մի պահ զգաց մարտական ծանոթ տրամադրվածությունը, որով լցվում էր կռվի գնալիս: Բայց դա անցավ շատ արագ, և սիրտը սեղմող ծանրությունը նրան նորից մատնեց սովորական դարձած իր հարատև թախծին ու ընկճվածությանը:

Այնուամենայնիվ, տղամարդը սկսեց փամփուշտները խնամքով տեղավորել պահեստատուփի մեջ: «Տեսնես, սրանցից ո՞ր մեկն է գործ տեսնելու,- խորհեց հուզված՝ ձեռքում պահելով ու զննելով յուրաքանչյուր փամփուշտի սրածայր գլխիկը,- գուցե բոլորը, մինչև վերջինը»... Այնքան խորն էր ատելությունը անծանոթուհու նկատմամբ, որ այդպիսին չէր զգացել նունիսկ անձնատուր եղած թշնամու զինվորի վրա կրակելիս...

 Պատրաստվում էր տնից դուրս գալ, երբ աչքն ընկավ օղու լիքը շշին:

... Օղու շիշը գնաց, մտավ խրամատները, լցվեց մետաղե թասիկների մեջ ու այրելով սահեց զինվորների ու իր կոկորդից վար: Օղու հոտը խառնվեց խրամատում տիրող խունացած շինելների տամուկ քրտնահոտին: Օղին ավելի ընդգծեց մազակալած դեմքերով զինվորների հայացքներում բույն դրած դաժանությունն ու մահվան սարսափը... Օղին մարդկանց պարգևում էր քաջություն ու... մարդ սպանելու ունակություն...

Տղամարդը խմելու անհագ ցանկություն զգաց: Վաղուց չէր խմել՝  անսալով բժշկի խորհրդին, որը մտաբերելիս՝ ծիծաղը եկավ: Առաջին բաժակը սրտխառնոց առաջացրեց, բայց միաժամանակ հաճույքով զգաց, որ արյունը հորդում է երակներում ու խուժում գլխի մեջ: «Ճիշտ չէ դատարկ ստամոքսով խմելը»,- մի պահ կարկամեց, բայց ծուլացավ վեր կենալ ու սառնարանից ուտելիք հանել: Նորից կարոտեց կնոջը և... աղջկան, կարոտեց տան ջերմությանը... Ո՞ւմ մտքով կանցներ, որ աղջիկը...  

Երրորդ բաժակից հետո, տղամարդը ընդոստ վերկացավ, վերցրեց լցված ատրճանակը. «Գրողի ծոցը կուղարկեմ այդ տականքին»,- հոխորտաց բարձրաձայն: Ուղեղն աշխատում էր զարմանալիորեն հստակ, համոզված էր, որ կարդարացնեն իրեն, սակայն դա ի՞նչ կարևոր էր... Ինչ-որ ձայն համառորեն հուշում էր, որ հանցավորը միայն «այդ տականքը» չէ՝ ինքն էլ պակաս մեղավոր չէր եղել, եղել էր կոպիտ, անուշադիր, անմասնակից, փող չէր բերել տուն...

Տղամարդը շփեց ճակատն ու փլվեց աթոռին՝ ձեռքում ամուր պահած ատրճանակը:  Բնավ չէր երկնչել մարտի նետվելիս, ինչո՞ւ է տատանվում հիմա... Բայց ինչո՞ւ է այդքան համոզված, որ հենց այսօր փողոցում  կհանդիպի անծանոթուհուն... Մարտավարությունն այլ բան է պահանջում, անհրաժեշտ է... Իսկ գուցե սա միայն մի պատրվակ է՝ որոշումը չիրագործելու...

Ակամայից լցրեց ու խմեց նաև մի լիքը բաժակ: Այսպես, իրար հետև, անընդմեջ խմել էր մեկ էլ աղջկա ծննդյան օրը՝ մղված սրտի անհուն բերկրանքից: Ապագայի ի՜նչ հույսերով էին գուրգուրում ու սիրում այդ չքնաղ արարածին... Տղամարդու աչքերի առջևից տողանցեցին անցյալի ուրախ և տխուր պատկերներ: Կրծքի տակ նորից ահագնացավ ճնշող ծանրությունը... Նրան հիմա հետապնդում էին ցնորական տեսիլներ՝ անձնատուր եղած զինվորի աղերսալից հայացքը... ճիվաղի կերպարանք ստացած անծանոթուհին... աղջկա անթերի, ճերմակ մարմինը արաբ շեյխի սև ձեռքերի մեջ...

Տղամարդը բարձրացրեց ատրճանակը, մոտեցրեց քունքին և, նախքան ձգանը քաշելը, տեսավ կնոջը՝ ձեռքերը պարզած` իրեն կանչելիս...

 

 

Դեկտեմբեր 13, 2008

Թեհրան

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: