ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բրյուսելի հաջողությունն անհնար է առանց Վաշինգտոնի և Մոսկվայի նվազագույն լոյալության

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը

Պարոն Բաբաջանյան,  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասյան բանակցությունների համար նոր ավագ խորհրդական է նշանակել դեսպան Ֆիլիպ Ռիկերին։ Վերջինս նշանակվել է նաև որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: Ինչո՞վ եք պայմանավորում այս փոփոխությունը և ի՞նչ կտա Հայաստանին։

 

Ֆիլիպ Ռիկերը նշանակվել է Կովկասի բանակցությունների ավագ խորհրդական՝ փաստացի, Ռիկերը նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ՝ Էնդրյու Շոֆերի փոխարեն: Ըստ պետքարտուղարի տարածած հայտարարության՝ Ֆիլիպ Ռիկերը կաշխատի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ և կղեկավարի ԱՄՆ պատվիրակությունը Ժնևում միջազգային բանակցություններում՝ այս կրիտիկական շրջանում։

 

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանին ու Ադրբեջանին երկարաժամկետ կարգավորման հարցում աջակցելուն, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելուն: Վաշինգտոնը, չնայած երկարաժամկետ կարգավորման նպատակադրման մասին հայտարարություններին, այդուհանդերձ, գործնական մակարդակում չունի երկարաժամկետ նպատակներ կամ դիտարկումներ՝ հայ-ադրբեջանական հարցի առումով, և այստեղ ԱՄՆ համար կա տակտիկական նշանակության երկու հանգամանք՝ ռազմավարական ավելի կարևոր նպատակների համատեքստում. հայ-ադրբեջանական հարցում պահպանել այնքան ներկայություն, որը թույլ կտա մրցակցային խնդիրներ առաջադրել Ռուսաստանին և Իրանին, միաժամանակ կառավարելի թելեր ապահովել Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ: Մեծ հաշվով, այդ առումով էական է ոչ թե Կովկասի հարցերի առնչությամբ ԱՄՆ դիվանագետի փոփոխությունը, նորի նշանակումը, այլ այն, թե Վաշինգտոնը երբ և ինչ է պատասխանելու միջուկային գործարքի վերաբերյալ Իրան-ԵՄ համաձայնությանը: Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թեհրանը ստացել է ԱՄՆ պատասխանը և սկսել դրա քննարկումը և դրա ավարտից հետո կհայտնի իր դիրքորոշումը:

Տարածված հաղորդագրությունից, և ոչ միայն, պարզ է դառնում, որ Վաշինգտոնը բավականին մեծ շեշտադրում է կատարում պայմանականորեն նոր տրամաբանության՝ Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփման վրա: Այդ պարագայում, իհարկե, հարց է առաջանում, թե որտե՞ղ է տեսնում Վաշինգտոնն Արցախը, ի՞նչ «կարգավիճակով»:

 

Խոսքը տվյալ պարագայում Արցախի իրավա-քաղաքական կարգավիճակի մասին չէ։ Խոսքն այն մասին է, թե Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփման «գծում» ԱՄՆ ինչպես է պատկերացնում Արցախի դիրքը, որտեղ ռուս խաղաղապահներ են և որտեղ Ռուսաստանն ունի էական ներկայացվածություն:

Ռիքերի նշանակումը համարժեք է այն իրավիճակին, որ կա աշխարհում: Ուշադրություն դարձնենք, որ նշանակվել է դիվանագետ, որը նախկինում եղել է պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա՝ պետքարտուղարի օգնական Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով:

 

Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Կովկասի հարցերի գլխավոր բանակցողի նշանակմանը ասել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը վերակենդանացնելու փորձը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ դուրս կմնա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերության կարգավորման գործընթացից: Կարելի՞ է արված հայտարարությունը սպառնալիք որակել։ Ինչպե՞ս հասկանալ Բաքվի վարքագիծը, ի՞նչ սպասել հաջորդիվ։

Ես համաձայն եմ Ձեզ հետ՝ փաստացի, Բաքուն սպառնում է Վաշինգտոնին: Պետք է ենթադրել, որ այդ սպառնալիքը կամ զուտ ներքին սպառման համար հնչեցվող ձևականություն է, որ հետո կարող է բացատրվել Վաշինգտոնին՝ ըմբռնման արժանանալու հույսով, կամ Բաքվի «շուրթերով» բարբառում են Մոսկվան, Անկարան, և գուցե նույնիսկ Իրանը, այլ կերպ ասած ռեգիոնալ ձևաչափի շահառու երկրները, որոնք ձգտում են կովկասյան հարցերում առավելագույնս դուրս մղել Արևմուտքին, այլ կերպ ասած՝ պարզապես Միացյալ Նահանգներին:

Մյուս կողմից, սակայն, խոշոր հաշվով գործ ունենք մի վիճակի հետ, երբ Ադրբեջանը պարզապես կարող է ունենալ խուճապային ընկալում: Որքան աշխույժ է ԱՄՆ-ն, այդքան Ադրբեջանի համար բարդ է լինելու խաղը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հավակնությունների շրջանակում՝ օգտագործելով այն հանգամանքը, որ Կովկասի երեք երկրների շարքում ունի զգալի տնտեսական և ռազմա-քաղաքական առավելություն:

 

Այլ կերպ ասած, ԱՄՆ նկատելի աշխուժությունը Ադրբեջանի համար բարդացնելու է այն 3+1+2 տրամաբանությունը, որով Բաքուն դիտարկում է խաղը Թեհրան, Անկարա, Մոսկվա եռանկյունում, ձգտելով դիտարկվել Հայաստանից ու Վրաստանից բարձր կարգավիճակով և այդ կերպ ստանալ ռեգիոնալ «պարեկի» կարգավիճակ: Ընդ որում, Բաքվի համար այդ ամենում մտահոգության առարկա է ոչ միայն այդ կարգավիճակի անհասանելիությունը, այլև այն առումով, որ չնայած Մինսկի խմբի գործունեության դե ֆակտո դադարեցմանը, դե յուրե առումով խումբը առ այսօր լուծարված չէ և կարծես թե որևէ մեկը չի էլ պատրաստվում անել դա:

Ինչպես  հայտնի է, Հայաստանում ՌԴ դեսպանատունը բողոքել էր Սուրմալու տոնավաճառում ողբերգական պայթյունի առնչությամբ մամուլի հրապարակումներում ռուսական կառույցներին ուղղված մեղադրանքների առնչությամբ՝ Հայաստանի իշխանությունից ակնկալելով անգամ հրապարակային խոսքում հակազդում այդօրինակ մեղադրանքներին: Հայաստանի արտգործնախարարությունը նախօրեին տեղեկացրեց, որ պատասխանել են ՌԴ դեսպանատան բողոքին և պատասխանն ուղարկել ՌԴ ԱԳՆ: Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կոռեկտ չի համարում հրապարակել պատասխանի բովանդակությունը, քանի որ խոսքը դիվանագիտական գրագրության մասին է: Ինչպես հասկանալ այս քայլը։

Կարծում եմ, որ այդ քայլով Երևանը փաստացի ակնարկեց ռուսական կողմի պահվածքի ոչ կոռեկտության մասին, քանի որ ՌԴ դեսպանատունը հանրայնացրել էր Հայաստանի ԱԳՆ ուղղված բողոքը: Այնուամենայնիվ, առկա իրավիճակում Հայաստանի համար չափազանց կարևոր է դարձել արտաքին քաղաքական ճկունությունը և թեկուզ հարաբերական, բայց որոշակի բալանսավորվածության ապահովումը Ուկրաինայում պատերազի մեջ գտնվող Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Այդ բալանսավորումը էապես անհրաժեշտ է Հայաստանին հենց նաև իր ազատ, բաց հասարակություն կառուցելու ճանապարհը ՌԴ մեծապետական հավակնության ռիսկերից հնարավորինս զերծ պահելու համար: Հետևաբար, Հայաստանի կառավարման համակարգի ցանկացած օղակում պահանջվում է զգուշություն և նրբանկատություն, ավելորդ կոնֆլիկտներ չառաջացնելու և սուր անկյուններ թույլ չտալու համար, որպեսզի Հայաստանի եղած ներուժը բավականացնի առանց այդ էլ առկա բարդ հարցերը լուծելու և կարևոր բալանսը անհրաժեշտ նվազագույնի վրա պահելու համար: Այդ իմաստով նաև թերևս հատկանշական է, որ Հայաստանի արտգործնախարարությունը զերծ է մնում խնդրի հետագա հանրային գեներացիայից: Իհարկե սա ինքնին չի բացառելու թեմայի շուրջ նենգափոխումների և տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիաների, և հանրային տարբեր շրջանակների՝ կամա, թե ակամա դրանց տրվելու ռիսկը:

 

Պարոն Բաբաջանյան,  Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: Բրյուսելում հերթական հանդիպումը ի՞նչ արդյունք կարող է արձանագրել։

Տեղեկությունը հետաքրքիր է նրանով, որ մինչ այդ շաբաթներ առաջ հայտնվեցին տեղեկություններ, որ առաջին դեմքերի մակարդակով եռակողմ հանդիպում կլինի Մոսկվայում: Մոսկվայում, սակայն, տեղի կունենա փաստորեն փոխվարչապետների մակարդակով սահմանազատման և սահմանագծման հարցերի պատվիրակությունների հանդիպում՝ օգոստոսի 29-ին:

Մոսկվայում հնարավոր հանդիպումը չեղարկվել է, որովհետև Երևանն ու Բաքո՞ւն են մերժել, թե՞ Մոսկվան է հրաժարվել այդպիսի մտադրությունից, ներկայումս զբաղված լինելով այլ՝ ավելի առարկայական և հրատապ խնդիրներով, և առավել ևս չունենալով հայ-ադրբեջանական հարցում որևէ էական ճեղքում արձանագրելու հնարավորություն: Այդ հարցերի պատասխանները կարող են լինել դիվանագիտական խորհրդապահական աղբյուրներում, թեև հնարավոր է, որ շատ բան նաև «ջրի երեսին» է, պարզապես հանրությունները մշտապես փնտրում են առավել խորքային ինտրիգներ:

 

Անկասկած է, որ հայ-ադրբեջանական հարցում առկա է բազմաթիվ խաղացողների շահերի շրջանակ, որտեղ կան, իհարկե, որոշակի կայուն ձևաչափային ուրվագծեր, միաժամանակ սակայն հետաքրքրություններ ու շահեր, որոնք բավականին «լողացող» են, կախված այն իրավիճակից, որ կա երկու գործընթացների առումով՝ ուկրաինական պատերազմ և այնտեղ ծավալվող զարգացումներ, քաղաքական իրողություններ, որ ինտենսիվ կերպով ծավալվում են դրա շուրջ, այդ թվում ներեվրոպական ասպեկտով, և Իրանի միջուկային գործարքի ճակատագիր, որտեղ Եվրոպան փորձում է աշխուժորեն միջնորդել և հասնել գործարքի վերականգնման: Այդ գործընթացների համատեքստում հետաքրքրական է Բրյուսելում հանդիպման մասին պայմանավորվածությունը, ինչը թերևս չէր կարող տեղի ունենալ առանց երկու ավելի աշխույժ դերակատարի՝ Մոսկվայի և Վաշինգտոնի համաձայնության: Ինչ համատեքստ և հաշվարկ կա այդ համաձայնության ներքո, սա այլ խոսակցության նյութ է: Սակայն անկասկած է, որ բրյուսելյան հարթակի կենսունակությունը անհնարին է լինելու առանց այդ երկու խաղացողների նվազագույն լոյալության: Այդ իմաստով, գործընթացը կարող է նպաստել իրավիճակի կայունությանը, սակայն դարձյալ անորոշ է ազդեցության ժամանակային կտրվածքը, քանի որ առաջին պլան բերելով Բրյուսելը, Մոսկվան ու Վաշինգտոնը գուցե յուրովի կատարում են սեփական պլանների «վերադասավորում»:

Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: