ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անդունդի Հատակին

Հեղինակ՝ Կոլյա Տեր Հովհաննիսյան

 Կոլյա Տեր Հովհաննիսյան

-Գնանք թառ նվագող Վանիայի մոտ,- տան ճանապարհին ասաց հայրս:

Ես շշմեցի... Ուշ երեկոյան, այս տագնապալի պահին, նա ի՞նչ գործ ուներ հարսանիքներին թառ նվագող լողլող Վանիայի հետ... Հասանք մեր թաղը և, անցնելով ծուռումուռ փողոցներով  ու նրբանցքներով, թակեցինք նրանց դուռը...

-Քեզ մոտ եմ եկել մի խնդրանքով, Վանիա՛, -ասաց հայրս, երբ հարմար տեղավորվել էինք գորգապատ թախտի վրա,- վստահ եմ, ինչպես միշտ, չես մերժի ինձ:  

Նա նայեց հորս թևի տակ պահված նախագծերի փաթեթին, թեթևակի ցնցվեց ու մի դժգույն ժպիտ սահեց բարակ ու անգույն շրթերի վրա.

-Կարծում ես մի բան հիշո՞ւմ եմ...

-Էս անտեր քաղաքում միակ մարդն ես, ով գլուխ կհանի էս գործից,- խորը համոզմունքով հարեց հայրս,- նեղությունդ անվարձ չի մնա, մեծ պարգև են խոստացել, խնդրում եմ օգնիր ինձ, նեղ դրության մեջ եմ...

Հայրս սկսեց մանամասնորեն պատմել այն մասին, որ գործարանում բանվորների տգիտության կամ անփորձության հետևանքով, հենց սկզբից խոչնդոտվել էր գործարանի ու շրջակա տների էլեկտրական հոսանքն ապահովող ամերիկյան մակնիշի նոր վիթխարի դիզել-գեներատորի տեղադրումը և վերջին պահին, երբ թվում էր ամեն բան պատրաստ է, հիմա էլ մի ճաղավոր անիվ չի պտտվում այնպես, ինչպես հարկն է, որի հետևանքով, թերևս, հետաձգվի պաշտոնական բացման արարողությունը:

-Դա հարուցել է գործարանի տնօրինության անսքող դժգոհությունն ու զայրույթը,- ավելացրեց հայրս և նշեց, որ եթե մեքենան պատրաստ չլինի նշված ժամկետին, ապա ինքը կհեռացվի աշխատանքից...

Նայեցի շուրջս. նավթավառի աղոտ լույսի տակ երևում էր նրանց մեկ սենյականոց բնակարանի հասարակ կահավորանքը: Պատերից մեկի վրա  խալիչա* կար, մյուսին՝ սև շրջանակների մեջ զետեղված ընտանեկան լուսանկարներ: Միակ ներկայանալի առարկան անկյունում պատին հենված փառավոր թառն էր՝ իր սև արկղով:  Ննջասենյակը կիսված էր ծաղկավոր վարագույրով: Բաց նախամուտքի անկյունում, փոքր սեղանի վրա դրված էին խոհանոցային իրեր ու ռուսական ինքնաեռ, որի առջև կանգնած թեյ էր պատրաստում մեր թաղի ամենասիրուն աղջիկներից մեկը՝ թառ նվագող Վանիայի դուստր Վերոնիկան: Աչքս չէի կարողանում կտրել նրա ուսերին թափված ոսկեգոյն, փարթամ, գանգուր մազերից, հազիվ ծնկներին հասնող չթե տնային շրջազգեստի մաշված քղանցքներից ու էժանագին չստերի մեջ՝ առանց գուլպայի բարեձև, կաթնագոյն ոտքերից... Թաղում ո՞վ չգիտեր այն մասին, որ հակառակ ծնողների կամքին՝ քաղաքի մեծահարուստ վաճառական Գաբրիելի տղան՝ Արիսը, թունդ սիրահարված էր նրան... Վաղուց էր մարդկանց հերյուրանքի ու բամբասանքի նյութ դարձել այս փոխադարձ մեծ,  բայց անհույս սիրո պատմությունը...

Կինը թեյ ու տնային թխվածք դրեց սեղանին: Վերոնիկան ներս եկավ, բարևեց հորս ու ժպտաց ինձ: Զգացի, որ կարմրում եմ մինչև ականջներիս ծայրը...Այնքա՜ն պարզ, գեղեցիկ ու կանացի էր նա, այնքա՜ն դյութիչ էր նրա ժպիտը...

Հորս համոզիչ հորդորներն ու պնդումները դեռ համառորեն շարունակվում էին: Թառ նվագողը դժվար էր համոզվում: Սկսում էի սրտնեղել, թեև հոգուս խորքում ուրախ էի, որ նա մերժում է: Ախր ամաչում էի նույնիսկ այն մտքից, որ հորս առաջարկած անձը նա է և վաղը պիտի ներկայանա ամերիկացուն... Ի վերջո, հայրս բացեց նախագծերի փաթեթն ու փռեց սեղանին: Թառ նվագողը մի թռուցիկ հայացք ձգեց բարդ գծագրերի վրա ու մի պահ թվաց՝ նրա դեմքը շողաց հուզմունքից... Հետո սև շրջանակով ակնոցը ալարկոտ դրեց աչքերին ու խորասուզվեց նախագծի մեջ: Հոգնած էի ու սոված, բայց նրանք այնքան էին վերացած իրենց ուսումնասիրությամբ ու խոսակցությամբ, որ նախընտրում էի լռել: Մի կողմից էլ ինձ զգում էի անչափ երջանիկ ու շոյված այն պատճառով, որ Վերոնիկան անդադար հարցեր էր տալիս դասերիս, ընկերներիս ու  ընկերուհիներիս մասին և  չարաճճի ծիծաղում՝ պատանեկան իմ միամիտ պատասխանները լսելով...

-Լաւ, մի բան կանենք,-վերջապես ասաց թառ նվագողը,- վաղը կգամ քեզ հետ:

-Սրտանց շնորհակալ եմ, Վանիա ջան,-ասաց հայրս:

-Չարժե,-ամոթխած ժպտաց նա,- դեռ բան չեմ արել...

Տուն գնալիս, հարցերի տարափ տեղացի հորս գլխին: Պարզվեց, որ Վանիան մասնագիտությամբ էլեկտրոինժեներ է, ավարտել է Ռոստովում, եղել է հարուստ ընտանիքի զավակ: Փախել է երիտասարդ կնոջ հետ կարմիր հեղաղափոխության օրերին ու, կորցնելով ամեն բան, հաստատվել մեր քաղաքում: Հայրը զոհվել էր, անհետ կորել էին եղբայրները, մայրը չդիմանալով հարվածին՝ մահացել էր վշտից: Միակ քույրը գաղթել էր Երևան ու «տարին մեկ անգամ» նամակ էին գրում իրար...

-Բա ինչո՞ւ է թառ նվագում:

-Հապա ի՞նչ անի, պետք է ընտանիք պահի, չէ՞, լեզու չգիտի, էստեղ իր մասնագիտությանը համապատասխան կայուն աշխատանք չկա, նոր է սկսվում գեներատորների գործածությունը:

-Իսկ դու որտեղի՞ց գիտեիր...

-Էս առաջին անգամը չէ, որ դիմում եմ նրան,- կարճ կապեց հայրս:

Ա՜յ քեզ բան, թառ նվագողը էլեկտրոինժեներ է եղել, չէինք իմացել, լսելու բա՞ն էր...

 

* * *

 

Առավոտյան տատնվում էի՝ գնա՞լ, թէ չգնա՞լ հորս հետ: Այս  արտառոց փաստին տեղյակ լինելուց հետո էլ, դարձյալ քաշվում էի... Մա՜րդ է գտել, էլ ուրիշը չկար... Այնուամենայնիվ,  հետաքրքրությունս հաղթեց:

Հակառակ սպասածիս, ամերիկացին հարգանքով ու քաղաքավարությամբ սեղմեց նրա ձեռքը, ընդ որում, չէին դադարում թուրք բանվորների ծաղրական ակնարկներն ու  լկտի արտահայտությունները.

-Թառդ մոռացել ես բերել, մսյո Վանիա,-հարցրեց մեկը,- մի լաւ քեֆ կանեինք...

Նա լուռ էր, խեղճացած ու անօգնական նայում էր հորս, որ անտարբեր շրջապատին նրան առաջնորդեց սրահի խորքն ու ցույց տվեց չարաբաստիկ անիվը, որի վրա նախապես արված էր սպիտակ կավիճով խաչաձև նշան: Ըստ նախագծի անիվը մեկ լրիվ պտույտից հետո պետք է կատարեր կես ետպտույտ ու նորից վերադառնար նախկին կետին, բայց տվյալ պահին դա պտտվում էր միայն մեկ ուղղությամբ: Հավանաբար թույլ էր տրվել կոպիտ վրիպում: Թառ նվագողի մատերը թեթև դողում էին, երբ կենտրոնացած ու մտասևեռ պտուտակիչով մեկիկ-մեկիկ տնտղում ու ստուգում էր նախապես արված միացումները: Հետո նա ձեռքը վերցնելով լարահատը, սկսեց կտրատել հսկա վահանակից դուրս թափված գունավոր էլեկտրալարերի նախապես արված միացումները: Ես վախեցած նայեցի ամերիկացուն, բայց նա ոչ միայն չհակազդեց, այլև ուշադրությամբ հետևում էր թառ նվագողի աշխատանքին: Քիչ անց սկսվեց միացման բարդ գործողությունը: Նրա մատները շարժվում էին ավելի սահուն ու ինքնավստահ: Ձանձրացած բանվորները մեկիկ-մեկիկ դուրս էին գալիս սրահից ու շնթռկում պատերի տակ:

Ճաշթողին հայրս քաջալերական տոնով հարցրեց.

-Հ՞ը , գործը ո՞նց է առաջ գնում,  բան դուրս կգա՞:

-Ի՞նչ ասեմ,- նեղլիկ ուսերը վեր քաշելով՝ ժպտաց նա,- ճտերը աշնանն են հաշվում:

Հակառակ խուսափողական պատասխանին, նա իր տարերքի մեջ էր. դեմքի գունատությունը անցել էր, ուտում էր ախորժակով ու շտապում էր վերադառնալ մեքենայի մոտ:

Արևը թեքվում էր դեպի մայրամուտ, երբ ավարտվեց վերամիացման աշխատանքը: Վանիան մի վերջին անգամ ստուգեց կապերն ու, ամրացնելով վահանակի դռան պտուտակնեերը, ցածր ձայնով, բայց հաստատակամ  ասաց.

-Աշխատեցրե՛ք...

Սրահը աշխուժացավ. թուրք բանվորները հեգնալից շտապում էին ականատես լինելու... հորս պարտությանը: Նրանք համոզված էին, որ թերությունը նախագծային է: Որտեղից-որտեղ, դժգոհ փնթփնթոցով հայտնվեց նաև պետական վերահսկիչն ու արհամարհանքով վերից վար չափեց թառ նվագողին, որը հոգնած, բայց գոհ ու անվարան հետևում էր մեկնարկման նախապատրաստական եռուզեռին: Ամերիկացին նորից  կավիճով նշան դրեց անիվի եզրին: Սեղմեցին ստարտը: Սրահը դղրդաց մեքենայի հզոր հռնդյունից: Բոլորի հայացքները անխտիր գամված էին սպիտակ նշանի վրա:

Ուռա,՜ անիվը մեկ լրիւ պտույտից հետո կատարում էր հակառակ կես պտույտ ու այսպես շարունակ...

Ամերիկացին մոտեցավ, գրկեց Վանիային ու երախտագիտությամբ թփթփացրեց նրա մեջքին: Հորս աչքերը խոնավացան... Բոլորը պապանձված ակնածանքով էին նայում հաղթանդամ ամերիկացու բազուկների մեջ կորած թառ նվագողին: Ասես հրաշք էր տեղի ունեցել: Իմ մեջ եռում էր հպարտությունը, միաժամանակ  ամաչում էի, այս անգամ՝ խղճի խայթից... Թառ նվագողը աչքիս բարձրացել էր, վեհացել... Եւ այնպես էի փափագում վազել Վերոնիկայի մոտ, հայտնել ուրախալի  լուրը, իր մասնագետ հոր հաղթանակի լուրը...

 

* * *

Այդ դեպքից անցան ամիսներ:

            Մեր քաղաքի մեծահարուստ Գաբրիելի տղայի՝ Արիսի հարսանիքն էր: Նորահարսը մայրաքաղաքից էր՝ հյուրանոցատիրոջ աղջիկ: Նրանք պսակից հետո մեկնելու էին  արտասահման: Մենք էլ բազմահոծ հրավիրյալների մեջ էինք՝ որոնցից քչերն էին տալիս Վերոնիկայի անունը, այն էլ՝ շշուկով, վախվորած, շուրջը նայելով... Քաղաքավարությունն ու էթիկան այդ էր պահանջում... Ասես երէկ չէր, որ չարակամորեն առիթ բաց չէին թողնում ժամեր շարունակ հաճոյքով խոսելու այդ մասին, բանսարկելու...

 Շքեղորեն զարդարված սրահը կորել էր անհամար գունագեղ ծաղիկների, համադամ խորտիկների ու խմիչքների ճոխ տեսականիի մեջ: Ներս մտնելուն պես նկատեցի սև կոստյում հագած թառ նվագող Վանիային՝ իր անզուգական թառով նվագելիս ու թվաց, կամ գուցե թվաց, որ նրա հայացքը երբեմն խաչաձևվում է Արիսի մելամաղձոտ հայացքին ու այդ պահին բարակ ու անգույն շրթերի վրա դրոշմվում է դալկահար մի ծուռ ժպիտ...

Դա  անդունդի հատակին հայտնված մարդու դառը ժպիտ էր...

 

 

 

Նոյեմբեր 17, 2006

Թեհրան

 

 

* Կարպետ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ժոզե,նոբելյան,բանախոսություն,սարամագո , Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին
դերենիկ,դեմիրճյանն,ու,կատուները,դերենիկ-դեմիրճյան , Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։
լղ,պատմությանն,առնչվող,հազվագյուտ,վավերագրերն,ու,հնատիպ,գրքերը,տեղափոխվել,են,մատենադարան , ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:
հայկական,քոչարին,ներկայացվել,յունեսկօ-ի,կենտրոնակայանում,կայացած,մշակութային,ժառանգության,օրերին,քոչարի , Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
այսօր,էդվարդ,ջրբաշյանը,կդառնար,100,տարեկան,էդվարդ-ջրբաշյան ,  Էդվարդ Ջրբաշյան
Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: