ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կոմիտասի մահվան առեղծվածը

Հանճարեղ Կոմիտասի ողբերգական վախճանից անցել է գրեթե իննսուն տարի, սակայն մինչ օրս նրա հիվանդությունն ու մահվան ստույգ պատճառը մնում է անհայտ։ Վերջինս անսպառ նյութ է հանդիսանում գիտական և պատմական ուսումնասիրությունների, քննարկումների համար։ Զարմանալի է, բայց փաստ. կյանքում լինելով հասարակ ու պարզ անձնավորություն՝ Կոմիտասն իր մահից հետո թողել է բազմաթիվ գաղտնիքներ և առեղծվածներ։

Կոմպոզիտորի մահվան վերաբերյալ գոյություն ունեն տարբեր վարկածներ։ Մենք ներկայացնում ենք դրանցից ամենատարածվածները։ Արդյոք ո՞րն է իրականություն, որը պատրանք, թող որոշի ընթերցողը։

Վարկած 1

1991 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիային կից փարիզյան բժշկական համալսարանում Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդության և մահվան թեմայով դիսերտացիա պաշտպանեց՝ ապացուցելով, որ կոմպոզիտորը հոգեկան հիվանդ չի եղել և չի տառապել մտագարությամբ։

Երբ գիտության և մշակույթի ութ գործիչների հետ Կոմիտասը վերադարձավ Թուրքիայի հարավից՝ աքսորից, նա գտնվում էր հոգեբանորեն խիստ ճնշված վիճակում։ Կոմպոզիտորի մոտ հիվանդության ախտանիշներ չէին նկատվում, ինչի մասին վկայում է նաև նրա հետ աքսորում եղած, «Բյուզանդ» թերթի խմբագիր Բյուզանդ Քոչյանը։ Նրա հավաստմամբ, նույնիսկ ամենածանր պահերին Կոմիտասը նրանց համար հանդիսանում էր հույսի և փրկության «աղբյուր»՝ զարմացնելով իր ֆիզիկական ամրությամբ և ուժեղ կամքով։

 

 Բյուզանդ Քոչյան

Սակայն, վերադարձից հետո կոմպոզիտորի մոտ սկսեց նկատվել անկումային վիճակի խորացում։ 1916 թվականի գարնանը նրա առողջությունը մի փոքր լավացավ. Կոմիտասը, նույնիսկ, վերսկսեց իր կոմպոզիտորական գործունեությունը՝ ստեղծելով դաշնամուրային մի քանի պար։ Ցավոք, աշնանը նա կրկին ընկավ դեպրեսիայի մեջ, և նրան տեղափոխեցին Կոստանդնուպոլսի թուրքական զինվորական հոսպիտալ, իսկ 1919 թվականին՝ Փարիզի Վիլ-Էվրարի հոգեբուժարան։ Այնուհետև, 1922 թվականի օգոստոսին Կոմիտասին տեղափոխեցին Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան, որտեղ պայմաններն ավելի համեստ էին, իսկ բուժման ծախսերը՝ քիչ։ Այստեղ էլ, 1935 թվականին կոմպոզիտորը կնքեց իր մահկանացուն։

Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի կարծիքով, թե՛ Կոստանդնուպոլսում, թե՛ Փարիզում Կոմիտասին խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարան։ Թուրքական կառավարության իրականացրած կոտորածը տեսնելուց հետո նա ընկնում է հիվանդանոց, որտեղ բուժվում է թուրք բժշկի մոտ... Արդեն իսկ այդ փաստը բավական էր, որպեսզի նրա վիճակը վատթարանար։ Ինչպես՞ կարող էր Կոմիտասը Եղեռնի մասին խոսել թուրքի հետ... Երբ, այսպես կոչված, Օգնության կոմիտեն խաբեց կոմպոզիտորին՝ ասելով, թե Միջազգային երաժշտական ընկերությունը նրան հրավիրում է Փարիզ՝ կոնգրեսի, Կոմիտասը շոգենավով ուղևորվեց Ֆրանսիա։ Նույն շոգենավով ճամփորդող Կոմիտասին անծանոթ մի ուսանող կոմիտեի ղեկավարության հանձնարարությամբ խաբեությամբ ուղեկցեց նրան հոգեբուժարան...

Փարիզյան հիվանդանոցում ուսումնասիրում էին կոմպոզիտորի ջղային համակարգը, վերջինիս գրգռվածության աստիճանը։ Ականատեսների վկայությամբ, Կոմիտասն Ամենևին էլ անմեղսագիտակ վիճակում չէր. նա ոչինչ չէր խնդրում, չէր պահանջում։

Կոմիտասի հիվանդության պատմության մեջ անճշտություն կա։ Այնտեղ ասվում է, որ նախկինում կոմպոզիտորը բազմիցս ստացիոնար բուժում է ստացել Թուրքիայում և Ռուսաստանում և առաջին անգամ հոգեբուժարան է ընկել դեռևս 1898 թվականին։ Սա չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ ըստ վավերագիր տվյալների, այդ շրջանում նա սովորում էր Գերմանիայում։

Իրականում Կոմիտասին հոգեբուժարան են տեղափոխել քառասունութ տարեկանում, իսկ շիզոֆրենիան այդ տարիքում գրեթե չի զարգանում։ Ըստ երևույթին, թյուր ախտորոշումն հաստատելու համար ինչ-որ մեկը նենգափոխել է փաստերը...

Կոմիտասի վարքագծում չափից ավելի լռակյացությունը մտորելու տեղիք էր տալիս։ Բժիշկ Մորիս Դյուկոստեի կարծիքով, վարդապետի լռությունը հիվանդության ախտանիշ չէր։ Նա ոչ թե լռում էր, այլ չէր ցանկանում խոսել։ Կոմիտասն ինքն էր որոշում՝ խոսե՞լ այցելուի հետ, թե՞ ոչ։

Բացի դրանից, կոմպոզիտորը դժվարությամբ էր արտահայտվում ֆրանսերեն, իսկ հոգեբուժությունում հիվանդի և բժշկի միջև լիակատար հաղորդակցությունը պարտադիր էր։ Ահա թե ինչով էր արդարացվում բժշկական անձնակազմի և հիվանդների հետ նրա շփման բացակայությունը։

Հայտնի է նաև, որ Օգնության կոմիտեի պահանջով առանց իրենց թույլտվության ոչ ոք չպետք է այցելեր Կոմիտասին։

Այս փաստը Լուիզ Ֆով-Հովհաննիսյանին դրդեց մտորելու. ի՞նչ իրավունքով եւ ինչի՞ց էին խուսափում կոմիտեի ներկայացուցիչները, եթե համոզված էին, որ կոմպոզիտորն հոգեկան հիվանդ էր։

Մինչև կյանքի վերջ Կոմիտասը չբաժանվեց հոգևորականի իր փարաջայից։

Տարիներ շարունակ լինելով մեկուսացած, չընթերցելով թերթեր, չօգտվելով ժամացույցից և օրացույցից՝ նա անվրեպ կերպով կռահում էր պահքի սկիզբը և հետևողականորեն պահում այն։

Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը հերքում է նաև Կոմիտասի վեներական հիվանդության մասին վարկածը, որն, իբր, հանգեցրել էր մտքի ցնորմանը։ Կոմպոզիտորի հիվանդության պատմության մեջ չկա ոչ մի գրառում նաև սիֆիլիսով հիվանդ լինելու մասին։ 1906 թվականին արյան անալիզի պատասխանը նույնպես հերքում է նման ախտորոշումը։

Ելնելով այս փաստարկներից՝ Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդությունն ախտորոշում է որպես պոստ-տրավմատիկ խանգարում, որն հնարավոր է բուժել կոմպոզիտորին նորմալ միջավայր վերադարձնելով, վերականգնելով նրա կյանքի ռիթմը, ստեղծագործական աշխատանքը, շփումը հասարակության հետ։

Կոմիտասի մահվան պատճառ է հանդիսացել ոսկրաբորբը։ Բանը նրանում է, որ հոգեբուժարանի հիվանդներն հագնում էին կոպիտ ոտնամաններ։ Դա նպաստեց կոմպոզիտորի ոտքի բորբոքմանը՝ առաջացնելով ոսկրաբորբ։ Իսկ հակաբորբոքային միջոցները ստեղծվեցին 1948-1950-ական թվականներին։ Ուրեմն Կոմիտասը չուներ ոչ մի փրկություն...

 

Վարկած 2

1999 թվականին հրատարակվել է Խաչիկ Սաֆարյանի գիրքը՝ «Կոմիտաս-հրաշագործ»-ը։ «Հիվանդության գաղտնիքը» գլխում հեղինակը, լուսաբանելով մեծ կոմպոզիտորի հիվանդության գոյություն ունեցող վարկածները, բերում է կոնկրետ փաստեր նրա կյանքից և հիվանդության տարիներին նրա հետ անմիջական շփում ունեցած ժամանակակիցների վկայություններից։

«Վերադառնալուց հետո նրա առողջությունը վատթարացած էր՝ ներվային համակարգը խախտված էր։ Նա զբաղվում էր միայն Ավետարանի ընթերցմամբ եւ մեկնությամբ։ Միևնույն ժամանակ նա ինքնատիպ հացադուլ էր հայտարարել. միայն թեյ էր խմում։ Կոմիտասը նաև մեծ նշանակություն էր տալիս իր տեսած երազներին։

Մի անգամ, երբ մենք նրա տանն էինք, նա կրկին սկսեց խոսել Ավետարանի շուրջ։ Մեր միջև բանավեճ առաջացավ... Հանկարծ նա վրդովված բղավեց. «Ես Հիսուսն եմ, իսկ դուք՝ իմ աշակերտները. Թոմաս եմ կոչում քե՛զ, Վարդա՛ն»։ Այդ բառերն արդեն իսկ գուշակում էին հիվանդության վշտալի Վախճանը», - պատմում էր կոմպոզիտորի աշակերտ Վարդան Աղքյուլը։

Ասում են, Կոմիտասին հաճախ տանջում էր այն միտքը, թե իրեն հետապնդում են։

Հիվանդներից մեկի՝ Բյուզանդ Քեչյանի որդու վկայությամբ, Կոմիտասի մոտ անհիմն վախի զգացում կար։ Նրան թվում էր, թե թուրք ոստիկաններն հետևում են իրեն։

Նույնն է հավաստում նաև կոմպոզիտորի ընկերներից մեկը՝ Լևոն Մեսրոպը։ «Կոմիտասը նոր էր դուրս եկել ծանր վիճակից, երբ ինձ մոտ եկավ բժիշկ Թորգոմյանը և պատմեց նրա հիվանդագին վիճակի մասին։ Բժիշկն առաջարկեց հրավիրել Կոմիտասին մեզ մոտ, որպեսզի նա ցրվի։ Սիրով համաձայնեցինք, և մի ամիս վարդապետն հյուրընկալեց մեզ՝ շրջապատված հոգատարությամբ և ուշադրությամբ։

Ցավոք, աստիճանաբար խանգարման նշաններ ի հայտ եկան։ Մի անգամ մեր երեխաների հետ նա բլուր բարձրացավ, ապա սկսեց վազել դեպի վար. երեխաներին նա տուն հասցրեց գետնին քարշ տալով։ Մենք սարսափեցինք, սակայն ցույց չտալով՝ շարունակեցինք նրան խնամել։ Այդ դեպքից երկու օր անց նա անհետացավ սենյակից։ Ապարդյուն որոնումներից հետո, երբ մեր աղախինը մոմը ձեռքին մտավ մութ սենյակ, վարդապետը, որը պարզվում է պառկած էր մահճակալին, շտապ վեր թռավ եւ փչեց մոմը՝ վախեցնելով սպասուհուն։ Մեկ ուրիշ անգամ նա թաքնվել էր սեղանի տակ։ Երբ մայրս մտավ սենյակ, նա գոռալով դուրս ցատկեց...»

Կոմիտասն Աստվածատուր Հարենցի հետ

Ստամբուլի մոտ գտնվող Բյույուքադա կղզում (1916)

Ինչպես հիշում էր Աստվածատուր Հարենցը, «հոկտեմբերին նրա վիճակն էլ ավելի վատացավ. օրեցօր մարում էր նրա կենսուրախությունը։ Ինչպե՜ս էր նա ընդդիմանում արևի շողերին, նա, որ լինելով կղզում, միշտ հաճույքով էր դիմավորում արշալույսը։

Այդ վերջին ուրբաթը, ճաշի ժամանակ սպասում էինք, թե երբ է իջնելու։ Եվ հանկարծ, նա մեծ-մեծ քայլերով դուրս սլացավ։ Անշուշտ, ես հետևեցի նրան։ Երբ եկեղեցի հասանք, նա ներս մտավ, խնդրեց փակել դռները եւ ծնկի գալով՝ սկսեց լալագին աղոթել։ Խնդրելով քահանային ուշադիր լինել նրա նկատմամբ՝ ես վերադարձա տուն՝ հանգստացնելու հարազատներիս, ապա նորից գնացի եկեղեցի։ Պարզվեց, որ վարդապետն ու քահանան գետափ են գնացել։ Քիչ անց, գիշերվա մշուշում երևացին նրանք։ Տեսնելով ինձ՝ Տեր Վարդանն հայտնեց, որ վարդապետն ուզում է տուն վերադառնալ։ Անքուն գիշեր անցկացնելով՝ առավոտյան Կոմիտասին ուղեկցեցի նրա տուն, որտեղից բժիշկների խորհրդակցությունից հետո նրան տեղափոխեցին Շիշլիի «De la Pays» հոսպիտալ...»

Այդ հիվանդանոցում կոմպոզիտորին այցելեց նրա ընկերոջ որդին։ «Երբ նրա սենյակ մտա, Կոմիտասն անտարբեր հայացք նետեց վրաս. կարծես մոռացել էր իմ գոյության մասին, չնայած հաճախ էր եղել մեր տանը և լավ գիտեր ինձ։ Ես մոտեցա նրան և բարեկամաբար հարցրեցի. «Տե՛ր հայր, մի՞թե Դուք ինձ չճանաչեցիք։ Ես Վաղինակն եմ՝ Սմբատի որդին»։ Լսելով հորս անունը՝ նա հայացքն ուղղեց դեպի ինձ։ «Սմբատի որդի՞ն. այո՛, ճանաչեցի». ես վախ նկատեցի նրա հոգնած աչքերում։ Ապա անհանգիստ շարժում արեց, բարկացավ ու բղավեց. «Ես թույլ չե՛մ տա, որ սպանեն Սմբատին, թույլ չե՛մ տա, մարդասպաննե՛ր»։ Ու կրկին հայացքը սևեռեց դեպի պատուհանը... այլևս նա չպատասխանեց իմ հարցերին, չարձագանքեց իմ խոսքերին և չնայելով իմ կողմ՝ գոռաց. «Ես ձեզ չեմ ճանաչում, գնացե՛ք. ես իմ երգերը պետք է գրեմ...»

Վարդապետի լավագույն աշակերտներից մեկի՝ Աղավնի Մեսրոպյանի հայրը պատմում էր. «Հոգեբույժի ներկայությամբ Կոմիտասն իմ բոլոր հարցերին թուրքերեն էր պատասխանում. «Ձեզ երբեք չեմ ճանաչել և չեմ ցանկանում խոսել», - կրկնում էր նա»։

Չկարողանալով կարգավորել կոմպոզիտորի առողջական վիճակը՝ բժիշկների որոշմամբ նրան տեղափոխեցին Փարիզ՝ Վիլ-Էվրար հիվանդանոց։ Այնտեղ Կոմիտասին սպասում էր նրա մտերիմ ընկերը՝ Արշակ Չոպանյանը, որն այս անգամ համերգային դահլիճ ուղեկցելու փոխարեն, կոմպոզիտորին տարավ հոգեբուժարան։

Փանոս Թերլեմեզյան և Կոմիտաս

1921 թվականին նկարիչ Փանոս Թերլեմեզյանը Վիլ-Էվրար հոգեբուժարանում այցելեց Կոմիտասին. «... Ես սենյակ մտա բուժքրոջ ուղեկցությամբ...Պառկած էր. վեր ցատկեց, ես էլ իր վզին ընկա եւ սկսեցի համբուրել իրեն։ Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով՝ ասաց. «Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ»։ Հետո «նստիր» ասաց, եւ սկսեցինք խոսել։

Կոմիտաս,- ասացի,- գիտեմ, չափազանց վշտացել ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենապես խռովել. մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում...

Կյանքի և մահվան մասին խոսելիս ասաց, որ մահ գոյություն չունի և իսկույն սենյակի դուռը բանալով՝ հառաչեց. «գերեզման չէ, ապա ի՞նչ է»։

1928 թվին երկրորդ անգամ այցելեցի Կոմիտասին։ Մազերը բոլորովին սպիտակել էին։ Մոտեցա և կես ժամ զանազան հարցեր տվի, սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց։

Այդպես էլ բաժանվեցի նրանից...»։

Ըստ Խաչիկ Սաֆարյանի, Կոմիտասի հիվանդության առաջին ախտանիշներն ի հայտ են եկել դեռևս աքսորի տարիներին։ Աքսորավայրում, զգալով իրենց ողբերգական վախճանը, հայ մտավորականության ներկայացուցիչները խնդրեցին Կոմիտասին երգել «Տեր, ողորմեա»-ն։ Վերջացնելով երգը և լսելով ընկերների հեծկլտոցն ու հառաչանքը՝ կոմպոզիտորն հանկարծ համակվեց հիստերիկ ծիծաղով։ Սարսափահար եղած ընկերների՝ Կոմիտասին հանգստացնելու ջանքերն ապարդյուն անցան։ Ըստ ամենայնի, հենց այդ պահից էլ սկսվել էր կոմպոզիտորի ուղեղի մթագնումը...

Այդուհանդերձ, հակված ենք հավատալու, որ հանճարեղ երաժշտի մահվան պատճառը ոչ թե մտագարությունն էր, այլ ոսկրաբորբը։

 

Կազմեց՝ Սոնա Աղազարյանը


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: