ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը կհակազդի «միջանցք» կոչվածին ցանկացած գնով. իրանագետը վստահ է՝ Ռայիսիի խոսքերը ուղղված էին Թուրքիային և Ադրբեջանին

Իրանի նախագահի խոսքերը, որ սահմանների փոփոխությունը, այսինքն՝ «միջանցք» կոչվածը իրենց կարմիր գիծն է և իրենք դրան կհակազդեն ցանկացած գնով:

Հարևան Իրանում համակ ուշադրությամբ հետևում են Հայաստանի շուրջ զարգացող տագնապալից իրադարձություններին՝ ամենաբարձր մակարդակով վերահաստատելով հարավկովկասյան տարածաշրջանում Թեհրանի «կարմիր գծերը» և ուղիղ տեքստով հասկացնելով բոլոր դերակատարներին, որ չեն հանդուրժելու սահմանների փոփոխություն, այդ թվում՝ հազարամյակների հաղորդակցության ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանի արգելափակման որևէ փորձ: Հերթական պաշտոնական ազդակը հնչեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Իրանի նախագահը, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հայտնի հայտարարությունը Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ առ այն, որ «Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի»: 

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը, որը երկար տարիներ ուսումնասիրում է Իրանի և Միջին Արևելքի քաղաքականությունը և մշտադիտարկում է իրանական մամուլը, շատ հստակ է ընկալել Իրանի նախագահի խոսքերի ե՛ւ ուղերձը, ե՛ւ դրա հասցեատերերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա պարզաբանեց, որ Ռայիսիի խոսքերը հայ-իրանական սահմանի արգելափակման փորձերի, իսկ ավելի կոնկրետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հորջորջող այսպես կոչված՝ «միջանցքի» գաղափարի անընդունելիության մասին են: Հետևաբար, ինչպես կարծում է իրանագետը՝ նախագահ Ռայիսիի հայտարարությունը հստակ ուղղված էր Թուրքիային և Ադրբեջանին:

«Ես այսպես եմ հասկանում Իրանի նախագահի խոսքերը, որ սահմանների փոփոխությունը, այսինքն՝ «միջանցք» կոչվածը իրենց կարմիր գիծն է և իրենք դրան կհակազդեն ցանկացած գնով: Այս ընդհանուր պատկերի մեջ դա նշանակում է, որ Իրանը չի բացառի ընդհուպ մինչև ռազմական միջամտություն: Անգամ եթե Լաչինի միջանցքը տեղափոխվում է՝ դա, իհարկե, անցանկալի է Իրանի համար, բայց չի միջամտել: Բայց եթե Հայաստանի վրա ճնշում գործադրեն՝ այս դեպքում կմիջամտի», - մեկնաբանեց իրանագետը:

Ընդ որում, այդ «միջանցք» կոչվածը, որով Ադրբեջանը ցանկանում է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի և Թուրքիայի հետ, ըստ վերլուծաբանի՝ հիմա ավելի շատ Թուրքիայի նախագահ Էրդողանին է պետք, քան Ադրբեջանի նախագահ Ալիևին, քանի որ առջևում 2023 թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններն են, որոնցում Էրդողանը գրեթե պարտված վիճակում է, իսկ այդ «միջանցքն» այն հաղթաթուղթն է, որի միջոցով նեոօսմանական ու պանթյուրքիստական գաղափարներով տարված Էրդողանը կարող է ձայներ հավաքել՝ ամբոխահաճությամբ խաղալով թուրքերի ազգայնամոլական զգացմունքների հետ և նրանց խոստանալով «այդ ճանապարհով միացնել 300 մլն թուրքերին»: Այսպես է իրանագետ Էմմա Բեգիջանյանը մեկնաբանում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականության ներկա միտումները:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը տասնյակ անգամներ հայտարարել և ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում «միջանցքային տրամաբանությունը» անընդունելի է՝ մատնանշելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով ընդունված երեք եռակողմ հայտարարությունների դրույթները, որոնցում որևէ բառ չկա ՀՀ տարածքով Ադրբեջանին «միջանցք» տրամադրելու մասին: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև հուսալի կապը երաշխավորող Լաչինի միջանցքի գոյությունը, ինչպես օգոստոսի 4-ին՝ կառավարության նիստում ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շատ հստակ ամրագրված է:

 

Վարչապետը անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից բարձրացվող հարցերին՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է ապահովել կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իր հերթին Իրանն էլ ճանապարհ ունի ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի տարածքով, բայց «Արմենպրես»-ի զրուցակցի խոսքով՝ դրանք վստահելի չեն Իրանի համար, և Իրանին այլընտրանքային ճանապարհներ են պետք Վրաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի հետ կապվելու համար: Այս իմաստով Հայաստանը, որպես միանշանակ բարեկամական երկիր և հուսալի ու վստահելի գործընկեր, անփոխարինելի է Իսլամական Հանրապետության համար:

Այս ամենը հաշվի առնելով՝ իրանագետ Էմմա Բեգիջանյանը գալիս է այն եզրակացությանը, որ Հայաստանը և Իրանը պետք է սերտորեն համագործակցեն բոլոր առանցքային ոլորտներում, քանի որ նրանց ռազմավարական և ազգային անվտանգության շահերը համընկնում են:

«Երբ նայում ենք տարածաշրջանին՝ մեր շահերը, հատկապես ռազմավարական, ազգային անվտանգության շահերը համընկնում են Իրանի շահերին, այսինքն՝ Իրանը այդ ոլորտում ինչ քայլ անի՝ մեր շահերից է բխում: Թե ուրիշները ինչ կասեն՝ մենք չպիտի դրան նայենք», - ասում է վերլուծաբանը:

Խոսելով հարավկովկասյան տարածաշրջանը շրջապատող երեք ազդեցիկ դերակատարների՝ Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռյակի փոխհարաբերությունների մասին, որոնց ղեկավարները պարբերաբար հանդիպում են Աստանայի ձևաչափով՝ Սիրիայի ճգնաժամը և տարածաշրջանային այլ խնդիրներ քննարկելու նպատակով, Բեգիջանյանն ասում է, որ Իրանի և Ռուսաստանի շահերը կարող են համընկնել միայն մարտավարական, ոչ թե ռազմավարական առումով, իսկ Իրանի և Թուրքիայի հարաբերությունները շատ ավելի բարդ են ու լարված՝ հատկապես ներկա ժամանակաշրջանում:

Իրանագետի կարծիքով՝ Իրանի շահերն այսօր առաջին հերթին պահանջում են 2015 թվականին «5+1» ձևաչափով Իրանի հետ ստորագրված միջուկային գործարքի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնում, որից հետո Իրանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներն ու սահմանափակումները կհանվեն: Իսկ այդ հեռանկարը, ըստ վերլուծաբանի մեկնաբանության, ուղղակիորեն կապված է Իրանի տարածաշրջանային քաղաքականության, տարածաշրջանում Իրանի բռնած դիրքի, այդ թվում՝ Հայաստանի և հայ-իրանական սահմանի կարևորության վերաբերյալ Իրանի բարձրագույն ղեկավարության արտահայտած դիրքորոշման հետ:

«Իրանի շահերը պահանջում են, որ միջուկային համաձայնությունը վերականգնվի, քանի որ Իրանը աշխարհում առնվազն երկրորդ տեղում է գազի պաշարներով, և Եվրոպան գազի կարիք ունի: Իսկ միջուկային համաձայնության վերականգնումը կարող է նույնիսկ ճակատագրական ազդեցություն ունենալ այս տարածաշրջանի զարգացումների վրա: Իրանի դիրքերը կփոխվեն, Իրանը կկարողանա գազ արտահանել: Իսկ եթե Իրանի դեմ սահմանափակումները վերացվեն, մեզ համար դա առավելություն է: Ինչպես Հայաստանի հզոր ու անկախ լինելն է Իրանի շահերին համընկնում, նույնպես էլ Իրանի հզորացումը տնտեսապես և ընդհանրապես մեր շահերից է բխում», - հավելեց մասնագետը:

Բեգիջանյանի խոսքով՝ այդպիսի զարգացման դեպքում Իրանը ավելի քիչ կախում կունենա ինչպես Թուրքիայից, այնպես էլ Ռուսաստանից, որովհետև հակառակ դեպքում բացառված չէ, որ Իրանի հսկայական էներգետիկ պաշարները տնօրինեն այլ երկրներ ոչ շահավետ պայմաններով:

Սիրիայի ճգնաժամի քննարկմանը նվիրված Աստանայի գործընթացի երաշխավորների վերջին գագաթնաժողովը, որի մասնակցում էին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, տեղի էր ունեցել մեկ ամիս առաջ՝ հուլիսի 19-ին, Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Այցի ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներին ընդունել էր նաև Իրանի բարձրագույն ղեկավարը՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին՝ երկու հանդիպումների ընթացքում էլ ընդգծելով, որ Իրանը չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք կարող են հանգեցնել Իրանի և Հայաստանի սահմանի փակմանը: Հետագայում Իրանի տարբեր մակարդակի պաշտոնյաներ նույն հունի մեջ բազմաթիվ հայտարարություններ էին արել՝ հիշատակելով հոգևոր առաջնորդի խոսքերը: Մասնավորապես՝ Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի սահմանային հարցերով կոմիտեի նախագահ Շահրիար Հեյդարին հայտարարել էր, որ Իրանն ու Հայաստանը չունեն որևէ երրորդ կողմի, այդ թվում՝ Թուրքիայի խորհրդի կարիքը Իրան-Հայաստան սահմանի առնչությամբ:

Արամ Սարգսյան

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: