ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լարերի տեսություն. STARMUS VI-ի խոսնակ Բրայան Գրինը՝ ֆիզիկայի ամենահեռանկարային ուղղության պիոներներից

Ֆիզիկայի պատմությունը սովորեցնում է, որ անգամ մեծագույն հայտնագործությունները, որոնք լույս են սփռում շրջակա աշխարհի վրա, ավելի շատ նոր հարցեր են առաջացնում, քան պատասխաններ տալիս:

19-րդ դարի վերջերին ֆիզիկայում առաջացել էր իրավիճակ, երբ գիտնականները համոզված էին, որ ամեն ինչ արդեն բացահայտված է, մնացել է ճշտել մի քանի պարամետր, ինչից հետո նրանք անգործ են մնալու. հետագայում, հենց այդ «փոքրիկ պարամետրերի» ու «անճշտությունների» ճշտման փուլում, սկզբում՝ Ալբերտ Էյնշթեյնը, ապա՝ Մաքս Պլանկը կարողացան հայտնաբերել անսահման մեծ ու բարդ նոր աշխարհ, որը մինչ այդ թաքնված էր: Ու մինչ օրս այդ աշխարհի ուսումնասիրությունը շարունակվում է:

 

 
 

Էյնշթեյնը փորձում էր լուծել Իսահակ Նյուտոնի՝ գրավիտացիայի նկարագրության խնդիրները էքստրեմալ պայմաններում, երբ արագություններն ու զանգվածները զգալիորեն գերազանցում են առօրյա կյանքում եղածները: Հանճարեղ պայծառացման մի քանի դրվագների շնորհիվ Էյնշթեյնը հասկացավ, որ տարածության ու ժամանակի նյուտոնյան պատկերացումը դադարում է աշխատել մեծ արագությունների ու զանգվածների դեպքում. Նյուտոնը տարածությունն ու ժամանակը նկարագրում էր որպես բացարձակ, ամեն ինչից անկախ գոյություն ունեցող «թատերաբեմի» էլեմենտներ, որոնց ֆոնին տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդում ոչ տարածության, ոչ էլ ժամանակի վրա: Էյնշթեյնը ցույց տվեց, որ ավելի խորը ուսումնասիրության պայմաններում տարածությունն ու ժամանակը հանդես են գալիս ոչ միայն որպես մեկ միասնական ֆիզիկական օբյեկտ՝ տարածաժամանակային կոնտինուում, այլև դրանք ազդում են նյութական մարմինների վրա, իսկ նյութական մարմիններն ազդում են տարածաժամանակային կոնտինուումի վրա:

Տարածությունն ու ժամանակը մեծ արագությունների ու զանգվածների դեպքում կորություն են ձեռք բերում (ժամանակի դեպքում՝ դա ժամանակի դանդաղումն է), իսկ կորացած տարածությունը ստիպում է մարմիններին շարժվել հենց այդ կորությամբ: Նման կերպ Էյնշթեյնը «վերահայտնաբերեց» գրավիտացիան. օրինակ, Երկիր մոլորակի գրավիտացիան, ըստ Հարաբերականության ընդհանուր տեսության, դա մեր մոլորակի զանգվածի ազդեցության տակ կորացած տարածությունն է իր շուրջը, ու այդ կորության շնորհիվ է, որ Լուսինը պտտվում է Երկրի շուրջ, իսկ մոլորակի մակերևույթի օբյեկտները տարածության կորության շնորհիվ «սեղմված են մնում» մակերևույթին ու չեն թռչում բաց տարածություն:

Մաքս Պլանկի բացահայտումը շատ ավելի փոքր մասշտաբների էր: Հիմնվելով էլեկտրամագնետիզմի թեմայով Ջեյմս Քլերկ Մաքսվելի աշխատանքների վրա ու փորձելով հաշվարկել, թե որքան էներգիա է ճառագայթում տաքացված մարմինը՝ Պլանկը եկավ տարօրինակ եզրակացության. ցանկացած տաքացված մարմնի ճառագայթած էներգիան անվերջ է: Անլուծելի թվացող պարադոքսալ խնդրի լուծումն էլ հենց Պլանկի հանճարեղ պայծառացումն էր. նա հայտնաբերեց, որ ճառագայթումը տեղի է ունենում ոչ թե անընդհատ, այլ դիսկրետ «կտորներով» կամ «փաթեթներով»՝ քվանտերով, ինչը թույլ է տալիս խուսափել անվերջություններից: Ու քանի դեռ Էյնշթեյնի տեսությունը մեծ հաջողությամբ նկարագրում էր ամենամեծ օբյեկտները՝ աստղերը, մոլորակները, գալակտիկաները, Պլանկի ստեղծած տեսությունը՝ քվանտային մեխանիկան, սկսեց աննախադեպ ճշգրտությամբ նկարագրել փոքրագույն մարմինների՝ ատոմների, էլեկտրոնների, պրոտոնների, ֆոտոնների և մյուս մասնիկների աշխարհը:

 

Այսպիսով, նախորդ դարի առաջին կեսին արդեն ձևավորվեցին ու ամրացան երկու կենտրոնական գիտական պարադիգմերը. Հարաբերականության ընդհանուր տեսությունը, որը նկարագրում էր գրավիտացիոն փոխազդեցությունն ամենամեծ մասշտաբներում՝ գործ ունենալով տարածության ու ժամանակի դինամիկ հատկությունների հետ և քվանտային մեխանիկան, որը նկարագրում էր մնացած երեք փոխազդեցությունները (էլեկտրամագնիսական, թույլ և ուժեղ)՝ գործ ունենալով տարրական մասնիկների տարօրինակ, հավանականությունների վրա հիմնված դիսկրետ հատկությունների հետ: Հետագայում այս տեսությունները զարգացվում էին միմյանցից անկախ, ընդ որում՝ յուրաքանչյուրն իր կիրառության սահմաններում ցուցաբերում էր աննկարագրելի ճշգրտություն գիտափորձերի ընթացքում: Սակայն անհաղթահարելի խնդիրն առաջանում էր այն ժամանակ, երբ փորձ էր արվում միավորել այս տեսությունները:

 

Առաջին հայացքից կարող է անիմաստ թվալ երկու հաջողակ տեսությունների միավորումը. մեկը նկարագրում է իրադարձությունները տիեզերական մասշտաբներում, մեծ արագությունների ու զանգվածների պարագայում, մյուսը՝ անտեսանելի, միկրոսկոպիկ մասշտաբներում: Սակայն լինում են իրավիճակներ, օրինակ՝ Տիեզերքի առաջացման պահին կամ սև խոռոչներում, երբ մեծ արագություններն ու զանգվածները համադրվում են շատ փոքր մասշտաբների հետ, ու այս իրավիճակում միավորումն անխուսափելի ու անհրաժեշտ է: Տասնամյակների ընթացքում գիտնականները փորձում էին միավորել գրավիտացիան մյուս փոխազդեցությունների հետ (այսինքն՝ միավորել ՀԸՏ-ն և քվանտային մեխանիկան), սակայն ապարդյուն: Ցանկացած նման փորձ առաջացնում էր անվերջություններ կամ այլ անիմաստ պատասխաններ: Ու միայն նախորդ դարի 60-ականների վերջին ստեղծվեց մաթեմատիկական տեսություն՝ լարերի տեսությունը, որը կարողացավ անել դա:

Վերջին 60 տարիների ընթացքում լարերի տեսության մասնագետները անդադար աշխատում են այն կատարելագործելու ուղղությամբ: Ու նրանցից մեկը ամերիկացի ֆիզիկոս Բրայան Գրինն է, ով ոչ միայն մեծ ներդրում է ունեցել տեսության տարբեր ուղղությունների ճշգրտման հարցում, այլև ակտիվորեն զբաղվել է այս բարդ մաթեմատիկական համակարգի հանրայնացման գործում՝ գիտահանրամատչելի գրքերի ու վավերագրական սերիալների միջոցով: Գրինի «Էլեգանտ Տիեզերք» գիրքն ընդհանրապես համարվում է ֆունդամենտալ ֆիզիկայի ոլորտում լավագույն գիտահանրամատչելի գրքերից մեկը՝ երկար ժամանակ գտնվելով բեսթսելերների ցուցակում: Դժվար է ասել, թե լարերի տեսությունը լուծել է ֆունդամենտալ ֆիզիկայի բոլոր խնդիրները, չկա անգամ համոզվածություն, որ հենց սա է բոլոր փոխազդեցությունները միավորող «ամեն ինչի տեսությունը», քանի որ խնդիրներն առայժմ շատ են, սակայն լարերի տեսությունը մարդկային մտքի ամենաբացառիկ ու բարդ արգասիքներից մեկն է:

Բրայան Գրինը լինելու է Հայաստանում անցկացվելիք STARMUS VI փառատոնի խոսնակներից:

Արման Գասպարյան             


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: