Եթե Էրդողանը պարտվի, ցնցումներ կլինեն երկրի ներսում, բայց ոչ հայ-թուրքական հարաբերություններում
Piar ընկերության հարցման համաձայն՝ հարցվածների 29,6 տոկոսն ասել է, որ կքվեարկեր CHP-ի օգտին, եթե ընտրություններ լինեին այս կիրակի, մինչդեռ ԱԶԿ-ին աջակցությունը կազմել է 27,8 տոկոս։ Նրանց հաջորդում են քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP)՝ 11,2 տոկոսով, İYİ կուսակցությունը՝ 11 տոկոսով և «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 7,3 տոկոսով։ Հարցումն անցկացվել է առցանց՝ ավելի քան 11 հազար քաղաքացու շրջանում հուլիսի 1-ին և 2-ին։ Մեկ այլ՝ Yöneylem ընկերության կողմից անցկացված հարցման համաձայն՝ CHP-ն ստանում է ձայների 27,7 տոկոսը, AKP-ն՝ 27,1 տոկոսը, İYİ-ն՝ 16 տոկոսը, HDP-ն՝ 10,4 տոկոսը, MHP-ն՝ 8,2 տոկոսը։ Այս հարցումն անցկացվել է 2704 մարդու շրջանում հունիսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում։
Հավելենք, որ Թուրքիայում հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախանշված են 2023 թվականի հունիսին։
Երկարամյա կառավարումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իսկապես կարող է կորցնել իր դիրքերը, սակայն արդյոք նոր իշխանությունը կփոխի իր արտաքին քաղաքականությունը։
Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանն այս հարցում լավատես չէ։
Մեր զրուցակիցը հաստատում է, որ երկրում կա Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նկատմամբ դժգոհություն, բայց նաև նշում է, որ այն մեծամասաmբ կապված է ոչ թե արտաքին քաղաքականության, այլ երկրում առկա տնտեսական ճգնաժամի հետ․ «Երկրում կա շատ լուրջ տնտեսական ճգնաժամ, ավելի ճիշտ սոսկալի գնաճ։ Դա բնականաբար հակաիշխանական տրամադրություններ է ստեղծում երկրում, մարդիկ բնականաբար համարում են, որ մեղավորն այդ հարցում իշխանություններն են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Էստուկյանի՝ հասարակությունը Էրդողանի վարած արտաքին քաղաքականության հետ կապված շատ քիչ դժգոհություններ ունի․ «Մարդկանց հուզում են իրենց առօրյա սոցիալական խնդիրները, ապրուստի հարցը։ Արտաքին քաղաքականության հետ կապված իշխանությունն ինչ էլ որ ասում է՝ հասարակության մեծ հատվածը դա կուլ է տալիս։ Շատ հակասական խոսքեր են ասվում, որոշ բաներ շատ ականջահաճո են։ Օրինակ՝ Մադրիդի գագաթնաժողովի ժամանակ մեծ դիվանագիտական հաղթանակ ձեռք բերեցինք, ոչ ոք այդ բանը չհերքեց։ Կային իհարկե հերքողներ, բայց նրանց ձայնը շատ քիչ է լսվում, իշխանության քարոզչությունը շատ ավելի մեծ է»։
Խոսելով գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) հնարավոր հաղթանակի մասին, Բագրատ Էստուկյանն ասաց, որ Հայաստանում չպետք է մեծ հույսեր ունենան, որ փոփոխությունից հետո հայ-թուրքական հարաբերություններում դրական առաջընթաց կգրանցի․ «Ես նման պատրանքներ չունեմ և Հայաստանում էլ չպետք է ունենան։ Հայաստանի մասով մեծ փոփոխություններ սպասել պետք չէ, այդ ուժն էլ տարբերվող ծրագիր չի ներկայացնում։ Հայաստանի հետ հարաբերություններ բարելավելու առումով իրենք տարբերվող մոտեցում չունեն։ Եթե ընդդիմադիրները գան իշխանության՝ շատ բան չի փոխվի այդ կոնտեքստում»։
Մեր զրուցակիցն ընդգծում է, որ խոսքերով այդ ուժը ևս կողմ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, ճիշտ այնպես, ինչպես գործող նախագահ Էրդողանն ու նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը․ «Եթե այսօրվա ընդդիմությանը հարցնեք՝ կո՞ղմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, կասեն այո՛, բայց գործնականում տարբերվող մոտեցումներ չունեն»։
Բագրատ Էստուկյանը շեշտում է՝ եթե ընտրությունների արդյունքում Էրդողանը չվերընտրվի, ապա մեծ փոփոխություններ կլինեն երկրի ներսում, բայց ոչ արտաքին քաղաքականության մեջ․ «Էրդողանը մենիշխանական համակարգ է գոյացրել և այդ համակարգը շատ լուրջ ցնցումների կենթարկվի, եթե Էրդողանը կամ իր կուսակցությունը կորցնեն իերնց դիրքերը։ Այդ պարագայում շատ լուրջ ցնցումներ կլինեն երկրում և ոչ արտաքին քաղաքականության իմաստով»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
1in.am