Արմեն Շեկոյան (Ծաղկաքաղ «Անտիպոեզիա» ժողովածուից)

(Ծաղկաքաղ «Անտիպոեզիա» ժողովածուից)
ՏԱՂ ԱՆՑՈՂԻԿ
Ափսոս կյանք է ՝ զիլ ու ղայիմ,
բայց մի քամի կքշի ինձ,
կերթամ. մի՞թե լավ տղա եմ
Սվո Ռաֆից կամ Շուկշինից։
Դուք էլ կանցնեք. կսուրանք ցած՝
խփվելով մի անսիրտ քամուց.
և մենք կերթանք՝ չկշտացած
բարեկամից ու թշնամուց։
ՄԱՆՐԱԹԵՄԱ
Հոռի, մինչեւ անգամ ոռի,
հոռացված ու մոռացված
կյանք է. կյանք չէ մարդու. բոռի
կյանք է. դարձյալ հոռացած
վրնջում է Պեգասը՝ ձիս
նյութի, փողի պակասից
եւ տալիս է տիրոջը՝ զիս
մի աննման աքացի։
ԱՆԲԱԽՏ ՏՂԱ
Երազիս մեջ վարդեր տեսա
ու ծաղկանց հեղեղ…
Թափոր տեսա, ու առջեւից
վստահ,փառահեղ
մի շեկ պարոն էն աշխարհ էր
հեռանում ընդմիշտ…
Ահա այդժամ ես հասկացա,
չէ՛, ավելի ճիշտ՝
զգացի՛, որ ի՛մ թաղումն է
ընթանում էդպես,
զի…դագաղս ինձ սեղմում էր՝
նոր կոշիկի պես։
ՍԻՐՈ ՀԱՆԳԵՐ
Ես ծեծեցի անթիվ դռներ,
բայց չգտա պատկերը քո։
Հիմա էլ եմ ճամփեդ բռնել,
որ դու մարես պարտքերը քո։
Փշրվում է հոգուս պատին
իմ հոգոցը՝ սե՜ր, օ ազի՜զ…
Իմ հոգեւոր անապատի
մշտադալար քոլ-օազի՜ս։
ԴՈՒՔ ՔՆԱԾ ԵՔ
Նահատակներ ցավ ու սովի,
ցրտի, էշի նահատակներ,
դուք խրվել եք վշտի ծովի
պաղ ընդերքը. սա հատակն է։
Քաղաքային տրանսպորտի
պասաժիրնե՛ր ուշիմ ու ժիր,
դուք քնած եք, բայց կզարթնեք
ցնցումից մի վերին ուժի։
ՆԵՐՈՂ ԵՂԵՔ
Ես պոետ եմ եղել մոլի
եւ բառեր եմ իզուր վատնել
մի երկըրում, որ ֆուտբոլի
մեկնաբաններն անգամ վատն էին։
Փուչ տողեր եմ անվերջ գրել,
փուչ տողեր եմ էլի գրում…
Իմ փայ Խաչը ես չեմ կրել
ունայնության այս երկըրում։
Չռչռացել ու հոսել եմ
հորինովի իմ անհունից…
Ներող եղեք, որ խոսել եմ
ձեր կյանքից ու ձեր անունից։
ԷՍՊԵՍ
Ամենօրյա հոսքի մեջ
ծնվում ենք ու մահանում,
սակայն գլուխ չենք հանում
էս ընթացքից անընդմեջ։
Պահանջները մարմնավոր
վերածեցինք զուտ կյանքի։
Էս դռնբաց զրկանքի
ժամկետներն են հիմնավոր,
որ խրվել են հաստատուն
տարածության մեջն, անդին,
ուր մահվան սուր գերանդին
ժամկետներն է հաստատում։
ՄԵՆՔ
Ժողովրդի մտավոր
զավակներն ենք ոչ բարով.
երազներով մոտավոր
ու լպրծուն քանքարով
համոզում ենք, որ գիտենք՝
ինչ ասել է սուտ ու ղորթ…
Մենք լավ գիտենք՝ ինչ ցիտենք…
Ու վերստին խորդուբորդ
Ճամփաներով տանում ենք
ժողովրդին այս տուժած…
Մենք հոգի ենք ծախում.մենք
թշնամի ենք ներխուժած։
ԱՆՊԱՏԱՍԽԱՆ
Չջինջացա ու չդինջացա։
Ո՞նց պատասխանեմ ձեր հարցերին։
Իմ բարձունքներից ես իջա ցած
եւ ինձ տվեցի էս ցածերին։
Ես կհասցընե՞մ ծերը ծերին։
Ինձ կթաղե՞ք էս պարարտ հողում։
Ո՞նց պատասխանեմ ձեր հարցերին,
երբ իմ հարցերն եմ դեռ ձեղ ուղղում։
ՄԱՐԴ ԵՄ ՔԵԶ ՊԵՍ
Ի՛մ բարեկամ, մարդ եմ քեզ պես՝
մեծահոգի ու փոքրոգի,
գույնզգույն ու անգույն՝ պես-պես,
մերթ՝ գթասիրտ, մերթ՝ անհոգի։
մարդ եմ քեզ պես, ի՛մ բարեկամ։
երբեմն՝ լավ, երբեմն՝ վատ,
մերթ՝ հաստակող, մերթ՝ թուլակամ,
հավատացյալ ու անհավատ։
Մարդ եմ քեզ պես, ի՛մ բարեկամ,
չգիտեմ՝ վերջն ինչ կլինի։
Ես իմ մասին ինչ էլ ասեմ՝
իմացիր, որ քիչ կլինի։
granish.org
Նմանատիպ Լուրեր





