ՀՄՀՖ-ի երկրորդ խորհրդաժողովի բանաձև

«Ս.Մարիամ Աստվածածին» Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի նախաձեռնությամբ 2022 թվականի Մարտի 11-ին, Թեհրանում տեղի ունեցավ համայնքային կյանքին վերաբերող 2-րդ խորհրդաժողովը՝ «Իրանահայ համայնքը՝ ներկան և ապագան» վերտառությամբ, որի նպատակն էր քննարկելով ու գնահատելով իրանահայ համայնքի ներկա իրավիճակը, խնդիրներն ու մարտահրավերները՝ հեռանկարային պատկերացում կազմել ապագայի մասին, և այդ նպատակով առաջարկել լուծումներ, ելքեր, ինչպես և ծրագրեր:
«Ս.Մարիամ Աստվածածին» Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի նախաձեռնությամբ 2022 թվականի Մարտի 11-ին, Թեհրանում տեղի ունեցավ համայնքային կյանքին վերաբերող 2-րդ խորհրդաժողովը՝ «Իրանահայ համայնքը՝ ներկան և ապագան» վերտառությամբ, որի նպատակն էր քննարկելով ու գնահատելով իրանահայ համայնքի ներկա իրավիճակը, խնդիրներն ու մարտահրավերները՝ հեռանկարային պատկերացում կազմել ապագայի մասին, և այդ նպատակով առաջարկել լուծումներ, ելքեր, ինչպես և ծրագրեր:
«Իրանահայ համայնքը՝ ներկան և ապագան» խորհրդաժողովը ի մի բերելով «Ս.Մարիամ Աստվածածին» Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի պատասխանատու անձանց ներկայացրած զեկույցների, հրավիրյալ բանախոսների, ինչպես և երկրորդ մասում ծավալված մտքերի փոխանակման ընթացքում արտահայտված տեսակետներն ու առաջարկությունները, եկավ մի շարք եզրահանգումների.
- Ներկա պայմաններում անհրաժեշտ է իրանահայ համայնքի տնօրինման համակարգում ու ազգային կյանքում լուրջ ու արմատական բարեփոխոխումներ կատարել:
- Իրանահայ բազմադարյա համայնքը պարտավոր է տեր կանգնել իր նախնիների նյութական ու հոգևոր ժառանգությանը, և այդ նպատակով նախ և առաջ՝ կասեցնել վերջին տասնամյակների կորուստն ու նահանջը, վերականգնվել ու վերակազմակերպվել՝ ապահովելով իր նոր սերնդի լուսավոր ապագան:
- Համայնքը նորովի վերականգնելու և վերակազմակերպելու գործում վճռորոշ դեր կարող է ունենալ նոր ու ժամանակակից գիտելիքներով ու գաղափարներով օժտված երիտասարդությունը: Բայց և նրանց կողքին պիտի լինեն համայնքային կյանքից ու գործերից տեղյակ ավելի տարեց ու փորձառու անձինք:
- Համայնքային ազգային կյանքի տնօրինումը պետք է հանձնել պրոֆեսիոնալ ու կարող ուժերին՝ հեռու քաղաքական- կուսակցական նեղմտությունից ու կարծրատիպերից:
- Կրթական ոլորտում համայնքում անհրաժեշտ է լուրջ փոփոխություններ կատարել: Օպտիմալացումը կատարել բառի բուն իմաստով՝ կառուցել ժամանակակից հարմարանքներով դպրոցներ, կամ հները վերակառուցել ու վերազինել արդիական հնարավորություններով: Այս ուղղությամբ մասնավորաբար հայեցի դաստիարակության ու հայագիտական գիտելիքների առումով մակարդակը բարձրացնելու նպատակով, առանձին ուշադրություն պետք է դարձնել դասագրքերի և ուսուցիչների վերապատրաստման գործին:
- Տնտեսական առումով ևս համայնքում պետք է բարեփոխումներ կատարել՝ թե՛ ազգապատկան և թե՛ առանձին ձեռնարկատերերի հարստությունների առավել նպատակահարմար օգտագործելու և շահեկան դարձնելու առումով: Բիզնես Ֆորումի կյանքի կոչումը կարող է համայնքի տնտեսական կյանքի առավել կազմակերպման ու միասնական փոխշահավետ գործակցության կարևոր ու գործնական մի քայլ համարել:
- Արտագաղթը թեև ժամանակավորապես համարյա դադարել է, բայց և այնպես հարկավոր է պատրաստ լինել հնարավոր տեղաշարժի ալիքի կրկին բարձրացումը կանխելու համար, իսկ գաղթն անխուսափելի լինելու դեպքում, այն ուղղել դեպի Մայր Հայրենիք:
- Արտագաղթին դիմակայելու ուղղությամբ մեծ նշանակություն ունի տնտեսական ու հասարակական ապահովությունը, ուստի պետք է ամեն կերպ ջանանալ աջակցել հատկապես օգնության կարոտ, տնտեսապես անապահով, մասնավորաբար երիտասարդ խավին՝ նոր կյանք մտնելու սեմին: Համայնքի անդամներին օգնելը պարտականությունն է նախ ազգային համապատասխան մարմինների, բայց և կարելի է ստեղծել «Ս.Մարիամ Աստվածածին» կենտրոնի պես մարդասիրական-բարեգործական այլ կառույցներ:
- Համայնքային հասարակական համերաշխության ու միասնականության նպատակով պետք է առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները. Կենտրոնանալ և աշխատանք ծավալել, հատուկ ծառայություններ մատուցել հատկապես հայաշատ թաղամասերում. Օրինակ ծերանոց կառուցել, տեղում խորհրդակցական հանդիպումների ընթացքում ծանոթանալ այդ թաղամասերի հայրենակիցներին հուզող խնդիրներին ու դժվարություններին և փորձել միասնաբար լուծման ելքեր գտնել և այլն:
- Պետք է ընդլայնել համագործակցությունը հայրենի երկրի հետ մասնավորաբար կրթամշակութային նկատառումներով և այնտեղից ապահովել համայնքին անհրաժեշտ աջակցությունը այդ ոլորտներում:
- Համայնքի ուժերը չվատնենք հանուն քաղաքական-կուսակցական նեղ շահերի: Ազգային միասնականության, Հայրենիք-սփյուռք փոխհամագործության շնորհիվ դարձյալ կունենանք հզոր, ամրակուռ ու կայուն սփյուռքահայ համայնք և հայրենիք:
Հուսանք, որ ողջ ազգով ու անդադար, ազգանվեր ու միասնական աշխատանքով կվերականգնենք մեր երբեմնի հզոր համայնքը, կդառնանք օրինակելի ու զարգացած մարդ ու քաղաքացի մեր ապրած երկրում, և միաժամանակ զորավիգ կհանդիսանանք մայր հայրենիքին, կամուրջ կլինենք երկու հարևան երկրների՝ Իրանի ու Հայաստանի միջև՝ փոխշահավետ համակեցության համար:
<<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>> և <<Ս․Մարիամ Աստվածածին բարեգործական>> կենտրոնի վարչություն
Թեհրան
Նմանատիպ Լուրեր





