ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական ժողովրդավարության «տնային աշխատանքը»

2018-ի հեղափոխությունից շուրջ չորս տարի անց կարող ենք փաստել, որ դրա հիմնանպատակները միայն մասամբ են իրացվել։ Մասնավորապես, արմատական քայլեր են արվել ժողովրդաիշխանության վերականգնման ուղղությամբ, և այլևս փաստ է, որ ընտրությունները Հայաստանում ազատ են, արդար և թափանցիկ, ինչի մասին խոսել են նաև միջազգային կառույցները։

Միևնույն ժամանակ, սակայն, հարկ է նկատի առնել, որ լիարժեքորեն գործող ընտրական ինստիտուտն ընդգրկում է ոչ միայն օրինականության սկզբունքին համապատասխանող նախընտրական քարոզչությունը, ընտրական վարչարարությունն ու քվեարկությունը, այլև քաղաքական այնպիսի միջավայրի ձևավորումը, որը քաղաքացուն ընտրանքի հնարավորություն կտա։ Այսինքն՝  անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ոչ միայն քաղաքացու «ինչպես քվեարկելու», այլև «ում քվեարկելու» համար։ Սա նշանակում է գաղափարական և գաղափարախոսական այլընտրանքներ առաջարկող ինքնաբավ կուսակցությունների գոյություն, որոնք քաղաքականության «շուկայում» կմրցակցեն քաղաքացու քվեի համար, իսկ քաղաքացին կկարողանա կատարել իրազեկ և պատասխանատու ընտրություն՝ գիտակցելով, որ «բոլորը նույնն են»  կամ «մեկ է՝ իշխանությունն անցնելու է» կլիշեներն այլլևս արդիական չեն, և հենց իր քվեն է որոշելու, թե առաջիկա ընտրական շրջանում որ ուղղությամբ է շարժվելու երկիրը, ինչպիսի պետական քաղաքականություն է որդեգրվելու և ինչպես է այն իրականացվելու։

Կուսակցական համակարգի գաղափարական բազմազանությունը, սակայն, չպետք է լինի ինքնանպատակ և կամայական, այլ պետք է սահմանագծված լինի ժողովրդավարական և իրավական պետության ուղեծրով։ Այլ կերպ ասած՝ քաղաքական իշխանության համար մրցակցող կուսակցությունները չպետք է հետապնդեն ոչ ժողովրդավարական ճանապարհով իշխանությանը տիրանալու նպատակ կամ ունենան բռնապետական, ամբողջատիրական, ծայրահեղական, խտրական կամ ժողովրդավարական սահմանադրական կարգին հակոտնյա այլ գաղափարախոսություն։ Միայն նման ժողովրդավարական կոնսենսուսի շուրջ համախմբված քաղաքական ուժերը կարող են մի կողմից ընտրողին ներկայանալ այլընտրանքային ծրագրերով և միմյանց հետ մրցակցել պետության զարգացման իրենց տեսլականի հաղթանակի համար, իսկ մյուս կողմից՝ հավատարիմ լինելով պետության ժողովրդավարական հիմունքներին, երաշխավորել քաղաքական համակարգի սահմանադրական կայունությունը և իշխանության փոխանցման գործընթացի օրինականությունը։

Հետհեղափոխական ողջ շրջանում Հայաստանում դեռևս չի ձևավորվել ժողովրդավարական կոնսենսուսի վրա հիմնված կայուն կուսակցական համակարգ։ Այդ պատճառով 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովն ստացավ իրարամերժ և կոնֆլիկտահեն պատկեր։  Ժողովրդավարական իշխող ուժին՝ «Քաղաքացիական պայմանագրին» հակադրվում են նախորդ բռնապետական քաղաքական ռեժիմի հենքը կազմող «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ Վերջիններս ոչ միայն չեն կատարում խորհրդարանական ընդդիմության սահմանադրական գործառույթները, այլև իրենց դավանած գաղափարներով (ընտրական ինստիտուտի՝ որպես իշխանության ձևավորման կառուցակարգի, մերժում, ժողովրդավարության ընկալում որպես ազգային արժեքներին հակասող երևույթ և այլն) և ծավալած գործունեությամբ իրական վտանգ են ստեղծում Հայաստանի ժողովրդավարական սահմանադրական կարգի համար։  Մինչդեռ, կենսունակ և կայացած ժողովրդավարությունը պետք է ունենա օրենսդրական և քաղաքական այնպիսի երաշխիքներ, որոնք կբացառեն հակաժողովրդավարական քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։

ժողովրդավարական պետությունը պետք է երաշխավորի քաղաքացիների ժողովրդավարական ընտրանքը՝ չստեղծելով ժողովրդավարական ճանապարհով բռնապետության ձևավորման հիմքեր, ինչպես դա տեղի ունեցավ Վայմարյան Հանրապետությունում Ադոլֆ Հետլերի և իր քաղաքական թիմի իշխանամուտի ժամանակ։ Մասնավորապես, Սահմանադրությամբ պետք է հստակ և ներկայի համեմատությամբ առավել խիստ արգելք սահմանվի ժողովրդավարական սահմանադրական կարգը մերժող, բռնապետական, ծայրահեղական և (կամ) մարդու հիմնարար իրավունքները մերժող գաղափարախոսություն կամ ծրագիր ունեցող և համապատասխան գործունեություն ծավալող կուսակցությունների գործունեության համար՝ դրանց գրանցումը մերժելու կամ լուծարման տեսքով։ Հակառակ պարագայում Հայաստանում մշտապես կպահպանվի քաղաքական բևեռացվածության բարձր մակարդակը՝ իշխանության համար պայքարը վերածելով «զրոյական արդյունքով խաղի», երբ ընդդիմության հաղթանակը կնշանակի ժողովրդավարական քաղաքական ռեժիմի տապալում և բռնապետության վերականգնում։

Զուգահեռաբար, պետք է Ընտրական օրենսգրքով հնարավորինս իջեցնել Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների անցողիկ շեմը՝ ընդհուպ այն հասցնելով մեկ տոկոսի։ Այդպիսով հնարավորություն կստեղծվի նորաստեղծ ժողովրդավարական քաղաքական ուժերին անգամ հանրության փոքր աջակցության պարագայում առնվազն մեկ ներկայացուցիչ ունենալ խորհրդարանում և դրանով իսկ ինստիտուցիոնալ նախադրյալներ ձևավորել թե՛  շարունակական կայացման և թե՛ վարկանիշի կայունացման ու հետագա բարձրացման համար։ Նման եղանակով հնարավոր կլինի էապես նպաստել գործող ժողովրդավարական իշխանության հետ դեմոկրատական կոնսենսուսի մեջ գտնվող ընդդիմադիր քաղաքական միավորների ձևավորմանը և քաղաքական իշխանության կրողների սահմանադրական ռոտացիային։ Արդյունքում կամրապնդվի Հայաստանի քաղաքական համակարգի ժողովրդավարական ներուժն ու համակարգային կայունությունը՝ բացառելով պետական հեղաշրջումը կամ ընտրական ճանապարհով քաղաքական ռեժիմի ռեգրեսիվ փոփոխությունը։

Հայկական ժողովրդավարության հաջորդ չլուծված խնդիրը խոշոր սեփականության էական մասի ոչ լեգիտիմ բնույթն է։

Հայտնի է, որ սոցիալական բևեռացումը ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկն է, իսկ սոցիալական բևեռացման առաջնային պատճառներից է նյութական բարիքների բաշխման գերկենտրոնացումը։ Վերջինս բռնապետական քաղաքական ռեժիմի պարագայում գերազանցապես ունենում է անօրինական բնույթ, հանդիսանում է իշխանության տնտեսական հենարանը, ինչը բացասաբար է ազդում խոշոր սեփականատերերի հանրային ընկալման վրա։ Արդյունքում հասարակությունում առաջանում է հակասական վիճակ․ ոչ լեգիտիմ համարվող խոշոր սեփականատերերը հանդիսանում են երկրի խոշորագույն գործատուները, իրականացնում են համապետական մասշտաբի տնտեսական նախագծեր, բայց միաժամանակ նրանց մասնակցությունը քաղաքականությանը վտանգում է երկրի ժողովրդավարական ապագան։

Քաղաքական գործընթացների գերդրամայնացումը հանգեցնում է սոցիալական բևեռացման փոխակերպմանը քաղաքական շերտավորման՝ պետական իշխանության հավակնորդ ուժերի և անհատների շրջանակը սահմանափակելով գերազանցապես  խոշոր ձեռնարկատերերի հետ աֆիլացված անձանցով։ Անգամ եթե ժողովրդավարական հեղափոխությունը հաջողել է, և ավտորիտար կառավարիչները հեռացվել են իշխանությունից, ոչ լեգիտիմ սեփականության բռնագանձման կամ առնվազն քաղաքականության դեկապիտալիզացիայի խնդիրը չլուծելը դանդաղ գործողության ռումբ է նոր ժողովրդավարական իշխանության համար։ Ժողովրդի նոր ընտրյալներն ուժեղ են հեղափոխական կամ ապստամբական իրավիճակներում, երբ ժողովուրդն ուղղակիորեն մասնակցում է քաղաքական գործընթացին, սակայն հետհեղափոխական շրջանում, երբ հասարակությունը բնականորեն կրկին ֆրագմենտացվում է, մեծանում է իշխանական լծակները կորցրած խոշոր սեփականատերերի ռևանշի հնարավորությունը, որոնք իշխանության վերատիրացման նպատակով ասպարեզ են նետում իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ տեղեկատվական մանիպուլյացիաներից մինչև սոցիալական շերտերի և խմբերի լոյալության ուղղակի կամ անուղղակի գնում (ընտրակաշառք, «ձեռնասուն» վերլուծաբանների և քաղաքական գործիչների ներգրավում, գործող իշխանության պառակտմանն ուղղված  դավադրությունների ֆինանսավորում  և այլն):

Ոչ լեգիտիմ դրամատերերի սոցիալական, քաղաքական և իրավական պատասխանատվության խնդիրը Հայաստանում կանգնած է առավել սրությամբ, քանի որ վերջիններիս բավականին ընդարձակ մի սեգմենտ անթաքույց ֆինանսավորում է ոչ ժողովրդավարական ուժերի ռեստավրացիան, որի հետևանքով հեղափոխությամբ հեռացված բռնապետական ռեժիմը խորհրդարանում արդեն իսկ ներկայացված է երկու խմբակցությամբ, որոնք ունեն տիտղոսային (սահմանադրական) ընդդիմության կարգավիճակ։

Գործող իշխանության կողմից նախանշված քաղաքական տեսլականը ենթադրում է խոշոր կապիտալի լեգիտիմացման երկփուլանի գործընթաց՝ նախկինում հարկային և մաքսային անօրինական արտոնություններից օգտվող գործարարների շրջանառության և շահույթի հետայսու հավասար հարկում՝ առանց նախկինում կուտակված կարողության իրավաչափությանն անդրադառնալու և նախահեղափոխական շրջանում գործող պաշտոնատար անձանց գույքի օրինականության ստուգում՝ հնարավոր բռնագանձմամբ։ Այսինքն՝ տարանջատում է կատարվում նախկինում արտոնյալ գործարարների և իրենց պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հարստացած և բիզնես գործունեություն ծավալող նախկին պաշտոնյաների միջև․ սոցիալական համերաշխության հաստատման համար վերջիններիս վճարելիք «գինը» անհամեմատ բարձր է։ Բռնագանձման չափը, ըստ գործող օրենսդրության, պետք է լինի ոչ պակաս, քան ողջ ունեցվածքի 75 տոկոսը՝ գույքը կամավոր վերադարձնելու պարագայում։

Անօրինական կապիտալի ազգայնացման ընթացակարգերը, հնարավոր ներման սահմանները և կարգը, ինչպես նաև խոշոր կապիտալի և հանրության հաշտեցման հետ կապված մնացյալ հարցերը սահմանված են հատուկ այդ նպատակով հետհեղափոխական շրջանում մշակված և ընդունված օրենսդրությամբ։ Մնում է օրենսդրության կիրառումը, որն օբյեկտիվ (համավարակ, պատերազմ) և սուբյեկտիվ (նախկին իշխող համակարգի հետ փոխկապակցված դեռևս գործող պաշտոնյաների դիմադրություն և սաբոտաժ, պաշտոնեական անփութություն) պատճառներով առայժմ խիստ թերի է։ Բավական է նշել, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2020 թ․-ի մայիսի 23-ին, և մինչ օրս որևէ վարույթ ավարտին չի հասցվել։ Այս առումով խնդիրը մեծ մասամբ վարչարարական է, քանի որ քաղաքական իշխանության մակարդակում, ի դեմս խորհրդարանի և կառավարության, ընդունվել են անօրինական կապիտալի բռնագանձման ինստիտուտի կիրարկման համար անհրաժեշտ իրավական գործիքները։ Մյուս կողմից, իշխանությունը պարտավոր է առավել ակնդետ հետևել իրավակիրառ պրակտիկային և անել անհրաժեշտ հետևություններ՝ այդ թվում այս կամ այն պատճառով թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ձևով։ Հակառակ պարագայում, հասարակություն-խոշոր կապիտալիստներ կոնֆլիկտը թեկուզև անթեղված վիճակում կպահպանվի՝ ինչ-որ պահի հաստատապես թեժանալու հեռանկարով՝ դրանից բխող ծանր սոցիալ-քաղաքական հետևանքներով՝ ընդհուպ մինչև քաղաքացիական հուզումներ կամ պետական հեղաշրջում։

Հայկական հեղափոխության կապիտալիզացիայի ճանապարհին հանդիպող խոչընդոտները սնուցող «երակ» է պետական և համայնքային գործող ծառայությունը։ Վերջինս պետական  իշխանության համակարգի այն առանցքային հանգույցն է, որը պատասխանատու է քաղաքական որոշումների կատարման և այդ թվում նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու համար։ Պետական և համայնքային ծառայության ռեֆորմ չիրականացնելու պարագայում քաղաքական իշխանությունը կարող է ձախողել հեղափոխությամբ թելադրված բարեփոխումները, ինչի քաղաքական պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական թիմը, սակայն ռեֆորմների բուն վարչական պատասխանատուները, ըստ էության, ոչ մի պատասխանատվություն չեն կրի՝ դառնալով ինչպես իշխող քաղաքական թիմի, այնպես էլ երկրի ժողովրդավարացման գերեզմանափորը։

Արդեն իսկ նկատելի են բյուրոկրատիայի անթաքույց և լատենտ դիմադրության բազմաթիվ դեպքեր, ինչի արդյունքում անարդյունավետ և դանդաղ է ընթանում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, դատական իշխանության  բարեփոխումները փոխանակ կոռումպացված դատավորների զտմանը հանգելուն՝ բավարարվում են միայն կառուցվածքային և համակարգային ընթացիկ հարցերի հասցեագրմամբ, պետական կառավարման թվայնացումը, չնայած քաղաքական և ռազմավարական մակարդակներում կայացված որոշումներին, իրականացվում է հատվածական և տեխնիկապես թերի։ Կարելի է բերել բյուրոկրատիայի ռազմավարական թիրախների ոչ արդյունավետ սպասարկման այլ օրինակներ ևս։

Առկա իրավիճակի հիմնական պատճառները մի քանիսն են․

– քաղաքացիական ծառայողները, դատախազները, դատավորները, իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչներ գերազանցապես պաշտոնի են նշանակվել նախորդ քաղաքական ռեժիմի օրոք և ունեն քաղաքական, տնտեսական, ընտանեկան փոխկապվածություն իշխանազրկված վարչախմբի հետ և, հետևապես, նոր իրականությունում շահագրգռված չեն սպասարկել այն քաղաքական օրակարգը, որն, ի վերջո, իրենց վերջնականապես զրկելու է ապօրինի եկամուտներից,

– առանձին խնդիր է նաև պետական և համայնքային բյուրոկրատիայի քաղաքական նախասիրությունը, որի հետևանքով վերջինիս էական մի սեգմենտ գիտակցված սաբոտաժի է ենթարկում գործող իշխանության քաղաքական օրակարգի և ռազմավարության իրացման գործընթացը,

-ելնելով նախորդ քրեաօլիգարխիկ բռնապետական համակարգի տրամաբանությունից՝ պետական և համայնքային ծառայողների սելեկցիան հիմնված էր ոչ թե մասնագիտական ձեռնհասության, այլ քաղաքական լոյալության վրա, ինչը լիովին բավական էր իր բնույթով էքստրակտիվ (կորզիչ) կառուցակարգերի (կաշառակերություն, հովանավորչություն, պետական մակարդակով հանցավոր համագործակցություն և այլն) գործողության համար,

-պետական և համայնքային ծառայության գործող օրենսդրությունը մշակված է այնպես, որ գործնականում անհնար է այս ոլորտում իրականացնել համակարգային փոփոխություններ՝ բյուրոկրատիայի իրավական պաշտպանվածության անոմալ ուժեղ երաշխիքների պատճառով, ինչը բյուրոկրատիայի մի ընդարձակ շրջանակի մոտ ստեղծում է անպատժելիության զգացում։

Ձևավորվել է այնպիսի մի իրավիճակ, երբ ոլորտը կամ պետական մարմինը ղեկավարող քաղաքական պաշտոնյան պարզապես չի կարող ձևավորել համախոհների աշխատանքային թիմ կամ իրականացնել քիչ թե շատ էական համակարգային ռեֆորմ իր ղեկավարած գերատեսչությունում, քանի որ գտնվում է անփոփոխելիության օրենսդրական երաշխիքների պաշտպանության ներքո գտնվող բյուրոկրատական բազմամյա կարծրացած ցանցից դուրս և ունենալով ֆորմալ լիազորություններ՝ փաստացի չի կարողանում ներազդել կառավարչական անարդյունավետ և արատավոր իներցիայի վրա։

Եթե գործող իշխանությունը չգնա այս ոլորտում արմատական փոփոխությունների ճանապարհով և չքանդի պետական և համայնքային բյուրոկրատիայի կոռումպացված կլանային ցանցը, ապա Հայաստանի ժողովրդավարության և արդյունավետ կառավարման հավակնոտ օրակարգը կարող է ձախողվել։ Դրա համար անհրաժեշտ է իրականացնել պետական համակարգի ամբողջական վեթինգ՝ հիմք դնելով անձնական և մասնագիտական միանգամայն նոր որակներով մերիտոկրատական բյուրոկրատիայի սաղմնավորմանը։ Նորացված համակարգում պետք է մնան միայն այն ծառայողները, որոնք համապատասխանում են բարեվարքության և ձեռնհասության առաջադրված պահանջներին, իսկ համակարգը լքածների փոխարեն պետք է աշխատանքի ընդունվեն թարմ և նոր իրականությանը համահունչ հավակնոտ կադրեր։

Վերոնշյալ խնդիրները կանգնած են հայկական հեղափոխության վերջնական հաջողման և ժողովրդավարական ու իրավական պետության անշրջելիության ինստիտուցիոնալ ապահովման ճանապարհին։ Միայն համակարգային և փաթեթային լուծումները կարող են երաշխավորել հեղափոխական իշխանության հավակնոտ քաղաքական օրակարգի կենսագործումը։ Հակառակ պարագայում հայկական ժողովրդավարությունը կշարունակի հիմնված լինել անձերի, այլ ոչ թե ինստիտուտների վրա, ինչը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում վտանգում է 2018 թ․-ին հռչակված արժեքների և նպատակների կենսունակությունը։

Գործող քաղաքական թիմն այլևս ժամանակ չունի, և անհետաձգելի վիրահատական միջամտությունը մնում է իշխանազրկված «խորքային պետության» սարդոստայնը պատռելու և ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունն ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելու միակ ճանապարհը։

 

Արտաշես ԽԱԼԱԹՅԱՆ
Իրավաբան, իրավաքաղաքական հարցերով փորձագետ
Երևան

theanalyticon.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: