ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Զորաց քարեր

Զորաց քարեր հուշարձանը 7500 տարեկան է և հանդիսանում է աշխարհում առաջին և հնագույն աստղադիտարանը:

Զորաց քարեր հայտնի մեգալիթյան կառույցը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ: Այն կարելի է համարել Հայաստանում գտնվող այն եզակի պատմամշակութային կառույցներից, որի շուրջ պտտվում են բազմաթիվ վարկածներ: Չնայած հետազոտվող տարածքը նույնն է և տարբեր հետազոտողների մոտ որոշ հետևություններ համընկնում են, սակայն հակասություններն առավել շատ են:


Զորաց քարեր

Անվան ծագումը

Հնարավորինս անաչառ լինելու նպատակով, մենք որոշել ենք մեգալիթյան կառույցը ներկայացնել չեզոք, և տեղացիների համար առավել հայտնի, «Զորաց քարեր» անվամբ, սակայն չենք կարող չնշել, որ Հայաստանի կառավարության 2004թ. հուլիսի 29-ի N 1095 որոշման համաձայն, հուշարձանը կոչել են «Քարահունջ», ավելին՝ հուշարձանը պետական որոշմամբ հաստատված է որպես աստղադիտարան: Պետական որոշումը հաստատվել է 1990-ականների հետազոտող ակադեմիկոս Պարիս Հերունու կատարած պեղումների արդյունքում:

Նա իր՝ «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում նշում է, որ հուշարձանից 29 կմ դեպի արևելք՝ Գորիս քաղաքի մոտակայքում, գտնվում է մի գյուղ՝ Քարահունջ անվամբ: Իսկ մեգալիթյան կառույցից 80-90 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Արցախում, ևս, գտնվում է Քարահունջ անվամբ գյուղ: Ստ. Օրբելյանի «Սյունիքի պատմությունը» գրքում հանդիպում ենք Սիսիան քաղաքի մոտ գտնվող մի բնակավայրի, որն ըստ պատմիչի, կրում էր «Քարունջ» անվանումը, որը նշանակում էր «քարե գանձ» կամ «հիմնաքարեր»:


Զորաց քարեր

Այս գյուղերի անուները հիմք ընդունելով, Պարիս Հերունին առաջարկում է հուշարձանը կոչել «Քարահունջ»՝ մեկնաբանելով, որ հայերենում «հունջ» նշանակում է «հունչ», «ձայն», «արձագանք», և «Քարահունջը» բացատրում որպես «Խոսող քարեր»:

Զորաց քարեր անվանումից բացի, տեղացիների շրջանակներում, հուշարձանը հայտնի է նաև Ցից-ցից կամ Դիք-դիք քարեր անուններով: 

Ավանդություն

Ավանդության համաձայն քարակույտերի տակ թաղված են զորավարների, իսկ ուղղահայաց քարերի տակ՝ զինվորների դիակները: Դրա համար էլ այդ գերեզմանները կոչվում են «Զորքի քար», «Զորաց քարեր»:
Մյուս վարկածի համաձայն՝ հուշարձանի անվանումը՝ «Զորաց քարեր»՝ տեսքից բխող լեզվական փոխաբերություն է՝ որպես կանգնած մարդկանց խումբ կամ զորախումբ:

Հնագիտական պեղումներ

Զորաց քարերի տարածքն առաջին անգամ՝ 1984թ., ուսումնասիրել է հնագետ Օ. Խնկիկյանը՝ առաջ քաշելով հուշարձանի՝ աստղադիտարան լինելու վարկածը:


Զորաց քարեր

Այնուհետև՝ 1994-1997թթ., 1999թ. և 2001թ.-ին տարածքում պեղումներ է իրականացրել Պարիս Հերունին՝ իր արշավախմբի հետ միասին՝ առաջ քաշելով հուշարձանի հնարավոր երեք ֆունկցիաները: Ըստ նրա, Զորաց քարեր հուշարձանն, առաջին հերթին եղել է հեթանոսական Հայաստանի Ար(Արև) գլխավոր աստծո, և նրա օգնական՝ գրի, գիտության և արվեստի հովանավոր Տիր աստծո նվիրված տաճարը: Այն եղել է հզոր և զարգացած աստղադիտարան, նաև համալսարան:

1995թ. հուշարձանը ուսումնասիրել է շվեյցարացի գիտնական, գիտությունների դոկտոր Հ. Պ. Կլայները, իսկ 2001թ.-ին՝ Եվրասիական աստղագիտական միության նախագահ, ռուս պրոֆեսոր Ն․Գ․Բոչկարյովը՝ իր երկու ասպիրանտների հետ: Նրանք, ինչպես որ Օ. Խնկիկյանը, Պ. Հերունին, Կլայները եկան այն եզրակացության, որ Զորաց քարեր հուշարձանը 7500 տարեկան է և հանդիսանում է աշխարհում առաջին և հնագույն աստղադիտարանը:


Զորաց քարեր

Արդեն 2014թ.-ից հուշարձանի տարածքում հնագիտական պեղումներ է իրականացրել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը՝ առաջ քաշելով հուշարձանի՝ դամբարանադաշտ լինելու վարկածը, միաժամանակ հերքելով Զորաց քարեր մեգալիթյան կառույցի՝ աստղադիտարան լինելու վարկածը:

Վարկածները

Ձեզ ենք ներկայացնում երկու հետազոտողների՝ Պարիս Հերունու և Աշոտ Փիլիպոսյանի հետազոտությունների արդյունքները: Նշենք, որ Պարիս Հերունին, Զորաց քարերի կատարած հետազոտությունների արդյունքներն, ամփոփել է «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում: Հոդվածում, նրա անձի և վարկածի մասին ողջ տեղեկությունը հիմնված է նրա գրքի վրա:


Զորաց քարեր

Իսկ Աշոտ Փիլիպոսյանի վարկածի մասին ինֆորմացիան մեկտեղել ենք նրա տված հարցազրույցներից:

Զորաց քարեր. աստղադիտարան

«Հայեր և հնագույն Հայաստանը» գրքում Պարիս Հերունին նշում է, որ 1994թ. սկսած իր հնագիտական պեղումները նա սկզբնական շրջանում իրականացրել է հատկապես Արևադարձի և Գիշերահավասարի օրերին: Պեղումների արդյունքում կազմվել է տարածքի քարտեզը և 223 քարերից բաղկացած կատալոգը, որտեղ մանրամասն ներկայացված է քարերի ընդհանուր նկարագրությունը՝ չափսերը, քարերի ներկայիս վիճակը: Ի դեպ, բոլոր քարերը համարակալված են:

Ըստ նրա, Զորաց քարեր հուշարձանը բաղկացած է կենտրոնական շրջանից, հյուսիսային և հարավային թևերից, հյուսիս-արևելյան քարուղուց և առանձին տեղակայված քարերից: Պարիս Հերունին նշում է, որ քարերը բերվել են Դարբ գետի ձորի քարահանքից՝ բազալտից են, յուրաքանչյուրը՝ 0.5-3մ բարձրության, կշռելով մինչև 10 տոննա: Քարերը ժամանակի ընթացքում ենթարկվել են էրոզիայի, ծածկված են մամուռով:


Զորաց քարեր

Քարերի մեծ մասը կանգուն վիճակում է և, չնայած հիմնականում ունեն մեկ անցք, սակայն հանդիպում են նաև այնպիսի քարեր, որոնք ունեն 2 անցք: Ըստ Պ. Հերունու, քարերի անցքերը գլխավոր վկայությունն են այն մասին, որ դրանք աստղադիտական գործիքներ են, որոնք հնարավորություն էին տալիս որոշելու նպատակակետի ճշգրտությունն ու կայունությունը՝ ուղղված լինելով իրական հորիզոնի տարբեր կետերի, երբեմն նաև հորիզոնից վեր՝ դեպի երկինք: Քարերի և առհասարակ հուշարձանի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Պ. Հերունու «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում:   

Զորաց քարեր. դամբարանադաշտ

Աշոտ Փիլիպոսյանի և նրա արշավախմբի պեղումները սկսվել են 2014թ.-ին: Ըստ նրա, «հուշարձանի հարավային հատվածը դամբանադաշտ է, հյուսիսային մասը՝ բնակավայր, որն էլ ունի պաշտպանական պարիսպ՝ իր որմնահեցերով, հետքերն էլ պահպանված են»:

2015-2016թթ. կատարվել է տարածքի չափագրում, տեղազննություն: Հնագիտական պեղումների ժամանակ՝ հուշարձանի արևմտյան կողմից դեպի դամբարանախուց տանող ստորգետնյա ճանապարհով բացվել է մի հետաքրքիր կառույց: Դամբարանախցի երկարությունը 7մ է, լայնությունը՝ 3մ:


Զորաց քարեր

Հնագետի խոսքերով տարածքում առնվազն 4 տարբեր շրջափուլերի բնորոշ թաղումներ են իրականացվել՝ մ.թ.ա. 5-14 – մ.թ.ա. 11-9-րդ դարերում: Ամենաստորին հատակից ստացված նյութը՝ բրոնզեդարյան գունազարդ խեցեղենի բեկորները թվագրվել են մ.թ.ա. 18-17-րդ դարեր՝ «Ամենայն հավանականությամբ, երբ կառուցել են դամբարանը, միջին բրոնզեդարյան դամբարանն արդեն եղել է, այն հիմնահողային է, հարթեցնելով դրա վրա կառուցել են քարաշար դամբարանախուցը, որն այսօր ունենք». նշում է հնագետը: Հայտնաբերվել են երեք մարդու գանգի մնացորդներ, խոշոր ու մանր եղջերավոր անասունների մի քանի արկղ ոսկորներ՝ թաղման ծեսի ժամանակ զոհաբերված կենդանիների մնացորդներ:


Զորաց քարեր

Որպես հակասություն այն վարկածի, որ անցքեր ունեցող քարերը եղել են աստղադիտարանի համար կարևոր «գործիքներ», հնագետը նշում է որ անցքավոր քարերը եղել են դամբարանի ծածկասալերը, իսկ անցքերը արվել են քարերի հեշտ տեղափոխման համար: 

2019թ.հուլիսի 30-ին «Բնօրրան» պատմամշակութային հ/կ հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ միավորել Զորաց քարեր հուշարձանի շուրջ տարբեր կարծիքներ ունեցող կողմերին՝ Պ. Հերունու զարմուհի Ա. Սարգսյանին (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր) և Աշոտ Փիլիպոսյանին: Հանդես գալ ընդհանուր նպատակով՝ բացահայտել Անդրկովկասում իրապես եզակի հուշարձանը՝ առանց ժխտելու կամ հաստատելու այս կամ այն վարկածը: Երկու կողմերն էլ հույս ունեին, որ ապագա պեղումներին կմասնակցեն միջազգային փորձագետներ՝ գործընթացի օբյեկտիվ և թափանցիկ ընթացքի ապահովման համար:

Հոդվածը պատրաստելիս օգտվել ենք Պ. Հերունու «Հայերը և հնագույն Հայաստանը» և Արամ Ղանալանյանի «Ավանապատում» գրքերից:

 

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։

https://www.armgeo.am/zorats-karer/

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: