Մի քարի պատմութիւն
Պատմագիր և Հայոց եկեղեցու վարդապետ՝ Առաքել Դաւրիժեցին ծնւել է Թաւրիզ (Դաւրէժ) քաղաքում հաւանաբար 1590 թւականին: Նա իր ուսումը ստացել է Էջմիածինի հոգեւոր դպրոցում եւ աշակերտել Փիլիպոս Ա. Աղբակեցի կաթողիկոսին (1632-1655 թթ.): 1636 -7 թթ ծառայել է Հովհանավանքում որպէս վանահայր: Նա 1645-6 թթ. ընթացքին ճամբորդել է Իրան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան և Արեւմտեան Հայաստան, ապա մինչեւ կեանքի վերջը հաստատւել Էջմիածինում:
Փիլիպոս կաթողիկոսի պատւերով 1651-62 թթ. գրի է առել «Պատմագիրք» աշխատութիւնը, որը ներկայացնում է 1602-62 թթ իրադարձութիւնները: Գրքում նա ներկայացրել է Պարսկա-Օսմանական պատերազմները եւ նրա հետեւանքները Հայաստանի վրայ, Ջալալիների շարժումը, 1604 թ. հայերի բռնագաղթը Շահ Աբբասի հրամանով, որի աղետալի հետեւանքներին ինքը ականատես է եղել: Սոյն գրքում լայն տեղեկութիւններ է տալիս հայկական գաղթօջախների ի մասնաւորի Նոր Ջուղայի հիմնադրման եւ ծաղկման շրջանի մասին: Նաեւ անդրադարձ ունի Մայր Աթոռի պատմութեանը Մովսէս Գ. Տաթեւացու (1629-1632 թթ), Փիլիպոս Ա. Աղբակեցու (1632-1655 թթ) եւ Յակոբ Դ. Ջուղայեցու (1655-1680 թթ) կաթողիկոսների ժամանակաշրջանները: Նրա գիրքը մեծ կարեւորութիւն ունի Իրանի պատմութեան համար, որտեղ մանրամասութեամբ ներկայացնում է 17-րդ դարի երկրի ներքին վիճակը:
Առաքել Դաւրիժեցու գիրքը տպագրւել է 1669 թ. Ոսկան Երեւանցու ջանքերով, Ամստրդամ քաղաքում: Նա մահացել է 1670 թ. եւ թաղւել Էջմիածինի հոգեւորականների գերեզմանոցում, որը գտնւում է Մայր Տաճարից հարաւ, մի փոքր բլուրի վրայ:
Նրա գերեզմանի քարը մինչեւ օրս պահպանւել է, որը օրօրոցային տեսակի ամբողջական մի կտոր կարմիր տուֆ քարից գերեզմանաքար է:
Գերեզմանաքարի արձանագրութիւնը գտնւում է նրա արեւմտեան ճակատին, որը բաղկացած է չորս տողերից, որտեղ գրւած է «ՊԱՏՄԱԳԻՐՆ | ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԱՌԱՅ|ՔԵԼ ՎԱՐԴ[Ա]ՊԵՏ[Ի]Ն ՌՃԺԹ | ԹՎԻՆ»: