ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ջիվանու առածանին

Զարմանալի կլիներ Ջիվանու ստեղծագործական ժառանգությունը չդիտարկել առածագործածության տեսակետից: Նրա լեզվաշխարհը, մտածելակերպը, խոսքը, երգը ոչ միայն հագեցած են հայոց բանահյուսության գոհարներով, այլեւ ինքնին ծնունդ են տվել նոր առած-ասացվածքների (կամ՝ առածանման ասույթների):

Սկսենք նրանից, որ Ջիվանու համար նախնիների խոսքն անվերապահ ճշմարտություն է, կյանքի վարքականոն, որին պիտի հետեւի ամեն հայազգի. «Առակախոս նախնի հեղինակները // Ինչ որ ասել են՝ իրավ արդար են ասել», «Ինչ որ խրատել են, ինչ որ ասել են՝ // Մարդկային բնության հարմար են ասել»: Բայց, միեւնույն ժամանակ, բազմափորձ աշուղը հարկ է համարում զգուշացնել, որ առած-ասացվածքի գործածությունը պետք է տեղին ու պատշաճ լինի. «Առածը կարդարանա, երբ որ տեղը կուգա նրան»: Ինքն էլ ժողովրդական իմաստությունը երբեմն գործածում է որպես սեփական մտքի համար յուրատեսակ ամփոփում-հաստատում. «Կամաց, դանդաղ գնացողը շատ կգնա՝ ասած է», «Աշխարհի մեջ մեկ գինն ունի՝ թե հաստ մանես, թե բարակ»: Հայոց առածանին այնքան հոգեհարազատ է Ջիվանուն, որ նա ամեն մի առած-ասացվածքում մի նոր խորություն է տեսնում, մի նոր, անսպասելի կողմով մեկնաբանում. անվարան կարելի է ասել, որ նա բազմապատկել, հարստացրել է առածանու շտեմարանը մի շարք տարբերակներով:  Թեպետ դրանք հեղինակային ասույթներ են եւ ստույգ իմաստով առած կամ ասացվածք չեն համարվի, սակայն իմաստախոսության եւ վարքակարգավորիչ ներուժով լիովին այդպիսին են (այս նրբությունների մեջ չխորացող ընթերցողն այդպես էլ ընկալում է): Օրինակ՝ գիտունի եւ անգետի վերաբերյալ առածանու խորհուրդներից է՝ «Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի»: Տեսնենք Ջիվանու մեկնաբանությունը. «Գիտունի հետ քար քաշելը հեշտ է խիստ, // Տգետի հետ մեղր ուտելը դժվար է»: Համաձայնեք, որ «հեշտ» ու «դժվար»-ի այս անակնկալ այլափոխումը ստիպում է նորովի ընկալել ու ավելի խորը հասկանալ մեր նախնիների միտքը: Մեկ այլ օրինակ: Առածանին դատապարտում է անսկզբունք, պատեհապաշտ մարդու վարվելակերպը. «Ում սելին որ կը նստի, նրա հորովելը կը կանչա»: Ջիվանին ավելի արդիական է դարձնում. «Ում սայլին որ նստավ, նրան կգովե, // Ամենին գործիք է նրա բերանը»: Առածագործածության հարցում ուշադրություն դարձնենք զուտ ջիվանական ոճական մի հնարքի, այն է՝ ժողովրդի խրատական խոսքը հաճախ նա հենց իրեն է ուղղում, նրբանկատորեն խնայելով ընթերցողին կամ ունկնդրին. «Ջիվան, չլնի՛ օձին լավություն անես, // Սառած տեսնես, տունդ տանես, պահպանես», «Ուրեմն այսպես է, Ջիվանի երգիչ, // Շատ դատե, շատ լսե, ինքդ խոսիր քիչ», «Երբեք խորհուրդ մի տուր մարդուն խաբեբա», «Քու ծառը ծարավ կթողնես, այլոց ջուր կուտաս, Ջիվան»: Ինքն իրեն յուրատեսակ պատվիրաններ տալով՝ բանաստեղծ-աշուղը այլոց հորդորում է վարվել նույն կերպ՝ տոկուն, լավատես, համբերատար, շրջահայաց. «Զգուշացիր չարախոսներուց, Ջիվա՛ն, // Մազի չափ սխալդ կշինեն գերան», «Ջիվա՛ն, բացի Աստված, ամեն առարկա // Բնական օրենքով կանցնի կընթանա. // Ինչ բան սկիզբ ունի՝ վերջն էլ կունենա», «Ջիվան, ամեն մարդ կը տեսնի // Աշխարհը սանդուխտ է բախտի», «Աշո՛ւղ, սիրտն է մեկ ապակե ղամպար, // Եթե կոտրավ՝ նրան շինելն է դժվար»: Որոշ դեպքերում էլ առածը կամ ասացվածքը արդեն դառնում է բանաստեղծության վերնագիր. «Ինչ որ բրդես, էն կխրթես», «Պարապ մնալուց պարապ աշխատելը լավ է»: Անհատի եւ հանրության կյանքի ամենատարբեր կողմերն արտացոլող թեմաների լայն ընդգրկմամբ հանդերձ՝ Ջիվանին ունի իր նախասիրած ասելիքը, շարունակական հարցադրումները: Նրան մտահոգող գերխնդիրներից է հայոց մեջ տարածված օտարամոլությունը, սեփականը ըստ արժանվույն գնահատել չկարողանալը. «Հայի համար այլոց սարյակը սագ է, // Յուր սագը յուր աչքին մեկ հավի ձագ է»:  Ահա թե ինչու չէր կարող ծանր չլինել աշուղի ոչ միայն նյութական վիճակը, այլեւ հայերիս հոգուց արմատախիլ չարված այդ արատի անձնային ընկալումը: Նման մի պահի է, անտարակույս, նա հետահայաց գնահատել տարիների իր ծառայությունը, երախտամոռ ազգակիցների վերաբերմունքը. «Շատ երգեցի, բղավեցի, ոչ ոք ձայնս լսող չեղավ, // Վերջը անբախտ Ջիվանուս շատախոս թութակ է՝ ասին»: Եվ փորձենք մեզ մի պահ նույնացնել Ջիվանու հետ, հասկանալու համար, թե որքան ցավալի է եղել նրա համար հետեւյալ արձանագրումը. «Ջիվան, օտար լինեիր սիրուն հագնըված, // Հայ ազգը չէ սիրում հային երգասաց»: Զարմանալի խորությամբ Ջիվանին հասկացել եւ սեղմ մատուցել է մարդ արարածին բնորոշ թուլություններից մեկը՝ անվերջ սխալվելը՝ ուղղվել չկարողանալու կամ չցանկանալու պատճառով. ««Ամեն վնաս մեկ խրատ է», ասել են, Ո՛չ խրատն է հատնում եւ ո՛չ վնասը, Ամեն մարդու էլ հարվածներ հասել են, Դարձյալ չեն խրատվել՝ առնելով դասը»: Այդպես է, հիրավի, եւ հայոց առածանին քանիցս հաստատում է ստանում Ջիվանու ձեւակերպմամբ՝ «Սեւին՝ սապոն, խեւին՝ խրատ, // Ծռին գաղափարն ի՞նչ անե»: Չէ՞ որ, իրոք, «Քամու պես կանցնի իզուր իմաստունի խոսած ճառը»: Արդ, արժե՞ արդյոք անբարո մարդու գլխին խրատ կարդալ, երբ նախապես գիտես, որ ոչ միայն չի գնահատվելու ամենալավ ու բարի խրատը, այլեւ անպատշաճ հակադարձման է արժանանալու. «Սրիկայի համար խրատն է տնազ»: Ավելին՝ խոսքն ասողի համար նույնիսկ վտանգավոր է. «Ճշմարիտ խոսողներու գագաթները ծակ է միշտ»: Բայց արդյոք Ջիվանին զուր ջա՞նք է համարում այդքան անօգուտ խրատտվությունը: Բնավ ոչ: Չէ՞ որ խորագիտակ աշուղը, եռանդուն հրապարակախոսը հրաշալի  հասկացել է մարդկային խոսքի հրաշագործ ուժը եւ ուժի բարերար գործադրման ասպարեզում հայոց մեծավարպետներից մեկն է. «Խելահաս մեծի խրատը // Կսրբե մարդուս արատը»: Մի՞թե նրա արվեստը խոսքաբուժության տեսակ չէ: Այդկերպ է նա ըմբռնել սեփական առաքելությունը, իր խոսքի համազգային կարեւորությունը եւ անդուլ սփռել է խոհափիլիսոփայական, բարոյախոսական, հոգեամոքիչ մտքեր: «Օտարի բնական գիտությունիցը // Իմ հայ պապի տված խրատը լավ է» անվերապահ հայտարարությունը ոմանց առերեւույթ կարող է թվալ չափազանցություն, կեղծ համեմատություն, գուցե նաեւ սնապարծ հակադրություն: Բայց չէ՞ որ՝ «գիտություն» լինի, թե խրատ, պիտի գործադրելի լինի. մինչդեռ որքան հաճախ ենք համոզվում, որ օտարից վերցված ինքնին ամենաիմաստուն միտքն անգամ վերացական եւ ամուլ է մնում, եթե, նախ՝ չենք ընկալում մեր ազգային հոգեբանության ոսպնյակով, ապա՝ կիրառելիս հաշվի չենք առնում մեր ազգամշակութային, բարոյահոգեբանական, պատմական եւ մյուս առանձնահատկությունները. ահա թե ինչու «հայ պապի խրատը» միշտ էլ լինելու է ավելի հարազատ եւ պիտանի, մշտապես հաստատվելու է հինավուրց խոսքը՝ «Լավ է անփորձ մածնից փորձված թանը»: Բացի դրանից, խրատ տվողն ինքը պիտի տարբերակված վարվի՝ ըստ հաղորդակցական նպատակի, հասցեատիրոջ եւ իրավիճակի առանձնահատկությունների: Իսկապես, եթե նպատակը դիմացինի վերաբերմունքի եւ վարքի փոփոխությունն է, ուրեմն եւ հարկավոր է համարժեք միջոց ընտրել. «Գայլի գլխին ավետարան կարդալով չի զսպվի, // Նրան պետք է բռունցք ցույց տալ, որ վախիցը ընկճվի»: Կամ էլ, արդեն առանց այլաբանության ասված՝ «Քրդի հետ քրդի նման վարվիլ կուզե, ո՛վ մարդ բարի»:  «Օտարին չի կարող սիրել, ով չի սիրել ինքն իրան», հանճարեղորեն պարզ ասված այս անհերքելի ճշմարտությունն աշուղը ջանում է հասցնել իր ունկնդիրներին, այդկերպ իր քնարի միջոցով բուժել հայերիս օտարամոլության ախտից, ներշնչել ազգային արժանապատվություն եւ օրինավոր հպարտության զգացում:  Պատահական չէ հայոց լեզվի ջիվանական փառաբանումը: Խոստովանենք, որ հայոց ոսկեղենի մասին ասված բազում խոսքերի մեջ բնավ չի խամրանում, այլ ընդհակառակը, ինքնուրույն լույսով է ճառագում նրա բանաձեւը. «Հայերեն չըգիտցողը // Կիսատ հայ կըհամարվի»: Լեզուն վեր է ամեն ինչից, լեզուն է անհատի եւ ազգի ինքնության հիմքը, ինքնաճանաչման ուղին եւ ինքնազորացման գրավականը: Ահա թե ինչու ամենքս կարող ենք կրկնել մեծ ազգասերի հավատո հանգանակը. «Համոզմունքի հետ գործ չունիմ, ոչ էլ դավանանքի հետ, // Հայ լեզուն է հարկավոր ինձ, որ կապ ունի կյանքի հետ»: Եվ մեր բանաստեղծ-երգչի ամբողջ արվեստը հայ խոսքի եւ հայ երգի ասպարեզից օտարի աստիճանական արտաքսման եւ հայերենի, հայեցիի իրավունքների վերականգնման եւ անկասելի զարգացման ու զորացման արվեստ է: Ազգային երգիչը ազգայինի գիտակն էր, ջատագովն ու անդուլ քարոզիչը: Աշուղի զրույցներում մշտական թեմաներից է նաեւ զգուշավորության, շրջահայաց վարվելակերպի հորդորը. «Քանի գործդ հաջողակ է, պահպանե, // Ամեն անգամ գետը գերան չի բերեր»: «Իմաստուններ» բանաստեղծության առաջին քառատողը քառակի զգուշացում է, որով հեղինակն առավելագույնս սաստկացնում է վտանգից ժամանակին խուսափելու, վտանգը շրջանցելու կանոնը. «Կակուղ փուշը ձեռ չի ծակիլ, արյուն կառնա կամացուկ, Խաղաղ ջուրը ձայն չի հանիլ, մարդ կխեղդե միշտ ծածուկ, Հաչող շունը ձա՛յն է տալիս, որ գալիս է քեզ վրա, Դու ա՛յն գամփռից երկյուղ կրե՝ որ չի հանիլ ձայն ու ձու»:     Զգուշավորությունը, չափավորությունը, զսպվածությունը վերաբերում են ամենից առաջ մարդու խոսքին, ուստի եւ Ջիվանին բացատրում է «մեծբերան մարդուն», ճիշտ վարք է հորդորում, սխալից խուսափելու «լուծում» առաջարկում. «Մի մեծ քար շալակե, դու մեծ մի խոսիր, Արք ու պատիվ չունի մեծբերան մարդը, Հայրենական այս առածը լավ լսիր, Աստիճանից կընկնի մեծբերան մարդը»:  Զգուշավորությունը պարտադիր է նաեւ հայոց ազգային գոյության, հարեւաննների հետ փոխհարաբերությունների կարգավորման համար. «Կծողին բարեկամ լինենք, փայտը պահենք ձեռքներումս, // Մեր գոյության սպառնացող նախանձ հարեւան շատ ունինք»: Որքա՛ն ժամանակակից է, ավելի ստույգ՝ բոլոր ժամանակների համար որքա՛ն պիտանի է Ջիվանու արտահայտած մտահոգությունը թերուս մարդկանց հանրային վգանգավորության մասին. «Լավ է բոլորովին տգետ հիմարը, // Քանց կիսաուսում խակ իմաստունը»: Նույնքան արդիական է նրա սպանիչ ծաղրը արտաքինից փքված, բայց ներքուստ փուչ մարդկանց, մանավանդ արտերկրում մակերեսային կրթություն ստացած, բայց ազդեցիկ վկայականներով դրանց սին պարծանքի, ինքնագոհ կեցվածքի հասցեին. «Փող է ծախսել, ման է եկել Եվրոպա, Հագել, կապել, ծածկել է թանկ շլյապա. Գլխարկը մեծ, տակը մեծ գլուխ չկա, Շատ կգտնիս այդ տեսակ մարդ անվանի»:  Իսկ մեր երգիծական գրականության լավագույն էջերից մե՞կը՝ «Խելքի աշեցեք» շա՞րքը, իր խարազանող համեմատություններով. առածանու պաթոսը, Ջիվանու հանճարեղ մատուցմամբ, հասել է խոհափիլիսոփայական մտքի գերագույն աստիճանին:   Զրկանքներով եւ հալածանքով ապրող, համազգային տառապանքները ամբողջ հոգով ու մտքով ապրող բանաստեղծը, իհարկե, ունեցել է վհատության պահեր, բայց, ընդհանուր առմամբ, նա համոզված լավատես է եւ լավատեսություն քարոզող երգիչ: Նրա հանճարեղ «Ձախորդ օրերը» լավատես մարդու կենսափիլիսոփայությունն է, լուսավոր գալիքի հանդեպ վստահության արմատավորումը: Չէ՞ որ հայազգիների սերունդների հաղթական երթը ոչ մի կասկած չի ներշնչում, ուրեմն եւ այսօրվա դժվարության հաղթահարումը նաեւ վաղվա համար է. «Փուշը մենք կքաղենք, որդիքս՝ վարդը»: Այսօր մենք, հիրավի, մեր երեւելի նախնու խնամքով մշակված վարդերն ենք վայելում: Թեպետ մեր կյանքն առանձնապես չի փոխվել, անհատական եւ ազգային խնդիրները գրեթե նույնն են, մեր բաժին «փուշն» էլ լիուլի կա (եւ մենք էլ մեր որդիներին ջանում ենք վարդը թողնել), բայց մեծն Ջիվանու պարգեւած վարդափնջերը հեշտացնում են մեր կյանքը, զորացնում հայոց համակեցությունը, տոգորում լավատեսությամբ, հաղորդում պայքարի կամք ու կորով:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: