ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Յուրի Ցոլակի Հովհաննիսյան

ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

  Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի ԳԱ իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  Յուրի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թ. ապրիլի 14-ին Դոնի Ռոստովում: Սովորել է Երևանի Ձերժինսկու անվան դպրոցում, 1951թ. ընդունվել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտ: Ուսանելու տարիներին մեծ ակտիվություն է ցուցաբերել ուսանողական գիտական խորհրդում, զբաղվել նոր սինխրոտրոնի մշակմամբ, ինչ էլ կանխորոշել է նրա գիտական հետագա ուղին:
    1956թ. Յուրի Հովհաննիսյանը գերազանց առաջադիմությամբ ավարտելով ԲՈՒՀ-ը՝ աշխատանքի է անցել ԽՍՀՄ միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (ք.Դուբնա), Գ. Ն. Ֆլյորովի բաժանմունքում, ով դարձել է նրա գիտական ղեկավարը: Ֆլյորովը գնահատել է իր աշակերտի մեջ հատկապես ստեղծագործ էներգիան, նպատա կասլացությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը և հենց սկզբից էլ նրան վստահել է ամենադժվար խնդիրները: 
    1969թ., 36 տարեկանում, նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն ֆիզիկայի տրոհումների թեմայով: Մասնագետների գնահատմամբ նրա դոկտորական ատենախոսությունն ընդգրկուն, համակողմանի և համապարփակ հետազոտություւների արդյունք է և ստացված արդյունքները նոր խոսք էին ֆիզիկայի տրոհման վերաբերյալ: 
    1971թ. Յուրի Հովհաննիսյանը ղեկավարել է ծանր միջուկների հետազոտման ֆիզիկական բաժինը, 1976թ. դարձել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, 1989թ-ից՝ Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի տնօրեն: 
    1975թ. Յու.Հովհաննիսյանը արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, ԽՍՀՄ ԳԱ Կուրչատովի, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր է:
    Յուրի Հովհաննիսյանն այսօր միջուկային ֆիզիկայի բնագավառում ճանաչված հեղինակություն է, ծանր իոնների ֆիզիկայի հիմնադիրներից: Նրա ղեկավարությամբ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (ք.Դուբնա) հայտնաբերվել են Մենդելեևի աղյուսակի նոր տարրեր՝ 112—118 հաջորդական համարներով: Գիտնականի մասնակցությամբ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում ստեղծվել է ծանր իոնների արագացուցիչների մի ամբողջ սերունդ:
    Ներկայացնելով ֆիզիկոսների աշխատանքը` ՌԴ նախագահին առընթեր գիտության, տեխնոլոգիաների և կրթության խորհրդի գիտական քարտուղար, «Կուրչատովի անվան ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Միխայիլ Կովալչուկը այն համարել է Նոբելյան մրցանակի արժանի հետազոտություն, որի շնորհիվ, ըստ էության, վերաստեղծվել են այն տարրերը, որոնք, լինելով տիեզերքի ծագման ուղեկիցներ, արդեն քայքայվել են: Ֆիզիկոսները սինթեզել են տարրերի մի ամբողջ շարք` 112-րդից մինչեւ 118-րդը, որոնք շարունակվում ու լրացնում են Մենդելեևի աղյուսակը: Հատկանշականն այն է, որ դրանք ֆիզիկայի առումով բավականին երկար են ապրում` տասնյակ ժամեր, ինչը թույլ է տալիս ոչ միայն գիտելիքներ ստանալ տիեզերքի կառուցվածքի մասին, այլև անցնել նոր «երկարակյաց» տարրերի սինթեզին:

    Մ. Կովալչուկի խոսքով Յուրի Հովհաննիսյանը կարժանանա Նոբելյան մրցանակի: Նոր տարրերի սինթեզման խնդրին նա նվիրաբերել է իր բեղմնավոր կյանքի 55 տարին, և ստացված գիտական արդյունքները հիրավի համաշխարհային մասշտաբի են:
    1990թ., երբ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայում ընտրությունների տարի էր, ֆիզիկայի ոլորտում թեկնածուների պակաս չէր զգացվում: Ուշագրավ է նրա գիտական ղեկավարի` Գ.Ն.Ֆլյորովի խոսքերը. «Ծանր իոնների ֆիզիկան այսօր ինտենսիվորեն զարգանում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում և մենք պետք է ոչ միայն պահպանենք, այլև ամրապնդենք մեր դիրքերը: Երբ մտածում եմ՝ ում կարող եմ ես հանձնել ծանր իոնների ֆիզիկայի ողջ աշխատանքը, առանց դյուզն-ինչ կասկածիւ կտամ իմ աշակերտի` Յուրի Հովհաննիսյանի անունը»: 1990թ. Յ. Հովհաննիսյանն ընտրվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:

    Նրա կազմակեպչական ջիղը հիացրել և օրինակելի է եղել շատ ինստիտուտների ղեկավարների համար: 1990-ականներին, երբ գիտության ոլորտը լքում էին հազարավոր գիտնականներ, Յուրի Հովհաննիսյանը հետևյալ միտքն է արտահայտել. «Այո՛, կարելի է լալ և սգալ, փնտրել հարգելի և օբյեկտիվ պատճառներ` արդարացնելու սեփական ապիկարությունը: Պետք է փնտրել դժվար իրավիճակից ելքեր, հայթայթել ֆինանսավորման նոր աղբյուրներ, առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ գտնել նոր որոշումներ»:
    2003թ. Յուրի Հովհաննիսյանն ընտրվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս ֆիզիկայի բաժանմունքից:



    Հատկանշական է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը հայազգի մեծանուն գիտնականի ծննդյան 75 ամյակին նվիրված ուղերձում «Ուրախալի է, որ տարիներ շարունակ Դուք մեծ ուշադրություն եք դարձնում մասնագետների պատրաստման գործին: Ձեր աշակերտների մեջ արդեն բավական շատ հայտնի գիտնականներ կան, որոնք հպարտությամբ Ձեզ կոչում են իրենց ուսուցիչ»:
    Յուրի Հովհաննիսյանի աշակերտներից 6-ն արդեն գիտությունների դոկտորներ են, 20-ից ավելին՝ գիտությունների թեկնածուներ:
    Յ.Հովհաննիսյանը «Физика элементарных частиц и атомного ядра», «Europhysics news» и «Ядерная физика», «J. Phys. G», «Nuclear Physics News International» հանդեսների  խմբագրան խորհրդի անդամ, նա Փարիզի և Ճապոնիայի Կոնան համալսարանի պրոֆեսոր: 1995թ. ընտրվել է Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ, 2002թ.՝ Ֆրանկֆուրտի համալսարանի, նույն թվականին՝ Իտալիայի Մեսինա համալսարանի պատվավոր դոկտոր: Յուրի Հովհաննիսյանը նաև Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր է: Նա ավելի քան 250 գիտական աշխատությունների, 3 մենագրության հեղինակ է:  
    Հայազգի մեծանուն գիտնականն այս տարիներին չկորցրեց կապը մայր հայրենիք հետ և մինչև օրս ակտիվ համագործակցում է գիտական կազմակերպությունների հետ: 

    2010 թ. Յուրի Հովհաննիսյանը կրկին Հայաստանում էր. այցի նպատակն էր` Երևանի ֆիզիկայի ինստիտուտի վերակառուցման միջոցառումների քննարկումը, այդ թվում` կազմակերպությունում տարվող գիտական հետազոտությունների ուղղությունների ճշգրտումը, Ազգային լաբորատորիայի կառուցվածքի և կառավարման մոդելի քննարկումը, ինչպես նաև Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հնարավոր աջակցությունն այդ գործընթացներին: 
    Հաշվի առնելով Յուրի Հովհաննիսյանի գիտական, մանկավարժական մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2006 թ. նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ, իսկ 2008 թ. շնորհվեց Գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

Աղբյուր՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պաշտոնական ինտերնետային կայք 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: