ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գրական ակնարկ (3) Կորուսյալ հայրենիքի թեման Վահագն Դավթյանի ստեղծագործական աշխարհում

... Այդ կանչերի մեջ մի կորած, հեռու Աշխարհ է լալիս ...»: Ուրեմն՝ չկա ոչ միայն քո ծննդավայրը, այլև՝ չկա քո մանկությունը: Երկուսն էլ սպանված են: Բայց ապրում է հուշը, որն էլ դառնում է դեղին մուժ ու տենդ և աստիճանաբար սրբագործում ու առասպելի վերածում այն եզերքը, որը ոչ միայն ծննդավայր է, այլև՝ ոգու հայրենիք, պատմական հայրենիք:

Թեհրանի Համալսարանի դասախոս՝ Քարմեն Ազարյան

«Կապույտ եղրևանու» պատկերը թվում է զուտ բանաստեղծական հղացում, մինչդեռ գրական փաստերը գալիս են հաստատելու, որ ծննդավայրի դավթյանական տեսիլքներում պատկերների զգալի մասը իրական հիշողություններ են: Տարօրինակ կարող է թվալ, բայց ընդամենը 3-4 տարվա մանկական հուշերը ստուգապես ապրում են Դավթյանի բնագրերում: Այդ մասին ունենք իր իսկ խոստովանությունները, որ արտահայտվել են հետմահու հրատարակված ինքնակենսագրական գրքում: «Տխուր, գեղեցիկ ու կապույտ-կապույտ է եղել իմ ծննդավայրը, որ պիտի թողնենք։ Ո՛չ, բանաստեղծական, սիմվոլիստական կապույտ չէ սա, այլ` իրական կապույտ», – գրում է Դավթյանը` անդրադառնալով, որ կապույտը նախ և առաջ գյուղաքաղաքի տանիքների կավն էր: Այդ մասին ունենք հեղինակի հատուկ պարզաբանումը. «Եփրատի վտակներից մեկի` Ոսկեգետակի վրա ծվարած գյուղաքաղաքը` Արաբկիրը, ուր ծնվել եմ ես, սովորություն ուներ ամռանը կավե տանիքներին քնել: Բայց մեր տանիքների կավը սովորական գորշ կավ չի եղել, այլ մոտակա լեռներից պեղված հատուկ` կապույտ ու անջրանցիկ կավ, որ երազային երանգներ է տվել գյուղաքաղաքին»:

Բանաստեղծության շարունակությունը եղերական անելանելիություն է հայտնաբերում հեղինակի խոհերում` ծնելով ճակատագրական հռետորական մի հարց.

Ինչո՞ւ այնպես եղավ, որ աշխարհում
Ես կարող եմ հիմա ամենայն տեղ գնալ,
Լոկ չեմ կարող գնալ հայրենի տուն:

Ծննդավայրի զգացողությունը արմատավորվում ու վերաճում է հենց «Ծննդավայր»  անվան ներքո լույս տեսած շարքում, որի երեք ենթաշարը՝ «Հուշը», «Կարոտը» , «Տեսիլքը» միասին այն անկեզ մորենին է, որ անդադար այրվում է ու չի հատնում:  Հուշը մտքի ճանապարհն է դեպի այն վայրերը, որտեղ պետք է ապրեիր  քո մանկությունը. «Այնպես է թվում, թե հեռու-հեռվից Ինձ ձայն են տալիս ... Այդ կանչերի մեջ մի կորած, հեռու  Աշխարհ է լալիս ...»:  Ուրեմն՝ չկա ոչ միայն քո ծննդավայրը, այլև՝ չկա քո մանկությունը: Երկուսն էլ սպանված են: Բայց ապրում է հուշը, որն էլ դառնում է դեղին մուժ ու տենդ և աստիճանաբար սրբագործում ու առասպելի վերածում այն եզերքը, որը ոչ միայն ծննդավայր է, այլև՝ ոգու հայրենիք, պատմական հայրենիք: Հիշողության մեջ տարբեր պատմություններից, ականատեսների խոսք ու զրույցից մնացած դրվագները գումարվում են, ամբողջացնում հայրենի տան պատկերը: Եվ աչքի առջև է կանգնում մանկության ափը՝ «մի կավե կտուր, մի չթե վերմակ», լուսնի դեմ աղոթող, հետո Ոսկեգետակում բուրդ լվացող մի տատ, ձմռան երկար գիշերների հեքիաթներ ...Հետո հուշերի միջից ձգվում է գաղթի ճամփան, և Եփրատն ու հազարամյա պատմություն ունեցող ծննդավայրը հետևում թողած՝ քայլում է քարավանը ...

«Կարոտ» ենթաշարը հուշերի տրամաբանական արդյունքն է՝ տեսողական, զգայական իրականության անդրադարձն ու նստվածքը մարդու ներաշխարհում: Կարոտը խորանում է ու ծավալվում, դառնում կարոտախտ ու տենդ. «Թե հրաշքով ճամփաս տանի Դեպի Եփրատ ու մանկություն, Հոտոտելով քեզ կգտնեմ, Հայրենական փոքրիկ իմ տուն»: Այս պահի զգացողությունը հաջորդ ենթաշարքում՝ «Տեսիլքում» վերածվում է տեսիլքի, և տեսիլքի մեջ դառնում ցանկության իրագործում. «Էլ բավական է ... Թախիծն այս ցավոտ Անվերջ ու անվերջ սիրտս է ծվատում: Պիտի վեր կենամ ես այս առավոտ Ու գնամ այնտեղ, ու գնամ մեր տուն»:  Քայլ առ քայլ բանաստեղծը միաձուլվում է ծննդավայրի դաշտ ու ձորին, հայրենի տանն ու եզերքին. «Ու ես քնեցի Մշո լեռներում,  Գլուխս՝ ժայռի քարեղեն ծունկին»:  Ծննդավայրը դառնում է մի սրբություն, դեպի որը ոտաբոբիկ ու ծնկաչոք գնում է նա ուխտավորի պես: Այս ամենի վերջը անկեզ մորենու առասպելական խորհրդանշանն է:

Ինքնակենսագրական վկայակոչումին հաջորդում են վերհուշային դրվագներ, որ հիմք են դարձել Դավթյանի եղեռնապատումի կենտրոնական գործերից մեկի՝ «Ռեքվիեմ» պոեմի համար («1977, Հալեպ-Երևան» ծանուցումով լույս է տեսել 1978թ.՝ «Կապույտ գիրք» ժողովածուի մեջ):

«Ռեքվիեմը» ինքնակենսագրական է մեկ այլ առումով: Զբոսաշրջիկների մի փոքրիկ խմբի հետ Դավթյանը ինքնաթիռով մեկնել է Սիրիա և այդ ճամփորդության ընթացքում այցելել Դեր – Զոր, մտքերի ու տեսիլքների մեջ առել եղեռնի պատկերները, նորից տեսել Եփրատը:

Օդանավի թռիչքին բանաստեղծը տվել է գեղարվեստական հղացում: Պոեմի վերնագրին համահունչ զգացողությամբ նա գնում է հոգեհանգստյան ծեսի, պատարագման մի գործողության, որ ընդհանուր էությամբ հարազատ է հնչում թումանյանական «Հոգեհանգստի» «Ու վեր կացա ես…» կառուցվածքին.

Իմ Արարատյան սրբազան հողից
Երկնքի միջով ես այստեղ հասա…

Ու եղավ մի ժամ, մե՜ծ, ահեղ մի ժամ,             
Երբ ինքնաթիռի շուքը հեշտասահ
Եվ իմ հայացքը շոյում էին լուռ
Մեզանից հատված,
Մեզանից զատված
Մեր հովիտները կանաչ ու տխուր…

Կյանքում առաջին անգամ բանաստեղծը զգում է Երկրի ձգողական ահավոր ուժը: Վարը երևացող մշուշը իրեն ներկայանում է իբրև մի հսկայական զոհասեղանի ծուխ: Նա երկնքից գտնում է իր կորած երկիրը, այդ երկրում՝ Տավրոսի լեռնապարն ու Եփրատը, որ դառնում է պոեմի գլխավոր հերոսներից մեկը:
Ծննդավայրը, որ Դավթյանի այլ գործերում եղեռնի թեմայի ելակետն է ու նպատակը, այստեղ հիշատակվում է միայն մեկ անգամ՝ մատնելով եղեռնական նյութի կենսագրական նախասկիզբը.

Ու՞ր ես, Արաբկիր, իմ ծննդավայր,
Իմ արյան մորմոք, իմ արյան կարոտ…

Իսկ ամբողջության մեջ «Ռեքվիեմը» հյուսված է իբրև բանաստեղծական-երաժշտական մի պատարագ, ուր տեղ ունեն Դեր-Զորի անապատում ցրված ֆոսֆորափայլ ոսկորները, գաղթի դաժան ճանապարհին քայլող ծարավ ու ոտաբոբիկ մանուկը, ավազների տակ թաղված սրբերն ու մարգարեները, քսաներորդ դարին հղված դատապարտության խոսքերը.

Եվ անապատը հառաչում էր ձիգ.
-Դա՛ր քսաներորդ,
Ես խարան էի քո խղճի վրա,
Բայց այդ խարանից քո խիղճը չայրվեց
Եվ նոր, նորանոր սև խարաններից
Քո դեմքը եղծվեց
Ու ծաղկատարվեց…
Ծաղկատար դեմքով դու ինչպե՞ս պիտի
Պտտվես չքնաղ արեգակի շուրջ…

 

Տպավորիչ է Եփրատի կամուրջի վրա «Սուրբ-սուրբ» երգող աղջկա տեսիլքը.

Սպիտակ հագած մի բարակ աղջիկ
Եփրատի դաժան կամուրջի վրա
Եվ լուսնկայի անուրջի վրա
«Սուրբ-սուրբ» էր երգում…
Եփրատը լսում է երգը, ինչ – որ բան հիշում և սկսում… հայերեն խշշալ:

«Ռեքվիեմի» վերջերգում Դավթյանը ստեղծում է հետաքրքիր մի հակադրություն: Քնարական հերոսը, որ իր ասպատակված ծննդավայրի շիրիմ անապատին այցի էր եկել` լռելու ու քարանալու («Որ խաչքար դառնամ Իմ մարմնի խաչով…»), «Սուրբ-սուրբի» դրվագից հետո մտովի դարձյալ դառնում է Արարատյան սրբազան հողը, ուր հարության նման վառվել է իր ցայգածաղիկ հայրենիքը: Պատարագման ծեսը ավարտած առաքյալը ծնկաչոք աղոթքի է իջնում այս անգամ վերապրած հայրենիքի առջև.

Այնտեղ՝
Հավերժի կապույտ սահմանում
Վառվում, ցոլում է ծաղիկը հրկեզ…
Քո ցայգածաղկի
Կերոնի առաջ
Ծնկաչոք եմ ես…

 

Եղեռնի բանաստեղծական անդրադարձը շարունակվում է 1980- ական թթ., ինչպես նաև կյանքի վերջին տարիներն գրած գործերում: Կորուսյալ ծննդավայրի ցավագին հիշողությունը հոգեբանական գլխավոր դրդապատճառ է, օրինակ, «Գիշերային զրույց Նարեկացու հետ» (1983) պոեմում, ինչպես նաև 1987թ. տպագրված «Անքնություն» ժողովածուի որոշ գործերում, մասնավորապես «Ծննդավայր շարքից» բաժնում և «Երգի ծնունդը» պոեմում, որ նվիրված է «Քելե, լաո» երգի ծագմանը:

Միաժամանակ, ինչպես նկատեցինք, Եղեռնը՝ իբրև սեփական կենսագրության մաս և որպես պատմական իրողություն, Դավթյանին գրավել է 80–ականների վերջին և 90–ականների սկզբին շարադրված վավերագրական արձակ էջերում («Անխորագիր», «Համառոտ պատմություն հայոց»): Բացահայտելով եղեռնի դավթյանական ընկալման չափածո դրսևորումների պատմական, կենսագրական և գեղագիտական ակունքները` դրանք մի տեսակ մատնում են նաև, որ չափածո գործերը լիովին չեն սպառել նյութը: Կարելի է ենթադրել անգամ, որ Դավթյանը դժգոհության կամ անլիարժեքության նման մի զգացում է ունեցել դրանք գրելիս:

Հնարավո՞ր է արդյոք ստեղծել մարդկության մեծագույն աղետը համարվող ցեղասպանության խոսքային համարժեքը: Այս հարցին այլոց թվում անդրադարձել է նաև Վահագն Դավթյանը՝ 80-ական թվականների կեսերի հարցազրույցներից մեկը ավարտելով գրապատմական մի դիտարկումով, որ վերաբերում է եղեռնի թեմայի գեղարվեստական մշակման հիմունքներին և հեռանկարներին: Դավթյանը խորհում է, որ «հայ գրականությունը մեծ պարտք ունի պատմությանը և ոչ միայն մեր պատմությանը… Խոսքս, այո, 1915 թվականի հայոց ցեղասպանության գեղարվեստական պատմությունը ստեղծելու մասին է: Այդ պարտքը մասամբ հատուցեց ավստրիացի մեծ գրող Ֆրանց Վերֆելը: Իսկ մե՞նք»:

Ըստ Դավթյանի՝ Մեծ եղեռնի մասին ճշմարտությունն իմանալը պետք է ոչ այնքան մեզ, որքան աշխարհին և անգամ թուրքերին: Վերջին առումով վկայակոչելով Վիլյամ Սարոյանի այն խոսքը, թե երկրորդ համաշխարհայինից հետո գերմանացիները խոստովանեցին մեղքը և հոգեպես առողջացան, Դավթյանը ցավով անդրադառնում է թուրքական մերժողականությանը: Իր չարագործությունը չխոստովանած ու չգիտակցած թուրքը հիվանդ է նացիոնալիզմով և հոգեպես առողջանալու նշաններ ցույց չի տալիս:

 

Գրականության ցանկ

  1. Դ.Գասպարյան, Ս.Բոդոսյան, Վ.Սաֆարյան, Հայ Սովետական Պոեզիայի պատմություն 1920-1970, Երևան 1987
  2. Հրանտ Թամրազյան,Գրական Դիմանկարներ Հոդվածներ, Երևան 1975
  3. Սողոմոն Սողոմոնյան, Ժամանակակից Հայ Բանաստեղծներ, Երևան 1965
  4. Սեյրան Գրիգորյան, Մեծ Եղեռնի Վերհուշը Վահագն Դավթյանի պոեզիայում, Երևան 1970
  5. Վ. Դավթյան, Անխորագիր, Երևան 1997 .
  6. Վ. Դավթյան, Ի սկզբանե էր բանն. հոդվածներ և էսսեներ, Ե., «Խորհրդային գրող», 1989.
  7. Վ. Դավթյան, Երկերի Ժողովածու, Հատոր Ա., Նախաբան Հր.Թամրազյան, Երևան 1973.
  8. Վ. Դավթյան, Երկերի Ժողովածու, Հատոր Ա., Նախաբան Էդուարդաս Մեժելայտիս, Երևան 1985.


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ժոզե,նոբելյան,բանախոսություն,սարամագո , Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին
դերենիկ,դեմիրճյանն,ու,կատուները,դերենիկ-դեմիրճյան , Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։
լղ,պատմությանն,առնչվող,հազվագյուտ,վավերագրերն,ու,հնատիպ,գրքերը,տեղափոխվել,են,մատենադարան , ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:
հայկական,քոչարին,ներկայացվել,յունեսկօ-ի,կենտրոնակայանում,կայացած,մշակութային,ժառանգության,օրերին,քոչարի , Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
այսօր,էդվարդ,ջրբաշյանը,կդառնար,100,տարեկան,էդվարդ-ջրբաշյան ,  Էդվարդ Ջրբաշյան
Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: