ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կորուսյալ հայրենիքի թեման Վահագն Դավթյանի ստեղծագործական աշխարհում Գրական ակնարկ (2)

Մեծ արվեստագետները խուսափել են նման լալկանությունից ու հեծեծանքից, և մեծ ճիգ են գործադրել բարձրանալու համատարած ցավից ու թշվառությունից՝ ուժ ու եռանդ ներշնչելու ժողովրդին՝ զերծ պահելու նրան հուսալքումից ու զոհի հոգեբանությունից:

 

 

Թեհրանի Համալսարանի դասախոս՝ Քարմեն Ազարյան

Թեև Վ. Դավթյանի պոեզիայի գլխավոր հերոսը իր սերունդն է՝ իր անցած բարդ ու դժվարին ուղիով, անհատական-մարդկային ապրումներով  ու քաղաքացիական-գաղափարական էությամբ, սակայն 1950-ական թվականների վերջին նրա ստեղծագործություններում առավել խորանում է  հայրենիքի թեման և հայրենասիրությունը երևում է ամենուր՝ ընդգրկելով խաղաղ ու երջանիկ ներկան, ինչպես և պատմական անցյալն ու ողբերգական դրվագները: «Լուսաբացը լեռներում» գրքում տեղ է գտել «Բալլադ Կոմիտասի մասին» էլեգիան` «Գարուն ա, ձուն ա արել» բնաբանով: Իրարահաջորդ պատկերներում, բանաստեղծը մոտենում է իր երկրի ու ժողովրդի պատմությանն ու  ցավին, և խոնարհվում նրանց առաջ:

Դու փոքր ես,

Երկիր,

Սրտի չափ ես դու,

Եվ դրա համար

Իմ սրտի մեջ եմ ես քեզ միշտ պահում,

Կոպիտ ես, քարոտ,

Քնքշանքի կարոտ,

Եվ դրա համար

Ամենաքնքուշ իմ քնքշանքով եմ

Ես քեզ փայփայում...

...Երկիր,

Տառապանքն այս ակոսն է սև,

Որի մեջ լույսի ու իմաստության

Սուրբ հասկն է աճում:

Այդ ակոսն ես դու,

Այդ կնճիռն ես դու աշխարհի դեմքին:

 1950-ականների վերջերին արդեն իսկ արթնացել էր հայրենի ժողովրդի հիշողությունը՝ դարասկզբի մռայլ իրադարձությունների վերաբերյալ: Ժողովրդական շարժման այդ ալիքի բարձրացման գագաթնակետը եղավ 1965-ը, որում իրենց ուրույն դերն ունեին հայ գրականության ու արվեստի և պատմագիտության մշակները: 1961-ին լույս էր տեսել Արևմտահայաստանի ժառանգ Սիլվա Կապուտիկյանի «Մտորումներ ճանապարհի կեսին» քնարական պոեմը, որը եղեռնապատումի առաջին դրսևորումներից մեկն էր, իսկ փոքր-ինչ ավելի վաղ` Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որն այդ շրջանի «եղեռնական գրականության» ամենաընդգրկուն մարմնավորումն էր:
Վ.Դավթյանը՝ «Եփրատի ափի» տղան, ով, հասկանալի է, և՛ արյան կանչով, և՛ գրական-հասարակական երևույթների հանդեպ ունեցած զգայուն վերաբերմունքով չէր կարող հեռու մնալ ծավալվող շարժումից, 1962թ. գրեց  «Այս գիշեր նորից» բանաստեղծությունը, որը վերարտադրում է մանկության տանը, ծննդավայրին վերաբերող ողբերգական ևս մի երազ: Այն տեղ է գտել «Ամառային ամպրոպ» ժողովածուի մեջ, որը լույս տեսավ 1964-ին` ժողովրդական ցույցերին նախորդող տարին (հետաքրքիր է, որ այդ գրքում Դավթյանը վերահրատարակել է «Ասում են հեռու Եփրատն է մի օր» բանաստեղծությունը):
Այս շրջանը, որ պայմանականորեն կարելի է կոչել 1965, անվերապահորեն եղեռնի համազգային ճանաչողության բարձրակետն էր: Վահագն Դավթյանի այդ տարիների ստեղծագործական փորձերում նույնպես դիտվում է եղեռնի պատմական, հոգեբանական ու գեղագիտական ճանաչման ձգտումը: «Վահագն Դավթյանի 1965 թվականը» խնդիրը ենթակա է կենսագրական և գրապատմական հատուկ պարզաբանման:

1992 թվականին արդեն գրական ճանապարհի վերջում, Դավթյանը հրատարակել է «Համառոտ պատմություն հայոց» խորագիրը կրող մի գրքույկ: Խորհրդածությունների ու զրույցների այդ շարքում, հասնելով հայոց Մեծ եղեռնին, նա կատարում է դիտարկումներ, որոնք անուղղակիորեն հասկանալ են տալիս, որ եղեռն երևույթը Դավթյան բանաստեղծին տրվել է տառապագին ապրումների և խոհերի գնով: Դիպվածով այնպես է լինում, որ ապրիլի 24-ի մասին նա գրում է հենց ապրիլի 24-ին: Բանաստեղծը խոստովանում է. «Գիտեմ, դժվար է լինելու գործս, ծնողներիս հուշերը, կարդացածս գրքերը, լսածս ահավոր փաստերը գալու են, խառնվելու են իրար, ու ես մերկ մանկան նման մոլորվելու եմ մացառների, փշերի, այրող եղինջների, անապատային ավազների ալիքների մեջ»:
Ինքն իրեն ստուգելու համար Դավթյանը վկայակոչում է Ավետիք Իսահակյանի օրինակը. տառապանքից քարացած մեծ բանաստեղծը այդ տարիներին ոչինչ չգրեց, իսկ երբ նորից գրիչ վերցրեց, գրվածը հենց գրելու անհնարինության մասին էր.

Ահա նորեն եկավ գարուն.
Օ, կտրեցեք, օ, կտրեցեք
Լեզուները թռչունների,
Որ չհանդգնեն երգել անհոգ
Երգերն իրենց տարփանքների
Մեր մորթված մանուկների
Ցրիվ եկած նշխարների
Փոշու վրա, որոնց պիտի
Ծածկեն անգութ ծաղիկները՝
Լիրբ, անզգա…

Շարունակության մեջ Դավթյանն ինքն իրեն հարց է տալիս, թե «աշխարհում շատե՞րը գիտեն արդյոք, որ ապրիլի 24-ը ոչ մեծաթիվ, բայց շատ հին, ստեղծարար, հավատացյալ մի ժողովրդի մեծագույն սգո օրն է»:

Պարզվում է` այս հարցով ժամանակին հետաքրքրվել է ազգությամբ հրեա թարգմանիչ Գերման Պլիսեցկին, որին հանձնարարված էր ռուսերեն թարգմանել Դավթյանի գիրքը, և խնդրել վերջինիս հանդիպել ու պարզել «Ծննդավայր» շարքի ու առհասարակ դավթյանական եղեռնագրության կենսագրական, հոգեբանական ու պատմական ակունքները: «Ու ես սկսեցի պատմել,- գրում է Դավթյանը,- որ ծնվել եմ Արևմտյան Հայաստանի վերոհիշյալ գյուղաքաղաքում, ցեղասպանությունից փրկված ծնողների ընտանիքում, մոտ չորս տարեկան եմ եղել, երբ 1926-ին թողել ենք ծննդավայրս ու բնակություն հաստատել Սովետական Հայաստանում»: Թարգմանչի` ներողամտություն հայցող հարցին, թե ինքը գրեթե ոչինչ չգիտի այդ ցեղասպանության մասին, բանաստեղծը հանգստացնող պարզաբանում է տալիս, որ «այդ մասին մինչև 1965 թվականը համարյա ոչինչ չգիտեր նույնիսկ իմ ժողովրդի երիտասարդ սերունդը»: Պատճառն այն է, որ «այդ տարիներին հայկական ցեղասպանության մասին հիշատակելն իսկ բավական էր, որ հիշատակողին անհետ կկորցնեին սիբիրյան ճամբարներում»:

1965-ը բացում է բանաստեղծի լեզվի կապանքները, և կենսագրական հիմքին ավելանում է եղեռնի վավերագրությունը (ակնարկը վերաբերում է «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի ժողովածուին): Այդ մասին բանաստեղծը պատմում է. «... իմ մանկությունը ցեղասպանությունից փրկված մարդկանց շրջանում է անցել, ներծծվել է այդ եղեռնագործության սարսափելի պատմություններով, և, թվում էր, թե ամեն ինչ հայտնի է ինձ, և այլևս ոչինչ չի կարող ինձ զարմացնել կամ հուզել: Բայց ահա, երբ 1965-ին մի հսկայական հատորով հրատարակվեցին այդ ցեղասպանության փաստաթղթերը, ու երբ դրանք սկսեցի կարդալ, հիվանդացա, բառիս բուն իմաստով, հիվանդացա ոչ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես… Սկսվեց մի երկար ու ձիգ անքնություն, մղձավանջներն անընդհատ հետապնդում էին ինձ, ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել…»:

Հենց այս հիվանդագին վիճակներից ու մղձավանջներից ազատվելու հոգեբանական մղումն է, որ 1965 թվականից ծնունդ է տալիս Վահագն Դավթյանի բանաստեղծական եղեռնապատումին: Նոր ու մեծ սկիզբը` «Գինու երգը» գրքում զետեղված «Ծննդավայր» և «…Բայց ծնվեցի» գործերն են: Ճակատագրական 1965-ին ստեղծված այս գործերն ունեն ինչպես բովանդակային, այնպես էլ կառուցվածքային ընդհանրություններ:

Ախ, այնտեղ էլ, այնտեղ մի գետակ կար մաքուր,
Ու բարդիներ կային…

Ես հազիվ եմ հիշում…
Ու ես գիտեմ հիմա, որ գետակն այդ խշշում
Եվ գնում էր, թափվում Եփրատի մեջ վարար:

Ո՞ւր ես, ո՞ւր ես, կորած ծննդավայր,
Քարե անտաշ իմ տուն, հեռվում ի՞նչ ես անում…
Տեսնես, մեր հին բակում կապույտ եղրևանու
Թուփը բուրու՞մ է դեռ, թե կտրել են վաղուց:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ժոզե,նոբելյան,բանախոսություն,սարամագո , Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին
դերենիկ,դեմիրճյանն,ու,կատուները,դերենիկ-դեմիրճյան , Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։
լղ,պատմությանն,առնչվող,հազվագյուտ,վավերագրերն,ու,հնատիպ,գրքերը,տեղափոխվել,են,մատենադարան , ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:
հայկական,քոչարին,ներկայացվել,յունեսկօ-ի,կենտրոնակայանում,կայացած,մշակութային,ժառանգության,օրերին,քոչարի , Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
այսօր,էդվարդ,ջրբաշյանը,կդառնար,100,տարեկան,էդվարդ-ջրբաշյան ,  Էդվարդ Ջրբաշյան
Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: