Ցեղասպանության անպատժելիության հետևանքները երևում են այսօր. Ավստրալիայի հայ համայնքն անցկացնելու է արդարության երթեր

Ավստրալիայի հայ համայնքն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրն անցկացնելու է արդարության երթ Սիդնեյի, Մելբուռնի հրապարակներում: Երթերն անցկացվելու են տեղի ասորի և հույն համայնքների ներկայացուցիչների հետ համատեղ:
Ավստրալիայի հայ համայնքն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրն անցկացնելու է արդարության երթ Սիդնեյի, Մելբուռնի հրապարակներում: Երթերն անցկացվելու են տեղի ասորի և հույն համայնքների ներկայացուցիչների հետ համատեղ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Գայսերյանը տեղեկացրեց, որ նպատակն է Ավստրալիայի իշխանություններին հորդորել ճանաչել Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությունը հայերի, ասորիների, հույների նկատմամբ:
«Մեր նպատակն է Ավստրալիայի իշխանություններին տեղ հասցնել այն, որ մեր համայնքների համար կարևոր ու խիստ անհրաժեշտություն է 1915 թվականին Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների նկատմամբ իրականցրած ցեղասպանությունը ճանաչելը: Ինչպես աշխարհի երեք տասնյակից ավելի երկրներ, միջազգային կառույցներ, Ավստրալիայի տարբեր նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Ավստրալիայի կառավարությունը նույնպես դա պետք է անի»,-ասաց Հայկ Գայսերյանը:
Նա նշեց, որ ապրիլքսանչորսյան այս տարվա երթերն անդրադառնալու են նաև Արցախի այսօրվա տագնապային հարցին: Դա ներկայացվելու է այն համատեքստում, որ Ալիևի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացրածը նույն ցեղասպանության շարունակությունն է:
«Հայերի դեմ այդ գործողություններն իրականացվել են, որովհետև Թուրքիայի հանցագործությունները մինչ օրս մնացել են անպատիժ: Այդ անպատժելիությունը մենք համարում ենք գլխավոր պատճառ, որ Ադրբեջանի, Թուրքիայի պես պետությունները փորձում են նման գործողություններ կատարել հայերի դեմ»,-ասաց Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը:
Հիշատակի միջոցառումները շարունակվելու են նաև ապրիլի 26-ին: Այդ օրը նախատեսված է ոգեկոչման երեկո, որին մասնակցելու ու ելույթներով հանդես են գալու Ավստրալիայի խորհդրարանի անդամներ: Երկրի երկու գլխավոր կուսակցություններից ներկայացուցիչներ են լինելու: Նրանք իրենց կոչն են ուղղելու կառավարությանը, որ ճանաչի 1915 թվականի ցեղասպանությունը: Միջոցառումն անցկացվելու է վիրտուալ ձևաչափով: Այդ օրը նախատեսված է նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ելույթը, որում անդրադարձ է կատարվելու ցեղասպանության անպատժելիությանը, որն ազդել է Արցախի ժողովրդի վրա:
Ի՞նչ հավանականություն կա, որ Ավստրալիայի կառավարությունը կճանաչի հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը: Հայկ Գայսերյանը նշեց, որ տեղաշարժ կա ու այդ ուղղությամբ աշխատանքը շարունակելու են: Այս փուլում այն իրավիճակն է, որ Ավստրալիայի խորհդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը ճանաչել հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը: Ավստրալիայի խորհրդարանն իր խոսքն ասել է Ցեղասպանության հարցի մասին:
«Խորհրդարանը ներկայացնում է ամբողջ հասարակությունը, հետևաբար կարող ենք ասել, որ ժողովուրդը պատրաստ է ճանաչման, մնում է գործադիր իշխանությունը դա անի: Այն կամ պետք է իր ժողովրդի հորդորին հետևի և ճանաչի Ցեղասպանությունը կամ դառնա Թուրքիայի բռնապետ իշխանության խնդրո առարկա, որը դրսից ճնշում է բանեցնում Ավստրալիայի կառավարության վրա»,-ասաց Հայկ Գայսերյանը: Նա հիշատակեց Ավստրալիայի վարչապետի նախորդ տարվա ապրիլի 24-ի ելույթը, որում խոսել էր 1915 թվականի իրադարձությունների, հայերի տեղահանումների մասին՝ առանց օգտագործելու ցեղասպանություն բառը: Ըստ նրա՝ ժամանակն է հաջորդ քայլն անելու:
Հայկ Գայսերյանը տեղեկացրեց, որ Ավստրալիան նոր ընտրությունների նախաշեմին է: Մայիսի 21-ին Ավստրալիայի դաշնային խոհրդարանի ընտրություններն են, գործող վարչապետը նպատակ ունի վերընտրվելու: Հայկ Գայսերյանի խոսքով՝ ընտրություններն առիթ են Ցեղասպանության հարցին անդրադառնալու, թեպետ, կարող են լինել պատճառաբանություններ իշխանության ու ընդդմության միջև:
«Անշուշտ մեր կոչը պետք է լինի այն, որ ոգեկոչման խոսքերում կիրառվի ցեղասպանութուն եզրույթը: Եթե ապրիլի 24-ի ելույթներում Ցղասպանությանը չանդրադառան այնպես, ինչպես մենք ակնկալում ենք, ապա ապրիլի 24-ից մինչև մայիսի 21-ի ընտրությունները մենք հստակեցնելու ենք երկու կուսակցությունների դիրքորոշումն այդ հարցում: Հայերը քվեարկելու են նրանց օգտին, որոնք պատրաստ են ճանաչելու հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը»,- հավելեց Հայկ Գայսերյանը:
Աննա Գզիրյան
Նմանատիպ Լուրեր





