Գրական ակնարկ (1) Կորուսյալ հայրենիքի թեման Վահագն Դավթյանի ստեղծագործական աշխարհում

Քաղաքա-պատմական թեմաներով գրված բանաստեղծություններում բնականաբար, առավել ակնհայտ են դառնում բանաստեղծի հայրենասիրական մտորումներն ու ապրումները՝ ներկա հայրենիքի և հատկապես կորուսյալ ծննդավայրի ու հայրենի աշխարհի վերաբերյալ:
Թեհրանի Համալսարանի դասախոս՝
Քարմեն Ազարյան
Հայրենիքը բնավ մի ուրույն, առանձին աշխարհ չէ արվեստի ու գրականության համար: Հայրենիքի թեման՝ իր բազմազա
դրսևորումներով ու բնագավառներով, յուրաքանչյուր ազգային գրականության էությունն է, իսկ հայրենասիրությունը՝ լայն առումով՝ իշխող ոգին, տրամադրությունը: Հաճախ հայ գրականության մեջ հայրենասիրության գաղափարը ավանդաբար կապվում է քաղաքական խնդիրների հետ, որը ակնհայտորեն միակողմանի մոտեցում է և սահմանափակում է թեման: Հայրենիքի թեմայի մեջ պակաս տեղ չեն գրավում նաև հասարակական ու բարոյական գործոնները, հոգեբանական յուրահատկությունները, մարդասիրական ու համամարդկային հարցեր:
Այնուամենայնիվ հայ գրականության մեջ նկատելի է ազգային քաղաքական ճակատագրի բացառիկ կարևորությունը. Թեմա, որին անդրադառնում են հայազգի բոլոր բանաստեղծներն ու արձակագիրները՝ աշխարհի ո'ր ծայրում էլ լինեն: Հայրենասիրության թեմային այդ տեսակ ցավագին մոտեցումը, թերևս, հետևանքն է մեր ժողովրդի բազմադարյա գոյության ընթացքում ապրած տառապանքի ու դեռ չապաքինված ցավերի: Ազգային դառն ու մթին ճակատագիրը հետապնդել է հայ գրողին, և նրա ստեղծագործական աշխարհը հաճախ պատել՝ մռայլ ու մութ գույներով, ողբերգական ու մղձավանջային պատկերներով, որը ոմանց հասցրել է ծայրահեղ լալկանության ու սրտաճմլիկ ապրումների: Մեծ արվեստագետները խուսափել են նման լալկանությունից ու հեծեծանքից, և մեծ ճիգ են գործադրել բարձրանալու համատարած ցավից ու թշվառությունից՝ ուժ ու եռանդ ներշնչելու ժողովրդին՝ զերծ պահելու նրան հուսալքումից ու զոհի հոգեբանությունից:
******
20-րդ դարի հայ բանաստեղծները խոսքի նորագույն վարպետներն էին, ովքեր արժանավոր ժառանգորդը դարձան մեր հազարամյա բանաստեղծության: Նրանք, լայն հորիզոններ բացելով ժամանակակից ընթերցողի առջև, միաժամանակ նոր ուղիներ հարթեցին հայ գրականության հետագա զարգացման համար: Դժվարին ու խոչընդոտներով լի էր նրանց կտրած ուղին, սակայն նրանք չընկրկեցին և իրենց տաղանդով մեկը մյուսին գերազանցելով ստեղծեցին առ այսօր արդիականությունը պահպանած, հարուստ մի գրականություն: Իսկ այդ վարպետների շարքում իր ուրույն տեղն ունի Վահագն Դավթյանը:
Լայն է Վահագն Դավթյանի հետաքրքրությունների շրջանը՝ սիրո երգեր, հողի և բնության փառաբանում, գինու և աշխատանքի մոտիվներ, ժամանակակից կյանքի վերաբերյալ խոհեր ու խորհրդածություններ, մարդկային հույզեր ու զգացմունքներ... Այնուամենայնիվ հայ ժողովրդի պատմությունն ու ազգային ճակատագիրը, ասես, կարմիր թելի պես անցնում է նրա ողջ ստեղծագործական աշխարհում:
Վ.Դավթյանի ստեղծագործության մեջ աստիճանաբար ծավալվում ու խորանում է հայրենիքի թեման: Նրա հայրենասիրությունը թեև երևում է ամենուր, բայց և այնպես հեռու է մերկապարանոց հայտարարություններից ու ամպագորգոռ լոզունգային կոչերից: Հայրենիքն է Դավթյանի փոքրածավալ ու լայն կտավի բազմաթիվ բանաստեղծությունների գլխավոր հերոսը: Դավթյանի համար հայրենի բնաշխարհի՝ հողի ու ջրի, դաշտ ու լեռան, արծվի ու եղնիկի նկարագրությունը ինքնանպատակ բառաբարդույթ չեն, այլ՝ միջոց՝ հայրենասիրական ապրումների ու խոհերի արտահայտման համար:
Քաղաքա-պատմական թեմաներով գրված բանաստեղծություններում բնականաբար, առավել ակնհայտ են դառնում բանաստեղծի հայրենասիրական մտորումներն ու ապրումները՝ ներկա հայրենիքի և հատկապես կորուսյալ ծննդավայրի ու հայրենի աշխարհի վերաբերյալ:
Վահագն Դավթյանի շուրջ 50 տարիների ստեղծագործական զարգացման ուսումնասիրությունը բերում է այն եզրակացության, որ 40-ական թվականներին գրել սկսած «սովետական» բանաստեղծը, արտացոլելով իր ժամանակի և իր սերնդի պատկերը, բայց և օր-օրի ավելի է հակվել դեպի իր ժողովրդի արմատներն ու պատմական ճակատագիրը, և խորացել՝ անցյալի ողբերգություններով լի պատմության մեջ:
Խորհրդային շրջանում ստեղծագործել սկսած բանաստեղծը բնականաբար չէր կարող անտարբեր մնալ իր ժողովրդի՝ մոտ անցյալում ապրած ողբերգությանը, քանի որ նորը անկասկած պիտի կառուցվեր հնի խորը վերլուծության ու իմացության հիմքի վրա: Անհրաժեշտ էր ժամանակի հեռավորությունից ու նոր լույսի տակ դիտվեր անցյալը: Այդ ուղղությամբ առաջին քայլերը կատարեցին Ե.Չարենցը, իսկ Ա.Բակունցը 30-ականների դժվարին պայմաններում վերադարձավ մարդուն ու հողին, արևմտահայի տառապանքին ու նոր ճյուղավորված սերնդի կյանքին, վերադարձավ կարոտին ... Ավելի ուշ շրջանում վերստին մեր պոեզիան ու արձակը իր ճամբան հարթեց այդ նուրբ ու ցավալի թեմային անդրադառնալու համար: Ուշագրավ էին Ս.Կապուտիկյանի «Մտորումներ ճանապարհի կեսին», Պ.Սևակի «Անլռելի զանգակատունը», ինչպես և Հ.Սահյանի, Վ.Դավթյանի շատ ու շատ քնարական բանաստեղծություններ, որոնք արտացոլում էին հայ ժողովրդի պայծառ զգացումները ևս՝ հայրենի երկրի հողի ու բնության, լուսավոր ներկայի, հորիզոնի ու հեռանկարների մասին:
Հայրենի մեծ բանաստեղծ Վահագն Դավթյանը ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), որը ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ: Չորս տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում: Գաղթական արաբկիրցիները 30-ականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը: Այդ մասին իմանալով,1932 թվականին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ է միանում իրենց: Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։ 1948թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը:
Եղել է Հայրենական պատերազմի մասնակից, «Ավանգարդ» թերթի աշխատակից՝ (1945- 1954), «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ (1954-1962), «Գրական թերթի» գլխավոր խմբագիր՝ (1962-1965), «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ (1965-1967), Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ (1967-1981), «Վերածնված Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր՝ (1981-1991), Հայաստանի գրողների միության նախագահ՝ (1991-1994), Ակադեմիայի թղթակից անդամ`1986թ.,
ակադեմիկոս` 1996թ.:Մահացել է 1996 թւականի փետրվարի 21-ին, Երևանում, հանգչում է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
Վահագն Դավթյանը գրել է քնարական բանաստեղծություններ, բալլադներ, ասքեր, պոեմներ, գրականագիտական և հրապարակախոսական ակնարկներ ու հոդվածներ, հուշագրային նյութեր:
Ընդհանուր առմամբ Դավթյանի քնարական բանաստեղծությունների, բալլադների, ասքերի, պոեմների հիմնական թեման սերն է, բնություն-մարդ փոխհարաբերության գեղեցկությունը, հայրենի կորուսյալ աշխարհի կարոտը, հայոց պատմության առավել դրամատիկ դրվագները («Առաջին սեր», 1947, «Աշխարհի առավոտը», 1950, «Ճանապարհ սրտի միջով», 1953, «Ամառային ամպրոպ», 1964, «Գինու երգը», 1966, «Ծուխ ծխանի», 1969, «Անկեզ մորենի», 1972, «Կապույտ գիրք», 1978, «Լույսն իբրև հաց», 1980, «Ասք սիրո և սրի», 1982, «Լույս առավոտի», 1984, «Անքնություն», 1986, ժողովածուներ, «Թոնդրակեցիներ», 1961, պոեմ):
Նա գրել է նաև ակնարկներ, հրապարակախոսական, արվեստաբանական, գրականագիտական հոդվածներ, հուշագրային նոթեր («Զուգահեռ ճանապարհներ», 1976, «Բարի հսկան», 1979): Թարգմանել է Ա. Պուշկինի, Ջ. Բայրոնի, Մ. Լերմոնտովի, Շ. Պետեֆիի, Ս. Եսենինի, Ռ. Բյոռնսի, Ա. Բլոկի և ուրիշների ստեղծագործություններից:
Բեմադրվել են Վահագն Դավթյանի «Մհերի դուռ», «Ծիրանի ծառ» պիեսները:
Նմանատիպ Լուրեր





