ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ... Հի՞ն թե՞ Նոր... Ի վերջո որո՞վ գրենք ... Ո՞Վ Է ՈՐՈՇՈՂԸ

Իրանահայ համայնքում ո՞ր բանասեր ու լեզվի մասնագետը կամ մասնագիտական ատյանը, և ինչո՞ւ է վճռել, որ մեր՝ կրթական համակարգում, ազգային ու մշակութային կենտրոններում, պաշտոնական գրություններում պիտի կիրառվի ուղղագրության հին ու չբարեփոխված տարբերակը: Անառարկելի վճիռ, որն առայսօր մնացել է անփոփոխ:

Թեհրանի Համալսարանի դասախոս և լեզվաբան Քարմեն Ազարյան

Թեկուզ ներկայի ազգային ու միջազգային բարդ ու խառնիճաղանջ իրավիճակում ոմանց անիմաստ ու անհեթեթ թվա ուղղագրությունից խոսելը և այդ մասին բանավեճի մեջ մտնելը, այն էլ սփյուռքյան հալումաշ եղած մի համայնքում, ինչպիսին մերն է՝ իրանահայությանը, բայց սա համարենք մի նմուշ՝ այն բոլոր հարցերից, որոնց հանդեպ մեր ցուցաբերած անփութությունը կամ ընդունած ոչ  ճիշտ դիրքորոշումը, ունեցել է անփոխարինելի հետևանքներ: Համայնքի ազգային կյանքի վերակենդանացման ու վերակառուցման նպատակով պարտադիր բարեփոխումները շատ են ու, որոշ դեպքերում՝ անհետաձգելի, որոնցից՝ իր գիտական ու ոչ քաղաքական էությամբ առանձնանում է ուղղագրության հարցը:

 

Իրանահայ համայնքի գրավոր խոսքում Նոր կոչված ուղղագրությունը երևան եկավ Իրանում հեղափոխության շնորհիվ հայ, այսպես կոչված, այլախոհների միջոցով,  ապա և Հայաստանի անկախության բերումով հայրենի երկրի հետ շփումներն աշխուժանալով: Մինչ այդ «ի վերուստ» որոշված էր գրել հին ուղղագրությամբ՝ դպրուցում թե միություններում, մարզական ակումբներում թե հայկական աշխատանքային գրասենյակներում ... Սակայն տարիների ընթացքում, մի կողմից՝ դպրոցների ու մշակութային կենտրոնների գործունեության մակարդակի անկումը, և մյուս կողմից՝ Հայաստանի հետ շփումների ակտիվությունը, ինչու չէ նաև գլոբալիզացիան ու սոցցանցերի անկաշկանդ աշխարհը, դժվարացրին գրաճանաչ դարձող իրանահայ մանուկ-պատանուն սովորեցնել ուղղագրական կանոնները: Եվ այսպիսով  հայտնվեցինք այս անելանելի իրավիճակում՝ անլուծելի թվացող հարցի առաջ. ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ...  Հի՞ն թե՞ Նոր... Ո՞րն է ճիշտը ... Որո՞վ գրենք ...

Իհարկե, պետք է ասել, որ իրանահայ ազգային պատասխանատու մարմինների ու անձանց համար նման «հարցադրում» երբևէ չի էլ եղել և չկա, ըստ նրանց՝ «Հինը պարտադիր է և վերջ», բայց և այնպես, փաստորեն իրանահայերը գրում են երկուսով և նույնիսկ որպես անգրագիտության ապացույց՝ երկուսի խառնուրդով: Ահա թե ուր է հասցրել մեզ, թեկուզ այդ փոքր հարցի՝ ուղղագրության մասին ճիշտ և ժամանակին, մասնագիտական որոշում չկայացնելը:

Որպես սկիզբ հարկ է նշել, որ հայոց լեզվի զարգացման փուլերը, երկու տարբերակաների՝ արևելահայերենի և արևմտահայերենի առկայության և առանձին ուղիներով ու պայմաններում զարգանալու փաստը և այլն բազում հարցեր, լեզվի մասնագետ բանասեր հայագետների համար բավական բարդ ու մանրազնին, ամենօրյա ուսումնասիրության թեմաներ են, որոնց ոչ պակաս ուշադրության ու մշտական բանավեճերի նյութն է եղել նաև ուղղագրությունը: Հետևաբար նկատի ունենալով լեզվին վերաբերող խնդիրների այսքան լայն ծավալը և բարդությունը,  թող որ քչից-շատից հայերենին տիրապետող ցանկացած ոք իրեն իրավունք չվերապահի տեսակետներ հայտնել, առավել ևս որոշումներ կայացնել լեզվի այս կամ այն հարցի վերաբերյալ: Սա մի պարզ ու հասարակ ճշմարտություն է, որ մասնագիտական ինչ որ հարցի վերաբերյալ, օրինակ բժշկագիտական, բուսաբանական կամ ավտոմեխանիկայի թեմաների շուրջ կարող են կարծիք հայտնել ու որոշում կայացնել համապատասխան մասնագետները, հակառակ պարագայում, արդյունքը հաճախ անցանկալի, և երբեմն անփոխարինելի կորուստ է լինում: Հետևաբար, մասնագիտական խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելիս, որպես օրենք՝ պատմությունը թողնենք պատմաբաններին, քաղաքականությունը՝ քաղաքագետներին, հոգեբանությունը՝ հոգեբաններին, ... և լեզուն բնականաբար՝ լեզվի մասնագետներին:

Ապա գալով խնդրո առարկա թեմային՝ ուղղագրությանը, բոլորս գիտենք, որ ուղղագրությունը ճիշտ և միօրինակ գրելու կանոնների ամբողջությունն է, որը ուսուցանվում է հենց գրաճանաչ դառնալու առաջին քայլերի ընթացքում:

Իսկ որտեղի՞ց ծագեց ու զարգացավ հայերենի ուղղագրության հարցը՝ հասնելով մեր օրերը, այսքան «բարդացնելով» մեր կյանքը: Կարճ ասած՝ հիմնականում անցյալ դարի սկզբնական շրջանում, Հայաստանի Հանրապետությունում խորհրդային կարգերի հաստատումից հետո, բարեփոխումների ենթարկվեց հայոց լեզվի ուղղագրական կանոնները՝ մշակվելով գրությունը արտասանությանը մոտեցնող կանոններ: Այսպիսով ստեղծվեց «նոր» կոչվող ուղղագրությունը՝ ի հակադրություն «հին» կամ սխալմամբ նույնիսկ «մեսրոպյան» կոչվող ուղղագրությանը, որով սկիզբը դրվեց հայոց լեզվի գրության երկվությանը՝ հնով ու նորով:

Ցավոք, հայրենիքից դուրս և ներս տեղայնացված այս հնի և նորի միջև պայքարը, քաղաքական գունավորում ստացավ, և առայսօր շարունակվում է հատկապես սփյուռքում: Հայաստանում, թեև մասնագետները միանշանակ համակարծիք չեն այս հարցի շուրջ և բանավեճը փակված չէ, այնուամենայնիվ կան ոլորտի պատասխանատու մարմիններ, որոնք  ուսումնասիրում ու որոշում են կայացնում անգամ մի բառի կամ քերականական կանոնի ամենաչնչին փոփոխության շուրջ: Իսկ հայրենիքից դուրս ապրող միլիոնավոր հայության լեզվին վերաբերող հարցերը, այս դեպքում ուղղագրությունը, ո՞վ կամ ովքե՞ր, ո՞ր կառույցն ու մարմինն է լուծում, վերահսկում ու կարգադրում:

Հենց իրանահայ համայնքում ո՞ր բանասեր ու լեզվի մասնագետը կամ մասնագիտական ատյանը, և ինչո՞ւ է վճռել, որ մեր՝ կրթական համակարգում, ազգային ու մշակութային կենտրոններում, պաշտոնական գրություններում պիտի կիրառվի ուղղագրության հին ու չբարեփոխված տարբերակը: Անառարկելի վճիռ, որն առայսօր մնացել է անփոփոխ:

Իրանահայ համայնքում հաճախ անդրադառնալով, ուղղագրության՝ պարզ լեզվագիտական այս հարցին, ասես, սրբացնում են Հինը, և մի տեսակ սրբապղծություն համարում Նորը: Եվ այս ուղղությամբ այնքան են առաջ գնում, որ նոր, ավելի ճիշտ հայաստանյան ուղղագրությամբ գրված միամիտ շնորհակալագիրը կամ կարևոր դիմումը աղբաման են նետում, և անտեսում մի մեծ ու անուրանալի փաստ, որ մեր ընթերցած ողջ գրականությունը, համացանցային գրառումները և գրավոր շփումները գրված ու գրվում են նոր ուղղագրությամբ: Եվ ինչ է ստացվում, այդ բոլորից իրանահայը պիտի հրաժարվի, և դեռ ինքն էլ ամենայն զգուշությամբ ու առանց վրիպումի՝ մի տեղ գրի «Յովհաննէս Թումանեան», իսկ մյուսում՝ «Հովհաննես Թումանյան»: Իսկ ինչու՞...

Ներկա պայմաններում մի բան պարզ է, որ պարտավոր ենք վերջ դնել գրության ուղղագրական երկվությանը. եթե մինչ հիմա, հարգելով ինչ-ինչ նկատառումներով տրված որոշումը՝ ջանացել ենք պահպանել հին ուղղագրությունը՝ անուշադրության տալով ամենուր երևացող Նորը՝ հայրենիքից եկող գիրք-գրականության, հեռուստատեսային ու համացանցային գրությունների, ցուցափեղկերի ու հայտերի ... մեջ, այսուհետ դա հնարավոր չէ:

Ակնհայտ է, որ ուղղագրության հարցը, որը լեզվի մասնագետների թեման է, և նմանատիպ բազմաթիվ այլ հարցեր, ասենք՝ մեր դպրոցներում հայոց լեզվի ու գրականության, հայ ժողովրդի պատմության  ու կրոնի դասավանդման գրքերի բովանդակությունը, ինչպես և դասավանդող ուսուցիչ մանկավարժների կազմը..., որոշվում է հաճախ ոչ մասնագետ, կամ այլևայլ մասնագիտություններով, քաղաքական- կուսակցական գործիչների միջոցով, ովքեր տնօրինել և տնօրինում են մեր ազգային համակարգը: Եվ, իհարկե, այս բոլոր գործերի մեջ պարզ երևում է  ոչ մասնագիտական ու սիրողական մակարդակը, որից տուժում է ողջ իրանահայ համայնքը՝ կորցնելով գրագետ, հայեցի դաստիարակությամբ ու հայրենասեր սերունդ ունենալու նվազագույն հնարավորությունը: Չէ՞ որ այդ բոլորը կատարող անձինք առաջնորդվում են ոչ թե գիտությամբ ու մասնագիտությամբ, այլ՝ կուսակցականի «հայրենասիրության տարբերակ»-ով, և մերժվում է նույնիսկ ամենափայլուն, բարձրորակ ու մասնագիտական աշխատանքը, եթե այն առաջարկվում է ոչ յուրայինների կողմից, կամ ասենք գրված է նոր ուղղագրությամբ ... Փաստորեն ուղղագրությունը մեր համայնքում տեղափոխված է քաղաքական դաշտ, դարձել կուսակցական պայքարի թեմա:

Այդուհանդերձ պետք է ընդունել, որ հասունացել է պահը՝ Նոր ուղղագրության անցնելու: Այս որոշումը կայացնելիս, բացի մայրենի լեզվի առումով համայնքիս ներկա անմխիթար վիճակը, հատուկ ուշադրություն պետք է դարձնել երկու կարևոր գործոնների. Նախ՝ ի տարբերություն շատ գաղութների, մենք  խոսում ենք արևելահայերենով, և երկրորդ՝ մենք ապրում ենք Հայաստանի հարևանությամբ, որով բացառիկ հնարավորություն ենք ստանում շփվելու հայրենի երկրի հետ և վայելելու նրա մշակութային-կրթական աջակցությունը (գրքեր, դասագրքեր, մանկավարժ ուսուցիչներ,... ):  

Ուստի դիմում եմ պահանջելու պես.

Եթե ցանկանում ենք մեզ ժառանգորդ ունենալ, ում պիտի վստահենք մեր ազգային, այսքան դժվարությամբ պահպանած նյութական ու հոգևոր հարստությունը, պարտավոր ենք նախ՝ մեր ազգային կյանքում վերջակետ դնել տիրող հետադիմությանը, կամայականությանը և ամենաթողությանը, լինել պահանջատեր ու խիստ՝ թե՛ ինքներս մեր հանդեպ, և թե՛ նրանց, ովքեր ստանձնում են մեր ազգային, համայնքային իշխանությունը:

Եթե մենք անզոր ենք անգամ ներկա դժվարին պայմաններում, և լոկ ուղղագրական կանոնների մասշտաբով մի փոքր ու ներքին հարց լուծել և իրավիճակը բարեփոխել, որով և միաժամանակ միավորվել հայրենի երկրի հետ, և ընդունել Նրա առանցքայնությունն ու գերակայությունը, ուրեմն ի՞նչ հայրենասիրության ու ի՞նչ միասնականության մասին է խոսքը:

 

Իսկ մյուս կողմից՝ Հայաստանից՝ որպես Սփյուռք-Հայրենիք փոխկապակցված միավորի գլխավոր հենակետի, ինչպես միշտ ակնկալում ենք աջակցություն հատկապես մշակութային ոլորտում: Սփյուռքահայ՝ արևելահայ թե արևմտահայ, հին թե նոր, մեծ թե փոքր ... գաղութների համայնքների լեզուն ու մշակույթը պահպանելու գործին պետք է լծվեն հայրենի և սփյուռքահայ և, անգամ անհրաժեշտության դեպքում, այլազգի մասնագետներ զանազան ոլորտներից՝ հայագետ հայերանագետներ, մանկավարժ դասատուներ, ուսուցման համակարգի ու մեթոդների մասնագետներ, յուրաքանչյուր հայկական գաղթօջախի պատմությանն ու կազմությանը քաջատեղյակ պատմաբաններ ու հասարակագետներ, ազգագրագետներ, արվեստագետներ և այլն: Թերևս այս միջոցով գոնե հնարավոր լինի մի քայլ կատարել աշխարհասփյուռ բազմամիլիոն հայության գոյապահպանման և կարևորը՝ միասնականության ուղղությամբ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
արցախի,կորուստը,քաղաքական,տհասության,գավառական,մտածելակերպի,պետական,կառավարման,տապալման,հետևանք,է , Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
սիւնիքը,հայաստանի.,աշխարհաքաղաքական,շահերու,«հանգոյց» , Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։
լեռնային,ղարաբաղի,ճգնաժամը,արևմուտքին,ստիպում,է,վերանայել,ադրբեջանի,հետ,հարաբերությունները.,the,guardian , Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։
հհ-ում,ամն,դեսպանն,այցելել,է,եռաբլուր,զինվորական,պանթեոն , ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։
նախագահ,բայդենն,ինձ,իմ,պատվիրակությանը,գործուղել,է,այստեղ՝,ընդգծելու,ամն-ի,խորը,նվիրվածությունը,հայաստանի,սուվերենության,տարածքային,ամբողջականության,և,ժողովրդավարության,հանդեպ.,սամանթա,փաուերը՝,փաշինյանին , Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
ռուսաստանի,և,արևմուտքի,փափուկ,ուժը,հայաստանում , Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: