ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ակնարկ Ռոբերտ Սաֆարյանի հուշագրական գրականության

Իրանահայ հեղինակավոր կինոքննադատ, գրող, հրապարակախոս և թարգմանիչ Ռոբերտ Սաֆարյանի պարսկատառ գրականությունը հայելային պարզությամբ արտացոլում է Իրանի և այս երկրում ապրող հայ համայնքի ժամանակակից կյանքը:

Քարմեն Ազարյան

 

Իրանահայ հեղինակավոր կինոքննադատ, գրող, հրապարակախոս և թարգմանիչ Ռոբերտ Սաֆարյանի պարսկատառ գրականությունը հայելային պարզությամբ արտացոլում է Իրանի և այս երկրում ապրող հայ համայնքի ժամանակակից կյանքը: Հուշագրության փայլուն օրինակներ են հատկապես վերջին շրջանում լույս տեսած նրա՝ «Սանայի պողոտայի երկհարկանի տունը», «Հայացքի Խմբագրի գրառումները» և «Երկու մշակույթի բնակիչը՝  Սփյուռքահայությունը Իրանում» ստեղծագործությունները: Վերջին խորագրի տակ հեղինակը առանձին հոդվածներով անդրադարձել է Իրանում ապրող հայությանն առնչվող բազմազան հարցերի ու թեմաների, որոնց հասցեատերը իրականում իրանցիներն են, որոնք թերևս մեծ մասամբ անծանոթ են իրենց հետ ու իրենց հարևանությամբ ապրող, դարերի անցյալ ունեցող հայերին, նրանց ազգային, մշակութային, այլ և այլ առանձնահատկություններին:  Իսկ իրական եղելությունների հիման վրա ստեղծված «Հայացքի Խմբագրի գրառումները» վիպակը ընթերցողին՝ լինի հայ թե պարսիկ, տանում է օտար հողի վրա լույս տեսնող թերթի գրասենյակը և ծանոթացնում այդ ոլորտում առկա որոշ խնդիրների:

 

Հիբրիդային քաղաքներ և հողի կարևորությունը

Այսօր մեզանից շատերը ապրում ենք կեղծ քաղաքներում, որոնց ոչ մի աշխարհագրական քարտեզում չի կարելի գտնել. Օրինակի համար դեռ Ամերիկա չմեկնած՝ Իրանի հայերի մի մասը, մի քանի ամիս ապրում է Թեհրանում, ու մի քանի ամիս էլ՝ Երևանում: Այս խմբի համար, կարծես, երևակայական մի քաղաք է ստեղծվել, ուր իրար են խառնված Թեհրանն ու Երևանը՝ իրենց փողոցներով. Միրզայե Շիրազի, Թումանյան, Շիրմարդ, Աբովյան, Մեյդան Վանաք, Հանրապետության հրապարակ ... Հարցը ավելի հետաքրքիր է դառնում, երբ այդ երկկենցաղներից ոմանք, տարվա մի քանի ամիսն էլ գնում  են Կալիֆորնիայի Գլենդել՝ Լոս Անջելեսին կից մի քաղաք, որը Ամերիկա գաղթող իրանահայերի նպատակակետն է: Նրանք, հավանաբար, երեխաներ կամ ծնողներ ունեն Գլենդելում, և մի քանի անգամ գնալով ու շրջելով, լավ ծանոթանում են այդ քաղաքի որոշ մասերին, և Նորթ Կոլոմբոսը, Բրենդը և այլն փողոցներն էլ ավելանում են վերոնշյալ փողոցներին: Իրականում նրանք ապրում են վիրտուալ մի քաղաքում, որը կազմված է՝ աշխարհագրական քարտեզի վրա իրարից հազարավոր կիլոմետրներ հեռու գտնվող քաղաքների մասերից: Սակայն այդ տարածությունը ժամանակակից կապի միջոցներով կարելի է մի քանի ժամում ընթանալ, այն ինչ Թեհրանի մի ծայրից մյուսը գնալը ավելի երկար է տևում: Այսինքն՝ ժամանակի տեսակետից հավանաբար այստեղից, ուր մենք ենք գտնվում, Շուշ հրապարակը ավելի հեռու լինի Փունաքի հրապարակից, քան օրինակ՝ Երևանի Հանրապետության հրապարակը:

Բացի այդ՝ աշխարհի հեռավոր կետերի հետ կապի ու շփվելու հնարավորությունը, թեթևացրել է այն զգացողությունը, որ ես և որդիս իրարից հազարավոր կիլոմետրներ հեռու ենք ապրում:  Ամեն օր (երբեմն օրը մի քանի անգամ) շատ չնչին ծախսով սովորական կամ բջջային հեռախոսով խոսում ենք աշխարհի տարբեր մասերում գտնվող մեր հարազատների հետ: Այսպիսի հնարավորությամբ մեզ թվում է, որ ասես այդ հազարավոր կիլոմետրները գոյություն չունեն: Երբեմն Թեհրանի մի այլ ծայրամասում ապրող մեր հարազատների մասին լուրերն ստանում ենք Երևանում կամ Գլենդելում ապրող մեր ընկերներից: Այլ կերպ ասած՝ դու ավելի մոտ ես նրանց, ում հետ ավելի ակտիվ կապի մեջ ես վիրտուալ աշխարհում, ոչ պարտադիր նրանց, ում մոտ ես՝ աշխարհագրական տարածությամբ:

Հիմա այդ՝ Թեհրան-Երևան-Գլենդել վիրտուալ քաղաքը կարող է Թեհրան-Փարիզ-Նյու Յորք լինել կամ Թեհրան-Ամստերդամ-Անկարա կամ ... Իրականությունն այն է, որ այս ոչ այնքան նոր զգացումը, որ աշխարհը փոքրացել է և տարածությունները կրճատվել, որակային փոփոխության է ենթարկել մեր այսօրվա կյանքը: Ասես, աշխարհագրությունը կորցրել է իր իմաստը: Ես կարող եմ իմ կյանքն անցկացնել աշխարհի տարբեր անկյուններում, երկու կամ երեք քաղաքի հատուկ վայրերում, փողոցներում ու թաղերում: Հնարավոր է, որ հազարավոր կիլոմետրներ հեռու Փարիզի ինչ որ թաղամասը ավելի լավ ճանաչեմ, քան՝ Թեհրանում, մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող թաղամասը: Այն ինչ կարևոր է, ոչ թե աշխարհագրական տարածությունն է՝ ըստ կիլոմետրների, այլ՝ մեր ցանկությունն ու կարողությունն է, թե ինչպես այդ տարբեր քաղաքների մասերը իրար կողքի շարենք և մեր քաղաքը կառուցենք: Սոցիոլոգիայի մեջ այս երևույթը ապատարածքայնացում է կոչվում: Տարածաշրջան, տերիտորիա և աշխարհագրական տարածքը հենց նույն հողն է, և նշված տերմինի բուն իմաստը՝ մարդկային կենցաղային պայմանների և սոցիալական հարաբերությունների կտրվելն է որոշակի աշխարհագրությունից ու վայրից. Աշխարհագրական տարածությունների դերի նսեմացում և տեղանքից մի նոր զգացողության ու գիտակցության ձևավորում, որը կապված չէ հողին ու գետնին: Այն, ինչի մասին խոսում ենք մի մասն է այս համընդհանուր գործընթացից:

Բայց, թույլ տվեք շատ չշտապենք: Ով, որ նման վիրտուալ քաղաքներում՝ Փարիզ-Թեհրան-Անկարաներում և Երևան-Գլենդել-Թեհրաններում ապրելու փորձն է ունեցել, գիտէ, որ այս քաղաքների մասերին ընտելանալը այնքան էլ հեշտ չէ: Նման բազմակենցաղներից որոշները մի ասացվածք ունեն, որ շատ դիպուկ է. Ասում են երկու հովի են եղել: Պատճառն այն է, որ այս վիրտուալ քաղաքները դեռ միատարր ու միանման չեն դարձել: Դեռ հողը կարևոր է: Հողը, իմիջիայլոց, նշանակում է մշակույթ: Ճիշտ է, որ աշխարհի մարդիկ օր-օրի ավելի են նմանվում իրար, սակայն կյանքը Թեհրանում, Թեհրանի ցանկացած անկյունում, տարբերվում է Նյու Յորքի կյանքից, Թեհրանում մարդկանց հարաբերությունը տարբերվում է Նյու Յորքում մարդկանց հարաբերությունից, և մեկից մյուսին անցնելը հեշտ չէ: Այսպիսի մարդկանց երբեմն այնպես է թվում, որ ոչ մի տեղի բնակիչ չեն: Ես անձամբ, երբ հեռանում եմ Իրանից, այլևս ցանկություն չեմ ունենում գրել Իրանի մասին, նույնիսկ այն դեպքում, որ գիտեմ՝ մի-երկու շաբաթից Թեհրան եմ վերադառնում: Հողը դեռ կարևոր է: Ամուր կանգնելը հողի վրա՝ մարդուն վստահություն ու կապվածություն է ներշնչում: Սակայն աշխարհի փոքրանալը ևս մի իրականություն է, որն ամեն օր առավել քան նախորդ օրը, ամբողջ հոգով ու մարմնով զգում ենք այն:  

Հատված «Երկու մշակույթի բնակիչը՝  Սփյուռքահայությունը Իրանում » գրքից

 

Հարցնում է. «Ձեր տպաքանակը որքա՞ն է»:

Ասում եմ. «Քո ի՞նչ գործն է: Հազար ու հինգ հարյուր»:

.....

  Ասում է. «Կարծում ես, էս քո ասածով, հազար հինգ հարյուր հատից քանի՞սն է իրականում կարդացվում»:

Ասում եմ. «Չգիտեմ: Ասածդ ասա՛»:

Ասում է. «Առավելագույնը՝ հարյուրը: Հիմա էս հարյուր հոգուց, կարծում ես, քանի՞սը է հնարավոր կարդան Խալաթյանի բանաստեղծությունը»,- և ինքը պատասխանում է. «Տաս հոգի: Հիմա էդ տասից, բացի ինքը՝ Խալաթյանը, քանի՞ հոգին են իմանում թե՝ այսինչ բառի ճիշտ գրությունը ինչպես է»:

Ասում եմ. «Երկու-երեք հոգին»:

Շարունակում է. «Եվ այդ երկու երեքից քանի՞սն է այնքան ուշադիր կարդում, որ այդ սխալը նկատի»: Եվ ինքը պատասխանում է. «Առավելագույնը մեկ հոգին»:

Ապա տեղից ելնում ու երեսն իմ կողմը դարձնելով, ցուցադրաբար ասում. «Էդ մի հոգու վրա թքած ունեցիր, հե՛ր օրհնած, ինչո՞ւ ես դրա համար այդքան քեզ տանջում»:

Ասում եմ. «Եթե հասնեմ «այդ մի հոգու վրա թքած ունեմ»ին, էլ չեմ աշխատի: Ես այնպես եմ աշխատում, որ, ասես, մեկ միլիոն ընթերցող ունեմ»:

 «Հայացքի Խմբագրի գրառումները» վիպակի շապիկի վրա տպագրված հատվածը

Պարսկերենից թարգմանեց

Քարմեն Ազարյանը

 

Կարդացեք նաև

Սփյուռքյան մեռնող համայնքների վերջին մոհիկանների հիշատակարանները


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: