Իրանցի գործարարները կարող են Հայաստանի միջոցով դուսր գալ ԵԱՏՄ շուկա՝ հայտարարել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը:

Ինչպես Parstoday-ն է գրում, անդրադառնալով ԻԻՀ  արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի ընթացքում կայացած հանդիպումներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին, Ալիռեզա Փեյյման Փաքն ասել է. «Հանդիիպումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մինչև ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի վերջնականացումը, Իրանը կարող է օգտվել միությանը Հայաստանի անդամակցությունից»:

Նա հավելել է. «Համաձայնություն է ձեռք բերվել համատեղ ձեռնարկությունների շրջանակներում,  արտադրական հոսքագծերի տեղակայմամբ, ապրանք  արտադրելու, փաթեթավորելու և ԵԱՏՄ շուկաներ արտահանելու վերաբերյալ»:

Փեյյման Փաքը նշել է. «Հայկական կողմը խոստացել է ավելի ազատ դաշտ տրամադրել իրանական ընկերություններին»:

Նա նշել է. «Հայաստանի ձկնաբուծական ոլորտի հնարավորություններից բացի,  ռուսական 1.5 միլիոն դոլարանոց շուկան մեծ հնարավորություն է»:

Մարտի 4-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև: Երկու երկրների պատվիրակությունները համաձայնության են եկել զարգացնել և ամրապնդել համագործակցությունն արդյունաբերության, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության և ներդրումային ոլորտներում, խթանել փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը, ինչպես նաեւ պայմանավորվածություն են ձեռքբերել համատեղ աշխատանքներ իրականացնել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրագործման ուղղությամբ։ Կձևավորվի աշխատանքային խումբ, որը կհետևի ապրանքափոխանակության, բեռնափոխադրման, տարանցման և համատեղ ներդրումների ոլորտներում համաձայնագրերի կատարմանը։


Աղբյուր՝ armradio.am