ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստան-Արևմուտք լարվածություն․ կենտրոնում Ուկրաինան է

ճող լարվածության պայմաններում փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։

2022թ․-ի առաջին իսկ օրերից միջազգային հանրությունն ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև «փոխհրաձգությանը», որի առիթն այս անգամ ևս Ուկրաինան է։ Նոր լարվածության պայմանական մեկնարկը կարելի է համարել 2021թ․ նոյեմբերի 21-ին ամերիկյան «Military Times» թերթում «Ռուսաստանը պատրաստվում է հունվարի վերջին հարձակվել Ուկրաինայի վրա» հոդվածի հրապարակումը, որտեղ նշվում էր, թե  Ռուսաստանը նախատեսում է 2022թ․ հունվար-փետրվար ամիսներին ռազմական գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի դեմ։ Նյութի համաձայն՝ Մոսկվան շարունակ ավելացնում է զորքերն ու սպառազինությունն Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում։ Միաժամանակ, վստահություն է հայտնվում, որ «ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային զսպելու ռուսական ցանկացած ներխուժում լրացուցիչ ռազմական օգնության և դիվանագիտական ու տնտեսական ճնշման ուժեղացման միջոցով, ներառյալ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը և ռուսական բանկային հաշիվների արգելափակումը»:

«Military Times»-ում հոդվածի հրապարակմանը զուգահեռ՝ Ուկրաինայի վրա հարձակում նախապատրաստելու վերաբերյալ մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին սկսեցին հնչել Կիևից, Վաշինգտոնից, Բրյուսելից, իսկ մեղադրանքները հերքող հայտարարություններ՝ Մոսկվայից։

Ռուսաստանի և Արևմուտքի միջև աճող լարվածության պայմաններում դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը ամերիկյան կողմին փոխանցեց «ՌԴ և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի» և «Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների և Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի» նախագծերը:

 

Հանդես գալով վերոնշյալ առաջարկներով՝ Մոսկվան փաստացի մատնանշեց իր «կարմիր գծերը»`միևնույն ժամանակ գիտակցելով, որ Արևմուտքը չի համաձայնի նման դրույթներ ամրագրելուն։ Սակայն Ռուսաստանի պահանջները չէին կարող անարձագանք մնալ։

2022թ․ հունվարի 9-10-ը Ժնևում տեղի ունեցան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները, հունվարի 12-ին Բրյուսելում անցկացվեց Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, իսկ հունվարի 13-ին՝ Վիեննայում ԵԱՀԿ երկրների մշտական ներկայացուցիչների բանակցությունները։ Բոլոր հանդիպումների առանցքում Ռուսաստանի ներկայացրած անվտանգության երաշխիքների պահանջն էր։ Ինտենսիվ բանակցությունները, սակայն արդյունք չտվեցին։ ԱՄՆ-ի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնեց, որ Ժնևի բանակցություններում ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում առաջընթաց չի գրանցվել: Դա Ռուսաստանի համար ամենաառանցքային խնդիրներից մեկն է, որով պայմանավորված են մնացած հարցերը: Իր հերթին ամերիկյան պատվիրակության ղեկավար՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանն էլ ասաց, թե ԱՄՆ-ը թույլ չի տա փակել ՆԱՏՕ-ի դռները որևէ երկրի առջև, և Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի մի շարք առանցքային առաջարկներ անընդունելի են։ Նման դիրքորոշումն հայտնեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի քննարկումներն անհաջող էին. սկզբունքային հարցերի վերաբերյալ կողմերի տարաձայնությունները, կարծես, անհաղթահարելի էին։ Ռուսաստան-Արևմուտք բանակցությունների այս շարքից հետո Միացյալ Նահանգներն ակնկալում էր նոր հանդիպում անցկացնել՝ շարունակելու առկախված հարցերի համակողմանի քննարկումները, սակայն դրանց շարունակման համար Ռուսաստանն ԱՄՆ-ից գրավոր պատասխաններ պահանջեց իր առաջարկներին։

Իսպանական «EL PAIS» թերթը փետրվարի 2-ին հրապարակեց Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի ստորագրման առաջարկին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները։ Դրանցով, մասնավորապես, ամրագրվում էր, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն չեն գնա փոխզիջման այն սկզբունքների հարցում, «որոնց վրա հիմնվում են Դաշինքը և անվտանգությունը Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում»։ Ռուսաստանին առաջարկվում էր երկխոսություն սկսել սպառազինությունների կրճատման և վերահսկողության շուրջ՝ «Ղրիմից, Մերձդնեստրից, Հարավային Օսիայից, Աբխազիայից ռուսական զորքերի և խաղաղապահների դուրսբերման դիմաց»։

Ակնհայտ է, որ նման պատասխանը չէր կարող գոհացնել Մոսկվային, քանի որ ռուսական կողմի սկզբունքային մտահոգություններն անտեսվել էին։ «Մոսկվան համարժեք պատասխան չի ստացել երեք առանցքային պահանջների վերաբերյալ. թույլ չտալ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, հրաժարվել ռուսական սահմանների մոտ հարվածային համակարգերի տեղակայումից և վերադարձնել Եվրոպայում դաշինքի ռազմական ենթակառուցվածքները՝ 1997 թ. համապատասխան»,- հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսական առաջարկներին Արևմուտքի պատասխանից հետո Ուկրաինայի շուրջ իրավիճակն ավելի լարվեց։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Շվեդիան, Շվեյցարիան, Բելգիան, Նիդերլանդները, Իսրայելը, Քուվեյթը, կոչ արեցին Ուկրաինայում իրենց քաղաքացիներին լքել երկիրը: Մի շարք պետություններ անգամ հայտարարեցին Կիևից իրենց դիվանագետների տարհանման մասին։ Միաժամանակ կողմերի փոխադարձ մեղադրանքներն ու Ռուսաստանի կողմից Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին խոսակցություններն ավելի ինտենսիվ դարձան, նշվեցին նաև հստակ ամսաթվեր։ Արդյունքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստիպված եղավ խնդրել՝ երկրում խուճապ չտարածել, քանի որ դա միայն վնասում է Կիևի շահերին։ Հարկ է նշել, որ դիվանագիտական առճակատումը զուգորդվում էր «մկանների ցուցադրմամբ»։ Բացի սահմաններին զինված ուժերի կուտակումից՝ Ռուսաստանն ու Ուկրաինան զորավարժություններ անցկացրեցին։

Լարվածությունն ավելի սրվեց փետրվարի 17-18-ից։ Մոսկվայում ԱՄՆ դեսպանի տեղակալ Բարթ Գորմանին արտաքսվեց Ռուսաստանից, իսկ դեսպան Ջոն Սալիվանին փոխանցվեց ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի ռուսական նախագծին ամերիկյան պատասխանի վերաբերյալ արձագանքը։ Փաստաթղթում արձանագրվում է, որ ամերիկյան կողմը կառուցողական պատասխան չի տվել Ռուսաստանի առաջարկներին, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու, նախկին խորհրդային երկրների տարածքում ռազմաբազաներ չտեղակայելու մասով: Ըստ ՌԴ ԱԳՆ հրապարակած փաստաթղթի՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի լիցքաթափման համար անհրաժեշտ է դադարեցնել Ուկրաինա զենքի մատակարարումը, հետ կանչել այնտեղից արևմտյան բոլոր խորհրդականներին և հրահանգիչներին, հրաժարվել Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների համատեղ զորավարժություններից և այլն:

Միևնույն ժամանակ կողմերը սկսեցին հայտարարել Դոնբասի շփման գծում ռազմական իրավիճակի սրման մասին։ Դոնեցկն և Լուգանսկը հայտնեցին Ուկրաինայի զինված ուժերի կողմից զանգվածային գնդակոծության և հարձակման նախապատրաստման մասին։ Փոխադարձ մեղադրանքներին հաջորդեց Դոնեցկում և Լուգանսկում բնակիչների զանգվածային տարհանումը Ռուսաստան, հայտարարվեց համընդհանուր զորահավաք։

Աճող լարվածության պայմաններում փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտարարել են, որ ԴԺՀ և ԼԺՀ անկախությունը ճանաչում է այն սահմաններում, որտեղ իշխանություններն իրականացնում են լիազորությունները: Մոսկվան ակնարկել է, որ չի բացառում, որ ապագայում դրանք կարող են ճանաչվել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի շրջանակներում, ինչը շատ ավելի մեծ տարածք է ընդգրկում, քան ԴԺՀ և ԼԺՀ վերահսկողության տակ գտնվող տարածքն է։ Փետրվարի 22-ին Ռուսաստանը, Դոնեցկն ու Լուգանսկը վավերացրել են բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրերը։  Փաստաթղթերում նշվում է, որ ՌԴ-ի կողմից արդեն ճանաչված հանրապետությունների սահմանների պահպանությունն իրականացվելու է կողմերի համատեղ ջանքերով, ինչպես նաև կողմերին տալիս է միմյանց տարածքում ռազմաբազաների կառուցման և օգտագործման իրավունք:

Արևմուտքն արդեն արձագանքել է Մոսկվայի գործողություններին՝ քննադատելով ԴԺՀ և ԼԺՀ ճանաչումը և հայտարարելով նոր պատժամիջոցների մասին, որոնց մասին խոսակցությունները սկսվել էին դեռևս նախորդ տարվանից։ Ուկրաինան, ԱՄՆ-ը, Եվրոպական Միությունը Ռուսաստանի գործողությունները համարում են միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում և հրաժարում Մինսկի համաձայնություններից։ 

Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը սկսվել էր դեռևս ուկրաինական «մայդանների» ընթացքում, երբ նախկին ԽՍՀՄ անդամ երկիրը փոխեց արտաքին քաղաքական վեկտորը և հայտարարեց Եվրոպական Միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին։ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում լարվածությունը ժամանակի ընթացքում ոչ միայն չհաղթահարվեց, այլև ավելի խորացավ՝ ընդգրկելքվ քաղաքական-դիվանագիտական, ռազմական, տնտեսական, էներգետիկ, անգամ սոցիալական ոլորտները։ Ներկայիս պայմաններում Ռուսաստանի համար անընդունելի է Ուկրաինայի ռազմական համագործակցության հետագա սերտացումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ինչը գիտակցում են նաև Արևմուտքում։ Թեև ՆԱՏՕ-ն, մերժելով Ռուսաստանի պայմանը, չի հրաժարվում «բաց դռների քաղաքականությունից», այնուամենայնիվ,  Դաշինքը վստահեցնում է, որ առաջիկայում Ուկրաինայի անդամակցության հարց ՆԱՏՕ-ի օրակարգում չկա։ Սա այն «կարմիր գիծն» է, որ կողմերը չեն ցանկանա հատել։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նման լարվածության պայմաններում չի բացառվում, որ Դոնբասի շուրջ կարող են ծավալվել լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Միևնույն ժամանակ Արևմուտքը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը, որոնք թեև նոր բարդություններ կստեղծեն Մոսկվայի համար, սակայն կանդրադառնան նաև Արևմուտքի վրա: Թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքն արդեն ուղիներ են փնտրում հնարավոր պատժամիջոցների դեպքում տնտեսական հետևանքների նվազեցման համար:

Վարդուհի Հարությունյան

orbeli.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: